“Zhamanak” Armenian-American Political Daily

«Ճանաչողական հանդիպմանը» ընդառաջ

12:42 Yerevan | 8:42 GMT | Wednesday 30 April 2008

Էմմա Գաբրիելյան

Մայիսի 7-ին Ստրասբուրգում նախատեսված է Հայաստանի նորանշանակ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի առաջին հանդիպումը, սակայն այս հանդիպման շուրջ մեկնաբանություններով առայժմ հանդես է գալիս բացառապես պաշտոնական Բաքուն:

Պաշտոնական Երեւանը այդ հանդիպումը ոչ միայն հաստատող, այլեւ կոնկրետ այդ հանդիպումից իր ակնկալիքների առնչությամբ դեռեւս ոչինչ չի հայտարարել` թերեւս սահմանափակվելով երեկ ԱԺ-ում ԼՂ խնդրի վերաբերյալ հայտարարության ընդունմամբ:

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, մեկնաբանելով մայիսի 7-ին Ստրասբուրգում նախատեսված հանդիպումը, հույս է հայտնել, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացում Հայաստանի դիրքորոշումը ավելի կառուցողական կդառնա: Նա տեղեկացրել է, որ հանդիպումը ճանաչողական բնույթ կկրի եւ թույլ կտա հասկանալ` «ինչպե՞ս է Հայաստանի նոր ղեկավարությունն արձագանքում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»: Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է. «Վերջին ամիսներին վերահաստատվել է այն մոտեցումը, որ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ սահմանների անքակտելիության հիման վրա: Ոչ ոք չի կարող բռնության ճանապարհով փոխել պետության սահմաններն ու տարածքային ամբողջականությունն էթնիկ զտումներ անցկացնելու միջոցով, իսկ հետո հանդես գալ պահանջներով: Եթե դու սկզբից անցկացրել ես էթնիկական զտումներ, իսկ հետո խոսում ես ինքնորոշման մասին` դա գործող մոդել չէ: Միայն գրավյալ տարածքներում իրավիճակի վերականգնման եւ տեղահանված անձանց վերադարձից հետո հնարավոր կլինի խոսել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին, այն էլ` Ադրբեջանի կազմում», - ընդգծել է Է.Մամեդյարովը:

Իսկ արծարծելով հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի հասնելու թեման` Ադրբեջանի արտգործնախարարը «Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում նկատել է. «Միշտ ակնկալում ենք, որ առաջընթաց կլինի` որքան որ ղարաբաղյան հակամարտությունը գոյություն ունի եւ շարունակվում է»: Ապա հիշեցրել է պաշտոնական Բաքվի սպասելիքները ճանաչողական հանդիպմանն ընդառաջ` հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, սահմանների անխախտելիության սկզբունքների հիման վրա, որը «իր նոր ամրագրումն է ունեցել»` նկատել է նա մասնավորեցնելով, թե ինչի մասին է խոսքը` «այդ մասին են ՄԱԿ-ում վերջերս ընդունված հայտնի բանաձեւը, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի բուխարեստյան գագաթնաժողովի հռչակագիրը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ եւ համանախագահող երկրների հայտարարությունները»: Օրերս Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Յան Կուբիշը Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարար Է.Մամեդյարովի հետ հանդիպմանը հաջորդած ճեպազրույցում նույնպես շեշտել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման ընթացքում պետք է հաշվի առնվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը:

Մինչ Բաքուն վերահաստատում է իր դիրքորոշումները, Հայաստանի Ազգային ժողովում վերջին երկու օրերին քննարկվեց եւ ընդունվեց ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարություն, որի հեղինակը ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն է: Հայտարարության մեջ անհանգստություն է արտահայտվում վերջին շրջանում ԼՂ խնդրին առնչվող զարգացումների առիթով, վտանգավոր են համարվում Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների ռազմատենչ հայտարարությունները, դատապարտվում են ադրբեջանական բանակի կողմից հրադադարի խախտման գործողությունները, մասնավորապես` մարտի 4-ինը: Խորհրդարանականները հաշվի առնելով այն հանգամանքը, որ «ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների նկատմամբ շանտաժ է իրականացվում», ընդգծում են, որ անսակարկելի եւ միջազգային իրավունքի տեսակետից անթերի է ԼՂ-ի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, եւ կարեւորում են այդ սկզբունքի անվերապահ կիրառման անհրաժեշտությունը, ուստի ՀՀ ԱԺ-ն առաջարկում է` ակտիվացնել խնդրի վերաբերյալ միջազգային հանրությանը տեղեկացնելուն ուղղված ջանքերը, Հայաստանի քաղաքականությանը այս հարցում հաղորդել ավելի նախաձեռնողական բնույթ, ապա ընգծվում է, որ «անհապաղ հարկավոր է ինքնորոշման սկզբունքը կիրառել խնդրի կարգավորման գործընթացում»: Ինչպես նաեւ առաջարկվում է ձեւակերպել այն իրավական հիմքերը, որոնք Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի դեպքում ՀՀ կառավարությանը հնարավորություն կտան ապահովելու ԼՂ-ի լիարժեք անվտանգությունն ու պաշտպանությունը: Պատգամավորները երեկ առաջարկել են տեքստում նաեւ հավելել դրույթը այն մասին, որ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորումը ԱԺ-ն համարում է միակ ընդունելի ուղին հակամարտության կարգավորման հարցում, ինչպես նաեւ, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը: Այսպիսով, ԼՂ խնդրի վերաբերյալ հայտարարությունը երեկ ԱԺ-ում ընդունվել է` 96 կողմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, «Ժառանգություն» խմբակցությունը բոյկոտել է քվեարկությունը:

Ապրիլի 28-ին ԱԺ-ն հրաժարվել է օրակարգում ընդգրկել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին» օրինագիծը, որի հեղինակը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն էր: Նախագիծը ԱԺ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվել էր եւ բացասական եզրակացությամբ ներկայացվել պատգամավորներին: Վերջիններս մտահոգ են եղել, որ ԱԺ-ի այդ որոշումը կարող է քաղաքական բացասական հետեւանքներ ունենալ, օգտագործվել Ադրբեջանի կողմից` հիմնավորմամբ, թե ՀՀ ԱԺ-ն դեմ է ԼՂՀ ճանաչման հարցը ներառել ԱԺ նստաշրջանի օրակարգում եւ եղել է առաջարկ, որպեսզի նախագիծը ընդգրկվի օրակարգում, այնտեղ պարզապես պահվի, որպեսզի ցույց տրվի, որ Հայաստանի զինանոցում կարող է լինել ԼՂՀ ճանաչման հարցը: Նախագծի հեղինակը` Ր.Հովհաննիսյանը էական է համարել ԼՂՀ անկախությունը ճանաչելու նախագիծը կմտնի՞, թե՞ չի մտնի ԱԺ օրակարգ. «Բովանդակային առումով հիմքն ամուր է: Ընթացակարգային առումով նույնպես ԱԺ-ն, իբրեւ ամբիոն, ճիշտ է ընտրված: Պահը եւս արդիական է եւ այժմեական: Ով հետեւում է միջազգային զարգացումներին` Նյու Յորքից մինչեւ Ստրասբուրգ, եւ մեր ռազմաճակատն անգամ գիտի, որ Հայաստանն արդեն իր տեսակետը պետք է հայտնի, որը հիմնավոր է եւ որը թույլ կտա նաեւ ազգային պետական շահի համապատասխան առաջ տանել բանակցային գործընթացը», - նշել է իր ելույթում նախագծի հեղինակը: Այնուամենայնիվ, ԱԺ-ն քվեարկությամբ հրաժարվել է օրակարգում ընդգրկել Ր.Հովհաննիսյանի առաջարկած` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծը:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.