|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Երթը կայացավ երեկ, իսկ հեղափոխությունը` հետո13:15 Yerevan | 9:15 GMT | Friday 25 April 2008Հեղինե Մանուկյան Երեկ ապրիլի 24-ն էր` 1915թ.-ի Եղեռնի զոհերի օրը: Ի դեպ, հայերիս համար առանձնահատուկ նշանակություն ունեցող օրն այդ մինչ այս արարողակարգային առումով ունեցել է սովորական ու ինչ-որ տեղ նաեւ ստանդարտ ընթացք` հազարավոր մարդիկ ամեն տարի ապրիլի 24-ին ծաղիկները ձեռքներին գնում են հուշահամալիր, նրանցից ոմանք անկեղծ սգում էին, ոմանք էլ` հատկապես օրվա խորհրդին անհաղորդները, իրենց թույլ են տալիս «թաթիկով» անել արարողությունը նկարահանող տեսախցիկներին, նույնիսկ` լայն ժպտալ ու այսքանով, թերեւս, «էքսկուրսիան» համարում ավարտված: Այդ օրը հայրենի իշխանավորներն էլ իրենց «գլխավորի» եւ, անշուշտ, թիկնազորի ուղեկցությամբ իրենց «պրատակոլային» այցն են կատարում հուշահամալիր, յուրաքանչյուրն իր մի զույգ սպիտակ մեխակը խառնում է հուշակոթողի վրա դրված մյուս ծաղիկներին, լսում Էջմիածնա հոգեւոր հովվի` զոհերի ոգեկոչմանը նվիրված աղոթքն ու...ամեն մեկն իր գործով: Այդպես եղավ նաեւ այս տարի, սակայն 2008թ.-ի ապրիլի 24-ը տարբերվում էր մյուս ապրիլի 24-ներից, որին «սրտի թրթիռով» էին սպասում հատկապես նույն այդ իշխանավորները, որովհետեւ «ախորժակ էին պահել», թե այդ օրը, ինքնաբուխ հավաքված հայ քաղաքացիները, ովքեր օրենքի ուժով մարտի 1-ից հետո զրկված էին երթեր, ցույցեր, հանրահավաքներ անցկացնելու հնարավորությունից, առիթը լիուլի կօգտագործեն ու հեղափոխություն կանեն: Սակայն նրանց ակնկալած հեղափոխությունն այդպես էլ տեղի չունեցավ, փոխարենը երթ տեղի ունեցավ: Երթը, որը պիտի մեկնարկեր Ազատության հրապարակից, մեկնարկեց Հյուսիսային պողոտայից, որովհետեւ Ազատության հրապարակը, որը հայրենի ոստիկանների համար տեւական ժամանակ ձեռք է բերել «Բերմուդյան եռանկյունու» նշանակություն, շուրջկալ էր արվել ոստիկանների կողմից, ու նույնիսկ հավքն իր թեւով, օձն իր պորտով չէր կարող թափանցել այդ հրապարակ, էլ ուր մնաց երթի մասնակից բազմահազար մարդիկ: Ինչեւէ, ոստիկաններին առայժմ թողնենք իրենց սարսափի օբյեկտի հետ, ու անցնենք երթի նկարագրությանը, որի ընթացքում էլի մի քանի անգամ ստիպված ենք լինելու գործածել «ոստիկան» բառը: Երթը շարժվեց հետեւյալ ուղղությամբ` Թումանյանի փողոցով դեպի Մաշտոցի պողոտա, ապա Բաղրամյան, Օրբելի փողոցներ ու Կիեւյան փողոցով դեպի Ծիծեռնակաբերդ: Մարտիրոս Սարյանի արձանի մոտ, երթի մասնակիցներին միացան «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը ու այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Երթի ողջ ընթացքը նկարահանում, լուսանկարում եւ հնարավոր բոլոր մեթոդներով արձանագրում էին ոստիկանական տեսախցիկներն ու լուսանկարչական ապարատները: Երբ երթի մասնակիցները «Լե-վոն, Լե-վոն», «Պայքար, պայքար, մինչեւ վերջ» վանկարկելով հասան Բաղրամյան փողոցի սկզբնամաս, նրանց ընդառաջ գնացող հետիոտն ու անվավոր` ոստիկանական մեքենայով գնացող իրավապահները սկսեցին «խորհուրդ տալ»` «Հարգելի հայրենակիցներ, քայլեք մայթերով, դուք խոչընդոտում եք երթեւեկությանը», ինչին ի պատասխան երթի մասնակիցներն ասացին` «Մեզ մի ասեք հարգելի հայրենակիցներ, մենք ձեր հայրենակիցը չենք»: Շուտով Բաղրամյան 26-ն էր` «նախագահանիստ» հասցեն, այստեղ հասնելուն պես երթի մասնակիցներն սկսեցին լիաթոք «Լեւոն` նախագահ, Սերժիկ, հեռացիր», «Սերժիկ` մարդասպան» վանկարկել, ինչից մեր իրավապահների լեղին ջուր կտրեց: Նրանցից մեկը` «Բազազ» մականունով հայտնի Ռոբերտ Մելքոնյանը, որը մինչ այդ «հարաբերական խաղաղության» մեջ էր, սկսեց անընդհատ շուռումուռ գալ ու հայացքով ոչնչացնել «Սերժիկ, հեռացիր», «Սերժիկ` մարդասպան» բացականչողներին, չնայած կգերադասեր իր սիրելի մեթոդով` էլեկտրաշոկով պատժել «չափն անցած սադրիչներին»: Կողքովս քայլող տղամարդկանցից մեկն ասաց. «Բա ասում էին` կոտրել են ժողովրդին, էս կոտրված ժողովրդի պահվա՞ծք ա»: Երբ հարցրի, թե «Սերժիկ` մարդասպան» եւ «Սերժիկ, հեռացիր» բացականչություններն ի վիճակի կլինե՞ն կոտրել Ս.Սարգսյանի կամքն ու նրան ստիպել հրաժարական տալ նախագահի պաշտոնից, զրուցակիցս` Լյովա Սահակյանը, ով ներկայացավ որպես Անկախության բանակի Հոկտեմբերյանի ջոկատի հրամանատար, ասաց. «Ինքը վաղուց կոտրված ա, որովհետեւ միայն կոտրված մարդը կարող էր ձեռք բարձրացնել ժողովրդի վրա, մեկ էլ վախկոտ մարդը: Ես հրամանատար մարդ եմ, Սերժի ու Քոչարյանի հետ կռվել եմ դիրքերում եւ չեմ հիշում, որ նրանք երբեւէ ավտոմատը թուրքերի ուղղությամբ նշան բռնած լինեն, թուրքի վրա կրակած լինեն, բայց հայերի վրա կրակեցին: Ռուսական մի լավ խոսք կա` դլյա կավո տը վայնա, ա դլյա կավո տը` մած ռադնայա: Ռոբերտի ու Սերժիկի համար պատերազմը, փաստորեն, «մած ռադնայա» դառավ»: Նշենք, որ երեկ երթի ողջ ընթացքում բոլոր խանութների, բուժհաստատությունների եւ այլ հիմնարկների աշխատակիցները պատուհաններից, անգամ տանիքներից հետեւում էին երթի ընթացքին, ականջալուր էին մասնակիցների վանկարկումներին ու հավանության նշաններ էին անում` բռունցք պարզելով կամ ձեռք թափահարելով: Ի դեպ, քանի որ երեկ եղանակը փոքր-ինչ շոգ էր, երթի մասնակիցների համար որպես ամպհովանի ծառայում էին «Ժամանակ Երեւան», «Հայկական ժամանակ» եւ «Հայք» թերթերը: Օրբելի փողոցի բարձրահարկ շենքերից մեկի բնակիչներից մեկը` մոտ 45 տարեկան կին, որոշեց իր «քաղաքացիական դիրքորոշումն» արտահայտել` երթի մասնակիցների վրա ձվեր նետելով: Մեկ այլ կին էլ` ջուր շփեց: Արժեր, զովացանք: Երթի մասնակիցները մի պահ կանգ առան ու նախատեցին տիկնանց` նրանց անվանելով «Սերժի տաշտից կերակրվողներ», իսկ հավկիթասեր կնոջ հարեւանները, ովքեր նույնպես հետեւում էին երթի ընթացքին, նախատինք թափեցին իրենց հարեւանուհու հասցեին ու բռունցքները վեր պարզած` բացականչեցին` «Մենք էլ ենք ձեզ հետ»: Ծիծեռնակաբերդի ստորոտում երթի մասնակիցներին միացավ նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ինչպես նաեւ ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը, ինչից երթի մասնակիցները մեծ խանդավառություն ապրեցին ու էլ ավելի զիլ ձայնով վանկարկեցին «Լե-վոն, Լե-վոն»: Ի դեպ, հուշահամալիրի մատույցներում ոստիկանները, բոլոր դեպքերում փորձեցին ցույց տալ իրենց ոստիկանությունն ու ձեռքներից եկած հնարավոր ձեւերով խոչընդոտել երթի վարար ընթացքը: Գործի դրվեց անհայտ ծագման մի ճոպան, որպեսզի այդ ճոպանի զորությամբ հնարավոր լինի կանխել հուշահամալիրի մոտ մարդկային կուտակումները: Հենց այդ կուտակումներից խուսափելու համար էլ մարդկանց թույլ էին տալիս անցնել, ինչպես ոստիկաններից մեկն ասաց` «պատոկներով»: Բնականաբար հերթ գոյացավ, ինչը հարուցեց երթի մասնակիցների դժգոհությունն ու ստիպեց ոստիկաններին հրաժարվել ճոպանի ծառայություններից: Երթի մասնակիցներն, ի վերջո, կարողացան անարգել հասնել հուշակոթողի մոտ, ծաղիկներ դնել ու խաչակնքվել: Ապա նույն երթուղով, նույն խանդավառությամբ ու «դուխով», նույն կարգախոսներով վերադարձան այնտեղ, որտեղից սկսել էին` հռչակավոր Հյուսիսային պողոտա: Լուսանկարը՝ Գերման Ավագյանի |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՈրտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերըԿուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված... ՔաղաքականՎարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համարՎարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր... ԱշխարհԳլոբալիզացիան շարունակվում էԻ տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |