|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Ռեժիմի բնույթը եւ զարգացումների տրամաբանությունը17:30 Yerevan | 13:30 GMT | Saturday 26 April 2008Արմեն Գրիգորյան Ապրիլի 9-ին` մարտի 1-ի զոհերի քառասունքի օրը Ս.Սարգսյանի երդման արարողության անցկացումը` գռեհիկ զորահանդեսի եւ տոնախմբության ուղեկցությամբ առաջացրել է Հայաստանի քաղաքացիների իրավացի զայրույթը: Սակայն կարեւոր է, որ ապրիլի 9-ին բողոքի արտահայտություններով եւ դրան հաջորդած օրերին շարունակվող զբոսանքներով վերահաստատվել է երկարատեւ պայքարի համար պատրաստակամության առկայությունը` հանուն իրավունքներն ու ազատությունները վերանվաճելու: Սակայն ապրիլի 9-ը նաեւ այլ կարեւոր նշանակություն է ունեցել. մինչ այդ օրը Ռ.Քոչարյանը կարող էր փորձել ստեղծել մի իրավիճակ, որն իրեն թույլ կտար երկարաձգել իր պաշտոնավարումը` ռազմական դրություն հայտարարելու միջոցով: Այս տեսանկյունից` մարտի 4-ին հայկական եւ ադրբեջանական ուժերի շփման գծում տեղի ունեցած բախումը կարող է դիտվել որպես բռնակալի կողմից պետական շահերն անձնականին ստորադասելու հերթական փորձ: Դրան հետեւած ԼՂՀ անկախության հնարավոր ճանաչման վերաբերյալ ակնարկները թերեւս պատահական չէին. ցանկացած պահի Ռ.Քոչարյանը կարող էր նման քայլի գնալ` հույս ունենալով դրանով Ադրբեջանին լայնածավալ ռազմական գործողությունների դրդել, երկարաձգել իր պաշտոնավարումը եւ ջախջախել ընդդիմությանը: Առայժմ Հայաստանին հաջողվել է խուսափել այդ վտանգից: Եվ եթե Ռ.Քոչարյանը հարկ եղած դեպքում Երեւանում ավելի մեծ սպանդ էլ կսարքեր, Ս.Սարգսյանն առայժմ կփորձի գործել այլ մեթոդներով. հիմնականում պետք է շարունակվեն ընդդիմությանն անիմաստ «երկխոսության» մեջ ներքաշելու փորձերը` անսկզբունքային միջազգային կառույցների «դաբրոյով»: Այժմ ժամանակն է անցած ուղին վերաիմաստավորելու` նոր վճռականությամբ առաջ շարժվելուց առաջ: Դրա համար կարող է օգտակար լինել մի շարք երկրներում կատարված ժողովրդավարացման գործընթացների փոքր համեմատական վերլուծություն կատարելը: Այսպես` 2003թ. Վրաստանում եւ 2004թ. Ուկրաինայում կատարված հեղափոխական գործընթացները բացարձակապես անարյուն անցան. չի եղել ցուցարարների դեմ զենք գործադրելու դեպք: Նախագահներ Է.Շեւարդնաձեն եւ Լ.Կուչման մնացին իրենց երկրներում, չնայած մասնավորապես Լ.Կուչման կասկածվում էր լրագրող Գ.Գոնգաձեի սպանության հետ հնարավոր առնչության համար: 2000թ. Սերբիայում մինչ բողոքի կրիտիկական զանգվածի կուտակվելը եղել են ակտիվիստներին ահաբեկելու փորձեր, ինչպես նաեւ բռնության մի շարք դեպքեր` անվտանգության ծառայության կողմից. բողոքի ցույցերը, սակայն, այնքան բազմամարդ էին, որ դրանց վերջ տալու համար կպահանջվեր բանակի միջամտությունը, իսկ բանակի բարձրաստիճան սպաները կտրականապես հրաժարվեցին հանցավոր հրամաններ կատարելուց: Կարելի է նաեւ հիշել, որ դեռեւս 1989թ. Ռումինիայում հենց բանակը ջախջախեց Ն.Չաուշեսկուին հավատարիմ անվտանգության ուժերին` այն բանից հետո, երբ վերջիններս մի քանի հարյուր ցուցարարների էին սպանել: Ի դեպ, վերադառնալով Սերբիայի օրինակին` կարելի է նշել, որ իշխանափոխությանը նախորդող շրջանում վիճակը բավական նման էր մինչ մարտի 1-ը Հայաստանում եղած վիճակին: Այսպես` 2000թ. օգոստոսին հեղինակավոր մի վերլուծաբանի հրապարակած հոդվածում մասնավորապես նշված էր. «Սերբիայի նախագահ Միլոշեւիչը շարունակում է միանձնյա բռնատիրական կառավարումը: Ընդդիմությունը չկարողացավ փոխել իրավիճակը եւ շարունակում է տրոհված մնալ: Ուսանողական կազմակերպության գրանցումը մերժվել է, եւ կազմակերպությունը կառավարության կողմից մեղադրվում է ահաբեկչական գործունեության համար: Նոր հակաահաբեկչական օրենքի ընդունմամբ նախագահը ստացավ այլակարծության ցանկացած դրսեւորում ճնշելու հզոր գործիք: Ընդդիմության առաջնորդներից որեւէ մեկը չունի գոնե 15 տոկոս վարկանիշ եւ ընդդիմության հեռանկարը հուսադրող չէ»: Սակայն արդեն 2000թ. սեպտեմբերին փոփոխությունների ձգտող 18 քաղաքական կազմակերպություններ դաշինք ստեղծեցին, եւ երբ իշխանությունները փորձեցին կեղծել ընտրությունների արդյունքները` կես միլիոն մարդ դուրս եկավ փողոց. մի քանի օր անց` հոկտեմբերի 5-ին, Միլոշեւիչի վարչախումբը տապալվեց: Հայաստանում եւս ավազակապետությունը կայուն եւ անսասան էր ձեւանում, եւ բոլորը կանխատեսում էին Ս.Սարգսյանի հեշտ հաղթանակը` մինչ Լ.Տեր-Պետրոսյանի վերադարձը, որի շնորհիվ տարիներ ի վեր տրոհված ընդդիմությունը կարողացավ միավորվել: Սակայն հետընտրական գործընթացները Հայաստանում այլ կերպ զարգացան. եթե ընդդիմությունը բացառապես խաղաղ բողոքի ցույցերի միջոցով է պայքարել, ապա իշխանությունները դիմեցին սադրանքների եւ լայնածավալ բռնությունների: Կարելի է եզրակացնել, որ ավազակապետության ուժային կառույցների ղեկավարներն ի սկզբանե առավել հակված էին դեպի ուզբեկական սցենար: Դա հասկանալի է, քանի որ երկար տարիների ընթացքում ղարաբաղյան կլանի պարագլուխները պատրաստվել են դրան` ուժային կառույցների ղեկավար պաշտոններում իրենց մարդկանց ներդնելով, ինչը սկսվել էր դեռեւս մինչ հոկտեմբերի 27-ը` Վահրամ Խոռխոռունու եւ Արծրուն Մարգարյանի սպանություններով: Բանակի եւ ներքին զորքերի հրամանատարական կազմում ներդրվել են բազմաթիվ ղարաբաղցիներ, կիրովաբադցիներ եւ այլք, ովքեր հասցրել էին ալիեւյան «դպրոցն» անցնել: Այսինքն` հետեւողական կերպով կատարվել է ասիական բնույթի բռնատիրության կառուցում: Այս առնչությամբ կարելի է նաեւ պնդել, որ ռումինացի, սերբ, վրացի, ուկրաինացի բանակի սպաները, այնուամենայնիվ, եվրոպական մտածելակերպի կրողներ էին ու սեփական ժողովրդի վրա կրակելու պատրաստակամություն հեշտությամբ չէին կարող ցուցաբերել: Ավելին` Ս.Միլոշեւիչը, Է.Շեւարդնաձեն ու Լ.Կուչման, իրենց բոլոր թերություններով հանդերձ, դարձյալ առավելապես եվրոպական մտածելակերպի կրողներ էին ու այնքան հմուտ չէին կարող գտնվել, որպեսզի ասիական խորամանկությամբ տարիների ընթացքում փութաջանորեն բուծեին Ա.Բաղդասարյանի պես շինծու ընդդիմադիրների: Ռ.Քոչարյանի պաշտոնավարման ողջ ընթացքում եւ ներկայումս հետեւողական կերպով վախի մթնոլորտի ստեղծմանն ուղղված բոլոր գործողությունները, պատանդներ վերցնելը նույնպես վերահաստատում են, որ Հայաստանում գոյություն ունի խանական բնույթի բռնատիրություն: Այժմ իշխանությունները փորձելու են հնարավորինս երկար թույլ չտալ բողոքի զանգվածային միջոցառումների անցկացումը ու միաժամանակ կոսմետիկ բնույթի «բարեփոխումներ» են անցկացնելու` խաբվելու միշտ պատրաստ միջազգային կառույցներին ներկայացնելու համար: Պետք է նաեւ սպասել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում որոշ ատյանների հետ համաձայնության ձեռքբերման փորձերի` միակողմանի զիջումների վերաբերյալ, ինչի դիմաց Ս.Սարգսյանին պետք է թույլ տրվի հանգիստ պաշտոնավարել: Ամփոփելով` հնարավոր է եզրակացնել. վարչակարգի բնույթը նկատի ունենալով` հերթական ընտրությունների միջոցով ժողովրդավարացման հնարավորություն Հայաստանում չի եղել: Ընդդիմության լավատեսությունն առ այն, որ պետք է տեղի ունենար ավազակապետության կազմաքանդում, մասնավորապես` պետական ծառայողների ժողովրդի կողմն անցնելու ձեւով, չափազանցված էր: Իհարկե, իշխանություններն էլ արեցին առավելագույնը նման զարգացումը կանխելու համար` արդեն փետրվարի 24-ից սկսելով ձերբակալությունները, իսկ այնուհետեւ սպանդ կազմակերպելով եւ արտակարգ դրություն մտցնելով: Եվ այնուամենայնիվ, ավազակապետական բուրգը լքած պետական պաշտոնյաների քանակը չափազանց փոքր եղավ, եւ ընդդիմությանն անհրաժեշտ կլինի դա հաշվի առնել` հետագա պայքարի ռազմավարություն ընտրելիս: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՈրտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերըԿուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված... ՔաղաքականՎարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համարՎարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր... ԱշխարհԳլոբալիզացիան շարունակվում էԻ տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |