“Zhamanak” Armenian-American Political Daily

Բռնությունները Հայաստանում նոր որակ են ստանում

12:44 Yerevan | 8:44 GMT | Wednesday 30 April 2008

Ժաննա Ալեքսանյան

Մարտմեկյան իրադարձություններից հետո ականատես եղանք Հայաստանի իշխանությունների կողմից սեփական քաղաքացիների նկատմամբ իրականացվող զանգվածային բռնությունների ու հետապնդումների այնպիսի մի ալիքի, ինչը Հայաստանում նոր ձեւ ու որակ ստացավ: Ընտրությունների օրը եւ դրանից հետո պահպանվող համատարած ահաբեկության մթնոլորտը, մարդկանց առեւանգման դեպքերը հաստատում են, որ իշխանությունը պահելու միակ միջոցը բռնությունն է: Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում ես տեսել եմ ամենաբռնատիրական երկրներից մեկում` Ուզբեկստանում:

2005-ի մայիսի 13-ին Ուզբեկստանի Անդիջան քաղաքում տեղի ունեցան արյունալի իրադարձություններ: Իշխանական ուժերը կրակ բացեցին խաղաղ բնակչության վրա` գնդակահարելով ավելի քան հարյուրավոր անզեն մարդկանց (պաշտոնական թվերը անհամեմատ քիչ էին): Human Rights Watch հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպության հրավերով մասնակցում էի այդ դեպքերի հետաքննությանը, ինչը շուրջ երեք շաբաթվա ընթացքում զեկույցի տեսքով ներկայացվեց ամբողջ աշխարհին:

Հայաստան վերադառնալուց հետո երբեւիցե ցանկություն չեմ ունեցել անդրադառնալ այդ դեպքերին, սակայն մարտի 1-ից հետո ակամայից մղձավանջային հիշողությունները վերադարձան, ու ես շարունակ զուգահեռներ եմ տանում այդ օրերի ու մարդկանց միջեւ: Զուգահեռներն, անշուշտ, զոհերի քանակին չեն վերաբերում, այլ այն մթնոլորտին, բռնությունների ձեւին ու բնույթին, որ այսօր տիրում է Հայաստանում:

Լայնածավալ ձերբակալություններ, զոհեր, անվերջանալի հետապնդումներ` մարդկանց, նրանց ընտանիքների ու հարազատների, հարեւանների ու բարեկամների, ընկերների ու նրանց բիզնեսի նկատմամբ: Թաքնված կամ փախուստի մեջ գտնվող մարդիկ, խեղճացած ու ահաբեկված զոհերի հարազատներ... Դժվար էր պատկերացնել, որ մի օր այս ամենի ականատեսը կդառնանք Հայաստանում: Օրինակները բազմաթիվ են: Կալանքի տակ են գտնվում կամ հետապնդվում են եղբայրները. Սուքիասյաններ, Մալխասյաններ, Սաղաթելյաններ, Ջհանգիրյաններ, Միքայելյաններ եւ էլի ուրիշ հարազատներ: Հրազդան քաղաքում շարունակաբար ու հետեւողականորեն ահաբեկությունների են ենթարկվում ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի համագյուղացիներն ու կողմնակիցները, ընտանիքն ու բարեկամները, դպրոցական երեխաներ...: Կալանավորված է ազգային հերոսի զարմիկը, բազմիցս բերման է ենթարկվել նրա բարեկամուհին: Այս ամենն ուղեկցվում է դաժան ու անմարդկային վերաբերմունքով: Ալետա Միքայելյանին ոստիկանության բաժանմունքում պահել են մինչեւ ուշ գիշեր` անտեսելով նրա խնդրանքները, թե 4 տարեկան երեխան տանը մենակ է: Մի խոսքով, Հրազդան քաղաքում եւ հարակից բոլոր տարածքներից բերման են ենթարկվել հնարավոր բոլոր` «ազատություն հերոսին» վանկարկողները, բոլոր նրանք, ովքեր բնազդով գիտեն, որ Սասուն Միքայելյանը հանիրավի է մեղադրվում:

Երբեմն, երբ զրույցների ժամանակ անդիջանյան իրադարձություններից բռնության կամ մարդկանց առեւանգման մասին մի դեպք էի վերհիշում, զրուցակիցներս ինձ բացատրում էին, որ դա մուսուլմանական երկրներին հատուկ դաժանության դրսեւորում է կամ էլ տագնապում էին, թե ուզում ես ասել, որ մեր երկրից էլ վատ երկիր կա: Այսինքն` զրուցակիցներս գլխից գնդակահարված ՀՀ քաղաքացիներ քրիստոնյա Հայաստանում իսպառ բացառում էին: Արդյո՞ք պատճառը կրոնական պատկանելությունն է: Դաժանությունը կրոնական պատկանելություն չունի:

Հայաստանցիների համար մարտմեկյան իրադարձություններն անսպասելի էին: Ազատության հրապարակից խաղաղ ցուցարարներին բռնի ուժով տեղահանելուն մարդիկ սպասում էին եւ այդ մասին խոսում ու ենթադրություններ էին անում, բայց զորք բերելուն ու ժողովրդի վրա կրակելուն` ոչ: Անգամ վերջին երկու օրերին շրջանառվող արտակարգ դրություն մտցնելու մասին խոսակցություններում ենթադրություններն այդ մասին բացակայում էին:

Հայաստանում ընտրությունները վերջին ժամանակներում մշտապես կեղծվել եւ ուղեկցվել են բռնություններով: Ակնհայտ է, որ իշխանությունների կողմից իրականացվող հետընտրական բռնությունները տարեցտարի նոր որակ են ձեռք բերում` դառնալով առավել ծավալուն եւ դաժան: 2004-ի ապրիլյան «կալցո օպերացիան» ավարտվեց առանց զոհերի, բայց ՀՀ քաղաքացիներն ու իրենց պրոֆեսիոնալ աշխատանքն իրականացնող լրագրողները հետապնդվեցին ու անխնա ծեծի ենթարկվեցին: Նույն օրը ՀԺԿ գրասենյակում ասուլիս հրավիրած ընդդիմության առաջնորդներից Վ.Մանուկյանին հարցրեցինք, թե ինչով էր տարբերվում 96-ին տեղ գտած բռնություններն այս մեկից. «Առանձնահատուկ դաժանությամբ»` պատասխանեց: Բայց այսօր` զոհերից հետո, իր կարծիքը, չգիտես ինչու, փոխվել է: Վստահելով ԱԺՄ առաջնորդի այս դիտարկմանը` արձանագրենք, որ դաժանության ներմուծումը Հայաստան ժողովրդի կողմից չընդունված Ռ.Քոչարյանինն էր եւ ուրեմն` նա, ապավինելով ոստիկանությանը, ստիպված էր ինքնահաստատման այդ ձեւն ընտրել:

Անդիջանում ողբերգական իրադարձությունների պատճառը կեղծված ընտրությունները չէին: Մարդիկ բողոքում էին սոցիալական անարդարությունից ու իշխանության ռեպրեսիաներից: Բողոքի ակցիաների համար առիթը տեղացի 23 գործարարների ձերբակալությունն էր, ովքեր մեղադրվում էին «կրոնական էքստրեմիզմի» մեջ (շատ տարածված կեղծ մեղադրանք Ուզբեկստանում, ինչպես այսօր Հայաստանում ոստիկանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալն է): Քրեական այս գործը իշխանությունների ուշադրության կենտրոնում էր հայտնվել զուտ այն պատճառով, որ տեղացի բնակչության շրջանում գործարարների հեղինակությունը բարձր էր (նրանց մոտ աշխատող մարդիկ համեմատաբար բարձր աշխատավարձ էին ստանում, օգտվում էին սոցիալական արտոնություններից): Դատական գործընթացին զուգահեռ` մի քանի օրվա ընթացքում հավաքված բազմությանը միացան հազարավոր անդիջանցիներ, ինչն էլ արյունոտ վախճան ունեցավ:

Միջազգային հանրությունը ցնցված էր, եւ արձագանքը վերը նշված դեպքերին մեծ էր, սակայն կոչերը` միջազգային անկախ հետաքննություն անցկացնելու մասին այդպես էլ չիրականացան: Ուզբեկստանի նախագահն ապավինեց Ռուսաստանին եւ իր համար բարեհաջող ելք ապահովեց:

Ճիշտ է, այստեղ մեկ էական տարբերություն կա: Ուզբեկստանը Եվրոպայի խորհրդի անդամ չէ, միջազգային շատ համաձայնագրերի միացած չէ եւ դրանք կատարելու պարտավորություններ չունի: Հայաստանի դեպքում դա պահանջ է: Կկատարվեն այդ պահանջները , թե ոչ` ժամանակը ցույց կտա, սակայն առավել մի կարեւոր կոչով հանդես եկավ Եվրոպական միության նախագահը` դա անկախ միջազգային հետաքննության անցկացումն է, որին կողմ արտահայտվեց նաեւ ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովը, եւ որին անմիջապես դրական արձագանքեց ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ակներեւ է, սակայն, որ հայաստանյան իշխանությունները չեն պատրաստվում հետեւել այդ հորդորներին: Հայաստանում ստեղծված իրավիճակից դուրս գալու լավագույն ելքը միջազգային անկախ հետաքննությունն է, ինչը շատ հարցերի պատասխան կտա: Հակառակ դեպքում դատապարտված ենք լինելու բռնել դեպի Ուզբեկստան տանող ճանապարհը:

Արխիվ
Վերլուծական

Արման Գրիգորյան. «Վրաստանը կորցրեց անգամ ձեւական վերահսկողության հույսը»

- Պարոն Գրիգորյան, ես գիտեմ, որ դուք հակամարտությունների, այդ թվում ներքին հակամարտությունների եւ ինտերվենցիաների...

Քաղաքական

Քայլող եւ կանգնած ցուցապաստառներ

Հյուսիսային պողոտայում նախօրեին հայրենի իրավապահների կողմից անցկացված «շաբաթօրյակից» հետո, որի...

Աշխարհ

Վախճանվեց նախորդ դարի սպանության վկայագիրներից մեկը

81 տարեկանում երկարատեւ հիվանդությունից հետո ԱՄՆ-ի հարավում օգոստոսի 23-ին վախճանվեց ՊԱԿ-ի նախկին գործակալ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.