|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Արամ Սարգսյան. «Լավը, Բարին, Լույսը` հաղթելու են»13:13 Yerevan | 9:13 GMT | Saturday 3 May 2008 Բարեւ ձեզ: Մեր նախորդ նմանատիպ հանդիպումից անցել է շուրջ չորս եւ կես ամիս: Շատ կարճ մի ժամանակահատված, բայց որակական առումով հսկայական փոփոխությունների ենք ականատես եղել: Շատ բան է փոխվել: Եվ` որակապես: Եթե առաջին կոնգրեսի ժամանակ մենք խոսում էինք մեկ Հայաստանի մասին, որը ցանկանում էինք փոխարինել մեկ այլ` ժամանակակից, քաղաքակիրթ, ժողովրդավարական Հայաստանով, ապա այսօր պարտավոր ենք խոսել արդեն իսկ առկա երկու Հայաստանների մասին: Չեմ ցանկանում անդրադառնալ դրանց «առաջացման» պատճառներին: Բոլորիս համար էլ դա ակնհայտ է, եւ ամեն ինչ տեղի է ունեցել բոլորիս աչքերի առաջ: Եվ այսօր ունենք այն, ինչ ունենք: Ունենք երկու միմյանց հակամարտ Հայաստան: Ապացույց-հիմնավորումն էլ` սաղավարտավոր ոստիկանն է` որպես սահմանային գիծ: Այդ երկու Հայաստաններից մեկը իշխանությունների եւ նրանց սպասարկուների Հայաստանն է: Այն սահմանափակվում է պետական հիմնարկների ղեկավարների, տարբեր տրամաչափի իշխանավորների կաբինետների, նրանց բնակավայրերի եւ նրանց սպասյակ-սպասարկուների բնակարանների ու հիմնական զվարճավայրերի եւ օբյեկտների տարածքով: Հենց այստեղ էլ սկսվում եւ ավարտվում է իշխանությունների Հայաստանը: Ես նշեցի սահմաններն ընդամենը, ավելորդ համարելով խոսել այնտեղ տիրող, խիստ մեղմ ասած` արատավոր բարքերի մասին, քանզի դա էլ է հայտնի յուրաքանչյուրիդ: Մյուս Հայաստանը` ժողովրդի, այսինքն` նաեւ մեր Հայաստանն է, որը, հիշեցնեմ, սահմանակից է Իրանին, Թուրքիային, Վրաստանին եւ Ադրբեջանին: Հիմա` երկխոսություն առաջարկող պարոնայք իշխանավորներ, եկեք երկխոսենք: Դրանից առաջ կամ էլ որպես ելակետ` ճիշտ կլինի, չէ՞, համադրել յուրաքանչյուրիս ունեցած-չունեցածը: Համեմատեք, խնդրեմ, իմ նշած այդ երկու տարածքները միմյանց հետ: Ո՞րն է ավելի մեծ. ձեր` ոստիկանությամբ շրջափակվա՞ծը, թե՞ ժողովրդինը: Համեմատեք այդ երկու Հայաստաններն իրենց չակերտավոր եւ իրական բնակիչների թվով նաեւ: Ո՞վ է մեզանից փոքրամասնությունը: Հա, չմոռանամ հիշեցնել, թե առաջին, թե երկրորդ Հայաստաններն ունեն իրենց նախագահները: Որոնց երկուսին էլ դուք ծանոթ եք: Շա~տ լավ եք ծանոթ: Աստծո եւ ձեր խղճի առաջ խոստովանեք ով է Նախագահ` թե ընտրություններով, թե կոչումով, թե էությամբ: Իհարկե՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այս երկու Հայաստանները միայն իրենց զբաղեցրած տարածքներով, բնակիչների թվով ու նախագահներով չէ, որ էապես տարբերվում են միմյանցից: Բնակչության բուն էությունն առավել կարեւոր է: Իշխանական Հայաստանն ունի հպատակներ, ծառայողներ եւ սպասարկուներ: Մեր` ժողովրդի Հայաստանն, ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ: Հպարտ, ազատ ու արդարամիտ քաղաքացիներ: Կարծում եմ` տարբերությունները բացահայտելու հարկն ու կարիքը չկա: Ո՞րն է առաջադեմ ու ընկալելի թե մեզ, թե աշխարհի համար: Եկեք երկխոսենք` լավ հայերենով, թե վատ` դուք որոշեք: Բայց եկեք անկեղծ երկխոսենք: Այս երկու Հայաստաններից ո՞րը գոյատեւելու ու առաջընթաց ապահովելու ավելի մեծ ներուժ ու ունակություն ունի, ո՞րը կարող է ոգի ու մարտնչելու հավատ ծնել: Եկեք պարզենք ճիշտը: Մենք այսօր մեկ հիմնական ու առանցքային խնդիր ունենք. ստեղծել երրորդ Հայաստանը, որը առկա այս երկու Հայաստանների հանրագումարը պետք է լինի: Մեկ միասնական եւ համատեղ Հայաստան` իշխանությունների եւ ժողովրդի համար, բոլորիս համար: Որովհետեւ չեն կարող լինել առանձին-առանձին Հայաստաններ: Ու որքան շուտ հասկանանք ու հասկացնենք այս պարզ ճշմարտությունները` այնքան լավ թե բոլորիս, թե յուրաքանչյուրիս համար: Մեզանում ով չի ալարում` խոսում է հայրենասիրությունից: Նախ` հայրենասիրությունը խոսք չէ, այլ գործ: Երկրորդ` միայն պարկեշտ մարդն իրավունք ունի խոսել այդպիսի եւ նմանօրինակ վեհ գաղափարներից: Եվ, վերջապես, երրորդ. սերը, կենսունակ լինելու համար, պետք է փոխադարձ լինի: Դա վերաբերում է նաեւ հայրենասիրությանը: Այսինքն` Հայրենիքը եւս պետք է սիրի իր քաղաքացուն, իր մշակին, իր աշխատավորին: Եվ առաջին հերթին հենց ինքը պետք է սիրի: Որովհետեւ երբ մենք աշխարհ ենք գալիս` Հայրենիքն արդեն կա, ու մենք ինչ էլ դառնանք` Հայրենիքն է մեծը, իմաստունը, ամենակարողը: Նա է, որ յուրաքանչյուրիս փառք, անմահության եւ ապահովության զգացողություն տալիս, եւ ոչ` հակառակը: Մենք հենց այդպիսի` նորածնից սկսած բոլորին սիրող Հայրենիք ենք ուզում: Ու կստեղծենք: Աստված, երբ լույսը զատեց խավարից, անմիջապես հետո Լույսի հոմանիշները դարձան Լավը, Բարին, իսկ էությունը` Հաղթանակը: Եվ Լույսը, Բարին ու Լավը` Հաղթելու են: Աստծո կամոք: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |