|
“Zhamanak” Armenian-American Political Daily
«Միամիտների համար գեներացված բառակապակցություններ»13:07 Yerevan | 9:07 GMT | Thursday 1 May 2008Մարինե Խառատյան «Ինչու՞ չլինենք բիզնես-կենտրոն, բայց` ո՞նց: Ինչու՞ չլինենք ֆինանսական կենտրոն, ուզում եմ հասկանալ` ո՞նց, ֆինանս չունենալով», - նորանշանակ կառավարության ծրագրում աշխարհին մարտահրավեր նետած խոստումների առթիվ ԱԺ ամբիոնից հարց բարձրացրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը` նկատելով. «Սրանք, ըստ էության, կարող են ներկայանալ որպես մոլորակը կառավարող ազգի կողմից միամիտների համար գեներացված բառակապակցություններ»: Միեւնույն ժամանակ ԲՀԿ անդամը հայտարարեց. «Ինչեւիցե` «Բարգավաճ Հայաստան»-ը երկու ձեռքով կողմ է կառավարության ծրագրին»: ԱԺ ՀՅԴ ու ՕԵԿ խմբակցությունները, գործարքի գնացածի տրամաբանությամբ, հանդես եկան գոհունակություններով` պատրաստակամություն հայտնելով համագործակցել կառավարության հետ: ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը ավելի հեռու գնաց իր մտորումներում` ծրագիրը բնորոշելով «բեկման, հույսի եւ ակնկալիքի»: Ծրագրին դեմ արտահայտվեցին միայն «Ժառանգություն» խմբակցության անդամները` մատնանշելով դրա թերությունները: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի կարծիքով` կառավարության ծրագիրն իրատեսական չէ. թեեւ ուրվագծված են լավ նպատակներ, բացակայում են իրականացնելու ուղիները: «Ժառանգություն» խմբակցության մեկ այլ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը հիշեցրեց, որ ծրագիրն այդքան էլ նոր չէ, արդեն մեկ տարի փաստացի ապրել ենք այս ծրագրով, եւ այն նպատակները, որոնք դրված էին մեկ տարի առաջ` այսօր դեռեւս լուծված չեն: Լարիսա Ալավերդյանը կառավարության ներկայացրած փաստաթուղթը նույնպես համարեց հայեցակարգային եւ ոչ իրատեսական: Նրա խոսքերով` այն «իշխանակենտրոն» է, «ոչ մարդակենտրոն կամ ժողովրդակենտրոն»: Անահիտ Բախշյանը տարակուսանք հայտնեց կոռուպցիային նետված մարտահրավերի իրականացման առթիվ` նշելով, որ ծրագրում չկան դրա դեմ պայքարելու իրական մեխանիզմներ: «Խնամի, ծանոթ, բարեկամ գործունեությունը վեր է կանգնում ամեն տեսակի օրենքից: Չնայած այստեղ կա մի նախադասություն, որով ասվում է, թե հաշվի չի առնվելու ոչ մի նման կապ: Ես կուզենայի տեսնել, թե ամեն մի բնագավառում ինչպես է այդ կապը խզվելու, ինչպես են կարողանալու դիմակայել այն ճնշումներին, որոնց մասին նաեւ վարչապետը երեկ նշեց իր ելույթում», - ասաց Բախշյանը: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը տեղեկացրեց, որ իրենց առաջարկներից շատերը չեն ընդունվել: Նրա գնահատմամբ` այս կառավարությունը ծանր ժառանգություն է ստացել, երկիրը կանգնած է բազմաբնույթ մարտահրավերների առջեւ, մինչդեռ կառավարության ծրագրում այդ մարտահրավերներին պատասխաններ չկան: Փաստաթղթում անտեսված են երկու կարեւոր հատվածներ` քաղաքական համակարգին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող: Ստյոպա Սաֆարյանը հայտարարեց, որ, լինելով համակարգային փոփոխության կողմնակից ուժ` «Ժառանգություն» խմբակցությունը չի կարող կառավարության ներկայացրած ծրագրին կողմ քվեարկել: Չնայած դրան, նա կառավարությանը հաջողություն մաղթեց եւ հայտնեց «Ժառանգության» պատրաստակամությունը բացթողումները միասին շտկելու համար: Արտահերթ ելույթում ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը թախանձագին առաջարկեց կողմ քվեարկել կառավարության ծրագրին: Եզրափակիչ ելույթում Տիգրան Սարգսյանը հավաստիացրեց, որ կառավարությունը բացահայտելու է սեփական թերությունները` այդկերպ սկսելով բարեշրջումները: Ինչպես եւ սպասվում էր, խորհրդարանական մեծամասնությունը երեկ ԱԺ-ում կողմ քվեարկեց կառավարության ներկայացրած ծրագրին` 88 կողմ, 3 դեմ ձայներով: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |