|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Ես եւ ես12:39 Yerevan | 8:39 GMT | Friday 2 May 2008Հասմիկ Հովսեփյան Սենյակում առաջ ու ետ քայլելուց, մտքերս ժողովելուց հետո, գրիչ եմ վերցնում եւ փորձում գրել: -Ինչի՞ մասին, - հարցնում է իմ երկրորդ եսը: - Ինչպե՞ս թե ինչի, մեր երջանիկ եւ ուրախ կյանքի, որ տվել է Ռոբերտ Քոչարյանը եւ շարունակելու է տալ Սերժ Սարգսյանը: - Նորից գժվեցի՞ր, տարիներ առաջ «Առավոտ» թերթում, երբ նոր էր անկախացել Հայաստանը, Լենին պապու գովքն էիր անում, հիմա հերթը այդ եկուսին է հասե՞լ: - Իսկ ինչու՞ ոչ, ողջ իշխանական համակարգը, բոլոր իշխանամետ լրատվամիջոցները, պետական եւ մասնավոր հեռուստաընկերությունները օրնիբուն մի բերան փառաբանում, գովաբանում են նրանց, Հայաստանի ներկան ու ապագան ներկայացնում են հրաշագեղ գույներով, շուտով Հայաստանը դրախտավայր է դառնալու, մարդիկ... - Լռի՛ր, - թույլ չտալով շարունակել իմ հիացական խոսքերը` մեջ մտավ իմ երկրորդ եսը, - չլինի՞ դու էլ ինչ-որ բանի ակնկալիքներ ունես, եւ քեզ էլ է տիրել ընչաքաղցությունը: Ու՞ր մնացին լրագրողի քո սկզբունքները: Պետք չէ այնքան բութ լինել. նրանց պայքարը իրենց կերակրամանը չկորցնելն է, իսկ միավորողը փողի հանդեպ ունեցած տենչը, փողը կուրացրել է նրանց հոգու աչքերը, փո... - Լավ, լավ, մի՞թե այդքան վատ է փող ունենալը, - այս անգամ ես եմ միջամտում նրան, եթե ես էլ փող ունենայի` ինձ համար էլ, ինչպես կասեր Ակսել Բակունցը, աշխարհը ճոճք կթվար, ծիրանագույն բուրաստան: - Ես չեմ ասում, թե փողը վատ է, այն վատանում է, երբ անազնիվ, ոչ քո աշխատանքի դիմաց է կուտակվում: Իսկ ճոճքում քո հայտնվելու մասին մի երազիր, այն արդեն զբաղեցրել են հայտնի քառասուն ընտանիքները: Դու ոչ փող ունես, ոչ աշխատանք, ոչ էլ նրանց օրորելու շնորհք: - Իսկ ինչու՞ նրանք իմ, քո, մյուսների մասին չեն հոգում, չեն մտածում, - մի բան ասելու համար հարցնում եմ նրան: - Եթե մտածեն, որտեղի՞ց պետք է գոյանա այդ հսկա հարստությունը: Մարդկային այդ տեսակը, Սեւակի բնութագրմամբ, միայն իր փորն է սիրում: Դու նախորդ իշխանության օրոք խորհրդարանի նախագահի աշխատակազմ էիր հասել, ինչու՞ դու էլ ինչ-որ բանի չտիրացար... չտիրացար` քանի որ շատերդ ազնիվ նպատակներով ու գաղափարներով էիք առաջնորդվում: - Ի՞նչ է, այն ժամանակ այդ տեսակից չկայի՞ն իշխանական համակարգում, - բարկացնելու նպատակով դիմում եմ նրան: - Ցավն էլ այն է, որ կային: Այդ տեսակը գոյություն է ունեցել դարեր ի վեր, նրանցից ոմանք մինչեւ օրս իշխանական համակարգում են` ստվերելով նախկիններին, լրացնելով այժմյականների շարքերը: - Ա՛յդ էր պատճառը, որ Առաջին նախագահը ետ վերադարձավ` փորձելով ուղղել իր սխալը, անգամ ներողություն խնդրեց մեր գլխին փորձանք բերելու համար, - շուտասելուկի նման դիմում եմ նրան: - Կարծես թե ուղեղդ փորձում է աշխատել, - վրա բերեց նա, Առաջին նախագահը չէր կարող անտարբեր մնալ Քոչարյան եւ Սարգսյան զույգի արածների հանդեպ, իր ժողովրդին այս ահավոր իրավիճակին հասցնելու համար: Եվ ժողովուրդը հասկացավ, որ միայն Առաջին նախագահի օգնությամբ կարող է ձերբազատվել իրեն ատող իշխանավորներից եւ իր ձայնը տվեց նրան: - Այդ դեպքում ինչու՞ հաղթեց Սերժ Սարգսյանը, - հարցնում եմ նրան: - Նա հաղթե՞ց, հաղթողը Առաջին նախագահն է, Սերժին հաղթեցնել տվեցին, - բարկացած պատասխանեց նա: - Թող պայքարեին, - հենց այնպես ասում եմ ես: - Քո կարծիքով չպայքարեցի՞ն, այժմ էլ պայքարում եւ պայքարելու են մինչեւ հասնեն վերջնական հաղթանակին: Դու որպես դիտորդ չէի՞ր պայքարում այն տեղամասում, որտեղ իրենց ընտրությունը կատարեցին Առաջին նախագահը, Քոչարյանը եւ Սարգսյանը: Անգամ այնտեղ կեղծ անձնագրերով ղարաբաղցի ամուսինները քվեարկեցին քաղաքից բացակայող երկու կանանց փոխարեն: Քո արձանագրությունը հասավ մինչեւ Սահմանադրական դատարան, ինչի՞ հասար: - Ոչնչի, - տխուր պատասխանում եմ ես, - այնքան շատ էին կեղծիքները, որ Սահմանադրական դատարանի նախագահը գլուխը առավ-փախավ: Նրան օգնության հասած անդամներից մեկը կարդաց ի սկզբանե պարտադրված վճիռը, - այս անգամ ես եմ ընդդիմադիրի կեցվածք ընդունում: Այդ դեպքում ինչու՞ փետրվարի 26-ին, երբ երկու հրապարակների հավաքվածները հասան մոտ կես միլիոնի, չգրավեցիք նախագահական նստավայրը, - մի տեսակ վախվորած հարցնում եմ նրան: - Ես չէ, որ այդ հարցին պետք է պատասխան տամ, բոլորին հայտնի էր, որ Առաջին նախագահը ուզում էր օրինական ճանապարհով իշխանության գալ: Դրա վառ ապացույցը տասնօրյա խաղաղ հանրահավաքներն էին: Իշխանական վերնախավի սադրիչ քայլերը, ԱԺ պատգամավորների, բազմաթիվ մարդկանց հետապնդումները եւ ձերբակալությունները, շատերին աշխատանքից ազատելը ներկաների, հատկապես երիտասարդների կողմից հնչած «հիմա» բառով համարժեք գործողություններ էին պահանջում Առաջին նախագահից: Րոպեներ անց այդ ահագնացած բողոքի ալիքը հենց նրա կողմից լիցքաթափվում էր` «հիմա»-ն փոխարկելով պարի: Հիշում եմ Շվեյցարիայում ապրող մեր հայրենակից, լուսահոգի Պերճ Մսրլյանի խոսքերը 1992 թվականին: Լեւոն Տեր-Պետրոսյանը բացառիկ երեւույթ է հայ իրականության մեջ, ափսոս, նման անհատականությունները ուշ-ուշ են ծնվում, - հպարտորեն բարձրացնելով գլուխը` ասում է իմ երկրորդ եսը: - Մարդիկ չէի՞ն հոգնում օրնիբուն այնտեղ մնալուց, - հարցնում եմ նրան: - Մարդկային հոսքը երբեք չէր դադարում, ներս էին մտնում, դուրս գալիս: Հիմնականում բազմությունը շատանում էր կեսօրից հետո, ամենօրյա երթի պահերին: Դա մի անբացատրելի, աննկարագրելի իրողություն էր: Կարծես մի նոր պետություն էր ստեղծվել պետության մեջ, մարդիկ միմյանց նկատմամբ չափազանց բարի ու հարգալից էին, շատերը իրենց տան ունեցած ուտելիքները կիսում էին հանրահավաքի մասնակիցների հետ: Անսովոր ուրախության, ազատության զգացումն էր համակել ներկաներին: Բոլորի ելույթները լսվում էին ուշադրությամբ, որոնք ընդմիջվում էին ծափողջույններով եւ անունների վանկարկումներով: Ազատության հրապարակում ձեւավորվում էր իսկական քաղաքացիական հասարակություն: Իսկ վերջինիս հայտնությունը ահ ու սարսափ առաջացրեց իշխանական վերնախավում: Քոչարյանը եւ Սարգսյանը հասկացան, որ թեկուզ մեկ օր ավելի շարունակվեն իրենց համար վտանգավոր հանրահավաքները իրենք հայտնվելու են կործանվող բուրգի փլատակների տակ: Մարտի 1-ին «գործ» սարքելը անհրաժեշտություն էր, փրկության ստոր միջոց: Անառարկելի է. Մարտի 1-2-ը Հոկտեմբերի 27-ի շարունակությունն է, նույն ձեռքը, նույն ոճիրը, նույն նպատակը, - շնչահեղձ լինելով ասաց նա, - ապա շարունակեց, - ուղեղդ աշխատացրու՛, եթե այդ մարդիկ պայքարի են ելել բռնապետության դեմ, ինչպե՞ս կարող էին բռնարարքների դիմել, մարդ ծեծել, մանավանդ սպանել: Բոլորին միավորողը մեկն էր` Հայաստանը դառնա ազատ, անկախ, ժողովրդավարական պետություն: - Որտե՞ղ էիր այդ օրը, - փորձելով նրան այդ վիճակից հանել, հարցնում եմ ես: - Ես այնքան էլ հեռու չեմ ապրում Ազատության հրապարակից: Գիշերները տուն էի գալիս: Արյունոտ շաբաթ առավոտյան, լսելով ջարդարարների հարձակման լուրը, արագ այնտեղ հասա: Շրջակայքը լեփ-լեցուն էր ոստիկանական զորքով, գոռում-գոչյունով: Կարծես գետնի տակից թաթար-մոնղոլներն էին դուրս եկել եւ հարձակվել անզեն, անմեղ մարդկանց վրա: Աստված իմ, մի՞թե սրանց հայրենակիցներ կարելի է անվանել: Ինձ սարսափեցրեց նրանց ատելությամբ լեցուն, արնակալած աչքերը: Ռետինե մահակով ոստիկանները հարվածում էին պատահածին` լինի կին թե տղամարդ, ահել թե ջահել: Անշարժ կանգնել էի, չգիտեի անելիքս, ինձանից անկախ արցունքներս հոսում ու հոսում էին: Այդ պահին ինձ մոտեցավ մի ոստիկան եւ թեւս բռնելով` կամացուկ, սակայն վրդովված ասաց. «Փոխանակ այսօր լաց լինեիք, կես միլիոն մարդ էիք հավաքվել, հարձակվեիք եւ գրավեիք, դուք էլ, մենք էլ կազատվեինք այս մարդակեր հրեշներից»: Նրա խոսքերը սթափեցրին ինձ, ուրեմն ոչ բոլորն են գազանի վերածվել: Ձեռքս բռունցքի վերածելով միացա Մաշտոցի պողոտայով իջնողներին եւ «Լեվոն», ապա «միացում», «հաղթանակ» բառերը բարձր վանկարկելով հասանք Ֆրանսիայի դեսպանատան մոտ: - Հետո ի՞նչ եղավ, - անհամբեր դիմում եմ նրան: - Մեր փոքրիկ խումբը ժամ առ ժամ շատանում էր, կեսօրին այն հասավ երկու հարյուր հազարի: Նրանք գալիս էին օրվա կատարվածի մասին տեղեկություն ստանալու, այլ ոչ թե թալանելու կամ սպանելու նպատակով: ...Ինչու՞ Պարոնյան փողոցում գտնվող Քոչարյանի տղային պատկանող շենքի «Ութ» սուպերմարքեթը եւ հոգեմետ դեղերով դեղատունը չէին թալանվել, այն էլ հենց խժդժությունների կիզակետ դարձած վայրում: Չէին թալանվել, որովհետեւ հրաման չէր եղել, ավելին` այն հատուկ հսկվել էր կենտրոնի ոստիկանների կողմից: Իսկ Մաշտոցի պողոտայում վերջիններս եւ հսկայական զորքը անհետացել էին եւ մատնվել անգործության: Հանրահավաքի օրերում ձեւավորված, Հայաստանի քաղաքացու կոչմանը արժանացած երիտասարդը չէր կարող անկարգություններ հրահրել, սպանություններ իրականացնել: Այդ չարաբաստիկ գործողությունները կատարեցին այնտեղ նետված խուլիգանական տարրերը, սադրիչները, մարդասպանները` նշված թաղամասերում ապրողների աչքերի առջեւ: - Ինչու՞ այդ ահավոր ցավին, մարդկանց զոհվելուն չարձագանքեցին սերժականները, - հարցնում եմ ես եւ արդեն խելքի եկած պատասխանում, - որովհետեւ նրանք ատում են Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, որը համարձակվել է պայքարի դուրս գալ իր երկրում ազատ, անկախ ապրելու իրավունքը նվաճելու համար: - Ուրեմն` պայքար, պայքար, մինչեւ վերջ... |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |