“Zhamanak” Armenian-American Political Daily

Հետընտրական Հայաստանը երիտասարդության աչքերով

13:03 Yerevan | 9:03 GMT | Thursday 1 May 2008

Անի Եղիազարյան

Վերջին ամիսների Հայաստանի ներքաղաքական անկայուն վիճակի մասին փորձեցինք հարցնել երիտասարդներին եւ իրար հակասող բազմաթիվ կարծիքներ լսեցինք. «Իհարկե բոլորս էլ ցանկանում ենք տեսնել մեր երկիրը հանգիստ ու խաղաղ, բայց մեր պարտքն է ոչ ասել անարդարությանը` անտեսելով բոլոր այն սադրանքները, որոնք կազմակերպվում են վախի մթնոլորտ ստեղծելու համար», - ահա այսպես արտահայտվեց 2-րդ կուրսի ուսանողուհի Անի Ավագյանը, ով արդեն 3 ամիս է` մասնակցում է ընդդիմության կողմից կազմակերպվող բոլոր միջոցառումներին:

Ավելի ուշ նա ավելացրեց, որ սրտի խոր ցավով է նկատում, թե ինչպես մեր երկրի ապագա լավագույն բժիշկները, հոգեբանները, տնտեսագետները եւ շատ ուրիշ մասնագետներ հեռանում են երկրից` համոզված լինելով, որ չեն կարող ապրել ու աշխատել անօրեն երկրում:

Սակայն, հակառակ վերջինիս, Երեւանի պետական համալսարանի ուսանող Հակոբ Գրիգորյանը կարծում էր, որ սխալ էր ընտրություններից բողոքելը. «Արդեն ունենք ընտրված նախագահ, եւ իմաստ չուներ Ազատության հրապարակում երգել, պարել ու հարակից շենքերի անդորրը խանգարել»:

Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողներից մեկն էլ, ով անձամբ տուժել էր մարտիմեկյան դեպքերից, բարձր էր գնահատում երիտասարդության մասնակցությունն այս գործին. «Պատկերացրեք` որքան լուրջ է խնդիրը, որ, թողնելով մեր ուսումն ու աշխատանքը, մասնակցում ենք այս համաժողովրդական շարժմանը` կանխելու ազգային ջարդը եւ փորձելու մարդկային ճանապարհով լուծել հարցն այնպես, որ այլեւս մարտիմեկեր չլինեն մեր ժողովրդի կյանքում»:

Քաղբանտարկյալ Խաչիկ Սիմոնյանի դուստր Վերգինեն էլ, որ «Հանրապետություն» կուսակցության անդամ է, մեջբերեց. «Բավական է բոլորս բողոքենք հսկա խավարից, ավելի լավ է մեզնից յուրաքանչյուրն իր բաժին մոմը վառի»: Նույն համալսարանից մեկն էլ մեջբերեց մեծերից մեկի հայտնի խոսքը. «Եթե ուզում ես խաղաղ ապրել` պատրաստվիր պատերազմի»:

Մասնագիտությամբ քաղաքագետ մի երիտասարդ, ով աշխատում է Երեւանի պետական համալսարանում, ասաց հետեւյալը. «Եթե ուզում ենք արտաքին քաղաքական հարցեր լուծել, մասնավորապես թուրքական ոճիրը դատապարտել կամ մեղադրել Ադրբեջանին Ջուղայի դեպքերի համար` մենք պետք է այդ բարոյականությունը մեր մեջ կրենք, պետք է միասնական լինենք բոլոր տեսակի ոտնձգությունների հանդեպ, հատկապես եթե դա արվում է ներքին ուժերի կողմից: Միայն այս դեպքում այդ բարոյականությունը կունենանք աշխարհից դա պահանջելու: Ըստ իս` մենք պետք է ունենանք մեր ազգային արժեհամակարգի շրջանում մի ներքին շեմ` արժեքային կոդեքս, որի ցանկացած խախտում հասարակությունը միանշանակ կդատապարտի: Առաջին հերթին դա վերաբերում է մարդկանց դեմ բռնի ուժ կիրառելուն, կյանքին վտանգ սպառնալուն եւ այն էլ այսօր` 21-րդ դարում: Միայն այդ դեպքում մենք կկարողանանք մարտի 1-ի նման ոճրագործություններից խուսափել»: Երիտասարդն անդրադարձավ նաեւ ղարաբաղցի եւ հայ տարբերակմանը. «Հայաստան-Ղարաբաղ տարաբաժանման հիմքը դրվել է 1998թ.-ին, ու Ռ.Քոչարյանն էլ լավ գիտակցում էր, որ իր գալով, այսպես թե այնպես, ղարաբաղյան կլանի հետ են ասոցացվելու բոլոր տնտեսական խնդիրները, եթե անգամ իրենք հաջող գործեն: Բայց իրենք շատ անհաջող գործեցին, եւ դա բերեց նրան, որ հայ հասարակության մեջ արմատացավ դժկամությունն առ ղարաբաղցիները. հիմա մենք ինչպե՞ս մեր երեխաներին համոզենք գնալ եւ Ղարաբաղի համար պայքարել: Այ սա շատ լուրջ խնդիր է, թող սրա մասին մտածեն իշխանությունները»:

Հայաստանի պետական ագրարային համալսարանի, ինչպես ինքը նշեց, «դեռ» ուսանող Մենուա Բրուտյանն էլ ուսանողության մասնակցությունը բավարար համարեց այս շարժմանը. «Փետրվարի 22-ից ձեւավորվեց ուսանողական շարժում, որը միտված էր անձամբ ուսանողների ձայների պաշտպանությանը: Այն, որ այդ շարժումն ինչ-որ բանի հասավ, ապացուցում է փետրվարի 26-ին Ազատության հրապարակում հնչած հայտարարությունը, ըստ որի մեր ընտրյալ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի աշխատանքային հրամանագրերից մեկը կլինի վերոհիշյալ օրը ճանաչել Ուսանողության օր»: Հարցին, թե ինչ տվեց մեր երկրին այս շարժումը, Մենուան մի քանի կետեր թվեց. «Առաջին հերթին կատարվեց քաղաքական դաշտի հստակեցում` դիմադիրն ու ընդդիմադիրը տարբերակվեց, երկրորդ` հայ քաղաքացին գիտակցության եկավ, որ իր խնդիրները լուծողն ինքն է: Ի վերջո` որքան ամուր լինի պայքարը, այնքան հաղթանակը մերը կլինի. ինչ ցանենք, այն էլ կհնձենք»:

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի մի ուսանող էլ հայտնեց, որ այս շարժման ընթացքում միայն հասկացավ ժողովրդի գինը. «Նախքան շարժմանը մասնակցելը ես ժողովուրդ էի համարում երթուղայինի մեջ ինձ հետ երթեւեկող մարդկանց, բայց այժմ ես գիտեմ` ինչ ասել է իսկական ժողովուրդ. ժողովուրդը մեծ բազուկ է, որը հարվածներ է հասցնում ներկայիս անարդար իշխանությանը»: Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողներից մեկն էլ կարեւորեց ստրկության վերացումը մարդկանց հոգիներից. «Մարդու հոգում նստած ստրուկը վերջապես դուրս եկավ եւ երիտասարդությանը տվեց ապրելու ու իր հայրենիքը արարելու ցանկություն: Մենք հիմա կյանքի եւ արյան գնով պայքարելու ենք, որ լինի իշխանափոխություն»:

14-ամյա Նարեկ Բագրատյանին երբ հարցրի հետընտրական անցուդարձից , բավական վճռականությամբ պատասխանեց. «Ես համոզված եմ, որ այս իշխանության վերջը եկել է, ու մենք ամեն ինչ անելու ենք, որ այս ավազակապետությունը փլուզվի: Վախի մթնոլորտը վերացել է ժողովրդի միջից ու անցել իշխանությանը, որ գործի է դնում ոստիկաններին` ահաբեկելու Հյուսիսային պողոտայում զբոսնող մարդկանց»:

Ինչ խոսք, անտարբեր երիտասարդների էլ շատ հանդիպեցինք, ովքեր միայն ասում էին. «Մենք քաղաքականությամբ չենք հետաքրքրվում», «Մեր երկրում ամեն ինչ նախապես է վճռվում, եւ մենք անզոր ենք որեւէ բան փոխել» կամ պարզապես` «Մենք ժամանակ չունենք»: Իսկ թե ինչ միջոցներով են տեսնում հետընտրական շրջանում ծավալված այս պայքարի լուծումը` երիտասարդների մի մասը վստահում էր ղեկավարների իմաստությանը, իսկ հատկապես ընդդիմության մաս կազմողները պնդում էին. «Որքան էլ մեզ վախեցնեն, մեր կայծը չի մարելու, եւ մենք գնալով ավելանալու ենք, պայքարելու ենք մինչեւ վերջ եւ հասնելու «նորընտիր» նախագահի հրաժարականին, որովհետեւ չկա մի երկիր, որտեղ երիտասարդությունը ցանկանա ինչ-որ բան անել եւ արդյունքի չհասնի»:

Արխիվ
Վերլուծական

Մտավորականություն կոչվածը` բարոյալքման գործոն

1990-ականներին Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ձախողման եւ ավազակապետական...

Քաղաքական

Հերթական անակնկալը

Հյուսիսային պողոտայում երեկ «քաղաքական զբոսանքի» մասնակիցների համար ցնծության օր էր:

Աշխարհ

Եվ դարձյալ հայ-թուրքական թեմայով

Սեպտեմբերի 2-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած մամլո ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը նրան մի հարց...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.