|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Գոնե այդ դեպքում մտածեն13:08 Yerevan | 9:08 GMT | Tuesday 29 April 2008Արամ Ամատունի Հայաստանի քաղաքական դաշտում, հատկապես պետական իշխանության մեջ գտնվող գործիչների շրջանում, մետամորֆոզները, նույնիսկ ակնթարթային, եւ օրը երեք անգամ` ճաշից առաջ կամ հետո, բոլորովին էլ նոր ու զարմանալի երեւույթ չեն: Հատկապես պաշտոնյաների դեպքում մենք սովոր ենք, որ առավոտյան մի բան են ասում, կեսօրին անում են մեկ այլ բան, իսկ երեկոյան հեռուստատեսությամբ երդվում են բոլորովին այլ գործերի համար: Սակայն այդ ամենով հանդերձ, թե մեր, թե նաեւ հասարակության մի զգալի մասի հետաքրքրությունը շարժեց այն կերպարանափոխությունը, որ ունեցավ քաղաքական եւ պետական գործիչ Տիգրան Թորոսյանը: Հայաստանի քաղաքական դաշտի ամենից հեզ, ամենից խաղաղասեր, ամենից հանդուրժող կերպարներից մեկը, հատկապես միջազգային կառույցների հետ հարաբերություններում, հանկարծ դարձավ իսկական «բազե», ընդ որում` ոչ թե համահայկական երիտասարդական հավաքին, այլ նույնիսկ ԱՄՆ Հանրապետական վարչակազմին արժանի բազե: Կարելի է վստահ կարծել, որ ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Դոնալդ Ռամսֆելդն անգամ կնախանձեր այն համարձակությանը, որ Եվրոպայի եւ ընդհանրապես աշխարհի հետ հարաբերության առումով ցուցադրում է Տ.Թորոսյանը` սկսած արտակարգ դրության ժամանակներից: Մինչեւ հիմա էլ Տ.Թորոսյանը շարունակում է մնալ իր այդ համարձակ կեցվածքում, ինչը հիմք է տալիս ենթադրել, որ կամ նա մինչեւ հիմա տեղյակ չէ, որ Հայաստանում արտակարգ դրությունը վաղուց արդեն վերացված է, կամ էլ նրան տվել են հանդգնության, համարձակության, աշխարհի ու դրա տված հորդորների վրա թքած ունենալու հիմնավոր երաշխիքներ: Այլապես...եթե ոչ մեկն է, ոչ մյուսը, Տ.Թորոսյանի կերպարանափոխությունը դառնում է ոչ միայն զարմանալի, ոչ միայն տարօրինակ, այլ նաեւ պետության համար վտանգավոր, որովհետեւ եթե պետության երկրորդ դեմքը ցուցաբերում է չհիմնավորված ու չպատճառաբանված հանդգնություն ու համարձակություն, ապա որքան էլ դա հերոսական դիտվի տարոնականության եւ նժդեհականության գաղափարական բարձունքներից, այդուամենայնիվ ժամանակակից աշխարհում դա կարող է լրջորեն խարխլել պետության դիրքերը դիվանագիտական ճակատներում: Ի՞նչն է խնդիրը: Տ.Թորոսյանը երեկ հանդես է եկել հերթական խրոխտ հայտարարությամբ` ասելով, թե ընդդիմության երկխոսության կոչ անողները պետք է ճշտեն այդ երկխոսության ձեւաչափն ու թեման: Եթե նկատի ունենանք, որ այդ երկխոսության կոչն անում են Եվրոպան, մասնավորապես` ԵԽԽՎ-ն, ինչպես նաեւ Միացյալ Նահանգները, ապա կարելի է արձանագրել, որ Տ.Թորոսյանը ուղղակի հենց նրանց է դիմում, երբ ասում է, որ երկխոսությունը չի կարող աբստրակտ լինել կամ լինել ասենք թե եղանակի մասին: Հիմա, եթե Եվրոպան ու ԱՄՆ-ն իսկապես ցանկանում են, որ Հայաստանի իշխանությունը երկխոսություն սկսի ընդդիմության հետ, ապա կասկածից վեր է, որ պետք է շտապ կարգով որոշակիացնի այդ երկխոսության ձեւաչափը եւ թեման, քանի դեռ Տ.Թորոսյանն ավելի չի կոշտացրել իր խոսքը: Իսկ որպեսզի ավելորդ ժամանակ չկորցնեն, ճիշտ կլինի երեւի թե, որ Եվրոպան մտածի երկխոսության թեման, իսկ ԱՄՆ-ն էլ մտածի ձեւաչափի մասին: Այդպես ավելի արագ կլինի, եւ Տ.Թորոսյանը հունից դուրս չի գա: Դժվար է իհարկե ասել, թե ինչ կլինի, եթե նա դուրս գա հունից: Բայց ամեն դեպքում, ինչպես ասում են, մարմանդ գետից է պետք վախենալ: Բայց մյուս կողմից էլ` Տ.Թորոսյանի ասածի մեջ, որքան էլ տարօրինակ թվա, կա ռացիոնալության բավական զգալի պաշար: Իսկապես, եթե չի հստակեցվում ձեւաչափն ու թեման, ապա երկխոսության մասին ցանկացած խոսք ուղղակի ավելորդ է: Սակայն այդ դեպքում ավելորդ է ոչ միայն Եվրոպայի ու ԱՄՆ-ի կոչը, այլ նաեւ իշխանավորների, ընդհուպ ամենագլխավորի` Ս.Սարգսյանի երկխոսելու պատրաստակամությունը: Ավելին` ԱՄՆ-ն եւ Եվրոպան պարտավոր էլ չեն երկխոսության ձեւաչափ կամ թեմա առաջադրել, իսկ ահա Ս.Սարգսյանը, որ հայտնում է իր պատրաստակամությունը, պարտավոր էր կոնկրետանալ եւ ասել` ինչի՞ շուրջ է երկխոսություն ցանկանում ծավալել եւ ի՞նչ ձեւաչափով: Միգուցե ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն եւ Ս.Սարգսյանի մյուս սպասավորները նրան հասկանում են անգամ կես խոսքից եւ կարիք չկար նրանց համար ձեւաչափ ու թեմա նշել, ամեն ինչ առանց դրա էլ պարզ է. ձեւաչափը` որեւէ օբյեկտ, թեման` որեւէ պորտֆել: Բայց եթե խոսքը իրապես ընդդիմության հետ երկխոսության մասին էր, ապա դրան պատրաստ մարդը պիտի գոնե պատկերացներ ու ասեր, թե ինչ ձեւաչափի էր պատրաստ: Այնպես որ, Տ.Թորոսյանն ըստ էության այնքան է տաքացել միջազգային հանրության դեմ, որ չի էլ նկատում, որ հընթացս նաեւ իր կուսակցական ու իշխանական ղեկավարին է մի թեթեւ նախատում: Բայց դա անում է արդարացի, ստիպված ենք նկատել եւս մեկ անգամ, եւ քանի որ գործ ունենք արդարացի քայլի հետ, փորձենք օգնել Տ.Թորոսյանին` թեմայի հարցում: Ընդդիմության ու իշխանության թեման, հարգարժան պարոն Թորոսյան, շատ պարզ է ու հստակ` Հայաստանի Սահմանադրությունն ու օրենքները: Միգուցե երկխոսության կոչ անող ամերիկացիներն ու եվրոպացիները հենց դրա համար է, որ թեմայի մասին չեն նշել` մտածելով, որ ինչ-ինչ, բայց առնվազն օրենսդիր մարմնի ղեկավարը պետք է որ հասկանա, որ երկրում քաղաքական տարբեր ուժերի երկխոսության ինչ թեմա էլ լինի կամ չլինի, օրենքն ու Սահմանադրությունը որպես թեմա կան ու կան: Իհարկե, Տ.Թորոսյանն ասում է, որ ընդդիմությունը չի ընդունում երկրի օրենքներն ու Սահմանադրական դատարանի որոշումը, էլ ինչպես երկխոսեն նրա հետ: Այո, ընդդիմությունը չի ընդունում, որովհետեւ այն օրենքները, որոնք Տ.Թորոսյանն ու նրա կուսակցությունը փորձում են պարտադրել ընդդիմությանը, լիովին հակասության մեջ են մտնում Հայաստանի Սահմանադրության հետ, այդ թվում եւ Սահմանադրական դատարանի հայտնի որոշումն ընտրությունների արդյունքների մասին: Այնպես որ, ահա երկխոսության եւս մի հրաշալի թեմա, այն մասին, թե ինչպես է ստացվել, որ այդ օրենքներն ու դատարանի որոշումը չեն համապատասխանում երկրի Մայր օրենքին: Հետեւաբար ճիշտ կլինի, որ Տ.Թորոսյանը եւ ի դեմս նրա` նաեւ ամբողջ համակարգը, եթե կառավարելու ընթացքում չեն մտածում, գոնե մտածեն ընդդիմության հետ երկխոսությունից խուսափելու արդարացում փնտրելիս: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՍնանկ իշխանություններ, դատարկ պնակներ...Ինչպես ասում են` քեֆ անողի քեֆը չի պակասի, իսկ պնակալեզների համար էլ` պնակը: Կամ` ինչպես ի տարբերություն հին հռոմեացիների... ՔաղաքականԱրժանապատվորեն...Ահա այսպես: Եվ յուրաքանչյուրը նաեւ պատիվ է համարում իր համար սա: ԱշխարհՄեղադրանքԱյսօր Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում փորձ է արվում արդարացնել իշխանությունների կողմից բռնության... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |