“Zhamanak” Armenian-American Political Daily

Դատարաններում էլ է ռեժիմը պարտություններ կրում

12:56 Yerevan | 8:56 GMT | Tuesday 29 April 2008

Գագիկ Աբգարյան

Կարելի է ասել, որ աշխարհում ընդունված նորմ է` դատողները բարոյա-հոգեբանական առավելություն են ունենում դատվողների, ամբաստանյալի աթոռին նստածների նկատմամբ: Հայաստանում այլ է:

Հայաստանում այս մարդիկ` դատողները, այնքան են վարկաբեկել իրենց, որ ամբաստանյալի աթոռին հայտնվածներից շատերին ժողովուրդը գրեթե անմեղ է համարում ու համակրանքով վերաբերվում, իսկ մարտիմեկյան իրադարձությունների պատճառով ձերբակալված, այսպես կոչված` հանցագործներին ընկալում է որպես հերոս եւ հենց այդպես էլ վերաբերվում նրանց: Այս առումով բացառություն չէր երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում սկսված Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի անդամ Դավիթ Մաթեւոսյանի դատը: Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել քրօրի 316 հոդվածի առաջին մասով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի համար ոչ վտանգավոր ուժի կիրառում, որը պատժվում է մինչեւ հինգ տարի ժամկետով ազատազրկմամբ: Մինչ դատական նիստին անցնելն ասենք, որ շենքում լիքը ժողովուրդ էր հավաքվել ու ինչպես ասում են` ասեղ գցելու տեղ չկար: Եվ ահա այդ ժողովրդին, ինչպես դա եղավ նաեւ Գյումրիի դատարանում, փորձեցին տեղավորել մի փոքր դահլիճում: Մարդիկ, բնականաբար, դժգոհեցին ու սկսեցին վանկարկել «մեծ դահ-լիճ, մեծ դահ-լիճ»: Մոտ կես ժամ մտածելուց հետո պատասխանատուները բավարարեցին նրանց պահանջը, սակայն մեծ դահլիճում ի հայտ եկավ մի այլ խնդիր` բազմաքանակ ոստիկանների առկայությունը դահլիճում: Դատարանի շենքը դղրդաց աղմուկից: Բոլորը միաձայն պահանջում էին, որ ոստիկանները դուրս գան դահլիճից: Բայց նրանց հակառակ, ոստիկանները համառորեն դուրս չէին գալիս: Ներս եկած դատավորը փորձեց սկսել նիստը, սակայն ներկաները թույլ չտվեցին: Դատավորը ստիպված լքեց իր «պոստը» ու գրեթե ժամուկես չէր գալիս նիստը վերսկսելու: Ի վերջո, համոզվելով, որ հավաքված բազմությունը ետ չի կանգնի իր պահանջից` դատավորի հրահանգով ոստիկանները դուրս եկան, եւ սկսվեց դատաքննությունը: Ըստ առաջադրված մեղադրանքի` 2008թ.-ի մարտի 1-ին, ժամը յոթի սահմաններում, ոստիկանության աշխատակիցները, ունենալով օպերատիվ տվյալներ Ազատության հրապարակում առկա զենք-զինամթերքի մասին, ձեռնարկել են միջոցառումներ վերը նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Այս ընթացքում Դավիթ Մաթեւոսյանը, չենթարկվելով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցներ Հարություն Քարտաշյանի եւ Եղիա Կարախանյանի օրինական պահանջներին, հրելու եւ քաշքշելու եղանակով վերջիններիս նկատմամբ գործադրել է բռնություն, որից հետո ենթարկվել է բերման: Մեղադրանքի հիմքում ընկած է վերը նշված ոստիկանների ցուցմունքը, ովքեր գործով հանդես են գալիս որպես վկա: Դ.Մաթեւոսյանին բերման ենթարկած ոստիկաններից բացի` այլ վկա չունենալու փաստը փաստաբան Հովիկ Արսենյանը գնահատեց որպես ապացույցի բացակայություն. «Եթե քրեական գործը, բացի ոստիկաններից, այլ ապացույցներով չի ապացուցվում, սա հավասարազոր է ապացույց չունենալուն»: Որ նշված գործը իշխանությունների հերթական «թխվածքն» է` կասկած չի հարուցում: Սա ապացուցվում է թեկուզ այն փաստով, որ սկզբից մեղադրանք է առաջադրվել 225 պրիմ հոդվածի երկրորդ մասով` անօրինական ցույցեր, երթեր կազմակերպել, հետո հոդվածը փոխել են 316-ի երկրորդ մասով` իշխանության ներկայացուցչին վտանգավոր դիմադրություն ցույց տալ, ի վերջո` մեղադրանքի որոնումները կանգնում են 316-ի առաջին մասի` ոչ վտանգավոր դիմադրության վրա: Փաստորեն քրեական գործը հարուցվել է ընդամենը երկու ոստիկանի զեկուցման հիման վրա` առանց մատնանշելու, թե կոնկրետ քրեական ինչ արարք է գործել տվյալ քաղաքացին. «Երկու ոստիկան Հյուսիսային պողոտայի եւ Աբովյան փողոցի հատման անկյունում մոտեցել են մեկին ու առանց սանկցիայի, առանց կոնկրետ մեղադրանք ներկայացնելու` պահանջում են ցույց տալ գրպանի պարունակությունը կամ փորձում են բերման ենթարկել: Այսպես մեզանից յուրաքանչյուրին երկու ոստիկան կարող են հանցագործ սարքել: Հիմնավորված չի դիմադրություն ցույց տալու փաստը, ասենք` ձեռքը ետ քաշելը դիմադրություն ցույց տա՞լ է: Ո՞րն է սահմանը», - մեզ հետ զրույցում ասում էր Մաթեւոսյանի պաշտպան Արտավազդ Փարսադանյանը: Նա միջնորդեց դատարանին հատուկ քննչական խմբից պահանջել Հովհաննես Մարությանի եւ Արմեն Օհանյանի վերաբերյալ նյութերը, ովքեր Դավիթի հետ են եղել ոստիկանների մոտենալու պահին եւ պնդում են, որ նրա կողմից որեւէ դիմադրություն ցույց չի տրվել եւ դատակոչել դատարան: Ի դեպ, վկայություն տալու պատրաստակամության մասին նրանք նամակ են գրել քննչական խմբին: Փաստաբանը նաեւ միջնորդեց փոխել խափանման միջոցը, քանի որ նրա անձը հասարակության համար վտանգ չի ներկայացնում եւ քրեական հետապնդումը դադարեցնել հանցակազմի բացակայության պատճառով: Միջնորդություններով հանդես եկավ նաեւ Դ.Մաթեւոսյանը` քանի որ իր նկատմամբ առաջադրված մեղադրանքի հոդվածը փոխվել է` խիստը փոխվել է ավելի մեղմով, հետեւաբար պետք է փոխվի նաեւ խափանման միջոցը: Մյուսով միջնորդում է հարցերին պատասխանելու համար դատարան կանչել ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արարատ Մահտեսյանին, քանի որ ամեն ինչ պետք է սկսել սկզբից. «Եթե չլիներ ցույցը ցրելու նրա հրամանը` չէր լինի նաեւ այս ամենը»: Մեղադրող դատախազ Աշոտ Նադոյանը, բնականաբար, միջնորդեց մերժել բոլոր միջնորդությունները, ինչից հետո դատարանը գնաց խորհրդակցական սենյակ` միջնորդությունների ճակատագիրը որոշելու նպատակով: Մոտ երկու ժամ մտածելուց հետո դատարանը որոշեց խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը մերժել, իսկ մյուս միջնորդություններին անդրադառնալ Դ.Մաթեւոսյանի ցուցմունք տալուց հետո: Դրանով նիստն ընդհատվեց: Շարունակությունը տեղի կունենա մայիսի 5-ին:

Հ.Գ. Դատավորի որոշմանը սպասելու երկու ժամվա ընթացքում, երբ դատավարության մասնակիցներն անընդհատ վանկարկում էին «Ազատ, անկախ Հայաստան», «Լեւոն` նախագահ, Սերժիկ` լյա, լյա, լյա» եւ այլն, դատախազ Ա.Նադոյանի նյարդերը չդիմացան, եւ նա արագ դուրս եկավ դահլիճից, ինչին հետեւեց ժողովրդի արձագանքը` «Ա-մոթ, ա-մոթ»:

Արխիվ
Վերլուծական

Որտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերը

Կուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված...

Քաղաքական

Վարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համար

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր...

Աշխարհ

Գլոբալիզացիան շարունակվում է

Ի տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.