|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Շուտով կսկսենք նաեւ աշխատել13:20 Yerevan | 9:20 GMT | Thursday 1 May 2008Գագիկ Աբգարյան Դատավորը փախավ` սուլոցների տակ... Այսօր մայիսի 1 է՝ Աշխատավորության օրը: Տոն: Բայց, ինչպես տեսնում եք, շատերի աշխատատեղն այսօր ավազակապետության տարբեր տրամաչափի կատարածուներին խելքի բերելն է: Ոչինչ: Մարդասիրական առաքելություն է: Էդ էլ կավարտենք ու կանցնենք աշխատանքի: Ազատ, արդար եւ հպարտ Հայաստանում: Երեկ Գյումրիի ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Շոթա Սաղաթելյանի եւ Գյումրիի ռազմական ոստիկանության նախկին պետ Աշոտ Զաքարյանի հետաձգված դատը, ովքեր մեղադրվում են քրօրի 149 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով` խմբակային խուլիգանական արարք, որը պատժվում է 2-5 տարի ազատազրկմամբ կամ տուգանքով:
Ըստ մեղադրանքի` ամբաստանյալները նախագահական ընտրությունների օրը, Գյումրիի 34/06 ընտրական տեղամասում իբր վեճ ու կռիվ են սարքել հանձնաժողովի անդամների հետ, ինչի պատճառով մոտ 40 րոպե խանգարվել է տեղամասի աշխատանքը: Հիշեցնենք, որ անցած նիստում հարցաքննվել են երկու վկա` տեղամասի նախագահի տեղակալ Կարինե Հարությունյանը եւ նախագահ Սիլվա Հովհաննիսյանը, որոնց ցուցմունքները կիսատ մնացին: Հիշեցնենք նաեւ, որ ցուցմունքներում երկուսն էլ ժխտեցին վեճ ու կռվի, ինչպես նաեւ ընտրատեղամասում աշխատանքի դադարեցման փաստը, ինչի վրա հիմնված է ողջ մեղադրանքը: Բացի այդ, երկուսի մոտ էլ նախաքննությանը եւ դատարանում տված ցուցմունքների միջեւ ի հայտ եկան հակասություններ, որոնց մասով Կ.Հարությունյանը խոստովանեց, որ գրել է քննիչի թելադրանքով` առանց խորամուխ լինելու արտահայտությունների ձեւակերպման մեջ ու խնդրեց ճիշտ համարել դատարանում տված ցուցմունքը: Իսկ հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ իր ցուցմունքներում ինչ-որ մեկը որոշ բաներ ավելացրել է, քանի որ այնտեղ կան բաներ, որոնք ինքը չէր կարող ասած լինել: Մի խոսքով, մեղադրանքը հայտնվել էր փլուզման եզրին: Ընթերցողին հիշեցնենք նաեւ, որ քաղբանտարկյալների դատերը թե Երեւանում, թե մարզերում ընթանում են ժողովրդական զանգվածների աննախադեպ ակտիվացման պայմաններում: Հարյուրավոր մարդիկ մասնակցում են դատերին եւ դատավորներից պահանջում մի բան` արդարադատություն: Այս առումով բացառություն չէր նաեւ երեկվա նիստը: Նախ այն սկսվեց մոտ ժամուկես ուշացումով, երբ լեփ-լեցուն դահլիճն արդեն անհամբերության նշաններ էր ցույց տալիս: Հետո ներս մտավ մեղադրող կողմը` դատախազներ Զելիմ Թադեւոսյանը, Արմեն Բոշնաղյանը եւ Կարեն Մխիթարյանը, դահլիճը ծայրից ծայր կտրել անցնելով: Այդ ընթացքում եւ դրանից հետո տեւական ժամանակ դատարանի շենքը ցնցվում էր «Ամոթ» վանկարկումներից: «Հայոց կանանց շարժում» նախաձեռնության ակտիվիստներից մեկը, դիմելով դատախազներին, ասաց. «Կյանքում մեկ անգամ, գոնե մեկ անգամ ցույց տվեք, որ Քոչարյանը սխալ ա ասել, թե Հայաստանում տղամարդ չկա: Գոնե մեկ անգամ տղամարդու պես պահեք ձեզ»: Եթե այդ պահին Հյուգոն դահլիճում լիներ ու նայեր դատախազների դեմքին, հաստատ այս գիշեր մի գիրք էլ կգրվեր «Թշվառները-2» վերնագրով: Դատն սկսվեց, եւ պարզվեց, որ իշխանություններն անակնկալ էին պատրաստել: Վկաները` Վահան Գասպարյանը, Սիլվա Հովհաննիսյանը, Նարինե Հմայակյանը, Սամվել Բարսեղյանը, Վարդանյանը, Լիլիթ Մուրադյանը հրաժարվել են դատարան ներկայանալուց` այդ մասին գրավոր տեղյակ պահելով դատարանին: Նամակում այդ քայլը նրանք բացատրում են նրանով` իբր ապահովված չի իրենց անվտանգությունը. «Անկառավարելի ամբոխը հոգեբանական եւ ֆիզիկական ճնշում է գործադրում վկաների վրա», - գրել է Ս.Վարդանյանը: Մի վկա` Լյուքսեն Մելիքյանը, չի ներկայացել առողջության պատճառով, Լիլիթ Սահակյանը` ընտանեկան վիճակի, իսկ Գագիկ Գալստյանը եւ Սարգիս Պետրոսյանն էլ բացակայում են հանրապետությունից: Մի խոսքով, վկաներին պարտադրել են դատարան չներկայանալ` յուրաքանչյուրի համար մի բան հորինելով: Շոթա Սաղաթելյանի պաշտպան Հովիկ Արսենյանը նկատեց, որ սա ժամանակ շահելու նպատակով իշխանական կուլիսներում մտահղացված եւ իրականացված կոմբինացիա է. «Ես, իհարկե, հասկանում եմ ձեզ: Դուք պետք է սպասեք, մինչեւ տեսնեք, թե ի՞նչ են ձեզ հրահանգելու, որ իմանաք` ի՞նչ անեք: Նամակների տեքստը ցույց է տալիս, որ սա մի կետից թելադրված, մի կետից ուղղորդված քայլ է»: Միաժամանակ նա դատարանից պահանջեց ապահովել վկաների ներկայությունը դատաքննությանը, ինչպես նաեւ տեղեկանք, հանրապետությունից իբր դուրս գնացածների մասին, թե սահմանային ո՞ր գոտին հատելով են նրանք մեկնել: Այնուհետեւ երեք ամբաստանյալների պաշտպանները, ամբաստանյալներն էլ նրանց հետ պահանջեցին փոխել խափանման միջոցը: Դատավորը անմիջապես մերժեց միջնորդությունը` առանց նույնիսկ լսելու հարցի վերաբերյալ մեղադրող կողմի կարծիքը: Դատավոր Վահե Խալաթյանի այս պահվածքից զարմացած` Արսենյանը պահանջեց միջնորդությունը մերժել ընդունված կարգի համաձայն` տալով գրավոր, հիմնավորված որոշում: Դատավորը հրաժարվեց: Բավական երկար ժամանակ դահլիճը պահանջում էր դատավորից գործել օրենքի համաձայն: Բավական երկար ժամանակ դատավորի ու դատախազների ուղեղները շամփրում էին Ազատության հրապարակի լոզունգների վանկարկումը: Ի վերջո` տեսնելով, որ ոչ մի կերպ չի կարողանալու իրավիճակը տիրապետել, դատավորը մի կերպ հայտարարեց, որ հաջորդ նիստը կայանալու է մայիսի 7-ին, ժամը 11-ին ու փախավ դահլիճից` ժողովրդի սուլոցի ներքո: Նիստից հետո մենք խնդրեցինք Հ.Արսենյանին մեկնաբանել տեղի ունեցածը. «Դեռ Երեւանում ես լուր ունեի, որ վկաները չեն գալու դատաքննության: Կազմակերպված ձեւով: Դեռ ավելին: Անկախ նրանից, թե վկաները դատաքննությանը կգան, չեն գա, ինչպիսի՞ ցուցմունք կտան, նրանցից հետագայում դիմումներ են վերցնելու, իբր նրանք հոգեբանական ճնշման ազդեցության տակ են եղել: Ես սա գիտեի, ուստի ինձ համար անսպասելի չէր այս մասսայական հիվանդանալը, հանրապետությունից բացակայելը, ինչպես նաեւ դատավարության մասնակիցներին ամբոխ անվանելը: Հոգեբանական ճնշումները ավելի շատ իշխանությունների կողմից է, ժողովուրդն այստեղ կապ չունի: Ես այս ճնշումը նկատի ունենալով էի անցած նիստին պնդում, եթե հիշում եք, որ վերջացնենք հանձնաժողովի նախագահի ցուցմունքները լսելը, չնայած որ աշխատանքային օրն ավարտվել էր: Պատկերացնու՞մ եք, ոստիկանները գնացել են վկաների տներ եւ արձանագրություններ կազմել, որ նրանք տանը չեն, բացակայում են հանրապետությունից: Ո՞վ է ոստիկաններին հանձնարարել գնալ վկաների տուն: Մի՞թե պարզ չի, թե ի՞նչ է կատարվում»: Ի՞նչ եք կանխատեսում, այս նույնը չի՞ կրկնվի մայիսի 7-ին: «Մայիսի 8-ը երկրապահի օրն է: Ես համոզված եմ, որ սա խորհրդանշական է: Մայիսի 7-ին մենք կհաղթենք ու տղաներին կբերենք տուն», - ասաց Արսենյանը: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՄտավորականություն կոչվածը` բարոյալքման գործոն1990-ականներին Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ձախողման եւ ավազակապետական... ՔաղաքականՀերթական անակնկալըՀյուսիսային պողոտայում երեկ «քաղաքական զբոսանքի» մասնակիցների համար ցնծության օր էր: ԱշխարհԵվ դարձյալ հայ-թուրքական թեմայովՍեպտեմբերի 2-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած մամլո ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը նրան մի հարց... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |