“Zhamanak” Armenian-American Political Daily

Նոր Վանատուրներ են բռնկվում

12:49 Yerevan | 8:49 GMT | Friday 2 May 2008

Էմմա Գաբրիելյան

Եթե Սերժ Սարգսյանին թվում է, թե հանրահավաքներ, երթեր, ցույցեր կազմակերպելու մասին օրենքը կրիմինալ վարչախմբի ճաշակին հարմարեցնելով այս երկրում կարող է ժողովրդի ձայնը լռեցնել եւ կարող է սեփական իշխանությունը երկարաձգել, նա ուրեմն ինքնախաբեությամբ է զբաղվում: Երեւանի մերձակայքում գտնվող Հաղթանակ գյուղում, որը քաղբանտարկյալներ Սմբատ Այվազյանի եւ Մարզպետունի Այվազյանի հայրենի գյուղն է, ամեն օր երեկոյան ժամերին «քաղաքական զբոսանք» է անցկացվում, ինչպես Երեւանի Ազատության հրապարակի շրջակայքում, մարդիկ օրվա թերթերն են ընթերցում, զրուցում են:

Երեկ Հաղթանակում, սակայն, հանրահավաք տեղի ունեցավ, որին նաեւ Երեւանից էին մասնակիցներ ժամանել: «Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Սուրենյանցը իր ելույթում հավաստիացրեց, որ անզատության մեջ գտնվելով` զգում են պայքարի շունչը, որը տիրում է ողջ հանրապետությունում: Ս.Սուրենյանցը գտնում է, որ Հայաստանի բոլոր շրջաններում նման միջոցառումներ կանցկացվեն եւ ակնհայտ կդառնա, որ իշխանություններն ի վիճակի չեն լինելու լոկալ ընդվզման այդ կենտրոնները ճնշել. «Ուրախալին այն է, որ գյուղի բնակիչները պայքարում են ոչ միայն Սմբատ Այվազյանի եւ Մարզպետունի Այվազյանի համար, այլ բոլոր քաղբանտարկյալների համար», - մեզ հետ զրույցում նկատեց Ս.Սուրենյանցը:

Հանրահավաքում ելույթ ունեցավ նաեւ փաստաբան Հովիկ Արսենյանը: Հանրահավաքի մասնակիցների համար մի իսկական անակնկալ էր Երեւանից «Հիմա» երիտասարդական շարժման անդամների ժամանումը, ինչը մեծ ոգեւորություն առաջացրեց: Իսկ կանանցից մեկը, ով բողոքի վերջին ակցիաներին ձեռքին պահում էր Զովունու Խաչիկ Սիմոնյանի նկարը, հուզվեց, երբ տեսավ, որ հանրահավաքին է եկել ինքը` Խաչիկ Սիմոնյանը, նրանք ողջագուրվեցին, ժողովուրդը ոգեւորվեց, որ իր պայքարը պտուղներ է տալիս: Խ.Սիմոնյանը եւս ելույթ ունեցավ, շնորհակալություն հայտնեց` հավաստիացնելով, որ ժողովրդի պայքարի շնորհիվ է նա արդեն ազատության մեջ: Հանրահավաքի ընթացքը հեռվից հսկում էին հինգ-վեց ոստիկաններ: Հանրահավաքի ավարտին գյուղում երթ տեղի ունեցավ դեպի զոհված ազատամարտիկների հուշարձան: Հաղթնակցիները հավաստիացրին, որ եթե Սմբատ Այվազյանն ու Մարզպետունի Այվազյանը ազատ չարձակվեն, իրենք մայիսի 9-ից շարունակելու են բողոքի ակցիաները, որոնք պարբերական բնույթ են ստանալու` Չորրորդ գյուղը նոր Վանատուր է դառնալու:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.