“Zhamanak” Armenian-American Political Daily

Կտրելու են Աստծո տնկած ծառերը

13:12 Yerevan | 9:12 GMT | Thursday 1 May 2008

Հեղինե Մանուկյան

Թեղուտի հանքավայրի շահագործման անթույլատրելի լինելու ու դրա արդյունքում ի հայտ եկող կործանարար հետեւանքների, հակաօրինական լինելու մասին շատ է խոսվել, բազմաթիվ ակցիաներ են կազմակերպվել, բոլոր հնարավոր միջոցներով ահազանգեր հնչեցվել: Երեկ հերթական ահազանգի օրն էր: Հայրենի բնությամբ մտահոգ մի խումբ մարդիկ` բնապահպաններ, հասարակական կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ ակցա էին կազմակերպել ԱԺ-ի դիմաց` ի պաշտպանություն Թեղուտի: Հավաքվածների ձեռքին կային` «Մենք դադարել ենք սիրել բնությունը», «Շահույթը` անհատներին, ավերված բնությունը` ժողովրդին», «Երեւանում պղինձ է հայտնաբերվել» եւ այլ ցուցապաստառներ, հագել էին «Ոչ կոռուպցիային» գրությամբ շապիկներ:

Ինչպես հայտնի է, Թեղուտի հանքավայրը կառավարության 2007թ.-ի որոշմամբ 30 տարով շահագործման է հանձնվել «ԷյՍԻՓի» ընկերությանը: Հավաքվածների նպատակը հայրենի օրենսդիրների եւ կառավարության ուշադրությունը եւս մեկ անգամ Թեղուտի խնդրի վրա սեւեռելն էր, եթե իհարկե նրանք երբեւէ սեւեռվել են այդ խնդրի վրա: «Մեր հիմնական նպատակը Թեղուտի հանքավայրի շահագործումը կասեցնելն է եւ հանքարդյունաբերության քաղաքականության վերանայումը: Հայաստանի պես փոքր երկրի համար հանքարդյունաբերությունը կործանարար հետեւանքներ է ունենալու` ոչնչացված բնություն, Կարմիր գրքում գրանցված բուսատեսակների եւ կենդանատեսակների վերացում, աղտոտված կլիմա, աննորմալ ծնունդներ: Եվ այս ամենը մեր ու ապագա սերունդների հաշվին», - ասում է բնապահպանական շարժման ակտիվիստ Հրայր Սավզյանը: Քանի որ երեկ ԱԺ-ի կառավարությանն ուղղված հարցուպատասխան պիտի լիներ, ակցիայի մասնակիցները առիթն օգտագործեցին եւ իրենց մտահոգությունները դեմ առ դեմ հայտնեցին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին: Նախարարը, բնականաբար, արդարացրեց կառավարության որոշումը` վստահեցնելով. «Թեղուտի հետ կապված ծրագիրն անցել է համապատասխան բոլոր ընթացակարգերը, որոնք անցել են օրենքով սահմանված կարգով, բացառապես բոլոր գերատեսչություններում քննարկվել է, տեղի է ունեցել հասարակական քննարկում, խնդիրը քննարկվել է նաեւ ԱԺ-ում` լսումների ձեւով: Այնտեղ բոլոր հարցերը բարձրացվել են, դրանց տրվել են պատասխաններ, եւ այս պահի դրությամբ հայտարարում եմ, որ մենք բոլոր շահագրգիռ կողմերի հետ միասին պետք է կարողանանք մշակել մեր ռազմավարությունը` Թեղուտի ուղղությամբ իրականացնելու վերաբերյալ: Մենք բաց ենք քննարկումների եւ խնդիրները լուծելու համար», - իրողությունն ահա այսպես չորուցամաք ու սիրողական մակարդակով ներկայացրեց բնապահպանության նախարարը: Սակայն հավաքվածներն առարկեցին նրա խոսքին` վկայելով, որ հանքավայրի շահագործման փորձաքննությունն անաչառ չի անցել, եւ դրա հիման վրա կայացված կառավարության որոշումը պետք է վերանայել, մասնավորապես` կառուցվելիք ահռելի պոչամբարի խնդիրը, որը լինելու է աշխարհում ամենամեծն, ու որտեղ կուտակվելու են հանքահանության արդյունքում գոյացած թունավոր նյութերը: Այս կապակցությամբ նախարարն առաջարկեց` «կոնկրետ ասեք, թե ո՞ր կետն է անհրաժեշտ նորից քննարկել, ինչի՞ վրա են տարածվում ձեր կասկածները: Պոչամբարի կառուցումն անխուսափելի է, բայց համաձայն եմ, որ այն կառուցելիս պետք է պահպանենք աշխարհում գործող բոլոր նորմատիվները, հուսալիության ու անվտանգության բոլոր կանոնները»: Մինչ ակցիայի մասնակիցներն իրենց առարկություններն էին հայտնում եւ, այսպես ասած, պատին էին դեմ տվել նախարարին, վերջինս իր գլուխը պրծացնելու համար առաջարկեց բոլոր վիճահարույց հարցերի պատասխանները ստանալ «ԷյՍիՓի»-ի գործադիր տնօրեն Գագիկ Արզումանյանից: Վերջինս մոտ մեկ ժամ տեւած խուճուճ «բացատրական աշխատանքի» ընթացքում այնպես ներկայացրեց Թեղուտի հանքավայրի շահագործման նախագիծը, որ տպավորություն ստեղծվեց, թե նախագիծը հավակնում է լինել Հայաստանի հանքարդյունահանության պատմության մեջ ամենամարդասիրականը: Մեր այն դիտարկմանը, թե հանքավայրի շահագործումը հակասում է ՀՀ-ի կողմից վավերացված միջազգային մի շարք կոնվենցիաներին, ՀՀ օրենսդրությանն ու Սահմանադրությանը, Արզումանյանը քմծիծաղով պատասխանեց. «Այդպիսի բան չկա, ոչ մի կոնվենցիայի դրույթ էլ չի խախտվել, եւ նախագիծը լիովին տեղավորվում է օրինականության սահմաններում»:

Ակցիային ներկա էր նաեւ Լոռվա մարզի Շնող գյուղի պատվավոր բնակիչ, Մանկավարժական համալսարանի դասախոս Վարշամ Ավետյանը, ով առաջարկեց չվստահել Արզումանյանի խոսքին, «քանի որ այդ հանքավայրի շահագործման նախագիծը ոտքից գլուխ հակաօրինական է եւ խախտում է միջազգային 11 կոնվենցիաներ, էլ չասած ՀՀ օրենսդրությունը` թվով 70 խախտում»: Վ.Ավետյանը հավաստիացրեց, որ Թեղուտի ու Շնողի բնակիչների վրա իշխանությունները ճնշում են գործադրում` ստիպելով վաճառել իրենց հողակտորները, որոնք ներառված են հանքավայրի շահագործման նախագծում: «Սա անխղճություն է, անմարդկային վերաբերմունք տեղի բնակիչների նկատմամբ, որոնց ապրուստի միակ միջոցը շատ դեպքերում հենց այդ հողակտորն է», - ասաց Ավետյանը:

Ի դեպ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով եւս ներգրավված է բնապահպանական շարժման մեջ, կառավարության հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ Թեղուտի հանքավայրի շահագործման նախագծի «կնճիռներին» եւ հարցեր ուղղեց կառավարությանը:

Հ.Գ. Ի դեպ, երբ «ԷյՍիՓի»-ի գործադիր տնօրենն սկսեց խոսել նախագծի շահագործման ընթացքում հատվելիք ծառերի ու հետագայում տնկվելիք նոր ծառերի մասին, ակցիայի մասնակիցներից մեկն այսպիսի հարց տվեց նրան. «Դուք գիտե՞ք, որ Աստծո տնկած ծառերն եք կտրելու: Իսկ Աստծո տնկածը կտրելուց հետո ոչ ոք չի կարող նորից տնկել»:

Արխիվ
Վերլուծական

Սնանկ իշխանություններ, դատարկ պնակներ...

Ինչպես ասում են` քեֆ անողի քեֆը չի պակասի, իսկ պնակալեզների համար էլ` պնակը: Կամ` ինչպես ի տարբերություն հին հռոմեացիների...

Քաղաքական

Արժանապատվորեն

...Ահա այսպես: Եվ յուրաքանչյուրը նաեւ պատիվ է համարում իր համար սա:

Աշխարհ

Մեղադրանք

Այսօր Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում փորձ է արվում արդարացնել իշխանությունների կողմից բռնության...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.