|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Օլիմպիադա` պատերազմական գործողություններով, կամ ինչու՞ սրվեց վրաց-աբխազական հակամարտությունը13:02 Yerevan | 9:02 GMT | Saturday 3 May 2008Մուսա Միքայելյան Սեւծովյան ափամերձ օլիմպիական Սոչին շրջապատող շրջանից պատերազմական գործողությունների վերսկսման հնարավորության մասին հրապարակումները ավելի ու ավելի հաճախադեպ են ռուսական, վրացական եւ միջազգային մամուլում: Պատերազմական գործողությունները, բարեբախտաբար, դեռ չեն սկսվել, սակայն ամեն օր լրատվական գործակալությունները հաղորդում են վրաց-աբխազական սահմանային շփման գծում ռազմական տեխնիկայի նոր տեղաբաշխումների մասին: Քաղաքական գործիչները Թբիլիսիում եւ Մոսկվայում իրար հաջորդող եւ միմյանց պատասխանող բարձրագոչ հայտարարություններ են փոխանակում: Երկուշաբթի օրը, ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը հայտարարեց, որ վրաց-աբխազական հակամարտության մեջ չի բացառվում Ռուսաստանի ռազմական միջամտությունը: Ի՞նչ է իրականում կատարվում: Հանգստյան ամառային սեզոնի սկիզբը մշտապես ուղեկցվում է մեծաթիվ վախեցնող տեղեկատվությամբ: Վրաստանը վաղուց փորձում է լարվածության ու սարսափի մեջ պահել եւ Աբխազիայի բնակիչներին, եւ այդ հանրապետության անկոչ հյուրերին: Տրամաբանությունը շատ պարզ է. հակամարտության գոտում հանգստավայր հնարավոր չէ: Սակայն սեզոնի բացմանը դեռ ժամանակ կա, իսկ հանգստացողներին վախեցնելով հավասարապես զբաղված է եւ Մոսկվան, եւ Թբիլիսին: Կոսովոյի նախադեպը հրատապություն է հաղորդում Մոսկվային աբխազական հարցի լուծման համար: Ներկա արտաքին քաղաքական ձգողականությամբ Կոսովոյի տարբերակի նույնական վերարտադրությունը ձեռնտու է հենց Թբիլիսիին, որովհետեւ այն նախատեսում է վրացի փախստականների վերադարձ իրենց բնակավայրեր (իսկ նրանք թվաքանակով գերակշռում են Աբխազիայում ապրող աբխազներին), ուստի եւ ընտրությունների անցկացումը, եւ հանրաքվեն միջազգային ուժերի խիստ հսկողության ներքո կնշանավորվեն Վրաստանի հաղթանակով: Չի բացառվում նաեւ, որ սա Մոսկվայի ասիմետրիկ քայլն է` ի պատասխան Եվրոպայում ԱՄՆ հակահրթիռային համակարգեր տեղակայելու որոշման եւ ՆԱՏՕ-ի ընդլայնման ծրագրերի: Տեսականորեն հնարավոր է նաեւ, որ ստեղծված իրավիճակը ձեռնտու լինի նաեւ Վրաստանին. չէ՞ որ մայիսի վերջին այս երկրում կայանալու են խորհրդարանական ընտրություններ, իսկ իրավիճակի աննշան, հակամարտությունների կառավարելի սրումը մշտապես օգնում է ընտրողների մոբիլիզացիայի գործին: Այս ամենը հավասարապես հնարավոր եւ բացատրելի է: Սակայն կա սրացման եւս մեկ, հավանաբար գլխավոր պատճառ` խաղադրույք կարող է լինել նախագահ Պուտինի երազանքը եւ տասնյակ միլիարդավոր ներդրումները Օլիմպիադայում: Սոչիում Օլիմպիադա անցկացնելու գաղափարի մեկնարկից ի վեր այս հարցը բախվում էր քաղաքական եւ ռազմական ռիսկերին: Սակայն աբխազական խնդրի վրա փորձում էին չկենտրոնացնել ուշադրությունը` հույսով, որ «սկսենք գործը, հետո կտեսնենք» սկզբունքը կարող է աշխատել: Վրաց-աբխազական հակամարտությունը շարունակվում է արդեն 15 տարի եւ այս ժամանակահատվածում Ռուսաստանում շատերը համակերպվել էին այն մտքի հետ, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ ինքն իր մեջ կներծծվի եւ վրացիները կհամակերպվեն Կովկասի դրախտից զրկվելու մտքի հետ: Սակայն Օլիմպիադան վրացիներին նվիրեց հույս: Եվ ռազմական, եւ տնտեսական, եւ մանավանդ` քաղաքական առումով Պուտինի մեծագույն օլիմպիական նախագիծը վտանգի տակ է: Նախագահ Պուտինին մտահոգում են ոչ այնքան տնտեսական կորուստները, որքան հեղինակության պոտենցիալ կորուստները: Մոսկվա-80 օլիմպիադային մասնակցելու համար Խորհրդային Միությունը կարողացավ մոբիլիզացնել սպորտսմեն կոմունիստներին եւ «չմիավորվողների շարժման» երկրների ներկայացուցիչներին: Սակայն հիմա աշխարհը բաժանվել է երկու հավասար մասի: Ռուսաստանի հետ հակամարտության դեպքում Վրաստանին պաշտպանելու են ոչ միայն Արեւմտյան, այլեւ Արեւելյան Եվրոպայի երկրները: 2014թ. Սոչիի Օլիմպիադան սպառնում է անցկացվել դատարկ հարթակների եւ հրապարակների պայմաններում: Ակնհայտ է, որ խնդիրը լուծում է պահանջում, եւ այն պետք է լուծել հնարավորինս արագ: Այստեղից էլ որոշ ռազմական փորձագետների այն ծրագրերը, որ պետք է առաջիկա ամիսներին արագացնել կոնֆլիկտը, որպեսզի Օլիմպիադայի անցկացումից մի քանի տարի առաջ միջազգային հանրությունը հանգստանա: Վրացիները հասկանում են, թե ինչպիսի խաղաթուղթ են շահել եւ մտադիր են այն խաղարկել առավելագույն էֆեկտիվությամբ: Այնտեղ վեճ չկա, թե արդյո՞ք Աբխազիան իրենց պետք է, թե ոչ` բոլորը համաձայն են, որ պետք է: Վեճ կա այն հարցի շուրջ, թե երբ սրել իրավիճակը` հիմա՞, թե՞ Օլիմպիադայի խաղերին ավելի մոտ ժամանակահատվածում: Աբխազիայի նկատմամբ ռազմական հաջողությանը վրացիները չեն կասկածում, սակայն հասկանում են, որ իրականում նրանք ռազմի դաշտում հանդիպելու են ռուսական բանակի հետ: Ռուսաստանի հետ նրանք չեն ուզում պատերազմել, սակայն եւ չեն ուզում բաց թողնել լավ առեւտրի հնարավորությունը Աբխազիայի համար: Վրաստանը պատրաստվում է բոլոր ճակատներով, ոչ միայն ռազմական: Աբխազիային արվել են արմատական քաղաքական առաջարկություններ բարեկամության մասին, վստահվել է միասնական պետության փոխվարչապետի պաշտոնը: Միխեիլ Սահակաշվիլին հանդիսավորությամբ բացեց Աբխազիային սահամանակից Փոթիի սահմանագծի նոր տնտեսական գոտին` նախատեսվող մինչեւ 2 մլրդ դոլար ներդրումային ծրագրով: Սոչիի մասշտաբների հետ այս ծրագիրը համեմատելի չէ, սակայն Աբխազիայի բնակիչների համար ծրագիրը գայթակղիչ է: Բոլոր կողմերը պատրաստվում են Աբխազիայի համար վճռական մարտի: Ժամանակի գործոնը եւ Թբիլիսիի, եւ Մոսկվայի համար դառնում է կրիտիկական: Կհաղթի նա, ով ոչ թե ավելի հիմնավոր փաստարկներ ունի, այլ նա, ով ավելի ամուր նյարդեր կդրսեւորի: |
|
ՈրոնումԽմբագրի ընտրանին
ՎերլուծականԵթե թողնեն բանալինՈր Հայաստանում արտահերթ ընտրության համար հիմքերի բացակայության մասին դատողություններն իրենք են անհիմն` դրանում... ՔաղաքականՓաստահավաք խմբի զեկույցը մարտիմեկյան դեպքերին բանակի մասնակցության մասին կլինիՓաստահավաք խմբի ընդդիմադիր անդամները, ինչպես հայտնի է, աշխատում են իրենց թվով 5-րդ` վերջնական զեկույցի վրա: ԱշխարհՅոթ երգ` ութ բանի մասինԱրժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի... Արխիվ |
|||
Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |