|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Փորձաքննությու՞ն, թե՞ քննություն13:01 Yerevan | 9:01 GMT | Saturday 3 May 2008Նորիկ Եղիազարյան 2008թ. ապրիլի 17-ին ԵԽԽՎ-ի ընդունած Հայաստանի վերաբերյալ բանաձեւի վերջնագրային պահանջներից է` մարտի 1-ի իրադարձությունների շուրջ անկախ, թափանցիկ ու վստահելի հետաքննության անցկացումը: Որպես թվարկված չափանիշների ապահովման երաշխիք առաջարկվել է հետաքննությանը ներգրավել նաեւ միջազգային փորձագետների: Վերոնշյալ ձեւակերպումը պետք է դիտել որպես Հայաստանի իշխանությունների հանդեպ Եվրախորհրդի անվստահության դրսեւորում եւ դրանից բխող անհրաժեշտ միջամտություն ՀՀ ներքին գործերին: Հիշենք, որ նշված առաջարկը նոր չէ: Մարտի 1-ից ի վեր, այս առթիվ Արեւմուտքի բազմակի հորդորներին երկրի իշխանություններն արձագանքեցին անթաքույց վրդովմունքով, եւ մինչ օրս ձգձգում են դրա կատարումը: Պատճառն, անկասկած, հայրենական «իշխանիկների» մեկեն արթնացած ազգային պատվախնդրությունը չէ, այլ Եվրախորհրդի պահանջներին համապատասխան քննության հնարավոր հետեւանքների հանդեպ սարսափի զգացումը: Այնուամենայնիվ, ապրիլի 17-ից հետո, Հայաստանի իշխանությունները ստիպված տեղի տվեցին` ակամա համաձայնելով մարտիմեկյան իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործի քննությանը մասնակից դարձնել միջազգային անկախ փորձագետների: Սրանով հաստատվեց այն իրողությունը, որ Հայաստանը, առկա քաղաքական ճգնաժամի եւ դատաիրավական համակարգի ծայրահեղ անհուսալիության պայմաններում, ի զորու չէ ինքնուրույն լուծելու չափազանց խճճված մարտիմեկյան «հանգույցը»: Հարց է առաջանում. բավակա՞ն է, արդյոք, միջազգային անկախ փորձագետների մասնակցությունը այդ «հանգույցն» իսպառ քանդելու համար: Համոզված ենք, որ ոչ: Ի հիմնավորումն բերենք հետեւյալ փաստարկները: Հայրենական եւ արտերկրյա օրենսդրության համաձայն` փորձագետը քրեական գործով չշահագրգռված այն անձն է, որը քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ նշանակվում է` այս կամ այն բնագավառում իր հատուկ գիտելիքներն օգտագործելով գործի նյութերը հետազոտելու եւ դրա հիման վրա եզրակացություն տալու համար (տես, օրինակ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 85-րդ հոդվածի 1-ին մասը): Նշվածից հետեւում է, որ քրեական դատավարությունում փորձագետը վճռորոշ դերակատար չէ, քանի որ նա գործին ներգրավվում է քրեական վարույթն իրականացնող մարմնի (հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի) հայեցողությամբ եւ ընդամենը մասնագիտական եզրակացություն է տալիս, որպես կանոն, վերոնշյալ մարմնի որոշմամբ իրեն առաջադրված հարցերի շրջանակներում: Փորձաքննությունը սովորական քննչական գործողություն է, իսկ փորձագետի եզրակացությունը «ապացույցների թագուհին» չէ, այլ ապացույցի շարքային տարատեսակ, որի արժանահավատությունը, ձեռք բերված այլ ապացույցների հետ համադրելով, որոշում է քրեական վարույթն իրականացնող մարմնը, որպիսին, դիտարկվող պարագայում, Հատուկ քննչական ծառայությունում ձեւավորված քննչական խումբն է: Վերջինս էլ հենց հանդիսանում է քրեական գործի ճակատագրի տիրակալը, դրա օբյեկտիվ, բազմակողմանի եւ լրիվ քննության երաշխավորն ու պատասխանատուն: Հետեւաբար, բնավ չթերագնահատելով տարաբնույթ փորձաքննությունների (մանավանդ` միջազգային փորձագետների մասնակցությամբ) դերն ու նշանակությունը, գտնում ենք, սակայն, որ մարտիմեկյան դեպքերի լիարժեք ճշմարիտ բացահայտումը պայմանավորված է, առաջին հերթին, քրեական գործի նախաքննությունը վարող մարմնի որակով: Մինչդեռ, վերեւում հիշատակված, ակնհայտորեն ՀՀ իշխանությունների ոխակալ հաշվեհարդարի գործիք քննչական խմբի երկամսյա գործունեությունը որեւէ հույս չի ներշնչում, թե նա ի վիճակի է իրականացնել ԵԽԽՎ-ի առաջադրած չափանիշներին համապատասխան քննություն: Ուստի, եթե գործող իշխանությունն իրոք պատրաստակամ է կատարել ԵԽԽՎ-ի պահանջները, ապա պետք է լուծարի նշված քննչական խումբը եւ լայն ներկայացուցչական հիմունքներով ձեւավորի նորը` նրանում ներգրավելով Եվրախորհրդի անդամ եւ ոչ անդամ պետություններից հրավիրված փորձառու ու անկաշառ քննիչների եւ նրա գործունեության նկատմամբ սահմանելով հասարակական որոշակի վերահսկողություն: Վերը առաջարկված փոփոխությունները պետք է արվեն անհապաղ, այսօր: Հակառակ դեպքում, վաղն այդ խնդրով անխուսափելիորեն զբաղվելու են միջազգային իրավասու մարմինները` դրանից բխող անկանխատեսելի հետեւանքներով հանդերձ: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՈրտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերըԿուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված... ՔաղաքականՎարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համարՎարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր... ԱշխարհԳլոբալիզացիան շարունակվում էԻ տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |