“Zhamanak” Armenian-American Political Daily

ԱՄՆ-ն լուրջ անելիք ունի Կովկասում ժողովրդավարության հաստատման գործում

13:06 Yerevan | 9:06 GMT | Thursday 1 May 2008

Էմմա Գաբրիելյան

Երկուշաբթի օրը դիմելով «Խաղաղության կորպուս» կազմակերպության ղեկավարներին ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը հայտարարել է, որ Հարավային Կովկասում Միացյալ Նահանգները դեռ լուրջ անելիք ունի ժողովրդավարության հաստատման գործում: «Կովկասում, մասնավորապես` Ադրբեջանում եւ որոշ առումով նաեւ Հայաստանում, լուրջ անելիք ունենք, որպեսզի այս երկրները ինչ-որ չափով համապատասխանեն այն չափանիշներին, որոնց ժամանակին հավատարիմ են եղել», - նման կարծիք է հայտնել Ք.Ռայսը:

ԱՄՆպետքարտուղարի կարծիքով` թե Հայաստանի եւ թե Ադրբեջանի զարգացմանը խոչընդոտող գլխավոր գործոնը ղարաբաղյան հակամարտությունն է. «Լեռնային Ղարաբաղում ստեղծված կացության պատճառով քաղաքական առաջնորդները երբեմն ոչ այնքան դրական, «վատ» քայլերի են դիմում, այս հակամարտության առկայությամբ էլ արդարացնում են այդ քայլերը: Ես հաճախ եմ ասում նրանց, որ եթե Լեռնային Ղարաբաղի հարցը չլուծվի, ապա այդ պետությունները ավելի ու ավելի ետ կմնան hարեւաններից, քանի որ տարածաշրջանը շարունակում է զարգանալ»: Խոսելով տարածաշրջանի ժողովրդավարական զարգացման հեռանկարների մասին` Ք.Ռայսը հատուկ նշել է, որ Միացյալ Նահանգները չի պատրաստվում «ժողովրդավարության արտահանմամբ» զբաղվել: «Մեր հիմնական նպատակը «Խաղաղության կորպուս» կազմակերպության նման կառույցների միջոցով մարդկանց մտածողությունն ու ակնկալիքները փոխելն է», - ընդգծել է նա:

Երեկ ադրբեջանական Day.az-ի փոխանցմամբ` Ադրբեջանի արտգործնախարարության մամլո քարտուղար Խազար Իբրահիմը Քոնդոլիզա Ռայսի վերոնշյալ հայտարարության առնչությամբ հայտարարել է հետեւյալը. «Մենք ծանոթացել ենք ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությանը եւ ափսոսանքով պետք է նշենք, որ մեր տարածաշրջանի իրավիճակին տրված գնահատականը ոչ մի քննադատության չի դիմանում եւ հանդիսանում է երկակի չափանիշների դրսեւորում»: Նրա հավաստմամբ՝ տպավորություն է ստեղծվում, թե «Վաշինգտոնում չեն տիրապետում իրական պատկերացմանը տարածաշրջանի մասին, ինչը շատ է հիասթափեցնում՝ հաշվի առնելով ռազմավարական գործընկերության հարաբերություններն Ադրբեջանի ու ԱՄՆ-ի միջեւ»:

Մինչ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան անդրադարձել է մեր տարածաշրջանին եւ մասնավորապես Հայաստանին, գործող վարչախմբի ղեկավար Ս.Սարգսյանը, ով տեւական ժամանակ արհամարհում է միջազգային հեղինակավոր կառույցների առաջարկներն ու հորդորները, երեկ ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանին ու հավաստիացրել է, որ Հայաստանը հաստատակամ է` ընդլայնելու Իրանի հետ գործակցության շրջանակը: Երկկողմ հարաբերությունները բնութագրելով որպես «կայուն եւ զարգացող»` Ս.Սարգսյանը հատկապես կարեւորել է էներգետիկայի ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունավետ ընթացքը, ինչպես նաեւ առաջնային է համարել ապրանքաշրջանառության ծավալների մեծացումը, մասնավոր հատվածների միջեւ գործակցության խթանումը: Արծարծվել է նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի թեման: Ի դեպ, ամերիկյան ՍիԲիԷս հեռուստաընկերությունը, վկայակոչելով պաշտպանական գերատեսչության մի աղբյուր, հաղորդել է, որ Պենտագոնում հրաման է իջեցված Իրանի դեմ ռազմական գործողությունների նոր պլան մշակել: Զինվորական պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ այդ պլանների նախապատրաստումը պայմանավորված է՝ «այն ավելի ու ավելի թշնամական դերով», որ Իրանը խաղում է Իրաքում: ՍիԲիԷսը հիշեցրել է, որ ԱՄՆ-ին մտահոգում է Իրանի միջուկային ծրագիրը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցիչները պնդում են, որ Թեհրանը զենք է մատակարարում իրաքցի գրոհայիններին, որն այնուհետեւ օգտագործվում է ամերիկացի զինվորականների դեմ: «Իրանցիների արածն այն է, որ նրանք Իրաքում սպանում են ամերիկացի զինծառայողներին», - ՍիԲիԷսը մեջբերել էր Պենտագոնի ղեկավար Ռոբերտ Գեյթսի խոսքը:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.