“Zhamanak” Armenian-American Political Daily

Քաղաքացիները ելքն էլ գիտեն, մուտքն էլ. իշխանությունն իր մասին թող մտածի

17:32 Yerevan | 13:32 GMT | Saturday 26 April 2008

Արամ Ամատունի

Հայաստանը ժողովրդավարական ուղի վերադարձնելու մասին միջազգային հանրության հորդորներից ու ԵԽԽՎ բանաձեւից հետո տրամաբանական հարց է առաջանում, թե կարո՞ղ են, արդյոք, Հայաստանի իշխանություններն անտեսել այդ բանաձեւերը:

Օրինակ` ԵԽԽՎ բանաձեւը հորդորում է անհապաղ ազատ արձակել քաղաքական հայացքների համար ազատազրկված անձանց: Հայաստանի իշխանությունն այստեղ ունի կարծես թե երեք անելիք: Առաջինն այն է, որ նա իսկապես ազատ արձակի քաղաքական հայացքների համար ազատազրկածներին: Երկրորդը. իշխանությունները երեւի թե պետք է Ստրասբուրգ գործուղեն գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ով եվրապատվիրակներին հանգամանալից կբացատրի, որ անհապաղ չի նշանակում անմիջապես, ինչը նշանակում է, որ իշխանությունները քաղաքական հայացքների համար դատապարտված անձանց ազատ կարձակեն նրանց պատժի ժամկետը լրանալուց հետո` անհապաղ: Երրորդ անելիքը, այսինքն` իշխանությունների անելիքի երրորդ տարբերակը կարող է լինել այն, որ նրանք ուղղակի Եվրոպային փորձեն համոզել, որ Հայաստանում քաղաքական հայացքների համար դատապարտված անձ չկա: Թե ի՞նչ կպատասխանի այդ դեպքում Եվրոպան` դժվար է ասել: Հայտնի է, օրինակ, որ նման պնդմանը, որ ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան կոմիտեում Հայաստանի դեպքերի քննարկմանն արել էր նախագահի խորհրդական Վիգեն Սարգսյանը, կոմիտեի ղեկավար Հասթինգսը պատասխանել էր, որ եթե Սարգսյանը փորձում է իրենց համոզել, որ Հայաստանում քաղաքական հայացքների համար դատապարտվածներ չկան, ուրեմն նա խելագար է: Թե Հայաստանի իշխանությունը հնարավոր երեք անելիքներից որը կընտրի ԵԽԽՎ բանաձեւի հորդորներից հետո` երեւի թե կերեւա ժամանակի ընթացքում: Ակնհայտ է, որ առաջին տարբերակը կարծես թե չի ընտրվի, քանի որ բանաձեւից անցել է արդեն ավելի քան մեկ շաբաթ, սակայն քաղաքական հայացքների համար որեւէ ազատազրկված դեռեւս չի ազատվել: Կարծես թե երկրորդ տարբերակն էլ չի գործի, քանի որ Աղվան Հովսեփյանը Ստրասբուրգ չի գնացել եւ չի փորձել բացատրել անհապաղի ու անմիջապեսի տարբերությունները: Հետեւաբար հավանական է երրորդ տարբերակը, որ Հայաստանի իշխանություններն, այնուամենայնիվ, կփորձեն Եվրոպային համոզել, որ Հայաստանում քաղաքական հայացքների համար հետապնդվողներ ու ազատազրկվածներ չկան, հետեւաբար չկա նաեւ որեւէ մեկին ազատ արձակելու անհրաժեշտություն: Իշխանություններն, ըստ երեւույթին, կակնկալեն, որ գոնե Եվրոպան չի համարի, որ այդպես պնդողները խելքները թռցրել են: Սակայն եթե Եվրոպան այդպես չհամարի, կնշանակի, որ խելքները հենց եվրոպացիներն են թռցրել: Իսկ եթե եվրոպացիները խելքները թռցրել են, ապա ինքնաբերաբար պարզ է դառնում, որ Հայաստանի իշխանությունները միանգամայն ունակ են չկատարել ԵԽԽՎ բանաձեւի պահանջները: Հո խելքները չեն թռցրել, որ կատարեն, եթե այդ պահանջները կատարելու դեպքում իրենք կարող են հայտնվել խիստ անցանկալի իրավիճակում: Առավել եւս, որ այդ բանաձեւի հազար պահանջ կատարելու փոխարեն իշխանությունների համար առավել նպաստավոր կլինի կատարել ժողովրդի ընդամենը մեկ պահանջը` հրաժարական տալ ու հեռանալ, հատկապես` որ վերջնարդյունքը, ԵԽԽՎ բանաձեւը կատարելու դեպքում, ըստ էության լինելու է նույնը: Այնպես որ, եթե իշխանությունները չեն հեռանում, ապա կասկածից վեր է, որ նրանք չեն էլ պատրաստվում կատարել ԵԽԽՎ բանաձեւը: Դա տեսնելու եւ հասկանալու համար պետք չէ շատ հեռու գնալ: Բավարար էր ընդամենը ապրիլի 24-ին գնալ Ազատության հրապարակ, տեսնել այն շղթայած ոստիկաններին ու գիտակցել, որ հրապարակը շղթայած իշխանությունն ի վիճակի չէ դուրս գալ այդ շղթայի միջից: Մինչդեռ ԵԽԽՎ բանաձեւի բովանդակությունը հենց դա է ենթադրում, ենթադրում է տանկերը տանել գարաժ, զորքերը տանել զորանոց, իսկ քաղաքացիներին թույլ տալ հավաքվել սեփական քաղաքի հրապարակներում: Իշխանությունները պատրաստ չեն դրան, եւ դա ապացուցվում է ամեն օր: Հետեւաբար նրանք պատրաստ չեն որեւէ բանաձեւի կատարման, այսինքն` չունեն որեւէ ցանկություն: Այլ խնդիր է, եթե եվրոպացիները կարողանային ներկա իշխանություններին հանգամանալից բացատրել, որ բանաձեւը բխում է նրանց իսկ շահից: Այսինքն` իշխանավորները զգային, հասկանային, գիտակցեին, որ եթե այն չկատարվի, ապա վատ է լինելու ոչ թե հասարակության ու պետության, այլ հենց իշխանությունների համար: Այդ դեպքում կարելի է չկասկածել, որ անհապաղն ու անմիջապեսը կդառնան հոմանիշներ, եւ բանաձեւը կյանքի կկոչվի այնքան արագ, որ Եվրոպան կմնա զարմացած ու Հայաստանին ոչ միայն չի զրկի քվեարկության իրավունքից, այլ մեր պատվիրակության յուրաքանչյուր անդամի մեկ ձայնին կտա երեքի արժեք: Բայց ինչպե՞ս համոզել, ինչպե՞ս բացատրել Հայաստանի իշխանություններին, որ ԵԽԽՎ բանաձեւի հորդորները, որոնք, ի դեպ, դրանից առաջ էլ բազմիցս հնչել են ընդդիմության հրապարակային ելույթներում, բխում են հենց այդ իշխանությունների շահերից: Դրա համար երեւի թե արժե դիմել պատմության տարրական դասընթացների օգնությանը: Ասենք` վերցնել մի որեւէ բերդի պաշարման օրինակ եւ իշխանություններին խնդրել, որպեսզի նրանք անպայման փորձեն կարդալ այդ դասը եւ որոշ բաներ մտապահել: Բանն այն է, որ իշխանություններն այժմ իրենք իրենց դրել են պաշարված բերդի վիճակում: Երեւի թե պաշարվածությունը նրանց մոտ ուղղակի հոգեբանություն է, հոգեվիճակ, եւ դրանով է բացատրվում, որ իրենց կառավարման ընթացքում ներկայիս իշխանությունները հետեւողականորեն ամեն ինչ արեցին Հայաստանը պաշարման վիճակի մեջ դնելու համար: Հիմա նաեւ իրենք են արդեն պաշարվել, պաշարվել են բավական հիմնավոր կերպով, թեեւ պարսպի փոխարեն ընդամենը դեղին ժապավենն է: Սակայն խնդիրը դա չէ, քանի որ ժողովուրդը, որից նրանք այդպես պատսպարվել են, չի պատրաստվել ու չի էլ պատրաստվում գրոհել որեւէ բան: Այնպես որ, պարիսպ թե դեղին ժապավեն` ժողովրդի համար նշանակություն չունի: Խնդիրն այն է, որ անգամ ամենից անառիկ թվացող բերդերը վաղ թե ուշ ստիպված են եղել անձնատուր լինել երկարատեւ պաշարումից հետո: Խնդիրը միայն եղել է պաշարողների համբերությունը:

Հետեւաբար, ԵԽԽՎ բանաձեւն ու ընդհանրապես միջազգային հորդորները իշխանությունների համար ապաշրջափակվելու մի հնարավորություն են, այսինքն` հնարավորություն են իշխանությունների, ոչ թե քաղաքացիների համար, ինչպես թերեւս մտածում են իշխանական համակարգում: Քաղաքացիներն անելանելի վիճակում չեն, որ հնարավորության անհրաժեշտություն ունենան: Անելանելին իշխանությունների վիճակն է, հետեւաբար նրանք ունեն հնարավորությունների, ելքերի կարիք: Պարզապես միջազգային կառույցները, ի տարբերություն թերեւս ամերիկացի Հասթինգսի, այդ մասին իշխանություններին դեռ զգույշ են ասում, մեղմ, որ հանկարծ տրամադրությունները չընկնի:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.