|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Հայտարարություն12:45 Yerevan | 8:45 GMT | Friday 2 May 2008 Հանրապետությունում ընթացող քաղաքական դատավարությունները եւ, մասնավորապես, Աբովյան քաղաքում տեղի ունեցած վերջին օրերի իրադարձությունները վկայում են, որ ավազակապետական փտած համակարգը փլուզումից խուսափելու ճիգեր է գործադրում: Ի սկզբանե ակնհայտ էր, որ քաղաքական գործիչների ու համաժողովրդական շարժման ակտիվիստների նկատմամբ հարուցված քրեական գործերը շինծու են եւ պատվիրված են Ռ.Քոչարյանի ու Ս.Սարգսյանի ուղղակի ցուցումով: Բայց քանի որ իրավապահ մարմինների համար օրինական ճանապարհով անհնար էր իրականացնել պատվերը` հանցակազմի իսպառ բացակայության պատճառով, նրանք ստիպված դիմում են վերջին` ապօրինի մեթոդներով կեղծ ցուցմունքներ կորզելու միջոցին: Արհամարհելով Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ վերջին բանաձեւի պահանջները` ապրիլի 23-ից 30-ը ընկած ժամանակահատվածում, այդ թվում` նաեւ ապրիլի 24-ին, ԱԱԾ Աբովյանի տարածքային բաժին, ինչպես նաեւ ՀՀ գլխավոր դատախազություն բերման են ենթարկվել ու որեւէ ցուցմունք կորզելու վերջին հույսով շատ դեպքերում կրկնակի հարցաքննվել են երեք տասնյակ քաղաքացիներ, որոնցից պահանջվել է ընդամենը մեկ բան` ցուցմունք տալ արդեն երկու ամիս ապօրինաբար կալանքի տակ գտնվող Լ.Տեր-Պետրոսյանի Աբովյանի նախընտրական շտաբի ղեկավար, Աբովյանի նախկին քաղաքապետ, քաղբանտարկյալ Գրիգոր Ոսկերչյանի, այսպես կոչված` «պետական հեղաշրջման» կազմակերպմանը մասնակցելու «գործի» առնչությամբ: Ինչպես եւ նախորդ երկու ամիսների ընթացքում, երբ հարցաքննվել էին ավելի քան 60 քաղաքացիներ, այս անգամ եւս ԱԱԾ աշխատակիցները եւ գլխավոր դատախազության քննչական խմբի անդամները հարցաքննությունները կազմակերպել եւ անցկացրել են օրենքի կոպիտ խախտումներով` գործի դնելով նաեւ քաղաքացիներին հոգեբանական ահաբեկման ենթարկելու իրենց միակ զինանոցը. հայհոյանքներ, սպառնալիքներ, մարդու արժանապատվության եւ ինքնասիրության վիրավորում ու ստորացում, առանձին դեպքերում նույնիսկ` ֆիզիկական բռնություն, հարցաքննվողների երեխաների նկատմամբ «գործ սարքելու» սպառնալիքներ եւ հանցաշխարհից փոխառած քստմնելի այլ մեթոդներ: Սակայն մեր ստացած բազմաթիվ ահազանգերը ակնհայտ են դարձնում այն, որ Հայաստանի ազատասեր քաղաքացիները արդեն իսկ փայլուն հասկացել են ավազակապետական համակարգի էությունը եւ լավ են պատկերացնում դրանից ազատվելու ուղին: Յուրաքանչյուրն այսօր քաջ գիտակցում է, որ չկա Ոսկերչյանի կամ որեւէ մեկ այլ քաղաքական գործչի նկատմամբ հարուցված քրեական գործ կամ դատավարություն: Կա Հայաստանի քաղաքացիների ու ողջ քաղաքացիական հասարակության նկատմամբ հարուցված քրեական գործ ու դատավարություն: Հետեւաբար, չկա Ոսկերչյանի կամ որեւէ մեկ այլ քաղաքական գործչի պաշտպանության խնդիր, կա Հայաստանի բոլոր քաղաքացիների ու ողջ քաղաքացիական հասարակության պաշտպանություն ավազակապետական հանցավոր համակարգից: Ուստի, որեւէ քաղաքացի չի թաքցնում ու չի պատրաստվում թաքցնել ճշմարտությունը: Քաղաքացիներից ստացված ահազանգերի եւ ներկայացված փաստերի հիման վրա մենք բազմաթիվ հարցադրումներ ենք ներկայացնելու նախաքննական մարմնին դատարանում: Փաստերը ներկայացրած քաղաքացիների անվտանգության երաշխիքների առկայության դեպքում դրանք կներկայացվեն իրավասու մարմիններին եւ կհրապարակվեն մամուլում: Տվյալներն ամբողջացնելու նպատակով խնդրում ենք քաղաքական գործերով հարցաքննված բոլոր աբովյանցիներին եւ տարածաշրջանի գյուղերի բնակիչներին` հարցաքննությունների ընթացքում տեղ գտած ապօրինությունների, բռնությունների, ահաբեկումների վերաբերյալ տեղեկություններն ու փաստերը ներկայացնել ՀՀՇ Աբովյանի տարածքային կազմակերպության գրասենյակ, ՀԺԿ Աբովյանի տարածքային կազմակերպության գրասենյակ կամ փաստաբաններ Հրանտ Գեւորգյանին (հեռ. 541539) եւ Հարություն Բաղդասարյանին (հեռ. 091824478): Առկա բոլոր փաստերը ամփոփ տեսքով կներկայացվեն նաեւ ընտրությունների եւ ետընտրական գործընթացների ընթացքում կատարված ապօրինությունների ու հանցագործությունների վերաբերյալ Եվրոդատարան ներկայացվելիք հայցը նախապատրաստող աշխատանքային խմբին: Սակայն մինչ այդ, մենք արդեն ամփոփել ենք եւ ՀՀ գլխավոր դատախազությանն ենք ուղղում աբովյանցիներին առավել հուզող հետեւյալ հարցերը. 1. որեւէ մեկը պատասխանատվության ենթարկվե՞լ է նախընտրական շրջանում եւ ՀՀ նախագահի ընտրությունների օրը` փետրվարի 19-ին, Աբովյանում ու տարածաշրջանի գյուղերում կատարված զանգվածային ընտրախախտումների, ընտրակեղծիքների եւ վստահված անձանց ու քաղաքացիների նկատմամբ իրականացված բռնությունների համար, 2. ի՞նչ ընթացք են ստացել Աբովյանի եւ տարածաշրջանի գյուղերի ընտրատեղամասերում տեղի ունեցած ընտրակեղծիքների ու բռնությունների փաստերն արձանագրած ՀՀ նախագահի թեկնածու Լ.Տեր-Պետրոսյանի վստահված անձանց թվով 9 դիմում-բողոքները ՀՀ գլխավոր դատախազին, ինչպես նաեւ կատարված քրեական հանցագործությունների մասին տեղեկություններ պարունակող թվով 6 դիմում-բողոքները ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին, 3. ի՞նչ ընթացք են ստացել ՀՀ նախագահի թեկնածու Լ.Տեր-Պետրոսյանի Աբովյանի նախընտրական շտաբի գրությունները Կոտայքի մարզի դատախազին եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին` տարածաշրջանի գյուղերում ՀՀ նախագահի թեկնածու Ս.Սարգսյանի օգտին քվեարկելու համար զանգվածային ընտրակաշառքներ բաժանելու փաստերի վերաբերյալ: ՀՀՇ Աբովյանի տարածքային կազմակերպություն ՀԺԿ Աբովյանի տարածքային կազմակերպություն «Հանրապետություն» կուսակցության Աբովյանի տարածքային կազմակերպություն «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության Աբովյանի ներկայացուցչություն |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |