|
“Zhamanak” Armenian-American Political Daily
«Ե՞րբ են սրանք լրջանալու»` հարցնում է Էդուարդ Աղաջանովը12:42 Yerevan | 8:42 GMT | Friday 2 May 2008Գագիկ Աբգարյան Երեկ «Փաստարկ» ակումբում տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը, խոսեց միմիայն երկնիշ թվերով աճող, «վագրային» թռիչքներ կատարող մի «հրաշամանուկի»` Հայաստանի տնտեսության մասին: Ըստ նրա` «Զբաղվածություն ապահովում, նոր աշխատատեղեր բացում է միայն փոքր բիզնեսը: Խոշոր բիզնեսը երբեք նոր աշխատատեղ չի բացում: Ընդհակառակը` խոշոր բիզնեսները մեկը մեկին կլանելով խոշորանում են ու կրճատում են եղած աշխատանքային տեղերը: Միակ ոլորտը, որն անընդհատ բերում է նոր աշխատատեղեր` փոքր բիզնեսն է: Եթե մենք նայենք ամենամոնոպոլիզացված, ամենաինդուստրալիզացված երկրների ՀՆԱ-ի կառուցվածքը, կտեսնենք, որ 50-60 տոկոսը տալիս է փոքր բիզնեսը: Այսինքն` նա լուծում է ոչ միայն տնտեսական խնդիր, այլ նաեւ լուծում է սոցիալական խնդիր: Չկա մի երկիր, որտեղ փոքր բիզնեսը չլինի հատուկ հովանավորության տակ, բացի Հայաստան երկրից, որտեղ պարզեցված հարկն ուզում են հանել եւ ընդհանրապես փոքր բիզնեսը «գցել կրակը»: Նրա ներկայացմամբ` չկա այնպիսի երկիր, որը չհասկանա այդ բիզնեսի տնտեսական եւ սոցիալական նշանակությունը եւ չաջակցի դրան, բացի Հայաստանից: «Ջերմոցային պայմաններ են ստեղծում, ինկուբատորներ են ստեղծում աճեցնելու համար փոքր բիզնեսը եւ այլն: Երբ մեր իշխանավորների հետ խոսում ես այս մասին` նրանք ասում են, թե բյուջեից այսքան փող ենք հատկացրել, իսկ թե ու՞մ են տվել, ինչի՞ համար` հայտնի չի», - շարունակեց թեման Աղաջանովը` պնդելով, որ փոքր բիզնեսի զարգացումը չի կարելի դիտարկել տնտեսական զարգացման կոնտեքստից դուրս: Ըստ տնտեսագետի` զբաղվածության քաղաքականությունը եւ տնտեսական քաղաքականությունը, ընդհանրապես տարբեր բաներ են մեզ մոտ, այնինչ դրանք պետք է լինեն համահունչ, եւ եթե նույնիսկ գումար է հատկացվում վերոնշյալ ոլորտին, ապա պետք է տնտեսական քաղաքականության տեսանկյունից արդարացված լինի. ո՞ր ուղղությամբ զարգացող փոքր բիզնեսն է վարկավորվում: Եթե խոսում ենք ինովացիայի մասին, հետեւաբար պետք է այդ ուղղությամբ զարգացող փոքր բիզնեսը խրախուսվի, իսկ մենք ունե՞նք ինովատորներ` հարց է բարձրացնում Աղաջանովը: «Յուրաքանչյուր երկրի զբաղվածության կառուցվածքը կախված է տվյալ երկրի տնտեսական կառուցվածքից: Իշխանությունները ի լուր աշխարհի հայտարարում են, որ մենք ձգտում ենք ստեղծել տնտեսություն, որը հիմնված է գիտելիքների վրա. եթե դա իրոք այդպես է, ապա պետք է մտածենք, որ սա պետք է բերի Հայաստանում զբաղվածության եւ ընդհանրապես աշխատանքի կառուցվածքի փոփոխության: Եթե խոսք է գնում ինովացիոն տնտեսության մասին, ապա հարց է ծագում` Հայաստանում այսօր քանի՞ ինովատոր գոյություն ունի որպես մասնագետ: Ընդհանրապես Հայաստանի բուհերից որեւէ մեկում կա՞, արդյոք, թեկուզ մի փոքր բաժանմունք, որը պատրաստում է այս դարի տնտեսության կադրեր, ովքեր կոչվում են ինովացիոն տնտեսության կադրեր` ինովատորներ»: Այստեղ նա նկատեց, որ այս պարագայում չենք հասկանում, թե ի՞նչ ենք անում, չենք կոորդինացնում գործողությունները. «Տնտեսական ծրագրերը հաճախ բաղկացած են տարբեր բլոկներից, որոնք մեկը մեկի հետ չեն խոսում»: Աղաջանովը խոսեց նաեւ մի երեւույթի մասին, որով Հայաստանը աշխարհում գրավում է «պատվավոր» առաջին տեղը. «Հայաստանում կա մի հսկայական պրոբլեմ` աշխատատեղերի եւ աշխատավարձերի լեգալիզացիան: Ըստ կենսաթոշակային հիմնադրամի նախագահի` կենսաթոշակային ֆոնդին գումար է հատկացնում 460000 մարդ, այն դեպքում, երբ կենսաթոշակ ստացողների թիվը 530000 է: Սա աբսուրդ է: Այսինքն` 85 աշխատող պահում են 100 թոշակառուի: Երկրագնդի վրա այսպիսի երկիր գոյություն չունի»: Աբսուրդը բանախոսը հիմնավորեց վիճակագրական տվյալներով. «Ըստ պաշտոնական վիճակագրության` գործազրկության ամենացածր գործակիցը Հայաստանում է` 7.1 տոկոս: Հարց է ծագում, եթե այդքան ցածր է գործազրկության մակարդակը, ո՞նց է ֆոնդին այդքան քիչ մարդ գումար մուծում»: Աղաջանովի կարծիքով` Հայաստանի իշխանությունները հեքիաթներ շատ են սիրում: Նրա այս կարծիքը ձեւավորվել է այն բանից հետո, երբ լսել է նրանց հայտարարությունները, թե մեր երկիրը դառնալու է տարածաշրջանի ֆինանսական կենտրոն, կրթական կենտրոն, բժշկական կենտրոն. «Որպեսզի դու դառնաս բժշկական կենտրոն, միլիոններ չէ, միլիարդներ պետք է ծախսես: Ֆոնդային շուկա գոյություն չունի: Շուկայի կապիտալիզացիան կազմում է ՀՆԱ-ի 0.9 տոկոսը, այսինքն` մի քանի անգամ ավելի քիչ, քան Մոզամբիկում կամ Բուրկինա Ֆասոյում է, բանկային համակարգ գոյություն չունի, բայց ԿԲ-ի նախկին նախագահը` ներկայիս վարչապետը, խոսում է ֆինանսական կենտրոն դառնալու մասին»: Հաջորդ «հեքիաթասացը» առեւտրի ու տնտեսության զարգացման նախարար Ներսես Երիցյանն է, ով անցած տարի ձեթի, կարագի թանկացման օրերին հայտարարել է, թե իրենց հաջողվել է չեզոքացնել գների աճը: «Նույնիսկ ամենահզոր երկրներին չի հաջողվել չեզոքացնել գների աճը, այդ օրերին մտածում էի, թե Հայաստանում ծնվել է տնտեսագիտական Նապոլեոն», - ասաց տնտեսագետը: Նրա համար ամենասարսափելին այն է, որ երկրի վարչապետն ու նախագահը գաղափար չունեն տնտեսության իրական վիճակի մասին. անգամ պատկերացում չունեն այն վիճակի մասին, որ նկարագրում է վիճակագրությունը. «Հակառակ դեպքում նրանք այսքան ոգեւորված չէին խոսի տնտեսության ու էլ չգիտեմ ինչերի մասին: Ե՞րբ են լրջանալու»: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԽաբեության մեխանիկան կամ Եվրոպայի ճակատագիրը ՀայաստանումԱնցնող շաբաթ, Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցավ բավական հետաքրքիր մի հանդիպում: ՔաղաքականԵրեւան: 9 մայիսի: «Հաղթանակի» զբոսայգիՎերադարձ: Այս բառի մեջ ամեն ինչ կա: Եվ ապաշխարանք: Եվ պայքար: Եվ հաղթանակ: ԱշխարհՏիգրան Կարապետիչը միշտ դեպի բարին է շրջվածԵրեկ` Հաղթանակի ու Շուշիի ազատագրման օրը, «Տեսակետ» ակումբի հյուրը «Ժողովրդական կուսակցության» ղեկավար... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |