“Zhamanak” Armenian-American Political Daily

Ժողովուրդը հաղթելու է

13:13 Yerevan | 9:13 GMT | Friday 25 April 2008

Կարինե Հարությունյան

«Որպեսզի ձեր վրա ընկնի...» Ապրիլի 24: Ամեն տարի: 1967-ից: Միլիոնից ավել հայեր, օտարերկրացիներ քայլում են դեպի հայոց նահատակաց հուշահամալիր:

Ծիծեռնակաբերդ: Ամեն տարի: 1967-ից: Ապրիլի 24-ին: Միլիոնից ավել հայեր ու օտարերկրացիներ այստեղ են՝ իրենց հոգուց պոկված մի-մի ծաղիկ են դնում անմար կրակի մոտ:

2008: Ապրիլի 24: Ոստիկաններով հեղեղված քաղաքամայր Երեւան: Ոստիկանական մահակներ, ջրցան ու փշալարերի մեքենաներ:

...Ջրբաժանը հստակ էր դեռ նախագահական քարոզարշավի առաջին շաբաթում: Ջրբաժանը ավելի հստակվեց ընտրությունների հաջորդ օրը՝ փետրվարի 20-ին: Ջրբաժանը ավելի քան հստակ է այսօր՝ 2008-ի ապրիլի 25-ին: Ու չկա վաղուց արդեն Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ որպես նախագահի թեկնածուի խնդիր: Սակայն հենց նրա շնորհիվ է, որ այսօր հստակ են ջրբաժանի երկու կողմերը. ժողովուրդ եւ իշխանություն: Ու կա մի հստակ գիտակցություն. իշխանությունը իշխանություն չէ, եթե չի ծառայում ժողովրդին: Սակայն երբ այդ իշխանությունը ոչ միայն չի ծառայում ժողովրդին, այլեւ խանգարում է ապրել... Այն էլ՝ հետեւողականորեն: Այն էլ՝ դավադրաբար: Այն էլ՝ հստակ ծրագրված սցենարով: Ուրեմն՝ իշխանության հոգեվարքը փաստ է:

...«Օձեր եւ իժերի ծնունդներ...»՝ հիշու՞մ եք: Օր օրի: Կաթիլ-կաթիլ: Լցվում է: Լցնում են: Մեղքը իրենց վիզը: Ամեն մարդ ինքն է ընտրում իր ճանապարհը: «...Որպեսզի ձեր վրա ընկնի մեղքը երկրի վրա թափված ամեն արյան...»:

Երեկ արյուն չթափվեց, բայց...

Ռեժիմի մեղքը դրանից հաստատ չթեթեւացավ: Վերջին 41 տարվա մեջ առաջին անգամ հայ ժողովուրդը ապրիլի 24-ին դուրս եկավ սգո երթի ու... դեմ առավ հայրենի ոստիկանների «պատին»:

Ժամը 14.15-ին արդեն Օպերայի շուրջը «ցեպ տված» կանգնած էին: Օսիպյան Վալերի անունով ոստիկանը կատաղի ետուառաջ էր անում ու որեւէ մեկին չէր թողնում մտնել Օպերայի տարածք: Այս ոստիկանը այնպես սպանիչ ու զզվանքով էր նայում իր հոր տարիքի մի մարդու, որ հրաման ստացած լիներ հաճույքով ոտքի տակ կտար: Կոշմար եք` նկատեցի: Տո լավ է՝ շպրտեց ռեժիմի անխոնջ ծառան: Ի դեպ, հրամանի մասին: Ցանկապատ կազմած ոստիկաններին հարցրեցի, թե ինչի՞ են եկել: Ասացին. «Չգիտենք, հրաման է»: Այսինքն` դուք հրամաններ կատարող ե՞ք. «Հա»: Հիմա որ ասեն՝ գնացեք ձեզ Օպերայի տանիքից գցեք, անելու ե՞ք. «Չէ, էդ չեղավ, կյանքի խնդիր ա»: Իսկ ժողովուրդ ծեծել-սպանելը կյանքի խնդիր չի՞. «Մենք չենք ծեծել, նոր ենք աշխատանքի ընդունվել»: Մալադեց: Ուրեմն՝ ժողովրդի ամոթանքները առ ոստիկանություն էնքան էլ անարդար չեն: Իսկ ամոթանքներ՝ որքան ուզեք: Ոչ միայն ոստիկաններին: Ժողովրդական ֆոլկլորին հատուկ օխտը պորտով անեծքները մի փութ մեղրով էլ չեն ուտվի: Բայց ոմանք, ըստ երեւույթին, սովոր են: Անուշ լինի:

Երբ բավականին ժողովուրդ էր հավաքվել Հյուսիսային պողոտայում, ոստիկանները առաջ եկան: Ժողովուրդը անեծքի ու ամոթանքի տոպրակը կրկին բացեց: Նրանցից ոմանք հանգստացնում էին, թե՝ պետք չի, բան մի ասեք: Իսկ ոստիկաններից ոմանք էլ ակնհայտորեն նյարդայնանում էին, ու նրանցից մեկը ուզում էր «ռացիայով» հաղորդել, թե՝ ջոկատ ուղարկեք: Կողքի՝ ավելի ավագ կոլեգան ասաց. «Պետք չի, մի զանգի: Լսում ե՞ս, քեզ ասում եմ՝ պետք չի»: Ու տաքգլուխը անջատեց հաղորդիչը:

...Այս ռեժիմը ամեն ինչ արեց-անում է հասարակության ոգին կոտրելու համար: Սակայն սրանք մի բան չեն հասկացել մինչեւ հիմա. ժողովրդի իմաստնությունը-կամքը-ոգին փորձարկելու բոլոր ջանքերը դատապարտված են: Դրա ապացույցին որերորդ անգամ ականատես եղան ոչ միայն ռեժիմի ծպտված սպասարկուները, այլեւ իրենք՝ պարագլուխները, իրենց թաքստոցներից հաստատ լսեցին այդ կամքի արտահայտության բազմաթիվ վանկարկումներ: Ընդդիմության առաջնորդների, իսկ հետո նաեւ ՀՀ առաջին նախագահ եւ ՀՀ՝ 2008-ին դե ֆակտո ընտրված նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ ընթացող երթի մասնակիցները մինչեւ հուշահամալիր հասնելը վանկարկում էին. «Լեւոն՝ նախագահ», «Սերժիկ, հեռացիր»:

Որպես վերջին ակորդ

Ապրիլի 24: 1988: Համազգային զարթոնքի ալիքը իրեն հաստատեց որպես Շարժում ու գրվեցին հայոց նորագույն պատմության առաջին էջի կարեւորագույն տողերը:

Ապրիլի 24: 1989: Համազգային Շարժումը մի նոր թափ հավաքեց, որին հաջորդեց հայոց հայրենիքի անկախության համար պայքարողների ազատությունը եւ ապա՝ ազատ-անկախ Հայաստանի փաստը:

Ապրիլի 24: 2008: Հայաստանի հազարավոր ազատ քաղաքացիների երթը՝ առաջնորդությամբ ընտրյալ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մի կարեւոր փաստագրում կատարեց. ժողովուրդը հաղթելու է:

Առաջին անգամ

2008 թվականի ապրիլի 24-ին առաջին անգամ Ազատության հրապարակը փակված էր Հայաստանի Հանրապետության զորքերով ու ոստիկանության ուժերով, որոնք թույլ չտվեցին Հայաստանի անկախ քաղաքացիներին Ազատության հրապարակից սկսել սգո երթ մինչեւ Եղեռնի հուշարձան:

2008 թվականի ապրիլի 24-ին Հայաստանի անկախ քաղաքացիները առաջին անգամ ոչ թե գոռում էին` Թալեաթ, մարդասպան, այլ վանկարկում էին` Սերժիկ, մարդասպան:

2008 թվականի ապրիլի 24-ին Հայաստանի անկախ քաղաքացիները առաջին անգամ Եղեռնի հուշարձան այցելեցին ոչ թե որպես խղճուկ զոհեր, այլ ցեղասպանությունը վերապրած ու միաժամանակ կյանքով ու պայքարի ոգով լեցուն Հայաստանի Հանրապետության անկախ քաղաքացիներ:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.