“Zhamanak” Armenian-American Political Daily

«Դրոշով աղջիկն» ու պայքարը

13:06 Yerevan | 9:06 GMT | Saturday 3 May 2008

Էմմա Գաբրիելյան

«Դրոշով աղջիկն» ու պայքարը
«Ես հոգի եմ դրել այս պայքարի մեջ եւ հավատում մեր հաղթանակին»:

Հասմիկ Մանուկյանին ճանաչում են համաժողովրդական Շարժման բոլոր ակտիվիստները: Այդ հիմա է, որ բոլորը գիտեն նրա անունը. հանրահավաքների թեժ շրջանում մարդիկ նրան այսպես էին կոչում` «դրոշով աղջիկը»: Հասմիկը մասնակցում էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի բոլոր հանրահավաքներին թե Երեւանում, թե մարզերում` իր հանրահայտ եռագույն դրոշով: Այս աղջիկը իր կերպարով` մշտապես կարմիր հագուստով եւ Հայաստանի դրոշով, դարձել է Պայքարի յուրօրինակ խորհրդանիշերից մեկը: Հետընտրական ժամանակահատվածում, երբ Ազատության հրապարակից մարդիկ չէին հեռանում` գիշերային ժամերին զբոսնողները, տեսնելով Հասմիկին, արձագանքում էին. «Նայեք, դրոշով աղջիկը...»: Մարտի 1-ի ողբերգական դեպքերից հետո, երբ 2-3 շաբաթ Հասմիկը Հայաստանում չէր, Հյուսիսային պողոտայում հավաքվող մարդկանց մեկ բան էր հետաքրքրում. ««Դրոշով աղջիկը» որտե՞ղ է...»:

Հասմիկը 23 տարեկան է, ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը. երիտասարդ աղջկան ի՞նչը ստիպեց մտնել քաղաքական պայքարի մեջ. «Գիտեք, այդ հարցն ինձ շատ-շատերն են տալիս: Ոմանք, անգամ իմանալով, որ ծնողներս վաղուց են այս պայքարի մեջ` կարծում են, թե իրենց ազդեցությունն է դերակատարություն ունեցել: Սակայն դա այդպես չէ: Երեւի շատերը չհավատան, բայց պետք է խոստովանեմ, որ մինչեւ 2007թ. սեպտեմբերի 21-ը քաղաքականությունն ինձ համար մի անհասանելի եւ անհետաքրքիր դաշտ էր թվում: Սակայն, երբ առաջին անգամ լսեցի մեր նախագահի գրագետ, կիրթ խոսքը, ինքս էլ չհասկացա, թե ինչպես իմ մեջ արթնացավ պայքարելու ոգին», - ասում է Հասմիկը, ով նախընտրական քարոզարշավի ընթացքում նաեւ հանրահավաքի հարյուրավոր DVD-ներն ու Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթների գրքույկներն էր տարածում, մայրաքաղաքի փողոցներում փակցնում էր հերթական հանրահավաքի թռուցիկները:

Այսօր, երբ Ազատության հրապարակը դեռեւս անազատության մեջ է, այնտեղ չեն անցկացվում հանրահավաքներ` Հասմիկը...տխուր է: Ինչպե՞ս է նա հարմարվում այդ բացին, հարցնում ենք` ի՞նչ է զգում, երբ վերհիշում է գիշեր-ցերեկ ռեժիմով հանրահավաքների օրերը. «Թախիծ, կարոտ, ցավ... Իսկ մարտիմեկյան ողբերգական դեպքերից հետո դեռ երկար ժամանակ չէի կարողանում անգամ նայել Ազատության հրապարակին: Երբ տեսնում էի, որ հրապարակում միայն համազգեստավորներն են շրջում, որ մեր վրանի տեղում ինչ-որ ոստիկանական մեքենաներ էին կանգնած, սիրտս կտոր-կտոր էր լինում», - պատասխանում է Հասմիկը: Մարտի 1-ի դեպքերը, ինչպես յուրաքանչյուրի, այնպես էլ Հասմիկի ներաշխարհի վրա էական հետք են թողել. «Կորցրել էի հանգիստս: Մարտի սկզբի օրերն իմ կյանքի ամենադժվար օրերն էին: Ճիշտ է, փորձում էի ուժեղ ձեւանալ, բայց երբ մոտենում էր գիշերը, երբ գլուխս դնում էի բարձին, որ քնեմ, ակամայից նորից հիշում էի մեր հանրահավաքները եւ ինչքան փորձում էի չմտածել մարտիմեկյան դեպքերի մասին, միեւնույն է` չէր ստացվում: Այդ ողբերգությունն ինձ հետեւում էր զօրուգիշեր: Ոչնչով զբաղվել չէի ուզում: Ոչ մեկին տեսնել անգամ չէի ուզում: Կյանքն ինձ համար դատարկ եւ անիմաստ էր դարձել», - պատմում է Հասմիկը:

Այժմ էլ «դրոշով աղջիկը» շարունակում է պայքարել. նա բաց չի թողնում քաղբանտարկյալների ոչ մի դատավարություն` թե Երեւանում, թե հանրապետության այլ քաղաքներում, եւ ամեն օր ժամը 18-ից Հյուսիսային պողոտայում` «քաղաքական զբոսանքի» է գալիս... Ապրիլի 9-ին Մյասնիկյանի արձանի մոտ մարտի 1-ի զոհերի քառասունքի օրը անարդարությունից, որ անգամ այդ օրը ոստիկանության հատուկ` վահանավոր ու մահակավոր ստորաբաժանումները «պատ են կազմել» ժողովրդի առջեւ, Հասմիկը հեծկլտաց` մի պահ խոստովանելով. «Նյարդերս արդեն տեղի են տալիս նրանց ներկայությունից...»:

- Հուսալքության նշույլ անգամ չկա քո տրամադրության մեջ. ի՞նչն է քեզ համար այսօր խթան հանդիսանում, ի՞նչն է քեզ այսօր էլ շարունակում այդքան ոգեւորել, որ ամեն օր շարունակում ես պայքարել:

- Նստացույցերից մեկի ժամանակ, երբ հրապարակ մտավ մեր նախագահը, ես մոտեցա իրեն եւ խոստացա, որ երբեք չեմ ընկրկելու որեւէ ուժի առաջ: Եվ այսօր էլ ասում եմ, որ ոչ մեկն ինձ չի կարող ստիպել ետ կանգնել իմ խոստումից: Ես հոգի եմ դրել այս պայքարի մեջ եւ հավատում մեր հաղթանակին, ինչպես նաեւ վստահում եմ մեր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Չէ՞ որ մեր հանրահավաքներից մեկում նա ասաց, որ անգամ եթե մենակ էլ մնա, միեւնույն է` պայքարը տանելու է մինչեւ վերջ: Բայց մենք երբեք մեր նախագահին մենակ չենք թողնի:

Որտե՞ղ է նրա հանրահայտ դրոշը, որը ժամեր շարունակ ծածանում էր Ազատության հրապարակի հարթակում. «Իմ ընկերները, անգամ անծանոթները գիտեն, որ այս ամբողջ պայքարի ընթացքում ես այն ոչ մեկին չէի վստահում, անգամ տուն գնալուց էի հետս տանում-բերում: Եվ հիմա նույնպես: Այն իմ սենյակում է եւ կազմ-պատրաստ սպասում է հաջորդ հանրահավաքին, որը, վստահ եմ, շատ մոտ է: Միակ բանը, որը հանգիստ չի տալիս ինձ, միակ բանը, որ սրտանց ուզում եմ` հաղթանակն է», - ասում է Հասմիկը եւ իր բոլոր հասակակիցներին` թե պայքարողներին, թե չպայքարողներին կոչ է անում. «Պայքարող ընկերներիս մաղթում եմ համբերություն, ուժ եւ վստահեցնում եմ, որ մենք դատապարտված ենք հաղթանակի. եւ այն արդեն շատ մոտ է: Իսկ չպայքարող երիտասարդներին կոչ եմ անում ուշքի գալ եւ միանալ մեր համաժողովրդական Շարժմանը: Ես պայքարում եմ նաեւ Ձեր ապագայի համար: Սա նաեւ Ձեր պայքարն է», - մեր զրույցը եզրափակեց Հասմիկը:

Վերլուծական
Անհանգիստ հասարակած

Անհանգիստ հասարակած

Սերժ Սարգսյանի նախագահությունը կամաց-կամաց մոտենում է հասարակածին:

Քաղաքական
Այդ մարդիկ հիմնական խնդիրը կամ չեն տեսել, կամ` չտեսնելու են տվել

Այդ մարդիկ հիմնական խնդիրը կամ չեն տեսել, կամ` չտեսնելու են տվել

Անբարոյականություն է, երբ խնդիրները ստորադասվում են ինչ-ինչ քաղաքական շահերի

Աշխարհ
Յոթ երգ` ութ բանի մասին

Յոթ երգ` ութ բանի մասին

Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի...

Արխիվ

Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.