“Zhamanak” Armenian-American Political Daily

Բիշարյանը դեմ է բոլոր տեսակի ջիպերին ու «ախրաննիկներին»

12:51 Yerevan | 8:51 GMT | Wednesday 30 April 2008

Հեղինե Մանուկյան

Երեկ ԱԺ երեսփոխաններից շատերի համար ծանր ու տառապալից օր էր. ստիպված էին իրենց թանկագին ժամանակից գողանալ ու գործի գալ, իսկ նման անձնուրացության պատճառն այն էր, որ իրենց ներկայությամբ պիտի պատվեին նորաթուխ վարչապետին ու նրա ներկայացրած կառավարության ծրագիրը:

Հավանաբար ծրագրի բարդ, խուճուճ ու հոգնեցուցիչ լինելու պատճառով էր, որ մինչ հայտարարությունների ժամը ԱԺ նիստերի դահլիճն արդեն կիսադատարկ էր: Մեր հոգնաբեկ երեսփոխանները լքել էին «օբյեկտը» ու հավանաբար գնացել...քիչ մը դինջանալու: Բայցեւայնպես, կային նաեւ չհոգնած ու դիմացկուն պատգամավորներ, ովքեր իրենց մեջ ուժ էին գտել ու ի տարբերություն առաջինների, այսպես ասած` «ձգել» էին մինչեւ հայտարարությունների ժամը: Գրեթե միշտ առույգ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն, օրինակ, իր հայտարարության մեջ անդրադարձավ «մի կարեւորագույն խնդրի»` Ռոբերտ Քոչարյանի 1999թ. դեկտեմբերի 27-ի հրամանագրին` ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի հիշատակն անմահացնելու վերաբերյալ: Նկատի ունենալով Կ.Դեմիրճյանի մեծագույն ծառայությունները հայ ժողովրդին, ըստ հրամանագրի, որոշվել է Երեւանում կանգնեցնել վերջինիս արձանը: «Այս որոշումից անցել է 9 տարի, բայց, ցավոք, այդ հրամանագիրը չի իրականացվել: Ես դա համարում եմ դատապարտելի երեւույթ` եւ քաղաքական, եւ բարոյական, եւ մարդկային տեսանկյունից»: Պատգամավորը դիմեց ՀՀ կառավարությանը` իրականացնելու վերը նշված հրամանագրի այն դրույթը, ըստ որի Մաշտոցի պողոտայի համապատասխան հատվածում պետք է կանգնեցվի Կ.Դեմիրճյանի արձանը: «Ես կարծում եմ, որ եւ բարոյական եւ քաղաքական տեսանկյունից սա միանգամայն արժանի քայլ կլինի այն ավանդին, որն ունեցել է Կարեն Դեմիրճյանը մեր ժողովրդի կյանքում», - ասաց Դալլաքյանը: «Ժառանգություն» խմբակցությունից պատգամավոր Վարդան Խաչատրյանն իր հայտարարության մեջ անդրադարձավ ներկա քաղաքական իրավիճակին` ընդգծելով. «Մենք այսօր հայտնվել ենք համընդհանուր ճգնաժամի մեջ, ճգնաժամ, որը թափանցել է ոչ միայն հասարակության բոլոր շերտերը, այլ նաեւ իր արտապատկերումն է ունենում սփյուռքում: Շարունակվում են տոտալ բռնաճնշումների պայմաններում հասարակական բողոքների բուռն ակցիաները, որոնցից մեկը տեղի ունեցավ ապրիլի 24-ին, բողոքի չդադարող հանրահավաքները ձերբակալվածների ծննդավայրերում: Այս ամենից պարզ է դառնում, որ ՀՀ իշխանությունների կողմից գլխավորը ոչ թե դատական գործընթացի ժամանակ առաջադրված մեղադրանքները բացառելը կամ հաստատելն է, այլ ընդամենը քաղաքական գործիչներին մեկուսացնելն այս ժամանակաշրջանում եւ նրանց կալանքի տակ պահելը», - «ամենայն պատասխանատվությամբ» հայտարարեց պատգամավորը` հավելելով. «Մեր հասարակության համար խայտառակություն է տրաֆարետային, որեւէ քրեորեն հետապնդելի արարք իրենց մեջ չպարունակող հոդվածների առաջադրումը քաղաքական ուժերի ղեկավարներին:

«Ժառանգություն» կուսակցությունը պնդում է, որ ամենաքիչն անհրաժեշտ է խափանման միջոցը փոխել ու հնարավորություն տալ այդ անձանց շարունակել իրենց լիարժեք գործունեությունը` քաղաքական-հասարակական դաշտում»: ՕԵԿ խմբակցությունից պատգամավոր Հեղինե Բիշարյանը, իբրեւ մշտապես «հոռի բարքերի դեմ պայքարող կուսակցության» ներկայացուցիչ, մի զիլ հայտարարություն արեց` ընդդեմ ջիպերի ու «ախրանաների շքերթի», մի երեւույթ, որը, Բիշարյանի հավաստմամբ, խիստ բացասական ազդեցություն է թողնում հանրության բարոյահոգեբանական վիճակի վրա: «Հաշվի չառնելով ժողովրդի սոցիալական վիճակը` ցոփ ու շվայտ կյանք վարողներն իրենց հոռի բարքերով եւ ուղեկցող շքեղ մեքենաների շարասյունով ստեղծում են մի վիճակ, երբ հանրությունը նրանց համարում է օրենքից վեր կանգնած մարդիկ»: Տիկին Բիշարյանը կասկած հայտնեց «ջիպատերերի» ունեցվածքի կապակցությամբ, թե «Բիլ Գեյթսից կամ Ջոն Մորգենթաունից էլ հո հարուստ չե՞ն, կամ ու՞մ կարելի է զարմացնել ջիպերի շքահանդեսով: Զարմացնել, իրոք, չի կարելի, բայց զայրացնել` հաստատ կարելի է եւ հատկապես հարյուր հազարավոր այն մարդկանց, ովքեր Հայաստանի նոր քաղաքական իշխանությունից հաստատուն քայլեր են պահանջում անպատժելիության դեմ վճռական պայքարելու համար»: Տիկին Բիշարյանն իր այդ հայտարարությամբ, փաստորեն, հստակ ցույց տվեց իր, մեղմ ասած, արգահատելի վերաբերմունքը քառանիվ այդ փոխադրամիջոցների հանդեպ:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.