“Zhamanak” Armenian-American Political Daily

Թիվ մեկ կանոնը

13:06 Yerevan | 9:06 GMT | Tuesday 29 April 2008

Գոհար Բարսամյան

Հայ իրականությունում առկա են իրողություններ, որոնք ընդհանուր են բոլոր ժամանակների համար, եւ դա կապված է մեր էթնիկ հոգեբանության հետ: Մեր զգացմունքայնությունը միշտ էլ մեզ խանգարում է. փոխհարաբերությունների հիմնախնդիրներ ունենալիս հարկ է շունչ քաշել եւ գործել բանականորեն: Մարդկային հարաբերություններում անգամ թշնամության, ատելության զգացում ունեցողը վնասում է նախեւառաջ բացասական այդ զգացմունքները ունեցողներին: Սա կարեւոր կանոն է մարդկային եւ, ինչու՞ ոչ, միջպետական հարաբերությունների իմաստով:

Վերջերս հրապարակվեց Ջեյսոն Էփշտեյնի «Հայաստանը իրական եւ ոչ թե խորհրդանշական օգնության կարիք ունի» տպավորիչ հոդվածը. նախ` ընկալում ես, որ քո զգացածը եւ իմացածը միայն դու չգիտես. աշխարհը իրազեկ է Հայաստանի հիմնախնդիրներին, այն էլ` ողջ խորքով: Փողոցի մուրացիկներին միշտ չէ, որ գթասիրտ վերաբերմունքի ես արժանացնում: Եթե կա կյանքի դժվարությունները հաղթահարելու արժանապատիվ ձեւ, հակառակը ի՞նչ իմաստ ունի: Որքա՞ն ժամանակ մենք դոնորի, օգնության կարիք կունենանք... Ստրկահաճ դիրքերն արդյո՞ք ադեկվատ վերաբերմունք են առաջացնում: Իսկ երբ դա նկատում են այլոք, սա արդեն մեկնաբանության ենթակա չէ: Փորձագետ Ջեյսոն Էփշտեյնը իր հոդվածը սկսում է այսպես. «Հայերը անհանգիստ ազգ են... Չնայած ամերիկյան բազմամյա օգնությանը, Հայաստանի տնտեսությունը աղետալի վիճակում է: Կոռուպցիան տեղային համաճարակ է. հասարակական հարստությունը հօգուտ օլիգարխների է. գործազրկությունը բարձր մակարդակի է, իսկ առաջին անհրաժեշտության ապրանքների գներն անընդհատ աճում են: Զարմանալի չէ, որ երկրի բնակչության թվաքանակը մշտապես պակասում է: Վերջին մարդահամարի տվյալներով` Հայաստանում կա 3 միլիոն հայ»: Հարկ է ընդգծել փորձագետի դիտարկումը` կապված Հայաստանի հետընտրական գործընթացների հետ. նա մասնավորապես նշում է, որ միջազգային հանրությունը կարեւորում է երկրի ներսում բռնություններից խուսափելը, սակայն փորձագետ Ջեյսոն Էփշտեյնը ցավալի է համարում հայ սփյուռքի գաղջ վերաբերմունքը կատարվածի հանդեպ: Բացի այդ` նա շեշտում է, որ Հայկական ամերիկյան համագումարը այդ օրերին մի քանի անուղղելի հայտարարություններ է արել, ըստ որում` դրանցից մեկը վերաբերում էր բռնությունները վերջ տալուն եւ օրենքի գերակայությանը, որից կարելի է հետեւություն անել, որ չի ընկալվում մեղքի զգացողությունը: Բացի այդ` փորձագետի աչքից չի վրիպում այն հանգամանքը, որ հզոր կազմակերպական ներուժը կենտրոնանում է էմոցիոնալ հարցերի վրա. հայ-ամերիկյան խումբը արտակարգ միջոցներ, ժամանակ եւ ներուժ է ծախսում` Սպիտակ տանը կոչ անելով ճանաչել Օսմանյան տերության ժամանակ իրականացված Հայոց ցեղասպանությունը: Այս աշխատանքը խթանվել է բազում տարիների ընթացքում` նույնիսկ շրջանցելով թուրք-ամերիկյան ռազմավարական սերտ կապերը, եւ դա Միացյալ Նահանգների համար այն պահին, երբ Պենտագոնը էապես կախված է Աֆղանստանում եւ Իրաքում ընթացիկ գործողություններին թուրքական աջակցությունից: Ջեյսոն Էփշտեյնը վկայակոչում է այն, որ փորձագետ Սթյուարդ Ռոտենբերգը այս բանաձեւը համարում է 2007 թվականի «ամենահոգնած» բանաձեւը: Ինչո՞ւ... Միջպետական կարեւորություն ունեցող հիմնախնդիրները իրապես չեն կարգավորվում զգացական հողի վրա. սա մեր դիվանագիտության մեծ բացն է, երբ անտեսում են միջազգային իրավունքի շրջանակներում հնարավոր առավելագույնին հասնելը: Հարց է ծագում` ո՞րն է առաջին քայլը, որո՞նք են հաջորդ քայլերը...

Ջեյսոն Էփշտեյնը մատնանշում է Հայաստանի իրական զարգացման ուղին. նրա կարծիքով` Հայաստանում եւ Սփյուռքում պետք է գիտակցեն, որ Ս.Սարգսյանի վրա ճնշում գործադրելու միջոցով կառավարությունը պետք է օպերատիվորեն իրական տնտեսական բարեփոխումներ անցկացնի` ժողովրդավարության համագործակցությամբ, իրական միջոցներ ձեռնարկելով Ղարաբաղյան կարգավորման համար եւ ընդհանուր լեզու գտնի Թուրքիայի հետ` գրեթե 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների շուրջ: Թուրքական հասարակությունում եւս առկա է երկու ժողովուրդների խաղաղ ապագայի մտայնությունը: Մեկնաբան Վերիչան Զիֆլիօղլու դիտարկմամբ` եկել է նոր մոտեցումների ժամանակը. «Մենք ապրել ենք իբրեւ թշնամիներ, իսկ այժմ պետք է աշխատենք հանուն խաղաղության»:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.