|
“Zhamanak” Armenian-American Political Daily
ԵԽԽՎ բանաձեւի բոլոր կետերը բխում են ՀՀ շահերից17:31 Yerevan | 13:31 GMT | Saturday 26 April 2008Կարինե Հարությունյան «Ձերբակալված են 100-ից ավելի մարդիկ, եւ կասկած կա, որ նրանք բոլորը քաղբանտարկյալներ են», - ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Պաշտպանը իր արտահերթ հրապարակային զեկույցում վերլուծել է ընտրական եւ հետընտրական զարգացումները: Անդրադառնալով այդ զարգացումներին` ասվում է. «Լեւոն Տեր-Պետրոսյանի` որպես քաղաքական գործչի վերածնունդը զգալի մասով հնարավոր դարձավ ինչպես օբյեկտիվ գործոնների, այնպես էլ իշխանությունը ներկայացնող տարբեր գործիչների եւ իշխանամետ ԶԼՄ-ների` նրա դեմ ուղղված հակաքարոզչության շնորհիվ»: Անդրադառնալով մարտի 1-ի իրադարձություններին եւ դրանց հաջորդող ձերբակալություններին` զեկույցում պաշտոնական տեսակետներին զուգահեռ ներկայացվում են հարցադրումներ, որոնց պատասխանը պետք է սպառիչ տրվի, «որպեսզի հասկանանք մարտի 1-ի առավոտ 9-ին ի՞նչ տեղի ունեցավ: Սակայն մեր երկրում հասարակության մոտ մեծ անվստահություն կա դատական համակարգի նկատմամբ, եւ նրանք, ովքեր չեն վստահում, կգնան Եվրադատարան: Ուրեմն` ավելի ճիշտ կլինի անկախ հանձնաժողով ստեղծել եւ մեկ անգամ գոնե մեր ուժերով հարցին լուծում տալ, որը վստահություն կներշնչի հասարակությանը»: Իսկ ովքե՞ր պետք է ընդգրկվեն այդ հանձնաժողովում: Պաշտպանը ասաց, որ պետք է լինի մի անկախ հանձնաժողով, «որում ընդգրկված կլինեն եւ մեր մասնագետները, եւ արտասահմանյան փորձագետները, ինչպես նաեւ` արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները: Հանձնաժողովը, իհարկե, պետք է ոչ միայն վերահսկողություն իրականացնի քննվող գործերի նկատմամբ, այլեւ զբաղվի արդեն ավարտված գործերով, որ այնպես չստացվի, թե 2-3 ոստիկանի վկայությամբ մարդիկ են դատապարտվել»: Հակասությունների մասին: ՀՀ գլխավոր դատախազի մարտի 4-ին ԱԺ չորս պատգամավորներին կալանելու համար միջնորդությունում նշվում է. «Ոստիկանության նպատակն է եղել զենքը առգրավելուն ուղղված օպերատիվ միջոցառում, որը վերաճել է բախման»: Իսկ ՀՀ գլխավոր դատախազության մարտի 1-ի մամլո հաղորդագրությունում նշվում է այլ բան. «Ոստիկանության նպատակը մարտի 1-ի առավոտյան ժամը 6.00-ի սահմաններում եղել է հավաքը հարկադրաբար դադարեցնելը»: Հակասություններ կան նաեւ գլխավոր դատախազության տարբեր հայտարարություններում` կապված մարտի 1-ին ցուցարարների կողմից օգտագործված միջոցների վերաբերյալ: Մի դեպքում ասվել է, թե ցուցարարները օգտագործել են «մահակներ, մետաղաձողեր եւ այլ հարմարեցված գործիքներ», մի այլ դեպքում` «բռնկուն նյութերով շշեր», երրորդում` «մահակներ եւ երկաթյա ձողեր»: Կամ` ինչու՞ ոստիկանությունը չէր հարուցել քրեական գործ, եթե իրոք տեղեկություն ունեին Ազատության հրապարակում, իբր, առկա զենքի մասին: Զեկույցում ասվում է. «Եթե պետք է արվեր առգրավում, ապա քրեական գործն արդեն իսկ պետք է հարուցված լիներ»: Նույնիսկ այդ դեպքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 218 հոդվածի համաձայն` տեղազննությունը կատարվում է «ցերեկը` ընթերակաների մասնակցությամբ», իսկ նույն օրենսգրքի 6-րդ հոդվածի 48-րդ կետի համաձայն` «գիշերային ժամանակը 22.00-ից մինչեւ 7.00-ն է»: Ազատության հրապարակի ոստիկանական հարձակումը տեղի ունեցավ առավոտյան ժամը 6.40-ին` ասվում է զեկույցում: Պաշտպանը նշում է նաեւ լրագրողների նկատմամբ ոստիկանների կողմից կատարված ոտնձգությունների, նրանց աշխատանքը ոչ միայն խոչընդոտելու, այլեւ նրանց նկատմամբ բռնություններ իրականացնելու մասին: Դառնանք մարտի 1-ի առավոտյան դեպքերին: Ահավասիկ` օմբուդսմենի հարցադրումներից մեկն ամբողջությամբ. «Ինչո՞վ է պայմանավորված ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Սարկիսյանի մասնակցությունը Ազատության հրապարակի այս միջոցառմանը: Ավելին` պետք է պարզել` արդյո՞ք նա է ղեկավարել մարտի 1-ի Ազատության հրապարակի օպերացիան եւ ինչո՞վ է պայմանավորված տեղազննության շրջանակներում ՀՀ առաջին նախագահի բռնի, ինչպես պաշտոնաթող նախագահն ինքն է հայտարարել, դեպի իր առանձնատուն ուղեկցելը եւ այնտեղ «տնային կալանքի» տակ պահելը»: Զեկույցում անդրադարձ կա նաեւ Երեւանում արտակարգ դրություն հայտարարելու փաստին: Ասվում է, որ հրամանագրով սահմանված որոշ սահմանափակումներ գործում էին նաեւ երկրի այլ քաղաքներում: Սա հրամանագրի խախտումներից մեկն էր ընդամենը: Ասվում է նաեւ, որ հրամանագիրը, թեեւ գրաքննություն չէր նախատեսում, բայց «իրականացվում էր փաստացի գրաքննություն» ազատ լրատվամիջոցների նկատմամբ, մինչդեռ «ընդդիմությանը վարկաբեկող եւ վիրավորող, հաճախ ագրեսիվ արտահայտությունների հրապարակումը այլ թերթերում եւ հեռուստաալիքներով որեւէ կերպ չէր սահմանափակվում»: Արմեն Հարությունյանը զեկույցը ներկայացնելուց հետո պատասխանեց լրագրողների հարցերին: Ահա պատասխաններից ամենաբնորոշները. «Համոզված եմ, որ մարտի 1-ի առավոտվա, կեսօրի եւ երեկոյան ամբողջ միջոցառումները միասնական պետք է հետաքննվեն, դրանց միջեւ պատճառական կապ կա, որը ինձ համար տեսանելի է: ...Մենք բոլորս ենք մեղավոր ստեղծված իրավիճակի համար, սակայն պատասխանատվության ենթարկվեցին միայն ընդդիմության ներկայացուցիչները: ...ԵԽԽՎ բանաձեւն ամբողջությամբ ընդունում եմ, բոլոր կետերը բխում են ՀՀ շահերից»: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |