“Zhamanak” Armenian-American Political Daily

«Շարժումը ջարդել հնարավոր չէ»

13:14 Yerevan | 9:14 GMT | Saturday 3 May 2008

Կարինե Հարությունյան

Ժողովուրդ եւ Լեւոն Տեր-Պետրոսյան: Երեկ Համաժողովրդական Շարժման երկու հզոր ուժերը կրկին հանդիպեցին:

Ավելորդ է ասել, որ դահլիճում ասեղ գցելու տեղ չկար, քանի որ ասեղ գցելու տեղ չկար նաեւ սրահում ու դրսում էլ: Մոլորակի ցանկացած երկրում ցանկացած քաղաքական գործիչ կփափագեր արժանանալ նման հարգանքի եւ ունենալ իր գաղափարներին հետեւող այդքան ժողովուրդ:

Ավելորդ է նաեւ ասել, թե ինչ ոգեւորությամբ ժողովուրդը դիմավորեց իր ընտրյալ նախագահին: Իսկ վերջինս արդարացրեց իր ժողովրդի սպասումները: Հրաշալի ելույթ ունեցավ` վերլուծելով մարտի 1-ից հետո ընկած ժամանակահատվածն ու ռեժիմի պահվածքը եւ կոնկրետ առաջարկություն դրեց օրակարգում. ձեւավորել Հայ ազգային կոնգրես կոչվող կառույց, որը ժողովրդավարական արժեքների պահանջի ալիքի վրա ծավալված հզոր Շարժումը կդարձնի էլ ավելի համախմբված, էլ ավելի վճռորոշ ու էլ ավելի արդյունավետ:

Առաջարկությունն ընդունվեց բուռն ծափահարություններով: Իսկ թե որն էր այդ ոգեւորության պատճառը` փորձեցինք պարզել Կոնգրեսի մասնակիցներից: Ահավասիկ` մի քանի պատասխաններ:

Արտաշես Բարսեղյան, ֆրանսահայ. «Շատ ոգեւորված եմ Շարժման փաստով: Ժողովրդի այս պահվածքը պայմանավորված է սոցիալական անմխիթար վիճակով: Վերջին տարիներին ժողովրդի վիճակը գնալով վատանում է: Եթե սրան գումարենք առողջապահական, կրթական բազմաթիվ խնդիրները, մարդու իրավունքների ոտնահարումների փաստերն ու ժողովրդավարական արժեքների իսպառ բացակայությունը, պատկերը ամբողջովին պարզ կլինի: Այսօր Հայաստանում մարդիկ կարիք ունեն ժողովրդավարության հաղթանակի, օրենքների հաղթանակի, եւ այս Շարժումը հավակնում է տալ հասարակությանը անհանգստացնող շատ հարցերի պատասխաններ: Կարծում եմ՝ ժողովուրդը անվերապահ պիտի կանգնի, մինչեւ որ քաղաքակիրթ մարդիկ գան եւ երկիրը ճիշտ ուղու վրա կանգնեցնեն: Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարության տարիներին երկիրը ծանր պայմաններում էր՝ կապված պատերազմի, շրջափակման, երկրաշարժի եւ այլնի հետ: Հիմա այլ ժամանակներ են: Եվ ես կուզեի, որ Տեր-Պետրոսյանը փոխեր այս կոռումպացված համակարգը: Ինձ համար կարեւորը օրենքն է եւ արդարադատությունը: Պետք է լուրջ փոփոխություններ լինեն դատական համակարգում եւ այլ ոլորտներում: Այսօր քաղաքացիական հասարակությունը արդեն փաստ է եւ հարկ է, որ այս հասարակության գիտակցությունը պինդ պահենք:

Ինչ վերաբերում է առաջին նախագահի առաջարկին` ողջունում եմ: Հրաշալի առաջարկ է: Դա հնարավորություն կտա ավելի համախմբված աշխատելու` ի շահ Շարժման նպատակների եւ երկրում ժողովրդավարական արժեքների հաստատման»:

Հրայր Ուլուբաբյան. «Շարժումը պետք է ավելի լայն թափ առնի: Մեծ թվով մարդիկ են ձերբակալված քաղաքական ենթատեքստով եւ, նախեւառաջ, պետք է հասնել այդ քաղբանտարկյալների ազատությանը: Կարծում եմ` ով իրեն մտավորական է համարում, ճշմարտության հետեւորդ է համարում, խիղճը չի կորցրել, պետք է միանա այս Շարժմանը:

Մարտի 1-2-ի սպանդը նպատակ ուներ ժողովրդի Շարժումը ջարդելու, սակայն ժամանակը ցույց տվեց, որ այն ջարդել հնարավոր չի: Սա համաժողովրդական մի Շարժում է՝ ընդդեմ բռնությունների, եւ անհնար է, որ այն չհասնի իր հաղթական ավարտին: Ընդհանրապես անհաղթ ուժեր չկան: Առավել եւս` այս ռեժիմը: Այն իրականում թույլ է` իր կառույցներով եւ բավականին խոցելի: Եվ, իսկապես, դատապարտված է: Միանշանակ: Սա լույսի եւ խավարի պայքար է: Իսկ լույսը միշտ հաղթել է խավարին:

Ժողովուրդը չի կոտրվել, ու դա հաղթանակի ամենակարեւոր նախապայմանն է»:

Երվանդ Մանարյան. «Ամենամեծ ձեռքբերումն այն էր, որ ստեղծվելու է նոր կազմակերպություն, համազգային համահայկական կազմակերպություն, որը տնօրինելու է մեր ազգի, մեր երկրի ճակատագիրը: Մեծապես հավանություն եմ տալիս այս գաղափարին եւ կարծում եմ, որ դա մեր ամենառեալ ձեռքբերումն է: Շարժումից եւ ստեղծվելիք կառույցից ամնենալավ բաներն եմ սպասում: Մենք շատ խնդիրներ ունենք լուծելու եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի` նման կառույց ստեղծելու առաջարկությունը այս պահի համար ամենաիրատեսական, ամենակառուցողական քայլն է, որը այս հզոր համաժողովրդական ալիքը կդարձնի ավելի արդյունավետ»:

Աշոտ Ադամյան. «Երկու կարծիք չի կարող լինել: Դա հենց այն ուղին է, որը կարող է բժշկել, կարող է ճիշտ ճանապարհի վրա կանգնեցնել երկիրը: Այդ կառույցի շուրջ կհամախմբվեն մարդիկ, ովքեր չհրաժարվելով իրենց կուսակցական-քաղաքական գաղափարներից, կնստեն մի սեղանի շուրջ: Կլոր սեղանի ասպետները թուր ու թվանքը կդնեն մի կողմ ու կզրուցեն: Տղամարդավարի զրույցի մասին է խոսքը, որը կարող է առաջադրել հարցեր եւ հասնել դրանց լուծմանը: Իսկ գլխավոր մտահոգությունը մեր պետականության լինելիության հարցն է: Պետականություն, որի հետագա ճակատագիրը ժողովուրդը կապում է Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ»:

Արխիվ
Վերլուծական

Երկնքից երեք խնձոր կորավ

Եվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր:

Քաղաքական

Մտովի նրանց կենացը կխմենք...

Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով...

Աշխարհ

Փափկամազիկ ժողովրդավարություն

2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.