|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Որպես ամփոփում12:40 Yerevan | 8:40 GMT | Wednesday 30 April 2008Վահան Շիրխանյան Ի՞նչ է տվել 10 տարվա քոչարյանական կառավարումը Հայաստանին: Ինչո՞վ է Հայաստանը միջազգային կյանքում «անուն» հանել այդ 10 տարիներին. 1. 1998թ. հիմնադիր նախագահին պարտադրված հրաժարականով: 2. 1999թ. Հոկտեմբերի 27-ով, 2004թ. Ապրիլի 12-ով, 2008թ. Մարտի 1-ով: 3. 3 նախագահական, 3 ԱԺ եւ մեկ հանրաքվեի հիմնովին կեղծված ընտրություններով: 4. Բազմաթիվ քաղաքական սպանություններով, հարյուրավոր քաղբանտարկյալներով: 5. Կանանց եւ աղջիկների վաճառքում աշխարհում առաջնային դիրքի հասնելով: 6. Աշխարհի գերաղքատ 6 երկրների ցանկում հայտնվելով: 7. Բնակչության բնական աճի աննախադեպ անկումով ԱՊՀ տարածքում: 8. Երկիրը ամայացնող շարունակական արտագաղթով: 9. Միջազգային կառույցների կողմից օկուպանտ ճանաչվելով: 10. Համաշխարհային ինտեգրացիոն գործընթացներից շարունակաբար դուրս մնալով: 11. ԱՊՀ տարածքում ներմուծման-արտահանման ամենաբացասական ցուցանիշով: 12. Թոքախտի, քաղցկեղի, ՍՊԻԴ-ի, թմրամոլության աճի` աշխարհում առաջընթաց դիրքերով: 13. Կոռուպցիայի եւ մարդու իրավունքների խախտման առաջնային դիրքերով: 14. Ամենահակաժողովրդավարական օրենքների ընդունումով: 15. «Ա1+» եւ «Նոյան տապան» անկախ հեռուստաալիքների փակումով: 16. Ամենագրպանային խորհրդարանով եւ դատական համակարգով: 17. Հարուստների եւ աղքատների ամենասուր բեւեռացումով: 18. Ծառայությունների, առաջին անհրաժեշտության ապրանքների ամենաբարձր գներով: 19. Գիտական ներուժի ամենամեծ արտահոսքով: 20.Երկրի կարեւորագույն հարստությունները օտարներին հանձնելով: Միգուցե, Քոչարյանը գրեթե հասել է Ղարաբաղի անկախության ճանաչմանը եւ Ս.Սարգսյանին մնում է միայն ստորագրել պատմական փաստաթու՞ղթը: Ինքս էլ կներեի այս ռեժիմի շատ հանցագործություններ ու կամայականություններ, եթե դա այդպես լիներ: Սակայն, իրականում, ուղիղ հակառակն է: Տասը տարի, Քոչարյանը անընդհատ պարտվել ու զիջել է արյունով ձեռք բերված դիրքերը ադրբեջանցիներին: Կամայականորեն դուրս թողնելով Ղարաբաղին բանակցային գործընթացից եւ Հայաստանը դարձնելով հակամարտության կողմ, զրկել է Հայաստանին քաղաքական, դիվանագիտական ճկունությունից եւ երկիրը դրել կատաստրոֆիկ վիճակի մեջ: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի վերջին բանաձեւը Հայաստանի արտաքին քաղաքականության եւ դիվանագիտության անճարակության հայելին է: Ասում են, թե բանաձեւի պահանջները կատարման համար պարտադիր չեն: Միգուցե, քանի որ ռեժիմի համար պարտադիր չեն նաեւ Սահմանադրությունը, օրենքները, միջազգային պարտավորությունները: Իսկ բանաձեւը ասում է. «պահանջում է անմիջապես ու անվերապահորեն..., հաստատում է..., որոշում է..., արգելում է...»: Այս կետերից թեկուզ մեկի կատարումը, հարցականի տակ է դնելու հայոց պետականության գոյությունը: ԱԳՆ պատասխանատու մի աշխատակից բանաձեւի ընդունումը բացատրում էր նրանով, որ ՄԱԿ-ի կանոնադրությունը, անդամ երկրին թույլ է տալիս օրակարգ մտցնել որոշման նախագիծ եւ պահանջել քվեարկության դնել առանց քննարկման: Հրաշալի է: Իսկ ինչու՞ Հայաստանը գոնե մեկ անգամ չօգտվեց այդ հնարավորությունից: Դժվա՞ր էր գտնել 30-40 համախոհներ: 70-80 երկրներում ներկայացված եւ 10 տարի իշխանության անբաժանելի մաս հանդիսացող Դաշնակցությունը չէ՞ր կարող աջակցել: Միգուցե, Քոչարյանը Ցեղասպանության ճանաչմա՞նն է հասել: Այստեղ էլ հսկայական վնասներով ուղեկցվող տապալում է: Եվ ի՞նչ անկեղծությանբ պետք է պայքարեր այս՝ ամեն մի հայի համար նվիրական նպատակի համար Քոչարյանը, որը 10 տարի անընդհատ իրականացնում էր ցեղասպանություն սեփական երկրում: Պարտադրված արտագաղթը ցեղասպանություն չի՞, իշխանություն բռնազավթելը, այն սեփական գրպանները լցնելուն ծառայեցնելը, մարդուն ընտրելու իրավունքից զրկելը, ազգային հարստությունը քամուն տալը ցեղասպանություն չի՞: Երեւանի կենտրոնում, հայ ժողովրդին, հայոց բանակի միջոցով, պարբերաբար սպանդի ենթարկելը, բանտերը ընդդիմադիրներով լցնելը ցեղասպանություն չի՞: Միջնակարգ դպրոցը տարրական, իսկ բուհը` 8-ամյա դպրոցի մակարդակի հասցնելը, ազգի վերարտադրումը անհնարին դարձնելը ցեղասպանություն չի՞: Պարզապես, այս ռեժիմին ոչ Ղարաբաղն է պետք, ոչ առողջ հասարակությունը, ոչ զարգացող երկիրը, ոչ ել արդարություն պահանջող ժողովուրդ: Նրանց պետք է աթոռը եւ գրպանի կայուն եկամուտը: Եվ գարնանամուտը սպանդի վերածած մարդասպանները կատարում էին նրանց երազանքը` զրկելով իրենց եւ իրենց զավակներին արժանավայել ապրելու հնարավորությունից: Այլապես, ո՞վ կկալանավորեր Սմբատին, Սասունին, Մուշեղին, Հակոբին, Վովային, Հովիկին, Խաչիկին... Թե՞ նրանց թվում է, թե հայ մայրը ամեն օր այսպիսի հերոսներ է ծնում: Ո՞ր մի «խելոքը» հրամայեց գողանալ հացադուլավոր երկրապահներին... Ռեժիմը չի բացառում պատերազմի հավանականությունը, նույնիսկ, ձգտում է դրան: Մնում է հուսալ, որ Տիգրան Թորոսյանը կփոխարինի Մանվելին, Գալուստ Սահակյանը՝ Սմբատին, Արմեն Աշոտյանը՝ Սասունին, Հովիկ Աբրահամյանը՝ Հակոբին, Արթուր Բաղդասարյանը՝ Վովային... Մարտի 1-ին գրվեց պանծալի, հաղթական Հայոց բանակի ամենաամոթալի, ամենախայտառակ էջը: Այնուամենայնիվ, շարունակելով բռնությունները իրեն մերժող ամբողջ ժողովրդի դեմ` ռեժիմը հետապնդում է կոնկրետ նպատակ: Դա նոր արտագաղթ պարտադրելն է: 500 հազար մարդ բանտերում տեղավորելը անհնար է: Ներարկելով մարդուն անզորության, անելանելիության, անօգնականության զգացում` ռեժիմը վստահ է, որ «ակտիվ անհամաձայնների» մեծ մասը լքելու է Հայաստանը: Եվ դա կլինի ամենակործանարար արտագաղթը Հայաստանի եւ Արցախի համար ու երազելի ելքը՝ ռեժիմի համար: Հայաստանի եւ Արցախի ժողովուրդը, միասնաբար պետք է հասնեն երկրում օրինական իշխանությունների կայացմանը, քանզի դրանում է Արցախի փրկության միակ ճանապարհը: Դրանում է Հայաստանը երկիր դարձնելու, արտագաղթը կանխելու եւ հայությանը ետ բերելու միակ ելքը: Միայն օրինական ընտրված, ողջ հայության վստահությունը վայելող նախագահի խոսքը արժեք կունենա աշխարհի ուժեղների մոտ: Այլապես, շարունակելու ենք քարշ գալ համաշխարհային քաղաքական, տնտեսական գործընթացների լուսանցքում եւ կողքով անցնող ամեն մեկը քացի է տալու, ծաղրելու՝ ինչպես եղել է 10 տարի: Ընդդիմադիրներից շատերը համոզված էին, որ Ս.Սարգսյանը, գահակալման հաջորդ օրն իսկ, համաներում կհայտարարի` ազատ արձակելով բոլորին, անխտիր: Կվերանայի «օրենք» կոչված, քոչարյանական հրամանագիրը եւ հասարակությանը ավելի մեծ ազատություններ կտա եւ էլի մի քանի քայլեր կանի, որոնք կթուլացնեն ընդդիմության դիրքերը եւ կստեղծեն, գոնե, նվազագույն վստահության դաշտ ներսում եւ դրսում: Սակայն առ այսօր կատարվում է ուղիղ հակառակը: Իսկ էն, ինչ քիչ թե շատ մարդկային կերպ ունի` չնչին ու թատերական քայլեր են: Դրանց մեջ չկա երկիրը ճգնաժամից դուրս բերելու ձգտում: Չկա երկրում համակարգային ճգնաժամի առկայության գիտակցումը: Չկա ազգային անվտանգության իրական սպառնալիքների գիտակցումը: Ռեժիմը շարունակում է գործել հակահայ, հակահայաստանյան, ինքնապարտադրված սխալների դաշտում: Ս.Սարգսյանի կատարած ամեն մի քայլը ժողովրդին ավելի է տրամադրում իր դեմ, համախմբում Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջը եւ ապացուցում, որ օրինական իշխանության ստեղծումը այսօր, հիմա, առավել արդիական ու անհետաձգելի է: Այո, Քոչարյանը ամեն ինչ արեց, որպեսզի իրենից հետո թողնի թունավորված, թշնամացած, սողացող, քծնող հասարակություն եւ հանցածին միջավայր: Բայց, Լեւոն Տեր-Պետրոսյանի շնորհիվ, հայ ժողովուրդը վերակենդանացավ: Ազատությունը, իրավունքը, արժանապատվությունը այսօր, հայ մարդու համար միայն գեղեցիկ բառեր չեն: Դրանք լցվել են բովանդակությամբ եւ ամեն մի բանտարկյալ ու կիսաբանտարկյալ (Հայաստանում այլ կարգավիճակ պարզապես չկա) պատրաստ են պայքարելու մինչեւ վերջ: Վստահ եմ, որ ռեժիմի երազած արտագաղթը չի լինելու: Ազգային-ազատագրական Շարժումը ոչ միայն չի մարել, այլեւ կոփվել ու հասունացել է բռնությունների տակ: Հայաստանում վերականգնվելու է սահմանադրական կարգը եւ օրինականությունը՝ ի հեճուկս Սահմանադրական դատարանի, ռեժիմի, օտարերկրյա երկերսանի «բարեկամների»: Ժողովուրդը այլեւս չի վախենում դիմակավոր հանցագործներից, պագոնավոր կամակատարներից: Քոչարյանական արյունոտ, հայասպան, ոգեսպան տասնամյակն ավարտվում է: «21-րդ դարը մերն է լինելու», - ասում էր Սպարապետը: Այո, 21-րդ դարը լինելու է ազատ, հզոր, հարուստ Հայաստանի եւ միասնական հայության դարը: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՈրտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերըԿուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված... ՔաղաքականՎարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համարՎարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր... ԱշխարհԳլոբալիզացիան շարունակվում էԻ տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |