“Zhamanak” Armenian-American Political Daily

Ո՞վ էր կողքինը

12:57 Yerevan | 8:57 GMT | Saturday 3 May 2008

Աստղիկ Սարգսյան

Առաջին անգամ չէր, որ պիտի ինքնաթիռով թռչեր, բայց զգացողությունը հենց այդպիսին էր: Ցրված դիտում էր օդանավը, երբ հանկարծ գլխի ընկավ, որ ցանկության դեպքում ամեն բան կարելի է հասկանալ ու բացատրել: Զարմանալի է. ինչպե՞ս ավելի շուտ չէր նկատել, որ ինքնաթիռները միշտ սպիտակ են ներկում, ու որ դա իր պատճառն ունի: Իսկ ինչու՞ ոչ կարմիր, կանաչ կամ սեւ: Ցանկացած տեխնիկա արտադրում են սպիտակ գույնով կամ գոնե պարտադիր սպիտակը լինում է... Հետո նոր մյուս գույները` սեւ, մոխրագույն: Բայց նախեւառաջ` սպիտակը: Դե ինչ, մտածեց, մեր մեղավոր էությունը ծածկելու ողորմելի փորձ է, հուսահատ ենթագիտակցական փորձ: Թվում է` եթե սեւը սպիտակով ծածկես, կոչնչանա, այնինչ նա շարունակում է ապրել սպիտակ ներկի շերտի տակ, պատրաստ երեւալու, հենց որ սպիտակ ներկը սկսի կճպվել:

Մի՞թե մեղք չգործեց, երբ գովեստի խոսքեր շռայլեց երիտասարդ ուսուցչուհու հասցեին: Սպիտակ թղթերից մեկի վրա, որոնք դասարանցիներին բաժանելիս նույնն էին, իսկ հավաքելիս միանգամայն տարբեր էին լինելու: Ինքը ուսուցչուհու աչքում առավել էր մյուսներից, ու դրա համար գովեց, ոչ թե գիտելիքի, բայց գիտելիքը գովեց: Իհարկե մեղանչել էր, թեեւ մեղքը ոչ միշտ այն տեսքը ունի, որը վերագրում ենք նրան:

Սթափվեց` հիշելով, թե որտեղ է ու կողքին զգալով անծանոթի ներկայությունը: Սա էլ Արարչի հովանավորչության լավագույն ապացույց է` մտածեց, թե չէ ինչպես կարող ես առանց տեսնելու վստահ լինել, որ կողքիդ մեկը կա: Անծանոթի արտաքինը կամ դիմագծերը ոչ մի նշանակություն չունեին, որովհետեւ այն, ինչ կարեւոր էր` թաքնված էր նրա էության մեջ: Այդ էությունը անտեսանելի էր, բայց զորեղ, եւ տղամարդը ամբողջ հոգով համակվեց նրանով: Մարմնի ամեն բջիջով զգում էր անծանոթի ներկայությունը եւ ապրում էր նրանով, քանի որ այդ ներկայությունից լցվել էր խաղաղ վստահությամբ: Դա ավելին էր, քան երբեւէ երազել էր, որովհետեւ ասված է` «Եթե հաց ուզեք, մի՞թե քար կտամ»: Իրեն տրվել էր իր խնդրածը, եւ այլեւս անիմաստ էր օդակայանում գտնվելը: Տասը րոպե առաջ մտադիր էր երկրից մեկնել, իսկ հիմա, երբ տրվեց, հասկացավ, որ ողջ կյանքում ուզածը հոգու հանդարտությունն է եղել: Էլ ի՞նչ կարիք կար վազելու ու չհասնելու, եթե ամեն քայլը միշտ ուղղված է եղել հենց այդ գերագույն երջանկությանը: Ու մնաց հարթակում կանգնած` հաստ ապակու միջով ուղեւորներին դիտելու: Այդ ճանապարհորդներն անտարբեր էին, սովորական մինչթռիչքային քաշքշուկից հոգնած ու դալկադեմ: Ոչնչով չէին տարբերվում միմյանցից` ոչ սեռով, ոչ տարիքով: Այդ ամենը կար, միայն թե դադարել էր նշանակություն ունենալ: Նա հանկարծ զգաց, որ այդ մարդիկ սիրելի են իրեն, իրենն են, իր մերձավորները... Նման բան պատահել էր տասը տարի սրանից առաջ, երբ զգացել էր, որ սիրում է բոլոր նրանց, ովքեր իր հետ նույն խմբում պարել էին սովորում: Նույնիսկ նրանց, ում միշտ կարծել էր, թե հակակրում է: Բայց այս մարդկանց չէր ճանաչում, մեծ մասին անգամ օդակայանում չէր հանդիպել: Երբ վերջին ուղեւորից հետո ինքնաթիռի դուռը փակվեց, սիրտը լցվեց անբացատրելի երկյուղով ու կարոտով. վախենում էր այդ մարդկանց համար. նրանց ճակատագիրն ամենակարեւորն էր, իսկ սեփական էությունը ոչինչ չարժեր, նա պատրաստ էր զոհաբերել այն հանուն այդ մարդկանց: Փոթորկի պես իրար հաջորդող զգացումները զուգորդվում էին միեւնույն իմաստուն խաղաղությամբ, որն այդպես էլ չլքեց հոգին: Հետո հասկացավ, որ եթե ինքը դիտելիս լիներ ուղեւորներին, վերաբերմունքը այլ էր լինելու. հավանաբար կնայեր անտարբեր կամ անորոշ հետաքրքրությամբ: Ուրեմն այդ զգացողությունները իրենը չէին, Նրանն էին, ու քանի որ Նա մեծ էր, զգացողություններն էլ անպարփակելի էին ու չէին տեղավորվում մարմնի մեջ: Դրանք դուրս էին հորդել ու ողողել ողջ օդակայանը, գուցեեւ ողջ աշխարհը, իսկ ինքը Նրա կողքին էր ու պազորոշ զգում էր այն, ինչ Նա: Հաջորդ րոպեները անցան արագ. ինքնաթիռը պատրաստվում էր թռիչքի: Հռնդյունն ահավոր էր: Ժամանակը լարվել էր, ճկվել, ու երբ ուր որ է պիտի կտրվեր, ինքնաթիռը նորից հայտնվեց հորիզոնում: Երկուսն էլ կանգնել էին սպասասրահում` մետաղե ձողին հենված, ու սպասում էին վայրէջքին: Տղամարդը ոչ մի անգամ չնայեց Նրա կողմը, բայց տեսնում էր, որ մտախոհ է ու թախծոտ, ու գիտեր, թե ինչ է մտածում: Խնդրում էր Հորը, որ գեթ մի անգամ չկատարվի նախասահմանվածը, գեթ մի անգամ բոլորը փրկվեն...

Կամ ինքնաթիռն էր վերադարձել նույն օդակայան կամ երկուսով էին աննկատ տեղափոխվել մի ուրիշը: Սակայն միեւնույն պատերն էին ու հաստ, մաքուր ապակին, որի միջով դիտում էին ուղեւորներին: Ինքնաթիռը սկզբում հայտնվեց որպես մի փոքրիկ սպիտակ կետ, հետո նմանվեց արագիլի ու մետաղե թռչուն դարձած իջավ ասֆալտին: Վայրէջքը ցավագին էր, ցնցումներով լի: Դուռը բացվեց: Բերեցին շարժասանդուղքը, ու մարդիկ սկսեցին իջնել: Տեսողությունը սրվել էր. իրեն մարդկանցից բաժանող մեկ-երկու կիլոմետր մոխրագույն ասֆալտը անիրական էր դարձել, բայց չզարմացավ: Մետաղե ձողը սկսեց այրել ձեռքը, բայց այն ետ չքաշեց. եթե ամեն ինչ նախկինը լիներ, գուցե ձեռքը այրվեր մինչեւ ոսկորը, բայց հիմա այրոցը ցավ չէր պատճառում: Փոխարենը վախը կրծում էր սիրտը: Առաջինը սանդուղքի հարթակին կանգնեց մի աղջիկ: Նա մուգ, փայլուն մազեր ուներ, նեղ աչքեր ու սուր քիթ: Երբ ուղեւորներն ինքնաթիռ էին բարձրանում, նրան չէր նկատել, բայց կասկած չկար, որ նույն ինքնաթիռն էր, նույն մարդիկ էին, բայց անճանաչելիորեն փոխված: Աղջկա դեմքը շողում էր. հայացքը խամրած էր, մարած, բայց այնտեղ իմաստության ու լույսի շող կար: Նա նույնպես համակվել էր սրբագործող հանդարտությամբ: Ինչ-որ բան էր փնտրել կամ ինչ-որ մեկին, այժմ գտել էր ու հանդարտ էր` ինչպես գետը հեղեղից հետո:

Նրանից հետո ինքնաթիռը լքեց մի ուրիշ աղջիկ: Շեկ մազերը ուսի ետեւ գցելով` մանր ատամներով սկսեց կծոտել շրթունքները: Այդ շարժումի մեջ այնքան հուսահատություն կար, որ նա սարսռաց: Աղջկա ներքին շրթունքին շուտով արյուն հայտնվեց ու արագ տարածվեց: Անծանոթի հայացքը սառեց: Արյունը հոսեց շիկահերի կզակի վրայով, թափվեց բրդե բլուզին: Հանկարծ մեծ քայլերով իջավ ասֆալտին ու մոտեցավ առաջին աղջկան: Երբ հասավ նրան, հայացքը փոխվել էր, բլուզի արյունը` չքացել... Նա թեւանցուկ արեց սեւահերին ու ժպտալով սկսեց աշխույժ զրուցել հետը: Տղամարդը հուզվեց, անհանգստացավ, ձեռքը մեկնեց դեպի աղջիկները... Անծանոթը թույլ ժպտաց. «Մի անհանգստացիր, ես այլեւս նրա կողքին եմ»: Բայց այդ ժպիտի մեջ անսահման վիշտ կար, որովհետեւ մեկին ձեռք բերելով` մյուսի հոգին տանուլ էր տվել...

Ուղեւորներն իջնում էին` տղա ու աղջիկ, տղամարդ ու կին, բոլորն էլ տարբեր, բոլորն էլ փոխված: Ոմանք հեռանում էին` չարագույժ փայլն աչքերում, մյուսները` իմաստնացած, բայց բոլորն էլ այսուհետ ունեին իրենց ուղին ու անելիքը:

Անծանոթը շշնջաց.

- Ես պիտի փորձեի նրանց, ժամանակն էր...

Տղամարդը առաջին անգամ շրջվեց դեպի Նա.

- Արդեն գիտեմ, թե ով ես, Տեր, բայց չգիտեմ, թե ով եմ ես: Ինչու՞ նրանց մեջ չեմ, այլ Քո կողքին:

Ու Տերը կրկին ժպտաց նրան.

- Դու... Գաբրիելն ես...

Տղամարդը կարկամեց: Գաբրիե՞լը: Ո՞ր Գաբրիելը...

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.