“Zhamanak” Armenian-American Political Daily

Ապականվածների վերջին օթեւանը

14:05 Yerevan | 10:05 GMT | Tuesday 6 May 2008

Գագիկ Շամշյան

Առաջարկն ավելի քան հստակ էր. ուզու՞մ եք ժողովրդավարական ընտրություններ` միացեք ժողովրդական Շարժմանը: Իրենց ընդդիմադիր համարողներ Վազգեն Մանուկյանը, Արտաշես Գեղամյանը եւ Արթուր Բաղդասարյանը ընտրեցին այլ ճանապարհ: Վերջին 10 տարում իշխանությունը բազում ուղիներ գտավ այդ մարդկանց որպես հաճախորդ օգտագործելու:

Այս անգամն էլ բացառություն չէր: Ի սկզբանե այդ գործիչները գիտեին, որ ընտրությունները կեղծվելու են, քանի որ լավ են ճանաչում գործող զույգին: Սակայն, ըստ երեւույթին, մտածում էին, թե չարժե հարաբերությունները սրել Ս.Սարգսյանի հետ. ի վերջո` նա է որոշելու առաջիկա տարիներին ընդդիմադիր լինելու իրենց քվոտան: Այսինքն, Լեւոն Տեր-Պետրոսյանին չմիանալով` նրանք փորձում էին գոնե բավարարել իշխանական կերակրատաշտի նկատմամբ իրենց նկրտումները: Շարժմանը չմիանալով` նրանք Ս.Սարգսյանին հասկացնում էին, որ դեմ չեն ընտրությունները կեղծելուն: Նշանակում է` հաշտվել էին անպտուղ ընդդիմադիրի իրենց դերի հետ: Այսինքն, նրանք առնվազն երաշխիք էին տալիս Ս.Սարգսյանին, որ վերջինս իրենց հավաքած ձայների հետ կարող է վարվել այնպես, ինչպես ուզում է: Մյուս կողմից` եթե նրանք չէին հավատում Լեւոն Տեր-Պետրոսյանի հաղթանակին, նշանակում է` չէին հավատում ժողովրդավարության անհրաժեշտության մասին իրենց խոսքերին: Նշանակում է` ստում էին: Իսկ կոնկրետ Վազգեն Մանուկյանը չէր հավատում ոչ թե ազատ եւ արդար ընտրությունների հնարավորությանը, այլ` հասարակությանը: Նա չէր հավատում, որ հնարավոր է առաջնորդել այս հասարակությանը, քանի որ, գոնե, իրեն դա չի հաջողվում տարիներ շարունակ: Նա Տեր-Պետրոսյանին միանալու իր մերժումը չէր բացատրում նույնիսկ այն բանով, թե ինքը Լեւոն Տեր-Պետրոսյանից վատ առաջնորդ չէ: Կարելի է ասել` իր առաջնորդ լինելու թեման ինքը փակել է վաղուց: Իսկ հիմա, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջնորդությամբ ընթացող ժողովրդավարությունը թափ է հավաքում, Վ.Մանուկյանը, Ա.Գեղամյանը եւ Ա.Բաղդասարյանը զգում են, որ իրենց քաղաքական կյանքն իրականում ավարտվել է: Այս նոր հասարակության պայմաններում նման չակերտավոր ընդդիմադիրները, պարզապես, տեղ չունեն: Իրականում այս եռյակը ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանին չմիացավ, այլ հասարակությանը չներեց Տեր-Պետրոսյանին ուղղված իր համակրանքների համար: Համակրանք, որը չկարողացավ շահել նրանցից եւ ոչ մեկը:

Ի՞նչ է մնում անել հասարակությանը: Ո՞րն է նրա լծակը: Նրա լծակն ամեն օր իր մասին հիշեցնելն է` հանրահավաքներով, ցույցերով, Հյուսիսային պողոտայում քաղաքական զբոսանքներով եւ այլ ակցիաներով: Որպեսզի իշխանությունը բռնազավթած վարչախումբը հասկանա, որ գալիս է մի սերունդ, որը Հայաստանը ճառերով չի պատկերացնում, այլ գործողություններով: Որ գալիս է մի սերունդ, որը թույլ չի տա կրկնել փետրվարի 19-ի կեղծիքները եւ մարտի 1-ի ջարդերը:

Վճռական պահերին հասարակությունը իր առաջնորդի մեջ տեսնում է իր հնարավորությունների իրացման միակ շանսի երաշխավորը: Նշված եռյակը մի քանի ընտրությունների ընթացքում իրեն սպառել է, ավելի ճիշտ, ապականել է իր` ժողովրդավարական արժեքների երաշխավոր լինելու այդ շանսը: Իսկ ապականվածների վերջին օթեւանը մոռացությունն է: Դա արդեն նրանց ընտրությունն է եւ ոչ` հասարակության:

Արխիվ
Վերլուծական

«Ընդհանուր սահմա՞ն», թե՞ «ցամաքային կապ»

Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հայտարարությունների պակաս վերջին օրերին չի զգացվել:

Քաղաքական

Այսօր: Մատենադարանի մոտ: 19.00

Սիրելի հայրենակիցներ Այսօր, ժամը 19-ին ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ մոտ Համաժողովրդական Շարժումը հրավիրում է համահանրապետական ՀԱՆՐԱՀԱՎԱՔ...

Աշխարհ

Ի՞նչ է գոռացել. գուցե` «առաջ, Հայաստա՞ն»

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց ԱԺ պատգամավոր...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.