|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Հայաստանում ժողովրդավարության կայացումն առաջնահերթ խնդիր է13:02 Yerevan | 9:02 GMT | Wednesday 30 April 2008Ա. Սարգսյան Հայաստանում ժողովրդավարությանն առնչվող հարցերի շուրջ է մեր զրույցը 2005-2008 թթ. Ամերիկայի հայկական համագումարի վաշինգտոնյան գրասենյակի Գիտահետազոտական եւ վերլուծության կենտրոնի տնօրեն Արմեն Խարազյանի հետ, որն ավարտել է Ջորջթաունի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, հումանիտար գիտությունների մագիստրոսի կոչում է ստացել 2003 թվականին: -Հայաստանում ընտրություններից հետո մի շարք բարձրաստիճան դիվանագետներ հանդես եկան նախագահական ընտրություններում տեղ գտած զեղծարարությունների եւ բռնությունների քննադատությամբ եւ մեկնարկած ժողովրդավարական շարժմանն անուղղակի աջակցող հայտարարությամբ: Դիվանագետներին անմիջապես հեռացրին աշխատանքից: Եթե չեմ սխալվում Ձեզ եւս, ընդամենը մի քանի օր առաջ, Ամերիկայի հայկական համագումարի վաշինգտոնյան գրասենյակից ազատելու որոշում է կայացվել: Ընդհանուր կապ տեսնու՞մ եք Երեւանում եւ Վաշինգտոնում կայացված այս որոշումների միջեւ: Այդ որոշումը կապ ունի՞ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանի երդմնակալության առթիվ Երեւանում վերջինիս հետ կայացած ԱՀՀ նախագահ Հրայր Հովնանյանի հանդիպման կամ ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնախմբի լսումների կազմակերպման գործում Ձեր ակտիվ դերակատարության հետ: - Երկու որոշումների ակունքում էլ նույնատիպ մտածողություն ու գործելաոճ է: Տարբերությունն այն է, որ դիվանագետներին ազատել է իր ժողովրդի դեմ ընտրակեղծիք եւ ուժ գործադրած պետական իշխանությունը, իսկ ինձ՝ ամերիկահայ հասարակական կազմակերպություն, որի հայտարարված նպատակներից մեկն է՝ նպաստել Հայաստանում ժողովրդավարության կայացմանը: Չեմ ցանկանում ավելի անմիջական կապ տեսնել ինձ եւ իմ դիվանագետ գործընկերներին աշխատանքից ազատելու միջեւ, սակայն իմ դեպքում պատճառն այն է եղել, որ ես անհամաձայնություն եմ հայտնել Համագումարի՝ հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ որդեգրած կեցվածքի կապակցությամբ եւ հորդորել եմ ավելի սկզբունքային, շրջահայաց ու անկողմնակալ մոտեցում հանդես բերել: Համագումարը սա ոչ միայն չի ողջունում, այլեւ ինչպես տեսնում եք՝ պատժում է: Տարօրինակն այն է, որ նույն Հայկական համագումարն արդարացիորեն պատշաճն է մատուցում հարգարժան ամերիկյան դիվանագետ դեսպան Էվանսին՝ Ցեղասպանության հարցում իր կառավարության հետ հրապարակավ տարաձայնելու համար: Մինչդեռ Հայաստանում ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության մտահոգությունից բխող տարաձայնություններն արժանանում են հակառակ վերաբերմունքի: Ինչ վերաբերում է Հելսինկյան հանձնախմբի լսումներին, ապա դրանք եղել են ամերիկյան կողմի նախաձեռնություն՝ Հայաստանում իրավիճակին ավելի անմիջականորեն ծանոթանալու եւ բոլոր շահագրգիռ կողմերին լսելու նպատակով: - Մինչ այժմ շրջանառվում էր այն կարծիքը, որ ի տարբերություն ՀՅԴ Հայ դատի` Ամերիկայի հայկական համագումարը բացի ցեղասպանության ճանաչմանն ուղղված իր հիմնական լոբբիստական ուղղությունից, հետապնդում եւ աշխատանքներ է տանում Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման նպատակով ԱՄՆ կառավարությունից տարատեսակ օգնություն ապահովելու համար: Մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո, երբ փաստորեն Հայաստանում ոստիկանական ուժերի կողմից զինվորական ուժի գործադրմամբ ճնշվեց եւ գնդակահարվեց ժողովրդավարությունը, ԱՀՀ-ն Հայ դատի եւ ԱՄՆ առաքելական եկեղեցիների առաջնորդների հետ համատեղ տարածած հայտարարությամբ վավերացրին Հայաստանի իշխանությունների մարտմեկյան ոճիրն ու դրան հաջորդած համատարած քաղաքական հետապնդումներն ու ապօրինությունները: Ի՞նչ կասեք այդ մասին: - Հայկական համագումարն իր 35-ամյա գոյության ընթացքում հիրավի եղել է ամերիկահայության քաղաքական ակտիվության լավագույն դրսեւորումներից մեկը՝ հավատարիմ քաղաքական պրագմատիզմի, չափավորության, հանդուրժողականության եւ արհեստավարժ քարոզչության սկզբունքներին՝ ի նպաստ ամերիկահայ համայնքի եւ Հայաստանի: Համայնքային կառույցների կողմից արված այդ միացյալ հայտարարությունը, ցավոք, անընդունելի շեղում է կազմակերպության թե՛ նպատակներից եւ թե՛ արժեքներից: Այդ հայտարարության շուրջ համաձայնությունը հեշտ չի ձեւավորվել. լուրջ տարաձայնություններ են եղել թե՛ կազմակերպությունների միջեւ եւ թե՛ դրանց ներսում` ներառյալ Համագումարը: Գերակշռել են այն կառույցների մոտեցումները, որոնք Հայաստանի քաղաքական ու հասարակական կյանքում անմիջական շահ եւ դերակատարություն ունեն: Այդուհետ առաջնահերթ պլան է մղվել խնդրի ձեւական կողմը՝ համայնքային ընդհանուր դիրքորոշում ընդունելը, ի վնաս էական կողմի՝ ի՞նչ ընդհանուր հիմքի վրա կառուցել այդ դիրքորոշումը: Արդյունքում ընդունվել է բոլորիս հայտնի հայտարարությունը, որն, ի դեպ, տարակուսանքի ու բողոքի հսկայական ալիք է առաջացրել ամերիկահայության մեջ՝ ավանդական կառույցներին կանգնեցնելով լուրջ մարտահրավերների առջեւ: - Վերջերս ԱՀՀ նախկին ատենապետ Ժիրայր Հարությունյանն իր հոդվածում պնդում էր, որ Հայաստանում սկիզբ առած հետընտրական գործընթացներն անպայմանորեն ազդելու են լոբբիստական աշխատանքների վրա: Դուք` որպես դիվանագետ եւ ԱՀՀ արդեն նախկին աշխատակից ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը: Հայաստանյան իրադարձություններին հետեւած ԱՄՆ կառավարության կոշտ արձագանքը որքանո՞վ է նպաստավոր լոբբիստական գործունեության համար: - Այս հարցադրման մեջ՝ ազդու՞մ են, արդյոք, Հայաստանի հետընտրական զարգացումները ամերիկահայ քարոզչության վրա, ներքին լարվածություն կա: Մինչդեռ իրավիճակն իրոք բարենպաստ չէ, ոմանք կարծում են, թե լուծման ճանապարհն ընտրությունների արդյունքները ճանաչելն է, հետընտրական իրավիճակն ընդունելը եւ վերադարձը սովորական առօրյայի, ինչն իր հերթին թույլ կտա, որ ամերիկահայ կազմակերպված քարոզչությունն էլ վերականգնի իր բնականոն գործունեությունը: Մեկ այլ տեսանկյունից` լուծման ճանապարհը Հայաստանում բռնությունների դադարեցումն է, ազատությունների վերականգնումը, քաղաքական ու սահմանադրական գործընթացի վերսկսումը, եւ ըստ այդմ՝ քարոզչությանը խոչընդոտող հանգամանքների հաղթահարումը: Բոլոր դեպքերում, հայանպաստ քարոզչության հաջողության գրավականը Հայաստանի վարկն ու մրցունակությունն են՝ իբրեւ կայուն, բարեկեցիկ եւ ժողովրդավարական ապագա կերտող երկիր: Մինչդեռ Հայաստանում հետընտրական գործընթացները՝ ընտրությունների կեղծում, ուժի գործադրում, զանգվածային բռնություններ ու հետապնդումներ, ազատությունների սահմանափակում, բնականոն քաղաքական ու սահմանադրական գործընթացի առկախում, ցավոք, այլ հեռանկար են պարզում, եւ սա բարդացնում է աշխատանքը: Ցեղասպանության ճանաչումից զատ, հայանպաստ քարոզչության խնդիրները մեթոդաբանորեն երկուսն են՝ օգտագործել ու զարգացնել հայ-ամերիկյան հարաբերությունների ներուժը եւ հարթել երկուստեք ծագող խոչընդոտներն ու տարաձայնությունները: Հայաստանյան հետընտրական զարգացումները հենց այդպիսի խոչընդոտ են. դրանք հաղթահարելու համար համապատասխան ջանք ու ռեսուրս է պետք, որն այլապես կարող էր ուղղվել զարգացման օրակարգին: Միաժամանակ պետք է նկատել նաեւ դրականը. այսօր հայաստանյան հասարակությունն իր քաղաքացիական հասունության ու ինքնագիտակցության չափանիշներով առաջատար դիրք ունի տարածաշրջանում, եւ սա մեր քարոզչության համար կարեւոր հանգամանք է, թեեւ այն արդյունավետ օգտագործելու համար մեր քարոզչությունը միանգամայն նոր արժեքների ու նպատակների կարիք ունի: Կա մեկ հանգամանք եւս. հայաստանյան իրադարձություններն ամերիկահայության մի ստվար հատվածի մոտ ամրապնդել են այն համոզմունքը, որ Հայաստանում ժողովրդավարության կայացումն առաջնահերթ խնդիր է, մինչդեռ մեր կազմակերպված քարոզչության կողմից այն համապատասխան ուշադրության դեռեւս չի արժանացել: - 2009թ. ԱՄՆ տարեկան բյուջեով նախատեսված է Հայաստանին տրամադրել անկախացումից ի վեր ամենանվազագույն տարեկան օգնությունը` ընդամենը 24 միլիոն ԱՄՆ դոլար: Այս տարեսկզբին ԱՄՆ Կոնգրեսում բյուջեի հաստատման ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսն այս փաստը պատճառաբանեց այն իրողությամբ, որ օգնության նվազումը կապված է «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի» կողմից Հայաստանին խոստացված 235 մլն ԱՄՆ դոլարի չափով օգնության տրամադրման հետ: Հայաստանում ստեղծված իրադրությունից հետո ԱՄՆ-ն սպառնում է Հայաստանում դադարեցնել ծրագիրը: Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը եւ ԱՄՆ օգնության վերաբերյալ Հայաստանի իշխանությունների վերջին արձագանքները: - 24 միլիոնն աննախադեպ ցածր գումար է, թեեւ վերջին տարիներին եվրասիական պետություններին ամերիկյան արտաքին օժանդակության ծավալները նվազել են՝ ոչ միայն Հայաստանի, այլեւ բոլոր երկրների ցուցանիշներով: Փոխարենն աճել է Միջին Արեւելքին տրվող օժանդակությունը: Սա ԱՄՆ քաղաքականության՝ տարածաշրջանային ներկայիս մտահոգություններն է արտացոլում: Մյուս կողմից` մարտի 1-ի իրադարձություններից հետո Միացյալ Նահանգները Հայաստանին իրոք պաշտոնապես զգուշացրել է, որ «Հազարամյակի մարտահրավերների» շրջանակում օժանդակությունը կարող է կասեցվել, եթե դրամատիկ քայլեր չձեռնարկվեն երկրում իրավիճակը նորմալացնելու ուղղությամբ: Այդ քայլերի մասին բազմիցս նշվել է. բռնությունների դադարեցում ու ձերբակալվածների ազատ արձակում, խոսքի, մամուլի, հավաքների ու սահմանափակված մյուս հիմնարար ազատությունների վերականգնում, մարտի 1-ի իրադարձությունների անկողմնակալ, միջազգային հետաքննություն եւ երկրում բնականոն քաղաքական ու սահմանադրական գործընթացի վերսկսում՝ ճանապարհ հարթելով քաղաքական երկխոսության: «Հազարամյակի մարտահրավերների» ծրագիրը պահանջում է, որ օժանդակություն ստացող երկիրը համապատասխանի մի շարք չափանիշների՝ ներառյալ այդ երկրում քաղաքացիական ազատությունների, քաղաքական իրավունքների եւ իրավականության վիճակը: Մարտի 1-ից հետո դժվար է պատկերացնել, թե Հայաստանին կհաջողվի՞ պահպանել ծրագրում իր վարկանիշը, եթե արմատական միջոցներ չձեռնարկվեն: Ինչ վերաբերում է այդ օժանդակության կապակցությամբ Ռ.Քոչարյանի՝ վերջերս արած մեկնաբանությանը, ապա չեմ կարծում այն որեւէ մեկը համարել է Հայաստանի հեղինակության կամ վարկանիշի ամրապնդմանն ուղղված քայլ: Քամահրանքի այդպիսի դրսեւորումներ պատահում են, ու դրանց պատճառները հասկանալի են, սակայն օգուտը՝ ոչ: - Հայաստանի միջազգային հեղինակության նման աննախադեպ անկումը կարո՞ղ է ազդել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վրա: Երբ պաշտոնական Վաշինգտոնն առաջնային խնդիր է համարում Հայաստանում ժողովրդավարության հաստատումը` որքանո՞վ է ակտուալ օրակարգում ցեղասպանության հարցի առաջնայնությունը: - Միջազգային հեղինակությունն ազգային հզորության չափանիշ է, եւ Հայաստանի միջազգային հեղինակության անկումն, իհարկե, ազդում է միջազգային ասպարեզում մեր հնարավորությունների վրա, հատկապես` ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առումով: Իրավականության դիֆիցիտ ունեցող իշխանությունն այստեղ երկու խնդիր ունի. նախ` արտաքին ճնշումների նկատմամբ իմունապակաս, եւ երկրորդ՝ կառավարման մանդատի անլիարժեքություն: Երկուսն էլ վտանգավոր հատկանիշներ են, որ սահմանափակում են ղարաբաղյան հակամարտության խնդրում Հայաստանի ազգային շահերից բխող քաղաքականություն վարելու, եւ այդ քաղաքականության հետեւողական իրականացումն ապահովելու՝ իշխանության կարողությունը: Ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրն ամերիկահայության, ինչպես նաեւ հայության գերակշիռ մասի համար առաջնային խնդիր է, եւ դա պետք է ընդունել: Խնդիրը, կարծում եմ, ցեղասպանության ճանաչման կարեւորությունը վերանայելը չէ, այլ այն, որ Հայաստանում ժողովրդավարության կայացմանը տրվի առնվազն նույնքան կարեւորություն: Ցեղասպանության խնդիրն, օբյեկտիվորեն, սփյուռքի ինքնագիտակցության, ինքնասահմանման, աշխարհի հետ նրա հարաբերման համակարգային գործոն է: Անհրաժեշտ է, որ Սփյուռքը նման իմաստավորում տա նաեւ Հայաստանում ժողովրդավարության կայացմանը: Սա բարդ գործընթաց է. հավաքական առումով, Սփյուռքը, ի տարբերություն Հայաստանի, ոչ թե հասարակական, այլ համայնքային հանրություն է, մինչդեռ ժողովրդավարությունը հասարակական արժեք է: Հայաստանյան պետականության նկատմամբ Սփյուռքում, այսպես կոչված, «սոցիալական սեփականության» զգացումն արմատավորելուն զուգընթաց, կարծում եմ, այս տարբերությունները հաղթահարելու ուղիներ կգտնվեն, եւ թվում է, թե այդ գործընթացն արդեն սկսվել է: |
|
ՈրոնումԽմբագրի ընտրանին
ՎերլուծականԱնհանգիստ հասարակածՍերժ Սարգսյանի նախագահությունը կամաց-կամաց մոտենում է հասարակածին: ՔաղաքականԱյդ մարդիկ հիմնական խնդիրը կամ չեն տեսել, կամ` չտեսնելու են տվելԱնբարոյականություն է, երբ խնդիրները ստորադասվում են ինչ-ինչ քաղաքական շահերի ԱշխարհՅոթ երգ` ութ բանի մասինԱրժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի... Արխիվ |
|
|
Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |