“Zhamanak” Armenian-American Political Daily

Տիգրան Թորոսյանը՝ կոտ Լեոպոլդի տոնով

13:10 Yerevan | 9:10 GMT | Tuesday 29 April 2008

Հեղինե Մանուկյան

Երեկ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ԱԺ-ում ասուլիս էր հրավիրել, որպեսզի լրացուցիչ անգամ լուսավորի նրանց, ովքեր նրա ձեւակերպմամբ՝ «ոչ ճիշտ» հարցադրումներ են հնչեցնում ԵԽԽՎ բանաձեւի եւ «Հանրահավաքներ, երթեր ու ցույցեր անցկացնելու մասին օրենքի» վերաբերյալ:

«Մենք անպայման պիտի օրենքում նոր փոփոխություններ անենք՝ այն լիարժեքորեն համապատասխանեցնելով եվրոպական չափանիշներին»՝ ահա այսպիսի մտքի փայլատակում ունեցավ Թորոսյանը անդրադառնալով «Հանրահավաքներ, երթեր, ցույցեր անցկացնելու մասին» օրենքին: Պարզ չէ միայն՝ Թորոսյանի պատկերացրած «եվրոպական չափանիշները» ի՞նչ չափով են առնչվում իրական եվրոպական չափանիշներին: Ինչ վերաբերում է ԵԽԽՎ բանաձեւին. նշենք, որ բանաձեւի կապակցությամբ Թորոսյանը ժամանակ առաջ խրոխտ հայտարարել էր, թե բոլորովին էլ պարտադիր չէ այդ բանաձեւի պահանջներն ամբողջությամբ ի կատար ածել (այսինքն` ծաղկաքաղ անելու տրամաբանությամբ)՝ «կատարելով այն պահանջները, որոնք բխում են հայ ժողովրդի շահերից»: Եվ ահա, անդրադառնալով այդ առնչությամբ ցայսօր տրվող «ծիծաղելի» հարցադրումներին` Թորոսյանը ծոր տվեց. «Անցած 7 տարիների ընթացքում, երբ Հայաստանը դարձել է եւ եղել է ԵԽ անդամ, ես վերջին մարդը չեմ եղել Հայաստանում, որը ջանքեր է գործադրել Հայաստանի օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու համար: Կան բազմաթիվ մարդիկ, ում հետ աշխատանք է արվել, բազմաթիվ վկայություններ, օրենքներ, սահմանադրական փոփոխություններ, այնպես որ` ջանքերը` ցույց տալ, թե իբր թե ես դեմ եմ, որ ԵԽԽՎ բանաձեւերը կարեւոր չեն...չէ, չպետք է բանի տեղ դնել` սրանք անիմաստ են եւ իզուր: Ասել եմ եւ մեկ անգամ եւս պիտի կրկնեմ` մենք պիտի ցանկացած առաջարկ ու փաստաթուղթ հաշվի առնենք, եթե դրանք ուղղված են Հայաստանում ժողովրդավարության խորացմանն ու ամրապնդմանը: Բանաձեւի հետ կապված ասել եմ ու հիմա եւս ուզում եմ կրկնել՝ այո, կան իրադարձությունների հետ կապված ձեւակերպումներ, որոնք գտնում եմ, որ լիովին չեն ներկայացնում այն, ինչ տեղի է ունեցել մարտի 1-2-ին: Ինչ վերաբերում է մեր անելիքներին. այն բոլոր հարցադրումները, որոնք բանաձեւում ներկայացված են, պիտի անպայման լուրջ ուշադրության արժանանան, եւ Հայաստանում շտկվեն այն թերությունները, որոնք ժողովրդավարության, օրենսդրության մեջ եւ ընդհանրապես մեր կյանքում կիրառման հետ կապված՝ գոյություն ունեն», - լավատեսություն ներշնչեց ԱԺ նախագահը, ապա հռետորական հարց տվեց. «Որեւէ մեկը մի՞թե չգիտի, որ Հայաստանում դեռեւս լուրջ անելիք ունենեք ժողովրդավարության խորացման եւ ամրապնդման հետ կապված. լուրջ անելիք քաղաքացիական հասարակության ձեւավորման, քաղաքական կուսակցությունների հետ կապված, ընդդիմություն եւ քաղաքական մեծամասնություն հարաբերությունների կարգավորումների հետ կապված»: Մեծագույն բարեբախտություն է ըղձական տոնով այսպիսի անկեղծ խոստովանություն լսել երկրիդ օրենսդիր մարմնի նախագահի կողմից, մանավանդ որ` վերջինս «լուրջ անելիքների» շարքում հատուկ ընդգծում է «հանդուրժողականության մթնոլորտի ստեղծումը, կոռեկտությունը, ստից ու կեղծիքներից, անհեթեթ մեղադրանքներ ներկայացնելուց հրաժարվելը»: Պարզվում է` Թորոսյանը, բացի այն, որ «Ռեբյատա, դավայտե ժիտ դրուժնո» մուլտֆիլմի կոտ Լեոպոլդի պես վեհ բաներից է խոսում, նաեւ հումորի արտակարգ զգացում ունի: Օրինակ` այն հարցին, թե ի՞նչ կերպ է պատկերացնում երկխոսությունն ընդդիմության ու իշխանությունների միջեւ, որի մասին նույն եվրոպական կառույցները տեւական ժամանակ է՝ անընդհատ «կաթացնում են», Թորոսյանն իր հերթին «կաթացրեց». «Վերացական երկխոսություն՝ եղանակից, տապից կամ ցրտից՝ սա անիմաստ մի բան է: Պետք է հստակ ձեւակերպել` որո՞նք են հարցադրումները, որոնք երկխոսության ժամանակ պետք է քննարկվեն, ո՞րն է ձեւաչափը, ինչպե՞ս պետք է որոշումներ ընդունվեն»: Ոնց գցում-բռնում ենք՝ իշխանությունների երկխոսություն սկսելու պատրաստակամությունը եղանակային թեմաներից դենը ձգվելու միտում չունի, այն հազիվ կհերիքի «հանդուրժողականության» մթնոլորտում ցրտի ու տապի օգուտների ու վնասների մասին «կոռեկտ» վերլուծություններ անելու համար: Ի դեպ, Թորոսյանին երեք անգամ հարց ուղղվեց մարդու իրավունքների պաշտպանի վերջին զեկույցում ներկայացված գնահատականների կապակցությամբ, սակայն պատասխան այդպես էլ նրա կողմից չտրվեց: Առաջին երկու հարցադրումները Թորոսյանը մի կերպ «ցրեց», իսկ երրորդ հարցի ժամանակ, երբ կոնկրետ հարց տրվեց, թե որպես օրենսդիր մարմնի ղեկավար պարզե՞լ է զեկույցում հնչած այն հարցի պատասխանը, թե ո՞վ է հրահանգել մարտի 1-ին կրակել ցուցարարների վրա եւ թե ի՞նչ էր անում այդտեղ նախագահի թիկնազորի պետ Գրիգորի Սարկիսյանը: Պարզվեց, որ Թորոսյանը մանրամասն չի հասցրել ծանոթանալ այդ զեկույցին. «Ես կարծում եմ, որ ցանկացած հարցադրում, ինչքան էլ այն սուր լինի ու որեւէ մեկին դուր չգա, այն պետք է հնչի եւ դրա պատասխանը նույնպես հնչի: Դա է միակ ճանապարհը ասեկոսեներից, զրպարտանքներից խուսափելու համար»: Հարցադրման պատասխանը Թորոսյանը ակնկալում է ստանալ այդ գործողություններն իրականացրած պատասխանատուներից:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.