“Zhamanak” Armenian-American Political Daily

Խորենացուց հետո, փաստորեն, կարելի էր ոչ մի բան էլ չգրել: Գեղարվեստականից բացի

12:51 Yerevan | 8:51 GMT | Tuesday 29 April 2008

«Մեր ազգի անցածը տխուր է. այն օրերի պատմական հիշատակարաններից արտասուք է հոսում:

Մեր ազգի ներկան թշվառ է` ստրկությունը եւ աղքատությունը բարձրաձայն խոսում են այստեղ»:

Սա գրել է Միքայել Նալբանդյանը: Պարզ է, չէ՞, հարյուր քանի տարի սրանից առաջ: Տարեք այս միտքը էլի ետ կամ բերեք առաջ` ոչինչ էլ փոխել պետք չէ: Բերեք մեր օրերը: Նույնը: Մոտավորապես երկու անգամ երկուսի պես: Որը, ինչպես գիտեք, հավասար է, քարը տրաքի, յոթի: Ու եթե, Աստված չարասցե, այսպես էլ շարունակվի, այսօրվա ու վաղվա օրվա համար էլ խիստ բնութագրական կլինեն այս խոսքերը:

...Փաստորեն, կարելի էր Խորենացուց հետո էլ ոչ մի բան չգրել, բացի, անշուշտ, գեղարվեստական գործերից: Որովհետեւ ուսուցիչներն էլ, աշակերտներն էլ, հոգեւոր այրերն էլ ու մնացած բոլոր բաները որեւէ փոփոխություն չեն կրել էս ավելի քան մեկուկես հազարամյակում:

Էնպես որ` մնացածները պարզապես ավելի մանրամասնել են այդ ամենը: Մեծ հաշվով ապացուցելով, որ ոչինչ էլ ոչ միայն չի փոխվել, այլ փոխվելու միտում իսկ չունի:

Միանգամայն տարօրինակորեն դարեր կամ հազարամյակներ առաջ գրված բաները հաճույքով այսօր էլ ենք հրապարակում` ցույց տալով, երեւի թե, որքան հանճարեղ են եղել այն գրողները:

Թումանյանն, անշուշտ, հանճարեղ է, բայց ոչ այն պատճառով, որ գրել է «Անկեղծ չենք»-ը կամ «Դառնացած ժողովուրդ»-ը կամ «Մեր ընթերցողն ու մամուլը» կամ «Քաղաքականությունը եւ մենք»-ը կամ... Չէ, Թումանյանը դրանով չի հանճարեղ: Դրանցով Թումանյանը ցավ է փոխանցել մեզ ու մեծ հաշվով ասել, որ Խորենացուց հետո ոչինչ չի փոխվել: Եվ սա, փաստորեն, մեր ժողովրդի չկայացածության, հետադիմության, բթության արտահայտությունն է, ոչ թե Թումանյանի հանճարեղության: Որ դարերով` պրոբլեմները մնում են նույնը: Հարյուր տարի առաջվա մոգոնված «գաղափարախոսությունը» այսօր «արդիական է»: Ինչ է սա, եթե ոչ փայլուն դեգրադացիա: Մինչդեռ եթե նայում ես քաղաքակիրթ աշխարհին. ենթադրենք` Ջոն Միլտոնի, Ջոզեֆ Ադիսոնի, Ջոնաթան Սվիֆթի, Թոմաս Պեյնի, Ալեքսանդր Համիլտոնի, Ջոն Ջեյի, Ջեյմս Մեդիսոնի եւ մնացյալ հայտնի ու անհայտ դեմքերի իրենց ժամանակի հրապարակախոսությունը մնացել է իրենց ժամանակներում եւ մեզ համար պատմագիտական արժեք ունի սոսկ: Այսօրվա դիտանկյունից էլ` միանգամայն ժամանակավրեպ է: Եվ դա ոչ թե նվազեցնում է նրանց արժեքը, այլ բարձրացնում է իրենց ժողովուրդներին. քանզի նրանք դասեր են քաղել իրենց գործից, շտկել են իրենց բացերը եւ այսօր բոլորովին այլ ու նոր որակական խնդիրներ են լուծում:

Ընդամենը:

Իսկ մենք Խորենացուց հետո կարող էինք ոչինչ էլ չգրել: Մեկ ա` ոչինչ չի փոխվել:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.