|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Սառույցը շարժվեց12:46 Yerevan | 8:46 GMT | Friday 2 May 2008Արմեն Գրիգորյան Ինչպես կանխատեսել էինք` Ս.Սարգսյանը հայտնվել է տհաճ վիճակում. կառավարության ձեւավորման ընթացքը պարզորոշ ցույց տվեց, որ նա ընդամենը «նախագահ է աշխատում» Ռ.Քոչարյանի մոտ: Մինչեւ ապրիլի 9-ը հանգիստ հեռանալու հնարավորություն ունենալով` Ս.Սարգսյանը նախընտրեց իր վրա վերցնել թե մարտի 1-ի արյունահեղության, թե հետագա ընթացքի համար ողջ պատասխանատվությունը: Իսկապես, նախագահի պաշտոնը ստանձնելով` արդեն ինքը պետք է արձագանքի ներքին եւ արտաքին ճնշումներին: ԱՄՆ-ի Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության հանձնախմբի կազմակերպած լսումների ընթացքում Լ.Տեր-Պետրոսյանի ներկայացուցչի հնչեցրած պահանջները, ապրիլի 19-ի հանրահավաքը եւ ապրիլի 24-ի երթը վերահաստատեցին, որ ներքին ճնշումները ոչ միայն չեն նվազելու, այլ ընդհակառակը` սեղմված զսպանակը ցանկացած պահի կարող է բացվել ամբողջ թափով: Արտաքին ասպարեզում ավազակապետության վիճակը նույնպես բարդ է: Թե ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատար Թ.Համարբերգը, թե ԱՄՆ-ի Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության հանձնախմբի անդամները ճանաչել են Հայաստանում քաղաքական բանտարկյալների առկայությունը: ԵԽԽՎ-ի բյուրոկրատական մեքենան էլ ստիպված եղավ տեղից շարժվել, եւ չնայած Ջ.Փրեսքոթի զեկույցում տեղ գտած «ընտրությունները հիմնականում անց են կացվել ԵԽ-ի չափանիշներին համապատասխան» անիմաստ ձեւակերպմանը` սկսվել է Հայաստանի իշխանությունների դեմ պատժամիջոցների կիրառման գործընթաց: Եթե հունիսին ԵԽԽՎ-ի անդամները սկզբունքային գտնվեն եւ Հայաստանի պատվիրակությանը զրկեն քվեարկելու իրավունքից` դա ընդամենը պատժամիջոցների սկիզբը կլինի, իսկ հետագա զարգացումները կարող են աղետալի լինել` Ս.Սարգսյանի անձնական տնտեսական շահերի առումով: Մյուս կողմից` Ս.Սարգսյանը չի կարող կատարել «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում կատարված փոփոխությունները չեղյալ համարելու եւ քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջները, քանի որ դրանց կատարումը կհանգեցնի հարյուր հազարանոց բողոքի ցույցերի վերսկսմանը, ինչից վարչախումբն անմիջապես անդամալույծ կլինի: Ինֆորմացիոն հավասար հնարավորություններ ապահովելու պահանջի բավարարումը նույնպես հավասարազոր է ավազակապետության վախճանին, իսկ մարտի 1-ի իրադարձությունների միջազգային անկախ հետաքննություն իրականացնելն անհնար է, քանի որ դրա արդյունքները լիովին կանխատեսելի են: Ու սեփական անձեռնմխելիությունն ապահովել ձգտող Ռ.Քոչարյանը նրա համար չէր խոստանում, որ ոստիկանության գործողությունները քննության առարկա չեն դառնալու, որպեսզի այժմ թույլ տրվի օբյեկտիվ քննության անցկացում, որի արդյունքում ինքը պետք է մեղադրյալի կարգավիճակում հայտնվի: Անշուշտ, Ս.Սարգսյանը դեմ չէր լինի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում գնալ միակողմանի զիջումների` դրա միջոցով Արեւմուտքի վերաբերմունքը մեղմելու նպատակով: Բանն այն է, սակայն, որ Արեւմուտքում լավատեղյակ են, որ Ս.Սարգսյանն ընտրված նախագահ չէ, նաեւ` թե քանի մարդ է իրականում մասնակցել երեւանյան բողոքի ցույցերին, եւ հասկանում են, որ Ս.Սարգսյանի հետ ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերելն իրականում չի նպաստի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, այլ պարզապես կհանգեցնի Հայաստանում իրավիճակի աննպատակ սրմանը: Այսպիսով, Ս.Սարգսյանի իշխանության մնալու համար թերեւս միակ հույսն այժմ մայիսի 2-ից հետո Ռուսաստանի նախագահ Դ.Մեդվեդեւից որոշակի երաշխիքներ ստանալն է` որպեսզի հետագա բռնությունների, ուզբեկական ոճով ամբողջատիրական վարչակարգ ձեւավորելու եւ Արեւմուտքի հետ հարաբերությունների կտրուկ սրման դեպքում Ռուսաստանը սատարի իրեն: Նման վտանգի գոյությունն ապացուցվում է թեկուզ մարտի 1-ին Երեւանում ռուսական ոստիկանության մի շարք բարձրաստիճան սպաների ներկայությամբ: Կարելի է հիշել նաեւ, որ դեռեւս մի քանի տարի առաջ հայկական ոստիկանության հատուկ նշանակության ուժերը մարզումներ էին անցկացնում Ռուսաստանում` Կրասնոդարի մարզում: Բացի այդ, ավազակապետությունը սերտորեն կապված է ռուսական կրիմինալի հետ, ինչը որոշակի լրացուցիչ վտանգներ է առաջացնում: Առհասարակ, ռուսական քաղաքականության վայրիվերումները մտահոգության առիթ են տալիս: Բավական է նկատել, թե ինչպես է Ռուսաստանը վերականգնում փոստային եւ օդային կապը Վրաստանի հետ եւ միաժամանակ` Աբխազիայում սադրանքներ կազմակերպում: Այդ պետությունն այժմ կարող է փորձել հերթական անգամ Հայաստանն օգտագործել որպես մանրադրամ` օգտվելով «ֆորպոստատիրոջ» իր առավելությունից: Եվ հայաստանյան ընդդիմությունից հսկայական ջանքեր կարող են պահանջվել երկրին սպառնացող վտանգը չեզոքացնելու համար: Անշուշտ, Արեւմուտքում չի նկատվում երկակի չափանիշների եւ երեսպաշտության պակաս, իսկ Եվրախորհրդի կամ ԵԱՀԿ-ի պես կառույցների աշխատակիցներն առաջնորդվում են առաջին հերթին իրենց անձնական շահերով: Ու այնուամենայնիվ, Հայաստանի քաղաքացիների վճռականության եւ Լ.Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմի հմտությունների շնորհիվ արեւմտյան գործիչները եւ միջազգային կառույցները ստիպված են լինում ընդունել ակնհայտ փաստերը, օրինակ` Հայաստանում քաղաքական հետապնդումների առկայությունը. դա, իր հերթին, նրանց ստիպում է որոշակի օգտակար քայլերի դիմել: Մինչդեռ Ռուսաստանի դեպքում իրավիճակն այլ է. այդ երկրի ղեկավարության համար չկա սեփական քաղաքացիների կարծիքները հաշվի առնելու ավանդույթ (նաեւ անհրաժեշտություն), ու հասկանալի է, որ հայաստանյան հասարակական կարծիքի ճնշումը չի կարող Ռուսաստանի առաջնորդների վրա ազդել այնպես, ինչպես ազդում է արեւմտյան գործիչների վրա: Անշուշտ, Հայաստանի շահերից է բխում Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերություններ ունենալը: Սակայն այս իրողությունը պետք է գիտակցվի նաեւ Մոսկվայում, ինչն առայժմ այնքան էլ պարզ չի երեւում: Ինչ վերաբերում է Արեւմուտքի հետ Հայաստանի հարաբերություններին. հայ հասարակությունն առաջնորդվում է ժողովրդավարական բարձր չափանիշներով եւ դիտում է Եվրախորհուրդն ու ԵԱՀԿ-ն որպես իր կառույցներ, որոնք պարտավոր են նպաստել ժողովրդավարության ամրապնդմանը: Հսկայական ջանքեր ենք գործադրել, եւ բյուրոկրատական մեքենան, այնուամենայնիվ, սկսեց տեղից շարժվել: Եվ պետք է շարունակենք աշխատել, որպեսզի միջազգային կառույցներն իրականացնեն մեր հանդեպ իրենց պարտքը: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծական«Ընդհանուր սահմա՞ն», թե՞ «ցամաքային կապ»Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հայտարարությունների պակաս վերջին օրերին չի զգացվել: ՔաղաքականԱյսօր: Մատենադարանի մոտ: 19.00Սիրելի հայրենակիցներ Այսօր, ժամը 19-ին ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ մոտ Համաժողովրդական Շարժումը հրավիրում է համահանրապետական ՀԱՆՐԱՀԱՎԱՔ... ԱշխարհԻ՞նչ է գոռացել. գուցե` «առաջ, Հայաստա՞ն»Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց ԱԺ պատգամավոր... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |