“Zhamanak” Armenian-American Political Daily

Խաղաղության լույսը

13:10 Yerevan | 9:10 GMT | Thursday 1 May 2008

Ոչ ընտիր-ոչ լեգիտիմ իշխանությունը Հայաստանի, առավել եւս հայ ժողովրդի շահերը ներկայացնել չի կարող: Այս տարրական ճշմարտությունը եւս մեկ անգամ ապացուցեց (չգիտես ինչու՞) վարչապետի աթոռին տեղավորվածը, որի ներկայացրած ծրագիրը միտումնավոր կամ անհեթեթորեն շրջանցեց Հայաստանի առջեւ ծառացած էական խնդիրը՝ արժանապատիվ Խաղաղության հաստատման խնդիրը:

Եվս մեկ անգամ ապացուցվեց, որ հայ ժողովրդի 20-տարի շարունակվող պայքարը Ազատ, Անկախ Հայաստանի համար նրանց հետ օրգանական կապ չունի, Խաղաղության հաստատմամբ մեր պետության ընթացքը կայունացնելու եւ զարգացման հուն ուղղելու խնդիրը նրանցը չէ եւ չի էլ կարող լինել: Էլ ո՞նց կարելի է պատկերացնել քաղաքական կամ հասարակական երկխոսությունը: Ի՞նչ հարցի շուրջ: Ոչ խաղաղություն-ոչ պատերազմի վիճակը կամ ավելի ճիշտ` պատերազմի սպառնալիքը հավերժացնելու դիմաց վճարվելիք գնի շու՞րջ: Ինչ որ ունենք` տվեցիք, մեր խնայողություններն ու մեր տան իրերն էլ հետը. հետո՞: Ո՞րն է այն սահմանը, որից այն կողմ էլ վճարելու բան չի լինելու: Մի օր ձեզ սպասարկողներին եք վաճառելու, հաջորդ օրը ձեզ, մյուս օրն էլ դեռ չծնված երեխաներին ու նո՞ր հեռանաք ամոթահար: Հետո՞, ի՞նչ փրկագնով եւ ի՞նչ արդարացմամբ ենք ետ բերելու ապաշնորհության եւ փոքրոգության հետեւանքով օտարածն ու կորցրածը: Մի քանի շաբաթ էլ պատերազմի վերսկսման սարսափներով կերակրվեցիք, ու դիմացանք, հետո՞: Ե՞րբ է վերջապես Պետությանը ծառայելու գիտակցությամբ մղվելու շարքային ոստիկանը, ե՞րբ է գիտակցելու իր կոչումը, երբ վատ հրաման կատարելով վտանգում է ոչ միայն իր երեխայի ապագան, այլ նաեւ իմ: Ե՞րբ է վերջապես Պետության գոյության իմաստը չհասկանալու անկարողությունը թաքցնել փորձող այսօրվա գորշ ու վատ հրամանատարը ձեռք քաշելու վաղուց թափը կորցրած կայսերական-ռուսական-ԿԳԲ-ական փշրանքից: Չէ՞ որ սա եղել է բռնապետական ու այսօր էլ գոյություն ունի հոգեվարքի եւ միմիայն իներցիայի արդյունքում: Պարզ է, որ նման փտած կառույցին է հարմար եւ ձեռնտու ունենալ թույլ ու կամազուրկ-կամակատար «ղեկավար», որը կաթիլ առ կաթիլ իրեն վստահվածը մսխել է, պղծել է այն տարածքը, ուր ապրում ու սնվում էր: Նրանք չհասկանալով իմ ու ինձպեսների հետ վարվելու կերպը շահել են անողոք ատելությունն ու Կայենի դաջվածքը: Այստեղ է վերջը:

ՄԵՆՔ ԿԱՆՔ ՈՒ ՄԵԶԱՆԻՑ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐՆ ԷԼ ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ ՇԱՏ Է: Մենք օրենքինն ենք, ու խաղում ենք արդեն գրված խաղի Օրենքներով, այստեղ էլ մեր ուժն է, ու հաղթելու ենք, որովհետեւ մենք ենք Արդարը: ԺՈՂՈՎՈՒՐԴՆ է որոշում իր ուղին, որն արդեն որդեգրել է:

Յոթ ամիս առաջ ժողովուրդը մեծ հույսով ոտքի ելավ` դիմավորելու մոտալուտ Խաղաղության օրն ու ջահակիր-առաջնորդ ընտրեց Լեւոն Տեր-Պետրոսյանին: Հանուն Ժողովրդավարության եւ Անկախության մեր երկրորդ մեծ շարժումը վերջնական ամրագրելու է Ազատ, Անկախ Հայաստանը եւ հաստատելու է Խաղաղությունը: Ինչպես մեծ աղմուկով բացվեց խորհրդային կայսրության երկաթե վարագույրը, այնպես էլ ամենածանր ու գորշ վարագույրները չեն կարողանալու անթափանց պահել մեր Աշխարհը Խաղաղության լույսից: Այդ լույսով է ողողվելու մեր ճանապարհն ու ընթացքը: Բարդ կամ անլուծելի գնահատվող խնդիրները լուծվելու են հենց այդ լույսի մեջ եւ ոչ այլ կերպ: Առանց Խաղաղության չի կարող լինել ոչ Ազատություն, ոչ Ժողովրդավարություն, առավել եւս` բարեկեցություն: Եվ որքան մենք հետաձգենք այդ օրը, այնքան էժանանալու է Կյանքը՝ ինչպես ցեղասպանության օրերին: Եվ ուրեմն բացեք ձեր պատուհաններն ու հոգիները եւ թող ներս գա Խաղաղության լույսը:

«Ես հայտնաբերեցի, որ կյանքն ավերումների մեջ գոյություն ունի եւ հետեւաբար պետք է որ գոյություն ունենա ավելի բարձր Օրենք, քան ավերման օրենքը: Միայն այդ օրենքի պայմաններում է, որ հասարակությունը կկառուցվի ճշմարտապես ու բանականորեն, եւ կյանքը կարժենա նրան, որ ապրվի»: Այս մտքի հեղինակը խաղաղ պայքարի մեծ առաջնորդ Մահաթմա Գանդին է: Իմ ուսուցիչը` Լեւոն Տեր-Պետրոսյանը գնում է խաղաղության հաստատման, խաղաղ պայքարի գանդիական ուղիով: Մեր պայքարը նույնպես խաղաղ է եւ անպայման հաղթելու է:

Գայանե Մարտիրոսեան

«Կանայք հանուն խաղաղության» հ/կ նախագահ

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.