“Zhamanak” Armenian-American Political Daily

Մանիֆեստ

12:54 Yerevan | 8:54 GMT | Tuesday 29 April 2008

Մենք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, մեր երկրի իրական եւ օրինական տերերս, գիտակցելով, որ զրկվել ենք մեր երկրին ազատորեն իշխելու բնատուր, սահմանադրական իրավունքից, հայտարարում ենք, որ այսուհետ մեր ողջ կարողություններն ուղղորդելու ենք մեր իրավունքների հանդեպ բոլոր ոտնձգությունների դեմ:

Մենք գիտակցում ենք, որ

Հայաստանի ժողովուրդը զրկվել է իր պետությունում իր կյանքն ու կենսագործունեությունը ձեւավորելու հնարավորությունից, մինչդեռ քաղաքացիների կյանքի վրա ազդելու եւ այն կարգավորելու իրական լծակները բռնազավթված են պետական Օրենքը չճանաչող եւ իրենց օրենքները երկրին թելադրող խմբավորումների կողմից,

Հայաստանում 1991թ. հանրահռչակված պետականությունը վերոնշյալ պատճառներով չի ստացել իր սահմանադրական մարմնավորումը, ինչը սպառնալիք է Հայաստանի ժողովրդի՝ ընդհուպ մինչեւ ֆիզիկական գոյությանն ու զարգացմանը:

Մենք խորապես մտահոգված ենք, որ

2008թ.-ի հերթական նախագահական ընտրությունների անցկացման եւ հետընտրական փուլում Հայաստանի քաղաքացիներն իշխանությունը բռնազավթած քաղաքական ռեժիմի կողմից ենթարկվեցին աննախադեպ սադրանքի, որը հանգեցրեց մարդկային զոհերի եւ անօրինականությունների ալիքի բարձրացման,

իրավապահ մարմինները հարկադրվում են հրաժարվել օրենքով իրենց վերապահված պարտականություններից եւ անօրինական գործողությունների միջոցով ճնշել քաղաքացիների հիմնարար ազատությունները,

օրինավոր պետական պաշտոնյաների եւ ձեռներեցների մեծ մասը, վարչակարգի պատանդը դառնալով, ստիպված է ծառայել բարձրագույն պաշտոնյաների սահմանափակ խմբի անօրինական շահերին:

Համոզվել ենք, որ

Հայաստանի ժողովուրդը կանգնած է իր պետության քաղաքական որակի եւ համաշխարհային գործընթացներում իր տեղի արմատական վերաիմաստավորման հիմնախնդրի առաջ, քանի որ սահմանադրական պետություն կառուցելու փորձերը բոլոր վերջին տարիներին Հայաստանում ձախողվեցին,

Հայաստանի անվտանգ ապագան սպառնալիքի տակ է, իսկ Հայաստանի զարգացումն ու նրա քաղաքացիների իրավունքները` վտանգված, քանի որ երկրի ողջ կենսագործունեությունը գտնվում է քաղաքական ու տնտեսական ոլորտներն իրար մեջ բաժանած փոքրաթիվ մարդկանց խարդավանքների ազդեցության տակ, իշխանության ինստիտուտների սահմանադրական գործառույթները դարձել են ձեւական, իսկ ինստիտուտներին վերապահվել են հասարակության օրինական հավակնությունների ու ակտիվության ճնշման հակաօրինական գործառույթներ,

Հայաստանի հասարակությունից բռնազավթված է ազատ ընտրությունների միջոցով ազգային իշխանություն ձեւավորելու եւ նրա գործունեությունը վերահսկելու մենաշնորհ իրավունքը,

քաղաքական կուսակցությունների մեծ մասը ոչ միայն ի հայտ է բերում իր անգործունակությունը, այլեւ իշխանությունը բռնազավթած շրջանակների ձեռքում ռեակցիոն մեխանիզմի է վերածվում,

տնտեսական ազատ գործունեությունն ու հիմնարար ազատությունները կաթվածահար են, քանի որ դարձել են վերոհիշյալ շրջանակների արտոնությունը,

արտաքին քաղաքականությունն իշխող ռեժիմի պաշտպանվածությանն ու բարեկեցության ապահովմանը ծառայեցնելու հետեւանքով խաթարվել են արտաքին քաղաքականության իրականացման հիմքերը:

Հանգելով եզրակացության, որ ստեղծված վիճակը

վտանգ է ներկայացում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի կենսական շահերի ու ազգային անվտանգության համար, կասեցնում է մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացումը, սպառնում է խաթարել մեր տարածաշրջանում ուժերի ռազմավարական հավասարակշռությունը, մեկուսացնում է Հայաստանը զարգացման համաշխարհային միտումներից, օտարում է քաղաքացիների մեծամասնությանն իր ազատությունը տնօրինելու եւ իր բարեկեցությունն ապահովելու հնարավորությունից, հարկադրում է քաղաքացիներին լքել հայրենիքը, նվազեցնում է Հայաստանի հեղինակությունը սփյուռքի եւ համաշխարհային հանրության շրջանում:

Փաստելով, որ

Հայաստանում սահմանադրական կարգի լիարժեք հաստատումը եւ պետության կենսագործունեության բոլոր ոլորտներում սահմանադրական նորմերի ու մեխանիզմների լիակատար գործադրումը ներկա պահին հայ հասարակության եւ քաղաքական ուժերի հիմնային ռազմավարական խնդիրն է,

Հայաստանի քաղաքացիների՝ սեփական երկիրը Սահմանադրության նորմերին համապատասխան ազատորեն տնօրինելու բնատուր իրավունքի վերականգնումն անբեկանելի է,

սոցիալ-քաղաքական կյանքի կարգավորման հակաօրինական ստվերային մեխանիզմների կազմալուծումը, պետության մեջ իշխանությունների ձեւավորման ընտրական մեխանիզմի արմատավորումը անհետաձգելի խնդիրներ են, եւ առանց նրանց լուծման անհնար է ազգային շահերին հետամուտ պետական քաղաքականության մշակումն ու իրագործումը,

Եվ ընդգծելով, որ

Հայաստանի հակասահմանադրական իշխանական համակարգը ցանկություն չի դրսեւորում դադարեցնելու իշխանության բռնազավթումը, ավելին` խոչընդոտում է ընտրությունների հիման վրա օրինական իշխանությունների ձեւավորմանը եւ երկրում սահմանադրական կարգի հաստատմանը`

Կոչ ենք անում բոլորին, ովքեր մտահոգ են Հայաստանի ճակատագրով, անհատաբար կամ համախմբված պայքարել ընդդեմ սեփական իրավունքների ոտնահարման` հանուն արժանապատիվ եւ բարեկեցիկ կյանքի, հանուն ապագա ազատ Հայաստանի, հանուն գալիք սերունդների:

«Վե՛ր կաց» քաղաքացիական հոսանք

verkats@yahoo.com

Արխիվ
Վերլուծական

Մտավորականություն կոչվածը` բարոյալքման գործոն

1990-ականներին Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ձախողման եւ ավազակապետական...

Քաղաքական

Հերթական անակնկալը

Հյուսիսային պողոտայում երեկ «քաղաքական զբոսանքի» մասնակիցների համար ցնծության օր էր:

Աշխարհ

Եվ դարձյալ հայ-թուրքական թեմայով

Սեպտեմբերի 2-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած մամլո ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը նրան մի հարց...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.