“Zhamanak” Armenian-American Political Daily

Դատական համակարգը` փլուզման եզրին

12:38 Yerevan | 8:38 GMT | Wednesday 30 April 2008

Գագիկ Աբգարյան

Երեկ, գրեթե միաժամանակ, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր քաղբանտարկյալներ Միսակ Հովակիմյանի եւ ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Ղազարյանի դատը:

Դրանց զուգահեռ` Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց ԱԺ պատգամավոր Մյասնիկ Մալխասյանի եղբոր` Իսահակ Մալխասյանի գործի քննությունը: Այս բոլոր դատաքննություններին եւ ընդհանրապես քաղբանտարկյալների դատաքննություններին, յուրահատուկ է մի բան` բոլորն էլ անցնում են դատական մարմինների խիստ ընկճվածության պայմաններում: Միանշանակ բոլոր դատավորներն էլ հասկանում են, որ իրենք ու իրենց ամբողջ համակարգը այսօր դարձել է ավազակապետության բուրգին կանգնած երկու-երեք հոգու ձեռքին խամաճիկ, իսկ ժողովրդի համար քավության նոխազ` նրանց գործած հանցանքների: Եվ պատահական չի Կենտրոն համայնքի դատավոր Ռուբեն Ափինյանի բերանից այսօր թռած խոսքը` ուղղված նիստի մասնակիցներին. «Դուք չեք հարգում դատարանին, բայց լռություն պահպանեք»: Հոգու խորքում իրենք էլ են ամաչում իրենց արածից ու հրաշալի գիտեն, որ հարգանքի արժանի չեն: Սա է պատճառը, որ նիստերի դահլիճ մտնելով, երբ դատավորները տեսնում են մասնակիցները ոտքի չեն կանգնել` ի նշան դատարանի նկատմամբ հարգանքի, լռում են ու սուսուփուս անցնում իրենց գործին` հասկանալով, որ չափազանց շինծու կլինի, մարդկանց ստիպողաբար ոտքի կանգնեցնելով հարգանքի տեսարան խաղարկելը: Միայն Շենգավիթի դատավոր Գագիկ Պողոսյանը փորձեց պաշտպանել «մունդիրի պատիվը», բայց թե այդ փորձը ինչ ավարտ ունեցավ` թողնենք վերջում: Հիմա գործերի քննությունների մասին: Միսակ Հովակիմյանին առաջադրվել է մեղադրանք քրօրի 316 հոդվածի 1-ին մասով` «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրել»: Ըստ մեղադրանքի` 67-ամյա վտիտ, ցածրահասակ Մ.Հովակիմյանը բռնություն է գործադրել երկու հատուկ ջոկատայինի նկատմամբ, ինչի համար նրան սպառնում է հինգ տարվա ազատազրկում: Նիստի սկզբում ամբաստանյալի փաստաբան Վահե Գրիգորյանը հանդես եկավ նախագահող դատավոր Ռ.Ափինյանի նկատմամբ ինքնաբացարկի միջնորդությամբ. «Երբ դատավորը գործի դատական քննություն նշանակելու մասին որոշում է կայացրել, խափանման միջոցը թողել էր նույնը` առանց որեւէ պատճառաբանության: Այնինչ ՀՀ Սահմանադրությամբ եւ Մարդու իրավունքների կոնվենցիայով նախատեսված է, որ անձնական ազատության սահմանափակումը, պետք է լինի փաստարկված եւ պատճառաբանված որոշումների հիման վրա: Սա նշանակում է, որ պետք է լինի հիմնավոր կասկած, որ մարդը կատարել է հանցագործություն, որն իրեն մեղսագրվում է: Պետք է լինի կամ արդարադատությունից թաքնվելու ռիսկ, կամ արդարադատությանը խոչընդոտելու ռիսկ, կամ հասարակական կարգի խախտման ռիսկ: Այս երեք ռիսկերից ոչ մեկը ոչ միայն հիմնավորված չի, այլ դրանց մասին խոսք անգամ չկա», - միջնորդության հիմնավորման մասին մեզ հետ զրույցում ասաց փաստաբանը: Դատավորը մերժեց միջնորդությունը` պատճառաբանելով, որ խափանման միջոցը չփոխելը չի նշանակում, թե դատավորը անաչառ չէ, այնինչ միջնորդության հիմքը ոչ թե կողմնակալության հարցն էր, այլ Սահմանադրության խախտմամբ մարդուն ազատությունից զրկելու խնդիրն էր: Մերժում ստանալուց հետո փաստաբանը հանդես եկավ մի այլ միջնորդությամբ` ամբաստանյալի խափանման միջոցը փոխելու մասին. «Մենք միջնորդեցինք, որպեսզի դատարանը կամ փոխի խափանման միջոցը, կամ գրավ կիրառի եւ որոշի գրավի գումարը, որը վճարելով մեր պաշտպանյալը կարող էր ազատ արձակվել»: Դատավորը մերժեց նաեւ այդ միջնորդությունը եւ դատն ընդհատեց: Հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 5-ին:

Հովհաննես Ղազարյանի դատը ամբաստանյալի միջնորդությամբ հետաձգվեց մինչեւ մայիսի 7-ը: Նման միջնորդության պատճառը մեղադրյալի փաստաբան չունենալն էր:

Մենք վերն ասել էինք, որ Շենգավիթ համայնքի դատարանում պետք է քննվեր Իսահակ Մալխասյանի դատը: Նա մեղադրվում է քրօրի 316 հոդվածի 1-ին մասի եւ 235-ի 4-րդ մասի հատկանիշներով: Երկրորդ հոդվածը ենթադրում է «նետողական զենք կրել», որը պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ` մինչեւ երկու տարի ժամկետով: Մալխասյանը մարտի 1-ին քննվել է որպես վկա, 2-ի գիշերը որպես կասկածյալ ձերբակալվել է եւ հարցաքննվել, 3-ին մեղադրանք է առաջադրվել, 4-ին` կալանքը որպես խափանման միջոց կիրառելու պահանջով քննչական խումբը մտել է դատարան, «ըստ որում` որեւէ ապացույց չունենալով, եւ դատարանն էլ բավարարել է միջնորդությունը», - ասում է նրա փաստաբան Սեդա Սաֆարյանը: Դատական նիստն այդպես էլ չկայացավ: Դատավորի ներս մտնելու պահին դահլիճը հրաժարվեց ոտքի կանգնելուց` պատճառաբանելով, որ իրենք չեն հարգում մեր դատարաններին: Դատավորը որոշեց ցույց տալ իր ամուր բնավորությունը եւ պահանջեց կամ ոտքի կանգնել, կամ դուրս գալ. «Նրանք, ովքեր չեն հարգում դատարանը` թող դուրս գան դահլիճից»: «Չհարգողները» հրաժարվեցին դուրս գալուց եւ պատասխանեցին, որ կհարգեն դատարանը եւ ոտքի կկանգնեն, երբ կտեսնեն նրա անաչառությունը: Դատավոր Պողոսյանը սկզբից ինքը դուրս եկավ, բայց հետո վերադառնալով` անվտանգության աշխատակիցներին հրահանգեց դուրս անել բոլորին: Մասնակիցները դուրս եկան դահլիճից, բայց նախասրահում ձեռնարկեցին բողոքի ակցիա: «Մենք մեր դատարաններից արդարադատություն չենք տեսել, ինչու պիտի հարգենք նրանց: Մի ամբողջ համակարգ մտել է Սեժիկի ու Ռոբերտի կրունկի տակ, ու ուզում են, որ մենք հարգե՞նք իրենց: Այդ հարգանքը վաստակել է պետք եւ ոչ թե այսպես փորձել պարտադրել», - ասում էր կանանցից մեկը: Խումբը վանկարկելով Ազատության հրապարակի լոզունգները` պահանջում էր դատավորից ներս թողնել իրենց: Պողոսյանը հայտարարեց, որ այդ պայմաններում ինքը չի կարող աշխատել եւ դատը հետաձգեց: Հաջորդ նիստը նշանակված է մայիսի 8-ին, ժամը 12-ին:

Հարկ է նկատել, որ տիկնոջ ասած հարգանքին արժանանալու փոխարեն, հավանաբար դատավորի պահանջով, լիքը ոստիկանական ուժեր եկան «դեպքի վայր»:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.