“Zhamanak” Armenian-American Political Daily

Շանտաժի մի ենթարկեք...

12:48 Yerevan | 8:48 GMT | Wednesday 30 April 2008

Մարինե Խառատյան

Շանտաժի մի ենթարկեք...
Տեսնել էր պետք, թե ի~նչ ոգեւորությամբ, ծեքծեքումներով էր երեկ վարչապետի պաշտոնում առաջին անգամ ԱԺ-ում ելույթ ունենում Տիգրան Սարգսյանը` ներկայացնելով կառավարության ծրագիրը: Իսկը Իսպանիայի վարչապետ` միայն ափսոս Իսպանիան էր պակասում: Միգուցե դա էր պատճառը, որ նորանշանակ վարչապետը պարբերաբար կտրվում էր հայկական իրականությունից ու վերանում չգիտես ուր` Իսպանիա կամ այլ մոլորակ: Հատուկ բառարանից դուրս գրված բառեր, գունագեղ բառակապակցություններ, հղումներ քրիստոնեական արժեքներին ու կենցաղավարությանը ու մի գլուխ խոստումներ` «բարեշրջումների», «մտագործունեության» եւ այլնի տեսքով, եւ իհարկե մեջբերումներ ինչպես Ս.Սարգսյանից, այնպես էլ Ներսես Շնորհալուց: Մի խոսքով` ամեն ինչ, ինչպես թերեւս կարիերայի ծաղկուն շրջանում պատկերացրել է Տիգրան Սարգսյանը:

Նորանշանակ վարչապետը կառավարության ծրագրով աջ ու ձախ մարտահրավեր է նետում` զորօրինակ` «գավառամտությանը», որն իր մեկնաբանությամբ` այլ քաղաքակրթությունների արժեքները ներմուծելն ու կրկնօրինակելն է, եթե դրանք համահունչ չեն մեր արժեքներին: Մեր բառարանում, սակայն, չգիտես ինչու գրված է, որ գավառամտությունը հետամնացությունն է, գավառցու մտածողություն ունենալը: Պակաս հետաքրքիր չէ աղքատության հաղթահարման կոնտեքստում Հայաստանում հարստության ցուցադրությանը նետված մարտահրավերը: Նկատենք` խոսքը չի վերաբերում Իսպանիային կամ այլ երկրի: «Հասարակական համերաշխությունն ապահովելու համար անհրաժեշտ է փոխել ունեւոր խավի կենցաղավարությունը: Աղքատության հիմնախնդիր ունեցող երկրում հարստության, շքեղության, ուժի ցուցադրումն անհարիր է քրիստոնյա հայ մարդուն», - ամրագրված է կառավարության ծրագրում: Այնպես որ, այսուհետ նախագահականում ու ԱԺ-ում հանգրվանած որոշ օլիգարխներ ոչ միայն ստիպված են լինելու սովորել, քանի որ կառավարության ծրագրով հարստության միակ ճանապարհ է հռչակվում սովորելը, այլեւ հնամաշ մեքենաներ ու հագուստ նախընտրել ու չզարմանաք, եթե մի օր ձեզ խնդրեն իրենց սուրճ հյուրասիրել ձեր հաշվին: Իսկ նրանց ու մյուս օլիգարխների դղյակները, թերեւս, տեղափոխվեն արտերկիր` այդկերպ նպաստելով Հայաստանում համերաշխության մթնոլորտի ձեւավորմանը:

Հայաստանի նորանշանակ կառավարությունը մարտահրավեր է նետում նաեւ եվրոպական արժեքներին: Իր ելույթում Տիգրան Սարգսյանը շեշտեց, թե մենք չպետք է կուրորեն հետեւենք եվրոպական չափանիշներին: Բրիֆինգի ժամանակ լրագրողները հետաքրքրվեցին, թե խոսքը եվրոպական հիմնարար չափանիշների՞ մասին է, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, խոսքի եւ մամուլի ազատությանը: «Ուրեմն ուզում եմ ձեզ ասել, որ մարդու իրավունքների, խոսքի ազատությունը դրանք եվրոպական չափանիշներ չեն, դրանք հայկական չափանիշներ են», - ի գիտություն հավակնոտ եվրոպացիների` հայտարարեց Տիգրան Սարգսյանը` շարունակելով. «Եվ եթե դուք ծանոթ եք Հայ Առաքելական եկեղեցու նշանավոր գործիչներից մեկի` Մաղաքիա Օրմանյանի գրքի հետ, որտեղ նա բավականին խորիմաստ ամփոփումներ է կատարում Հայ Առաքելական եկեղեցու պատմության մասին, դուք կտեսնեք, որ դա մեր ազգին բնորոշ հատկանիշներից մեկն է եղել միշտ, եւ պետք չէ կրկնօրինակել այն, ինչ կա մեր մեջ, մեր էության մեջ: Ընդամենը դա պետք է բացահայտել եւ ներդնել: Եվ այդ արհեստական մոտեցումը, որ մենք պետք է տրվենք այդ եվրոպական արժեքային համակարգին, վիրավորական է: Վիրավորական է իրեն հայ համարող, արժանապատվություն ունեցող մարդու համար, որովհետեւ եվրոպական արժեքային համակարգը պետք է խարսխված լինի քրիստոնեական արժեքային համակարգի վրա: Եվ այսօր մենք տեսնում ենք եվրոպական բազմաթիվ այլանդակություններ, շեղումներ այդ արժեքային համակարգից, եւ մենք կուրորեն չենք հետեւելու այնպիսի արժեքներին, որոնք մեզ համար ընդունելի չեն, հարիր չեն հայ մարդուն, քրիստոնյա մարդուն: Եվ դա էլ կնշանակի գավառամտության հաղթահարում: Պետք չեն կրկնօրինակումներ, պետք է վերադառնալ մեր ակունքներին»: Թերեւս վերոնշյալ վիրավորանքն է պատճառը, որ ՀՀ կառավարությունը չի կատարում ԵԽԽՎ բանաձեւի պահանջները: Զարմանալի է միայն, թե ինչպես է Հայաստանը հաղթահարել վիրավորանքն ու դարձել ԵԽ անդամ` փոխանակ ԵԽ-ին կոչ անելու հետեւել մեր արժեքներին` հատկապես մարտի 1-ին եւ դրանից հետո:

Նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ նաեւ ցնցող բացահայտում արեց` պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին. իրեն հատուկ ոճով ասաց. «Ես ձեզ հավաստիացնում եմ, որ մենք լինելու ենք ազնիվ եւ թափանցիկ, չնայած այն հանգամանքին, որ այսօր հարկային եւ մաքսային վարչարարության ոլորտում դա չափազանց դժվար է, որովհետեւ կա մեծ դիմադրություն, շանտաժ, սպառնալիքներ, մարդիկ ի վիճակի չեն աշխատելու նորովի»: Որոշ միամիտ լրագրողներ կարծեցին, թե խոսքը տարիներ շարունակ հարկերից խուսափող օլիգարխների մասին է: Բայց, ոչ: Տիգրան Սարգսյանն այսօր շանտաժի է ենթարկվում բոլորովին այլ անձանցից: «Ինչ վերաբերում է շանտաժին, ես կարծում եմ, դուք ինքներդ ականատեսն եք եղել, թե ինչպես են մարդիկ ըմբոստանում, երբ որ մենք փորձում ենք օրենքը կիրառել Հայաստանի Հանրապետությունում: Միանգամից հայտնվում են միտինգավորներ, որոնք բողոքում են, թե իրենց իրավունքները ոտնահարվում են, բայց իրականում մենք փորձում ենք օրենքն ամբողջ ուժով կիրառել, եւ չափազանց կարեւոր է, թե ովքեր են դրդում այդ մարդկանց հավաքվել կառավարության շենքի դեմ եւ կազմակերպել միտինգ, որի նպատակն է, որպեսզի մենք մաքսային ծառայությունում բարեփոխումներ չանենք, այլ վերականգնենք հին ռեժիմը, երբ որ մաքսանենգ ճանապարհով կարելի էր Չինաստանից ապրանքներ ներմուծել Հայաստան: Եվ երբ որ մենք հիմա փակել ենք այդ հնարավորությունը, այդ մարդիկ կազմակերպում են ցույցեր: Ես կարծում եմ, որ նման փոփոխություններ, որ մենք իրականացնում ենք, դրանք ցավոտ փոփոխություններ են, որովհետեւ մենք ստիպում ենք մարդկանց փոխել իրենց վարքագիծը: Դրանք ցավոտ փոփոխություններ են, որովհետեւ մարդկանց մոտ գոյություն ունի իներցիա մտածողության ու գործելակերպի», - հայտարարեց Տիգրան Սարգսյանը:

Հասկացա՞ք, պարոնայք շանտաժիստ առեւտրականներ: Շանտաժի մի ենթարկեք Տիգրան Սարգսյանին, թողեք գոնե մի քիչ իրեն լավ զգա, բարեփոխումներ անի, իսկ թե քանի խանութ կփակվի ու քանի առեւտրական կմնա առանց գործ, քանի քաղաքացի` հին շորերով, դա արդեն կառավարության գործը չի: Հատկապես, որ մեր երկրում կառավարության ծրագրով խրախուսվում է համեստ կենցաղավարությունը:

Իրականում, սակայն, եթե այսօր պարզվում է, որ օրինակ` Թուրքիայից եկած ապրանքների մաքսազերծման իրական գինը եղել է ասենք 8-10 դոլար, ոչ թե 2.5-3, ինչպես տարիներ շարունակ ապրանք են ներմուծել անհատ ձեռներեցները, ապա խոսքը գնում է տարիներ շարունակ իրականացվող պետական հանցագործության մասին, որը փաստորեն իրականացրել է մաքսային մարմինը: Հայտնի է նաեւ, որ մաքսային մարմինները գործել են անմիջապես վարչապետի ու նախագահի` տվյալ պարագայում Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի ենթակայության ներքո: Կամ եթե Չինաստանից ապրանքները ներմուծվել են «մաքսանենգ ճանապարհով», ինչպես ասում է Տիգրան Սարգսյանը, ապա ինչպե՞ս է չինական ապրանքը տարիներ շարունակ եղել հայկական շուկայում` նույն մաքսային աչքի առաջ: Բրիֆինգի վերջում հարց ուղղեցինք վարչապետին, թե այդ առթիվ պատասխանատվության ենթարկվելու՞ են մաքսավորները: «Ինչի՞, որ բացահայտել են, դրա համար պատասխանատվությա՞ն ենթարկվեն: Այդ մարդիկ են բացահայտել պրոբլեմը», - ասաց Սարգսյանը: Մեր դիտարկումը, թե ակնհայտ է, որ դա մաքսային մարմինների հետ համագործակցությամբ է եղել, վարչապետին դուր չեկավ. «Ես ասեցի, որ մենք բացահայտելու ենք այն թույլ կողմերը, որոնք ունենք, պատասխանատվության եք ենթարկելու այն պաշտոնյաներին, որոնք ներքաշված են անօրինական դաշտ: Եթե բացահայտենք` կպատժենք: Դեռ որ հակառակն ենք բացահայտել, մեր բիզնեսմեններն են շրջանցում, նրանք էլ եկել են, ըմբոստանում են»: «Փաստորեն, եթե մայկա վաճառողները կարողացել են Հայաստանի Հանրապետության մաքսային կոմիտեն շրջանցել, հալալ է իրենց», - նկատեցինք մենք` հավելելով, որ նորանշանակ վարչապետը իրականությունից կտրված բաներ է ասում: «Ի՞նչն է իրականությունից կտրված, որ ստվերային տնտեսությու՞ն կա Հայաստանում»- ընդդիմացավ վարչապետը` ավելի ուշ հավելելով. «Եթե բացահայտենք` կպատժենք»:

Վերլուծական
Փարիզ տանող ու բերող ճանապարհները

Փարիզ տանող ու բերող ճանապարհները

Սերժ Սարգսյանի ֆրանսիական այցից հետո Հայաստանի ներքաղաքական դաշտում տեղի են ունենում բավական հետաքրքրական իրադարձություններ:

Քաղաքական
Որեւէ մեկը պետք է այս ժողովրդին սիրի ավելի, քան ինքն իրեն է սիրում

Որեւէ մեկը պետք է այս ժողովրդին սիրի ավելի, քան ինքն իրեն է սիրում

Հետահայաց հարցազրույց հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի հետ

Աշխարհ
Յոթ երգ` ութ բանի մասին

Յոթ երգ` ութ բանի մասին

Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի...

Արխիվ

Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.