“Zhamanak” Armenian-American Political Daily

Բռնատիրության դեմ պայքարող Համաժողովրդական Շարժումը նոր էջ բացեց

12:50 Yerevan | 8:50 GMT | Saturday 3 May 2008

Էմմա Գաբրիելյան

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` դեռ 2007թ. սեպտեմբերի 21-ի առաջին հրապարակային ելույթից հետ արդեն հստակ էր, որ գործող իշխանությունները իրենց առջեւ մեկ խնդիր են դրել` խոչընդոտել ընդդիմադիր միակ գործչի` օր օրի աճող ժողովրդականությունը:

Երեկ` փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում հաղթանակած թեկնածուի ղեկավարած համաժողովրդական Շարժման 2-րդ կոնգրեսը աներկբա ապացուցեց մեկ փաստ` վարչախմբի ծրագրերը տապալված են. Լեւոն Տեր-Պետրոսյանի վարկանիշը օրավուր շարունակում է աճել: Մարտի 1-ի սպանդ, 20-օրյա արտակարգ դրություն, ձերբակալություններ, հետապնդումներ, ճնշումներ, հազար ու մի արգելքներ տեսած մեր ժողովուրդը այսօր ավելի համախմբված է, միասնական, վճռական ու ինքնավստահ: Այն ուժն ու կամքը, որը երեկ թեւածում էր կառավարության նիստերի դահլիճում, նախասրահներում եւ նրա դիմաց` հստակ ապացուցեց մեկ բան. այս ժողովուրդը իր պայքարում հաղթելու է, եւ իշխանությունները վաղ թե ուշ պետք է հաշվի նստեն այս անհերքելի իրողության հետ: Հայաստանյան միակ ընդդիմադիր Շարժումը երեկվանից նոր էջ բացեց:

Կառավարության շենքի ետնամասում` կառավարության նիստերի դահլիճի մուտքի մոտ երեկ առավոտյան ժամը 10-ից արդեն մարդիկ սկսել էին հավաքվել, ժամը 11-ից հազարավոր մարդիկ խմբված էին Մելիք-Ադամյան փողոցում, անգամ հրավիրատոմսերով` շատերը չէին կարողանում ներս մտնել: Կոնգրեսը մեկնարկեց առաջին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի ժամանումից րոպեներ անց, ում ժողովուրդը երկար եւ բուռն ծափահարում էր ու վանկարկում. «Լեւոն` նախագահ»: Այդպես էր նաեւ ողջ կոնգրեսի ընթացքում: Դահլիճը լեփ-լեցուն էր` հարյուրավոր մարդիկ ոտքի վրա կանգնած մնացին, հարյուրավորներն էլ նախասրահում, միջանցքներում տեղադրված մոնիտորներով էին հետեւում կոնգրեսի ընթացքին:

Կոնգրեսի մասնակիցները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին մարտի 1-ի սպանդի զոհերի հիշատակը. քաղբանտարկյալների ազատության համար ողջ կոնգրեսի ընթացքում ծափեր ու «ազատություն» վանկարկումներն էին հնչում: Առաջինը ելույթով հանդես եկավ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ով արձանագրեց, որ Հայաստանում ճգնաժամ է առկա, որի հիմքում ընկած են փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում կատարված կեղծիքները: Ս.Դեմիրճյանը հիշեցրեց, որ ընտրությունների ընթացքում իրականացված բռնությունների եւ խախտումների պատճառով մարդիկ դուրս եկան փողոց, բողոքի ձայն բարձրացրին, ընդ որում` ընդդիմության բողոքի ցույցերը կրում էին բացառապես խաղաղ բնույթ, իսկ իշխանությունները չկարողացան ապահովել նորմալ ընտրական գործընթացը. «Բողոքի ակցիաներ, հանրահավաքներ չէին լինի, եթե զանգվածաբար չոտնահարվեր մեր քաղաքացիների հիմնական իրավունքը, չվիրավորվեր նրանց արժանապատվությունը», - նկատեց Ս.Դեմիրճյանը` շարունակելով, որ կեղծիքները, բռնությունները, ի վերջո, հանգեցրին մարտի 1-ի ողբերգական իրադարձություններին, որը ժողովրդի դեմ կատարված հանցագործություն էր. «Անաչառ հետաքննությունը պետք է պարզի, թե, ի վերջո, ո՞վ էր հրահանգել հրազեն օգտագործել», - նշեց ՀԺԿ ղեկավարը: Նա նկատեց, որ ԵԽ-ի կողմից ընդունված բանաձեւերի պահանջները մինչ օրս չեն կատարվել, սակայն նաեւ նկատեց, որ որեւէ բանաձեւ արդյունք չի տա, եթե հասարակությունը պահանջատեր չլինի, եթե հասարակությունը հետամուտ չլինի ժողովրդավարության հաստատմանը: Որպես ճգնաժամի հաղթահարման միջոց ՀԺԿ ղեկավարը նշեց արմատական փոփոխությունների իրականացումը եւ մատնանշեց. «Ի վերջո, ընտրությունների արդյունքում առաջացած ճգնաժամը պետք է հաղթահարվի ազատ, արդար համապետական ընտրությունների անցկացմամբ», - հայտարարեց Ս.Դեմիրճյանը, իսկ ներկաները գաղափարը բուռն ծափահարություններով ընդունեցին:

ՍԴՀԿ նախագահ Լյուդմիլա Սարգսյանը ընթերցեց քաղբանտարկյալների կոմիտեի ուղերձը, որում նրանք վստահեցնում էին, որ լի են վճռականությամբ, եւ որ Հայաստանում տիրող իրավիճակը երկար չի կարող տեւել: Քաղբանտարկյալների կոմիտեն դատապարտում է ոստիկանական կեղծ զեկույցների հիման վրա կազմված «գործերը» եւ անմեղ մարդկանց նկատմամբ իրականացված հետապնդումները, ողջունում կոնգրեսի անցկացումը, ինչպես նաեւ Շարժման մասնակիցների կամքը եւ վստահեցնում` «հաղթելու ենք»:

ՀՀՇ վարչության անդամ Աշոտ Սարգսյանը իր ելույթում կարծիք հայտնեց, որ 2007թ. աշնանից, առաջին համաժողովրդական Շարժումից քսան տարի անց ծնունդ է առել ու շարունակում է գործել մի նոր համաժողովրդական Շարժում, որը հասարակության ընդգրկվածության աստիճանով ամենեւին չի զիջում առաջինին, իսկ որակական որոշ հատկանիշներով գերազանցում է նրան. «Ինչպես 1988-ին, այնպես էլ հիմա պայքարը ազգային-ազատագրական է, ժողովրդավարական, մղվում է բռնատիրության դեմ», - նկատեց Ա.Սարգսյանը, ով որպես Շարժման առաջին փուլի (մինչեւ նախագահական ընտրությունների օրը) ձեռքբերում մատնանշեց հասարակության մեջ վախի հաղթահարումը եւ ընդդիմադիր թեկնածուի ջախջախիչ հաղթանակը ընտրություններում: Համաժողովրդական Շարժման երկրորդ փուլում Ա.Սարգսյանը շեշտեց շուրջօրյա հանրահավաքների անցկացումը, որոնց նմանը չէին եղել անգամ 1988-ին. «Բռնության եւ խաբեության բոլոր միջոցները սպառած վարչախումբը` Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ գնաց արյունոտ ոճրագործության: Դժվար է ասել` 1915թ. որեւէ հայկական բնակավայր ենթարկվել է այդպիսի դավադիր ջարդի, ավերումի ու մարդորսության, ինչին մարտի 1-ի վաղ առավոտյան, լույսը չբացված ենթարկվեց Ազատության հրապարակի խաղաղ ցուցարարների վրանային ավանը», - հայտարարեց ՀՀՇ վարչության անդամը` հավելելով ընդդիմադիր 150-ից ավելի առանցքային գործիչների ձերբակալությունները, Լ.Տեր-Պետրոսյանի վստահված անձանց նկատմամբ իրականացված հետապնդումները. «Բայցեւայնպես, հատուկ դրության երկու տասնօրյակը ոչ թե նահանջի, այլ Շարժման տոկունության փորձարկման շրջան էր եւ այդ տոկունությունից ոչինչ չպակասեց», - նշեց Ա.Սարգսյանը` վկայաբերելով ապրիլի 9-ին, 19-ին եւ 24-ին ժողովրդի միասնությունը. «Վստահ կարելի է ասել, որ հասարակության այսօրինակ ամբողջական համախմբում որեւէ հարցի, տվյալ դեպքում, սեփական ազատության եւ արժանապատվության խնդրի շուրջ երբեւէ չի եղել: Այսօրինակ արհամարհանքի որեւէ իշխանություն երբեւէ չի արժանացել», - փաստեց ՀՀՇ-ի ներկայացուցիչը:

«Այլընտրանք» նախաձեռնության ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանը ուշադրություն հրավիրելով մարտին ՄԱԿ-ում ընդունված հայտնի բանաձեւի վրա` ընդգծեց «Ռ.Քոչարյանը Ս.Սարգսյանի եւ Վ.Օսկանյանի հետ ոչ միայն տապալել, ավելին` խայտառակ կերպով վիժեցրել են ՀՀ արտաքին քաղաքականության անկյունաքարը հանդիսացող հարցի կոնցեպտուալ լուծումը»: Կարեւորելով մարտի 1-ի ոճրագործության պատասխանատուների բացահայտումը` Ն.Նորիկյանը նկատեց. «Սա Լ.Տեր-Պետրոսյան անձի պայքարը չէ, սա մեր ժողովրդի պայքարն է, եւ մենք հաղթելու ենք»:

Հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանը իր ելույթում անդրադառնալով երկխոսության անհրաժեշտության արծարծվող թեմային` նկատեց. «Չի կայանալու հենց այն պատճառով, որ Շարժման դիմաց կանգնած է ոչ թե ուրիշ արժեհամակարգ, այլ պարզապես բիրտ ուժ, որը սովոր է լռեցնելու ազատ խոսքը, որ սովոր է մարդկանց սեփականության իրավունքից զրկել, որը սովոր է արդարադատությունը նվաստացնել եւ, վերջապես, որը ունակ է խաղաղ ցուցարարների վրա կրակ բացել` նա չի կարող որեւէ փոխզիջման գնալ»: Ի՞նչ շարունակություն է ունենալու Շարժումը հարցին պատասխանելիս Տ.Պասկեւիչյանը խորհուրդ տվեց պատասխանել այն հարցերին, որոնք հուզում են Շարժման յուրաքանչյուր ներկայացուցչին` թե արդյո՞ք հանդուրժելու են սուտը, կեղծիքը, անիրավությունը. «Սրանք այն հարցերն են, որոնց պատասխանները կարող է գտնել յուրաքանչյուրը` մի պահ տրվելով փետրվարյան օրերի հիշողություններին: Ի՞նչ եք կարծում, վախը հաղթահարած, ազատության, հաղթանակին մոտեցած մարդը կարո՞ղ է եւս հինգ կամ տասը տարի հանդուրժել այս ամենը: Ոչ: Սա մեր եզակի ձգտումն է, որը դրական լիցքեր է հաղորդում բոլորիս, որ ապագային լույս է տալիս, եւ այդ ապագան հեռու չէ: Միայն պետք է հասկանալ, որ գործի կեսից հոգնելը հիանալի նվեր կլինի իշխանություններին, նրանց հոգնած ժողովուրդ է հարկավոր, որը դուք լինել չեք կարող», - նկատեց Տիգրան Պասկեւիչյանը, ում խոսքը դահլիճը բուռն ծափողջույններով ընդունեց:

«Ժառանգություն» կուսակցության անդամ Վարդան Խաչատրյանը հայտարարեց. «Այո, «Ժառանգությունը» սատարել է համաժողովրդական Շարժմանը, որովհետեւ այստեղ կանգնած է հայ ժողովուրդը եւ այս գործը արդար է»: Վ.Խաչատրյանը ընդգծեց, որ նախագահական ընտրապայքարում իշխանությունը ներկայացնող թիմը ապացուցեց, որ ի զորու չէ որակյալ ընտրապայքար տանելու եւ նրա միակ հույսը մնացել է ուժը, հավատը այդ ուժի մեջ է, եւ դա է պատճառը, ըստ Վ.Խաչատրյանի, որ իշխանությունը մարտի 1-ին դրսեւորվեց այդ հանցագործությամբ. «Ոտքի է կանգնել հայ ժողովուրդը այսօր: Իհարկե եկավ այն պահը, որ ազատությունը ճզմվեց Հայաստանում:

Իսկ երբ հասարակությունից բացակայում է ազատությունը, մնում է ընդամենը երկիրը` որպես աշխարհագրական տարածք», - նշեց «Ժառանգության» պատգամավորը, սակայն տեղեկացնելով, որ երբ մտել է բանտախցերը` նկատել է մեկ բան. «Ես այնտեղ չեմ տեսել կոտրված անձանց, իմ ընկերների դեմքին, այս Շարժման ներկայացուցիչների դեմքին կար միայն հավատամքի եւ պայքարի կնիք: Իսկ եթե կա կամք, ուրեմն կա ճանապարհ: Այն, ինչ տեսա բանտախցերում, հետո տեսա մեր հասարակության մեջ` այո, մեր հարգելի Արշավիրի կոտրված սայլակում, այն կանանց մոտ, որոնց ձեռքերի վրա կային մահակների կապտուկներ: Ոտքի է կանգնել հայ ժողովուրդը: Մենք միասին ողջունելու ենք ազատության արեւածագը Հայաստանում», - հավաստիացրեց Վարդան Խաչատրյանը:

Համաժողովրդական Շարժման 2-րդ կոնգրեսում ելույթ ունեցավ ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի կինը` Մելիսա Բրաունը: Նա քաղբանտարկյալների կանանց շարժման անունից դիմեց դահլիճին` «սիրելի հայրենակիցներ»-ով, իսկ ներկաները մի քանի րոպե ծափահարում էին տիկին Մելիսային: Քաղբանտարկյալի կինը թեեւ նկատեց, որ շատերի ամուսինները, եղբայրները, հայրերը, ընկերները բանտերում են, սակայն հավելեց` «Մենք շատ բախտավոր ենք, որովհետեւ մեր տղամարդիկ հերոս են, ամբողջ աշխարհը դա գիտի, մենք բախտավոր ենք, որովհետեւ մենք` կանայք, ընկերացանք, բարեկամացանք, ամեն օր միասին կանգնում ենք Հյուսիսային պողոտայում, ցույցերում, դատարաններում: Մենք բախտավոր ենք, որովհետեւ ժողովուրդը մեզ հետ է` Վանատուրում, Գյումրիում, Թալինում, մյուս քաղաքներում, եւ ժողովուրդը մեզ հույս է տալիս», - նկատեց տիկին Մելիսան կարեւորելով երիտասարդների ակցիաները, Հայոց կանանց շարժման գոյությունը. «Սա իսկական համաժողովրդական Շարժում է, մարդիկ գալիս են մեզ մոտ, միանում են մեզ: Մենք շատ աշխատանք ունենք անելու, բայց բոլորս միասին ենք, կանգնելու ենք, բոլորս պայքարելու ենք մինչեւ վերջ», - հավաստիացրեց քաղբանտարկյալ Ալեքսանդր Արզումանյանի կինը:«Նոր ժամանակներ» կուսակցության վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը ընթերցեց Արամ Կարապետյանի ուղերձը, որտեղ նա մասնավորապես նշել էր, որ փետրվարի 19-ին ընտրությունները կեղծվել են հերթական անգամ. «Մինչեւ կոկորդը կոռուպցիայի եւ կրիմինալի մեջ թաթախված վարչախումբը, ետընտրական համաժողովրդական բողոքի օրեցօր ուժգնացող ալիքից սարսափած, խաղաղ ցուցարարների դեմ օգտագործեց զինուժ: Մեր նորագույն պատմության մեջ մարտի 1-ը կմնա եւ որպես արյունոտ շաբաթ, եւ որպես ժողովրդի անկոտրում կամքի դրսեւորման օր: Վարչախումբը պարտություն է կրում թե ուժային, թե քաղաքական եւ թե բարոյական դաշտում», - ասված էր ուղերձում: Անդրադառնալով Շարժմանը` Ա.Կարապետյանը նշել էր իր ուղերձում. «Շարժման մեջ ակտիվ մասնակցում են հասարակության բոլոր շերտերը եւ հատվածները: Հասարակությունը ձերբազատվել է վախի զգացումից եւ նրա նպատակը մեկն է` հեռացնել իշխող վարչախմբին, երկրի ճակատագիրը վստահել բարեկիրթ, ազգանվեր եւ բանիմաց գործիչներին: Եվ այսօր մեր ժողովուրդն ավելի քան երբեւէ միասնական է: Եվ նա համոզված է իր հաղթանակի մեջ: Ես ողջունում եմ հասարակության լավատեսական տրամադրությունները եւ համոզված եմ, որ մեր հայրենիքի հետագա առաջընթացը հնարավոր է իրականացնել բացառապես արդարության հիմքի վրա ձեւավորված ժողովրդաիշխանության միջոցով»:

Համաժողովրդական Շարժման կոնգրեսի առաջին մասի ընթացքում ելույթ ունեցան նաեւ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զավենի Սարգսյանը, Մանուշակ Պետրոսյանը, Հմայակ Հովհաննիսյանը, Ժողովրդավարական ուղի կուսակցության փոխնախագահ Վարդան Գրիգորյանը, Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը, Տիգրան Խզմալյանը, «Հիմա» երիտասարդական ֆորումի ներկայացուցիչ Միքայել Ազնավուրյանը: Իսկ կոնգրեսի ընդմիջումից հետո մեկ ու կես ժամանոց ելույթով հանդես եկավ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ում խոսքը պարբերաբար ընդմիջվում էր երկարատեւ ծափերով ու վանկարկումներով: Կոնգրեսի աշխատանքների ավարտին հազարավոր մարդիկ նախասրահում` «Լեւոն` նախագահ» վանկարկելով սպասեցին այնքան ժամանակ, մինչեւ ընդդիմության առաջնորդը եւ հաղթանակած թեկնածուն դուրս եկավ շենքից: Հաղթանակած թեկնածուին ժողովուրդը ճանապարհեց` «Ազատ, անկախ Հայաստան» հուժկու վանկարկումներով:

Արխիվ
Վերլուծական

Սնանկ իշխանություններ, դատարկ պնակներ...

Ինչպես ասում են` քեֆ անողի քեֆը չի պակասի, իսկ պնակալեզների համար էլ` պնակը: Կամ` ինչպես ի տարբերություն հին հռոմեացիների...

Քաղաքական

Արժանապատվորեն

...Ահա այսպես: Եվ յուրաքանչյուրը նաեւ պատիվ է համարում իր համար սա:

Աշխարհ

Մեղադրանք

Այսօր Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում փորձ է արվում արդարացնել իշխանությունների կողմից բռնության...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.