“Zhamanak” Armenian-American Political Daily

ՕԵԿ են, որդի, կմթնեն, անց կկենան

13:08 Yerevan | 9:08 GMT | Thursday 1 May 2008

Արամ Ամատունի

Ինչպես հայտնի է, երեկ խորհրդարանում լրագրողներն արձանագրել են հայկական քաղաքական մշակույթի նոր դրսեւորում, երբ կառավարության անդամը, նախարարը մասնակցում է իր իսկ գործունեության, այսինքն` կառավարության գործունեության ծրագրի քվեարկությանը, որը տեղի է ունենում Ազգային ժողովում:

Ոչ Հայաստանի Սահմանադրությունը եւ ոչ էլ որեւէ օրենք նման բան չեն նախատեսում: Սակայն նորանշանակ կապի ու տրանսպորտի նախարար Գուրգեն Սարգսյանը երեւի թե որոշել է, որ երկիրը պետք է կառավարվի ոչ թե օրենքներով, այլ ցանկություններով: Ցանկանում ես այսինչ բանն անել, արա եթե կարող ես` անկախ այն բանից, թե ինչ է ասում այդ մասին օրենքը: Մյուս կողմից` եթե Գուրգեն Սարգսյանն առաջնորդվեր ոչ թե ցանկությամբ, այլ օրենքի շրջանակում գործելու սկզբունքով, ապա երեւի թե չէր հայտնվի ոչ կառավարության կազմում, ոչ էլ առավել եւս` «Օրինաց երկրի» նախընտրական ցուցակում, որի շնորհիվ էլ, մինչեւ նախարար նշանակվելը, դարձել է պատգամավոր: Բանն այն է, որ «Օրինաց երկրում» կարծես թե կուսակցության վերնախավի անդամ են դառնում կամ օրենքի հանդեպ քմահաճ մոտեցում ունեցողները կամ դառնալուց հետո են նման մոտեցում որդեգրում: Համենայնդեպս, բոլորիս հիշողության մեջ դեռ թարմ է, որ, օրինակ, Սահմանադրության հանրաքվեին ամբողջ Հայաստանի տարածքում ընդամենը երկու մարդ խախտեց օրենքը եւ քվեարկեց բաց` Ռոբերտ Քոչարյանն ու...Հեղինե Բիշարյանը: Կամ բոլորն են հիշում Հովիկ Հովեյանի պատմությունը: Մի խոսքով, ակնհայտ է, որ «Օրինաց երկրում» օրենքի հանդեպ վերապահումները, կարծես թե, դառնում են օրինաչափ: Մյուս կողմից, սակայն, տեղի ունեցածը երեւի թե մեկն է հենց այն նորամուծություններից, կառավարման, իշխանական համակարգի որակական փոփոխություններից, որ հրապարակավ, արդեն երկու օր է, խոստանում է նոր վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ըստ երեւույթին նա նկատել է, որ իր խոստումները, կառավարման նոր մշակույթի եւ նոր որակի մասին հավաստիացումները հավատ չեն ներշնչում պատգամավորներին եւ նախարարներից մեկին հորդորել է գործնականում ցույց տալ, որ իսկապես ներդրվում է նոր մշակույթ: Եթե նախկինում պատգամավորներն էին քվեարկում այլոց փոխարեն, այսինքն` ապօրինաբար, ապա այժմ դա անում են նաեւ նախարարները: Եթե ենթադրենք, որ մեր այդ հիպոթետիկ դիտարկումը իսկապես համապատասխանում է իրականությանը, իսկ նախարարի քվեարկության այլ դրդապատճառ ուղղակի դժվարանում ենք մտածել, ապա հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչպե՞ս է կատարվել այդ նախարարի ընտրությունը: Այսինքն` ի՞նչ սկզբունքով է որոշվել, որ նոր վարչապետի խոստացած կառավարման նոր մշակույթը պետք է ի ցույց դնի հենց ՕԵԿ քվոտայով նշանակված նախարար Գուրգեն Սարգսյանը: Այստեղ առաջինը, որ գալիս է որպես ընտրության հավանական վարկած` այն է, որ «Օրինաց երկրի» նախարարներին պարզապես սազում է ընկնել սկանդալային պատմությունների մեջ, եւ չարժեր կուսակցությունից խլել նախարարական այդ «մենաշնորհը»:

Բացի այդ, իշխանությունները միգուցե այդպիսով, այսինքն` ՕԵԿ նախարարին վստահելով անօրինական քվեարկության քայլը, երեւի թե որոշել են փորձել, թե արդյո՞ք «Օրինաց երկիրն» իսկապես հավատարիմ է պայմանին եւ պատրաստ է գնալ նույնիսկ օրենքով չնախատեսված քայլերի: Կարելի է ասել, որ ՕԵԿ-ը բռնեց իշխանությունների այդ քննությունը, քանի որ Գուրգեն Սարգսյանն` ի տես խորհրդարանի աշխատանքը լուսաբանող բազմաթիվ լրագրողների, ոչ միայն անվրդով քվեարկեց` չունենալով դրա իրավունքը, այլ հետո լրագրողների հարցին սառնասրտորեն եւ ժպիտը դեմքին պատասխանեց, թե ինքը չի քվեարկել: Հիմա արդեն իշխանությունների համար «Օրինաց երկիրը» վստահելի է, առնվազն` Գուրգեն Սարգսյանը: Սակայն քանի որ ցանկացած, այդ թվում եւ վստահության մեդալը ունի հակառակ երես, հարկ է, որ ՕԵԿ ղեկավարությունն ինքն իրեն հարց տա, թե իր համար, արդյոք, վստահելի՞ է իր նորանշանակ նախարարը: Եթե մի փոքր փորձենք լրջորեն պատկերացնել իրավիճակը, ապա հարց է առաջանում, թե, այնուամենայնիվ, ի՞նչն էր ստիպել նորանշանակ նախարար Գուրգեն Սարգսյանին գնալ նման քայլի: Չէ՞ որ կառավարության ծրագիրը հաստատելու համար նրա այդ մեկ կամ երկու կոճակի կարիքը չկար, քանի որ ծրագիրը հաստատվեց 88 կողմով, անհրաժեշտ 66-ի փոխարեն: Եթե նույնիսկ կարիքը լիներ, ապա խորհրդարանում կան այնպիսի հմուտ դաշնակահարներ, որոնք կարող են չորս կոճակով տասը կողմ ապահովել: Հետեւաբար ի՞նչն էր նոր նախարարի այդ քայլի պատճառը: Ի՞նչն էր կամ ո՞վ: Այդ հարցի պատասխանը պետք է փնտրի «Օրինաց երկրի» ղեկավարությունը, եթե իհարկե իր մոտ չէ պատասխանը: Սակայն քիչ հավանական է, որ պատասխանը լինի ՕԵԿ ղեկավարության մոտ, քանի որ Արթուր Բաղդասարյանի ինչի՞ն էր պետք, որ իր հերթական նախարարը հերթական հրապարակային ապօրինությունը կատարի: Ոչ այն պատճառով, իհարկե, որ Ա.Բաղդասարյանը սկզբունքորեն դեմ է ապօրինություններին, այլ որովհետեւ ներկայումս նրան բացարձակապես ձեռնտու չէր հայտնվել սկանդալի կենտրոնում: Հետեւաբար տրամաբանությունը հուշում է, որ նա պետք է պարզի, թե ու՞մ էր ձեռնտու: Իսկ դա երեւի թե այդքան էլ դժվար բան չէ, որովհետեւ բավական է պարզել, թե ու՞մ ձեռնտու չէր, եւ պարզ կդառնա, թե ու՞մ էր ձեռնտու: Բանն այն է, որ նման բան ձեռնտու չէր միայն իրեն: Այսինքն` ըստ երեւույթին մենք գործ ունենք ներիշխանական բավական լրջագույն մի պրոցեսի հետ, որի մեկնարկը տրվեց խորհրդարանում կառավարության ծրագիրը հաստատելիս: Կասկածից վեր է, որ այդ հավակնոտ ծրագիրը տապալվելու է, քանի որ գեղեցիկ բառերից ու ձեւակերպումներից բացի` այնտեղ գրեթե ոչինչ չկա: Հետեւաբար քառակողմ կոալիցիայի բոլոր չորս ուժերի հիմնական գերխնդիրը լինելու է ոչ թե ծրագրի կատարման համար ջանք թափելը, այլ կոալիցիոն գործընկերներին որքան հնարավոր է շուտ կեղտոտելը` այդ ֆոնին մաքուր երեւալու համար: Եվ այդ իրավիճակում առավելությունն, իհարկե, «Բարգավաճ Հայաստանինն» ու «Հանրապետականինն» է, որովհետեւ նրանց «անձնակազմի» հետ կապված հասարակությունը երբեք էլ չի ունեցել օրինապաշտության պատրանքներ, իսկ ահա ՕԵԿ-ի ու Դաշնակցության պարագայում, այդ պատրանքներն, այնուամենայնիվ, եղել են: Հետեւաբար ՀՀԿ-ի ու «Բարգավաճի» վրայի փոշուն եւ ցեխին որեւէ քաղաքացի ուշադրություն չի դարձնելու, իսկ ահա մյուս երկուսի վրայի ամեն մի բիծը աչք է ծակելու, ընդ որում` ոչ թե հասարակության, այլ հենց այդ ուժի աչքը: Եվ միշտ չէ, որ ավելի լավ է մարդու աչքը դուրս գա, քան անունը: Հայաստանի իշխանական վերնախավում առկա հարաբերությունները հակառակն են պահանջում: Երբ անունդ դուրս է գալիս, ավելի ապահով ես լինում, ու սկսում ես մյուսների «աչքը» հանել: Հետո «մարմնի» մյուս մասերը, ու մինչեւ նրանց անունն էլ դուրս գա, անունի տերն արդեն «ոչնչացած» է լինում:

Արխիվ
Վերլուծական

Սնանկ իշխանություններ, դատարկ պնակներ...

Ինչպես ասում են` քեֆ անողի քեֆը չի պակասի, իսկ պնակալեզների համար էլ` պնակը: Կամ` ինչպես ի տարբերություն հին հռոմեացիների...

Քաղաքական

Արժանապատվորեն

...Ահա այսպես: Եվ յուրաքանչյուրը նաեւ պատիվ է համարում իր համար սա:

Աշխարհ

Մեղադրանք

Այսօր Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում փորձ է արվում արդարացնել իշխանությունների կողմից բռնության...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.