“Zhamanak” Armenian-American Political Daily

Մարտի 1. եւս մեկ վկայություն

13:08 Yerevan | 9:08 GMT | Saturday 3 May 2008

Ռոբերտ Ա.Սարգսյան

Սույն վկայությունը մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների եւս մեկ էջ է. էջ, որը հետագայում, համոզված եմ, դառնալու է այն քրեական գործի թերթերից մեկը, որով պատասխանատվության են ենթարկվելու հայ ժողովրդի դեմ սպանդ կազմակերպողները եւ իրագործողները: Ականատեսի անունը չի նշվում հայտնի պատճառներով: Ականատեսը իմ ծանոթներից է, ում հետ պայքարի բավական ճանապարհ ենք անցել եւ դեռ անցնում ենք ու պետք է անցնենք:

«Առավոտը ժամը վեցի կողմերը կլիներ, երբ Սասուն Միքայելյանն ու իր տղաները մեզ բոլորիս արթնացրին (մեր վրանը գտնվում էր Սպենդիարյանի արձանի մոտ.- Ռ.Ս.), - պատմում է ականատես ծանոթս, - ու ասացին` վեր կացեք, ոստիկանները շրջապատել են. իրար մի խառնվեք, ուղղակի արթուն մնացեք, տեսնենք` ինչ են ուզում: Ազատության հրապարակի լույսերը հանգցրած էին, լույսն էլ չէր բացվել ու հրապարակում գրեթե ոչինչ չէր երեւում: Ես մտածեցի, որ շրջապատել են ու հաստատ որոշել են մեզ սպանել կամ լավ ծեծել. մտա վրանից մի հատ էլ բաճկոն վերցրի-հագա` մտածելով, որ խփելուց գոնե քիչ կցավի: Վրանից հազիվ էի հասցրել դուրս գալ, երբ ոստիկանները հարձակվեցին ու սկսեցին խփել: Մի կերպ փախա հարթակի կողմը` մտածելով, որ էնտեղ քիչ թե շատ անվտանգ կլինի, էդ ժամանակ Նախագահն էլ էր (Լեւոն Տեր-Պետրոսյանը.- Ռ.Ս.) արդեն խոսում: Հարթակի կողմ վազելու պահին մի ոստիկան ինձ բռնեց, ու սկսեցինք իրար քաշքշել. էդ ոստիկանն ասում էր` փախի, արա, հեսա ձեզ սաղիդ մորթելու են, ես էլ իրեն ասում էի` ուր փախնեմ, սաղ հրապարակը փակել եք: Ոստիկանները սկզբից մի շարքով էին կանգնած, երբ տեսան ժողովուրդը չի ընկրկում` երկու-երեք շարք էլ ավելացրին: Էդ հիմա են ասում, թե մենք ընդամենը ուզում էինք խուզարկել, եթե խուզարկող էին` թող գոնե միջանցք թողնեին, որ մարդիկ հրապարակից դուրս գային, հրապարակը շրջապատել էին այնպես, որ անգամ ճանճը չէր կարողանա դուրս պրծնել նրանց օղակից: Իրականում այդ օպերացիայի գերնպատակը մեզ ջարդելն ու կոտորելն էր: Առաջին շարքի ոստիկանները զինված էին մահակ-էլեկտրաշոկերով ու վահաններով, իրենք էլ սովորական ոստիկանական համազգեստներով էին ու մեզ անընդհատ ասում էին` հեսա ձեզ սպանելու ենք, փախեք: Ու հենց միայն դա ապացուցում է, որ զորքի Ազատության հրապարակ մտնելու հիմնական նպատակն ամենեւին էլ ինչ-որ խուզարկություն կատարելը չէր, այլ մեզ ջարդելը: Եթե էդ չէր նպատակը, թող առաջին շարքի ոստիկանները մեզ ուրիշ բան ասեին, օրինակ ասեին` հանգիստ կանգնեք կամ մի ուրիշ բան, ոչ թե` ձեզ հեսա սպանելու ենք: Ընդհանրապես առաջին շարքի ոստիկանները ավելի մարդկայնորեն էին տրամադրված: Դա էր պատճառը, որ հետեւի շարքերում կանգնած կիսազինվորական կապույտ համազգեստավորները նրանց մահակներով խփում ու հրում էին մեզ վրա` ասելով. «Հարձակվեք, ջարդեք դրանց», այսինքն` մեզ: Ընկերներիս կորցրել էի արդեն, բացի մեկ-երկուսից, որոնց հետո Հյուսիսային պողոտայում գտա: Որեւէ կողմից օղակը ճեղքելու հնարավորություն չկար. ջարդն արդեն սկսվել էր, ու ժողովուրդը լցվում էր հրապարակի կենտրոնը: Ահավոր վիճակ էր` լաց, ճիչ, գոռոց... Սարսափելի էր... Էդպիսի բան միայն լսել էի Եղեռնի ու պատերազմների մասին պատմություններից, անգամ ֆիլմերում նման բան չէի տեսել: Տղաների մի մասին հաջողվեց Հյուսիսային պողոտայի կողմից ճեղքել օղակը, սասանել ոստիկանական պատը, եւ ժողովուրդը կարողացավ փախչել: Ես էլ ինքնաբերաբար վազեցի էդ կողմ, ու հենց այդտեղ էլ ինձ դաժանաբար ծեծեցին. «Կարուզո» սրճարանի կողմից քաղաքացիական հագուստով մեկն ինձ հայհոյեց, ես էլ, բնականաբար, իրեն, ասելով` ի՞նչ ես կանգնել, չե՞ս տենում` ժողովրդին ջարդում են, մեկ էլ էդ տղամարդը մոտեցավ ինձ, էլեկտրաշոկով խփեց, ու ես ընկա: Կարծես դրան սպասեին, մի տասը հոգով հարձակվեցին ու սկսեցին ծեծել: Բայց քանի որ Ազատության հրապարակից ժողովրդի հոսքը շարունակվում էր, ինձ թողեցին ու նորից թաքնվեցին ծառերի ետեւում: Ես մի կերպ ոտքի կանգնեցի ու փախա դեպի Հյուսիսային պողոտա: Հետո իմացա, որ միայնակ փախչող ցուցարարներից շատերին էին քաղաքացիական հագուստով էդ նույն մարդիկ բռնել-ծեծել: Հյուսիսային պողոտայում մի երիտասարդի երբեք չեմ մոռանա. շրջանաձեւ խաչմերուկի ձախ կողմում մի քսան ոստիկան նրան գցել էին գետնին ու անխնա ծեծում էին, ծեծվողը երեւի վաղուց ուշագնաց էր, բայց ծեծը շարունակվում էր: Մենք փորձեցինք փրկել այդ տղային, խլել ոստիկանների ճանկերից, բայց նրանք հարձակվեցին մեզ վրա. ստիպված էինք նահանջել: Մոտ հարյուր հոգով Հյուսիսային պողոտայով վազեցինք դեպի Հանրապետության հրապարակ: Այդտեղ տաքսիներ կային. ով հասցրեց նստեց տաքսի ու փախավ, իսկ ով չէ` ոստիկանները հասան ու նստացույցի մասնակցին էլ, տաքսիստին էլ, մեքենան էլ սկսեցին ջարդել: Քիչ հետո երկու կողմից «Բոգդան» ավտոբուսներ մտան Հանրապետության հրապարակ: Դրանցից իջնող ոստիկանները նոր թափով սկսեցին ժողովրդին ջարդել: Ստիպված էինք ամեն մեկս մի կողմ փախչել, մի մասը վազեց դեպի ֆրանսիական դեսպանատուն` մեկս մյուսին բղավոցով տեղյակ էինք պահում, որ ուղղվում ենք ֆրանսիական դեսպանատուն. քանի որ ոստիկանները չէին դադարում մեզ հետապնդել, մտածում էինք, թե այնտեղ գոնե մեզ չեն ծեծի: Ֆրանսիական դեսպանատան մոտ շարժման ղեկավարներից մեկին հանդիպեցի (ինքը հիմա բանտում է), կատակով ասացի` էս ինչ օրն էս ընկել, վրադ լրիվ ոտնահետքեր էն: Նա էլ թե` դու մի քեզ նայի, գլուխդ լրիվ ջարդուխուրդ ա եղել: Նոր էդտեղ ես տեսա, որ լրիվ արնաշաղախ եմ: Ֆրանսիական դեսպանատան մոտ մի տասնհինգ րոպե մնացինք: Այդ ընթացքում մի երթուղային կանգնեց, ու իջնող ուղեւորները մեր` արնաշաղախ, ծեծված-ջարդված տեսքից սարսափից մեխվեցին տեղներում. ոչ Հյուսիսային պողոտայում, ոչ ֆրանսիական դեսպանատան մոտ հավաքված ցուցարարների մեջ ես գոնե մի անվնաս, մի չծեծված մարդ չեմ տեսել: Երթուղայինի ուղեւորներին հորդորեցինք նստել գազելն ու փախչել, այլապես ոստիկանները կկարծեն, թե ցուցարար եք եւ ձեզ էլ կծեծեն: Ու իսկապես, մի քանի վայրկյան հետո երկու «բոգդաններով» ոստիկանները կրկին հայտնվեցին եւ սկսեցին մեզ ծեծել ու հետապնդել մինչեւ մամուլի շենք: Տարածքի բնակելի շենքերի մուտքերում ցուցարարներ էին պատսպարվել, մի տղա սկսեց փսխել` երեւի ուղեղի ցնցում էր տարել, գլուխն ամբողջությամբ արնաշաղախ էր, մեկ ուրիշի էլ ձեռք ու ոտքն էր կոտրված, ու էդ վիճակում դեռ ուզում էր վերադառնալ Ազատության հրապարակ. նրան մի կերպ փախցրել էին, բայց քույրն էնդեղ վրանում էր մնացել: Մենք, բնականաբար, չթողեցինք, մի պատահական մեքենայով ուղարկեցինք հիվանդանոց, ցնցում տարած տղան Երեւանում ապրող հարազատներ ուներ, տեղյակ պահեցինք նրանց ու եկան նրան էլ տարան: Մենք մնացինք երեք-չորս հոգով: Այդ պահին ոստիկանները լցվեցին շենքի բակ, ու մենք բարձրացանք հինգերորդ հարկ: Ոստիկանները մտնում էին մարդկանց տները, ցուցարարներին էին փնտրում, բայց մեզ չհասան: Երրորդ հարկում մի կնոջ տուն էին ուզում մտնել, որը մինչ այդ մեզ յոդ, բամբակ, ջուր էր տվել, որ մեր վերքերը մշակենք. այդ կինը մի այնպիսի գոռգոռոց գցեց, որ ոստիկանները էլ վերեւ չբարձրացան: Հինգերորդ հարկում, ուր մենք էինք, մի մարդ տանից դուրս եկավ ու երբ մեզ տեսավ` սկզբում վախեցավ, բայց երբ հետո ասացինք` ով ենք, մեզ այդտեղից իր մեքենայով հեռացրեց: Արդեն 10.30-11 կլիներ, երբ հասա Մաշտոցի պողոտա: Ոստիկանները դեռ մարդկանց հետապնդում էին. ով ճանկներն էր ընկնում` կին, երեխա, ցուցարար, թե անցորդ` ծեծում էին: Մտա մի անծանոթի տուն, գլուխս վիրակապեցին, ոչ մի պայմանով հիվանդանոց չէի գնա.վստահ էի, որ այնտեղից կտանեին ուղիղ քաղմաս: Ֆրանսիական դեսպանատան մոտ էլ չէի կարող պարզապես գնալ` վիճակս իսկապես շատ ծանր էր: Որոշ ժամանակ մնացի այդտեղ, հաջորդ օրվանից էլ անցա ընդհատակ ու մի տասը օր մնացի ընդհատակում»:

Գարնան առաջին արյունոտ օրվա ականատես ծանոթիս պատումը հրապարակելը մեկ նպատակ է հետապնդում. թե Հայաստանի քաղաքացիներին եւ թե միջազգային դիտորդներին ու դեսպաններին, որոնցից մի մասն այդ ծեծված-խեղված մարդկանց անձամբ է տեսել, ցույց տալ, որ մարտի 1-ի գիշերը արյունոտ լուսաբացի արյունոտ շարունակությունն էր: Նաեւ այն, որ միջազգային այն հետաքննիչները, որոնք ենթադրվում է, թե պետք է գան մարտիմեկյան դեպքերը հետաքննելու, իրենց հետաքննությունը սկսեն մարտի 1-ի` Արյունոտ լուսադեմից, ու մի հարց տան Քոչարյան Ռ.-ին, Սարգսյան Ս.-ին եւ մնացած հրամանատար ենիչերիներին` ինչու՞ էր ոստիկանական պատ կազմվել Ազատության հրապարակի շուրջը եւ ինչու՞ էր ոստիկանությունը Հայաստանի մայրաքաղաք Երեւանը վաղ առավոտյան դարձրել զինվորական պոլիգոն ու ամբողջ քաղաքի կենտրոնով մեկ ու կենտրոնից էլ դուրս ավտոբուսներով հետապնդում մարդկանց (ընկերներիցս մի քանիսը ավտոբուսից իջած ոստիկաններից մի կերպ փախել են, երբ գտնվելիս են եղել «Փեթակ» տոնավաճառի մոտ):

Լուսանկարը՝ Գերման Ավագյանի

Արխիվ
Վերլուծական

Սնանկ իշխանություններ, դատարկ պնակներ...

Ինչպես ասում են` քեֆ անողի քեֆը չի պակասի, իսկ պնակալեզների համար էլ` պնակը: Կամ` ինչպես ի տարբերություն հին հռոմեացիների...

Քաղաքական

Արժանապատվորեն

...Ահա այսպես: Եվ յուրաքանչյուրը նաեւ պատիվ է համարում իր համար սա:

Աշխարհ

Մեղադրանք

Այսօր Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում փորձ է արվում արդարացնել իշխանությունների կողմից բռնության...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.