“Zhamanak” Armenian-American Political Daily

Երկրորդ ընթերցմամբ կամ` ու՞մ բոստանն է քար գցում Արմեն Հարությունյանը

12:58 Yerevan | 8:58 GMT | Tuesday 29 April 2008

Գայանե Հակոբյան

Թերթի նախորդ համարում Կարինե Հարությունյանը անդրադարձել էր մարդու իրավունքների պաշտպանի զեկույցին` առաջին ընթերցմամբ: Իսկ երկրորդ ընթերցման ու դրան անդրադարձի անհրաժեշտությունը, պարզվեց, կա, երբ ծանոթացա զեկույցի ամբողջ բովանդակությանը:

Եվ այսպես, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն իր զեկույցով փորձում է մի կրակոցով մի քանի նապաստակ խփել: Նախ՝ ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ որոշ օբյեկտիվ գնահատականներով, փորձում է ժողովրդի աչքին թոզ փչել, թե ինքը իսկապես փորձում է «իրեն ճիշտ պահել որպես օմբուդսմեն, որպեսզի վստահություն առաջանա այդ ինստիտուտի նկատմամբ»: Երկրորդ՝ փորձում է մաքրել իր նոր տիրոջ՝ Ս.Սարգսյանի վերջին տասը տարվա քաղաքական անցյալը, լվալ նրա արյունոտ ձեռքերը՝ կապված Մարտի 1-2-ի դեպքերի հետ ու վերջին իրադարձությունների ամբողջ մեղքը բարդել Ռ.Քոչարյանի վրա: Երրորդ՝ փորձում է Ս.Սարգսյանի համար սրանով միայնակ եւ ինքնուրույն գործելու ճանապարհ բացել, քանի որ նախկին վարչապետն ու իրեն երկրի նախագահ երեւակայող մարդը փափագում է, ի վերջո, ֆուկ անել իր` բոլոր հարցերում մարտական ընկերոջը: Չորրորդ՝ Արեւմուտքին հավատացնել, թե էս երկրում վերջապես մեկը գտնվեց, որը համարձակվեց ամենին նայել ժողովրդավարության պաշտպանյալի աչքերով, եւ այդ մեկը, ոչ ավել-ոչ պակաս, ինքը՝ օմբուդսմենն է: Մնացած նպատակները սրանց ածանցյալն են ընդամենը: Ե՞վ:

Նախ՝ զեկույցը ընթերցելով հայտնաբերեցի, որ ի թիվս բազմաթիվ «շնորհների», Արմեն Հարությունյանը նաեւ հոգեբանի արհեստին է տիրապետում: Արհեստ բառն այստեղ լրիվ արդարացված է, քանի որ խոսքը ոչ մասնագետ-հոգեբանի ուսումնասիրությունների, այլ իրավաբանի կրթությամբ ու շարքային չինովնիկի հոգեբանությամբ մարդու մտքերի մասին է: Մարդ, որը թացը չորի հետ խառնելով եւ աճպարարի՝ իր ընդունակությունների վրա հույս դնելով նույն այն երգն է երգում, ինչ երգում էին ռեժիմի սպասարկուները՝ սկսած գլխավոր դատախազից, վերջացրած պալատական հոգեբան-մտավորականներով: Նկարագրելով թե ինչպիսի տնտեսական, սոցիալական եւ այլ խնդիրներ կան երկրում եւ նշելով, որ նման իրականության մեջ ապրող հասարակությունը չի կարող իշխանությունից դժգոհ չլինել` պաշտպանը նույն այդ հասարակությանը անվանում է ծայրահեղ, իսկ իր իրավունքների վերահաստատման համար ծավալված ժողովրդական պայքարը՝ ծայրահեղական պահանջարկ: Այնուհետեւ խոսելով ժողովրդի արդարացի ընդվզման մասին` պաշտպանը ընդդիմության հաջողությունները կապում է Ռ.Քոչարյանի եւ «Հ1»-ի «սխալ մարտավարության» հետ. «Մի շարք արտահայտություններով եւ միակողմանի մեկնաբանություններով երկրորդ նախագահն ու «Հայլուրը» ուղղակիորեն օգնում էին ընդդիմադիրներին»: Պարզ է, չէ՞, ում բոստանն է քար գցում Արմեն Հարությունյանը: Հետագա շարադրանքում այս գաղափարը զարգացնելով` օմբուդսմենը հասնում է նրան, որ քիչ է մնում ուղղակիորեն մեղադրի միայն Քոչարյանի աջ ձեռք Գրիշա Սարկիսովին՝ մարտիմեկյան ջարդը կազմակերպելու, իրականացնելու, ղեկավարելու հարցում: Ավելին` պաշտպանի համարձակությունը հասել է այնտեղ, որ ժողովրդի դեմ կատարված սպանդի հարցում մեղադրում է նաեւ իր նախկին տիրոջը` հիշեցնելով փետրվարի 29-ին ԵՊՀ-ում Քոչարյանի արած հայտարարության մասին, թե. «Առկա լուծումներից առավել հավանականը ոստիկանների կողմից հրապարակի մաքրումն է»:

Զեկույցի հաջորդ բաժնում պաշտպանն անդրադառնում է մարտիմեկյան դեպքերին եւ պատմում, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Կարելի է կարծել, թե ինքն այնտեղ է եղել այդ ամբողջ ընթացքում: Իհարկե, Ֆրանսիայի դեսպանատան մոտ Արմեն Հարությունյանը եղել է որոշ ժամանակ եւ չէր կարող տեսած չլինել, որ ինքնաբուխ հավաքված ժողովրդի մեջ ծայրահեղականներ չկային: Ու այնտեղ եթե, ըստ պաշտոնական, տվյալների սադրիչներ եղել են, ապա ինքն այնքան լավ է գործից հասկանում, որ դժվար թե չիմանար, որ դրանք ռեժիմի վարժեցրած «թուլեքն» էին, որոնցից մեկը, ի դեպ, համարձակվեց հարվածել նույն Արմեն Հարությունյանի գլխին: Հավանաբար դրանից հետո է մոռացել, թե ինչպես էր փորձում Ֆրանսիայի դեսպանատան մոտ փրկություն փնտրող անօգնական ժողովրդին ուղղորդել դեպի «Դինամո» մարզադաշտ: Ու երբ լրագրողները հարցրին, թե բացառու՞մ է, որ Ազատության հրապարակում ժողովրդին ջարդող իշխանության համար ամենալավ տարբերակը չի «Դինամոն»` նկատի ունենալով, որ աչքից հեռու փակ տարածք է, պաշտպանը ասաց. «Դե ջարդում են, թող ջարդեն` ես էլ ձեզ հետ: Հետո կորոշենք` ինչ ենք անում»: Հարց է առաջանում. արդյո՞ք իրեն «ճիշտ պահելու փորձեր անող» պաշտպանը նույն` Քոչարյանի պատվերը չէր կատարում նույնիսկ ժողովրդի համար ճակատագրական այդ պահին:

Զեկույցի վերջին մասում մեր` անաչառ երեւացող, բայց իրականում ռեժիմի պատվեր կատարող Արմեն Հարությունյանը ժողովրդավարության վերաբերյալ իր գիտելիքներն է շարադրում, հետո դրանք փորձում է տեղայնացնել հայկական իրականության մեջ` մինչ իր նոր տիրոջը հավատարմության երդում տալու պահը, ապա` մտածելով, որ արդեն բավականաչափ դաշտը մաքրել է ինքնակոչի համար, եզրահանգում. «Նորընտիր նախագահը եւ ձեւավորվող իշխանական համակարգը շատ ծանր ժառանգություն ստացան»: Հետո էլ «մանկամտորեն» ավելացնում. «Իհարկե, ցանկալի կլիներ, որ ժառանգությունը այդքան ծանր չլիներ»: «Այդքանը», հավանաբար, վերաբերում է ռեժիմի` ի դեմս Սարգսյան-Քոչարյան զույգի` իրականացրած մարտիմեկյան ոճրագործությանը:

Մնացին մեր եզրահանգումները: Ամենեւին չկասկածելով Արմեն Հարությունյանի խելքին եւ ունակություններին, այնուամենայնիվ, համարձակվում եմ ոչ հռետորական մի հարց ուղղել հենց իրեն. «Ընդդիմության նկատմամբ պատվեր եք կատարում` հասկացանք, գիտեք, որ ընդդիմությունը հիշաչար չէ: Արեւմուտքի ու ժողովրդի աչքին թոզ եք փչում, դա էլ հասկացանք: Գիտեք, որ առաջինի դեպքում անաչառ խոսքը կարող է ազդեցություն ունենալ ու խաբվելու տեղ թողնել, իսկ երկրորդի դեպքում` դե միամիտ ժողովուրդ է, բարի խոսքի կարոտ ու համարձակությունը գնահատող: Էս բոլորը հասկացանք: Մի բան մնաց հասկանալու. էդքան միամիտ ե՞ք: Քոչարյանին, երեւում է, լավ չեք ճանաչում: Այ նա, հաստատ, չի ների»:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.