“Zhamanak” Armenian-American Political Daily

«Էս հողեր եք գրավել, հայերին ներս չե՞ք թողնում»

13:12 Yerevan | 9:12 GMT | Friday 25 April 2008

Մարինե Խառատյան

Ապրիլի 24-ի օրով Հայաստանի իշխանությունը հերթական անգամ խախտեց սահմանադրական կարգը. կրկին անգամ անհիմն, ապօրինի կերպով սահմանափակել էր մարդկանց ազատ տեղաշարժի` Սահմանադրությամբ ամրագրված իրավունքը Երեւանի կենտրոնում:

Ժամը 11-ից ոստիկանական բազմաթիվ ջոկատները դիրքավորվում էին Ազատության հրապարակի շրջակայքում: Ընդ որում` փակել էին ոչ միայն Ազատության հրապարակի բոլոր մուտքերը, այլեւ շրջապատվել էր Կարապի լիճը: Օպերայի տարածք ոչ ոքի չէին թողնում: Ոստիկաններից փորձեցինք ճշտել, թե ինչու՞, ի՞նչ հիմքով է փակ հրապարակը: Վերջիններս հրաժարվեցին պատասխանել մեր հարցին ու փորձում էին հեռացնել մեզ, թե` գնացեք: Ավելին` մի ոստիկան մոտեցավ ու խառնվեց մեր զրույցին. «Հըլը մի րոպե, պարտադիր հենց մեզանի՞ց պետք ա գաք, բան գրեք, գնա ուրիշից վերցրա: Փակ ա, սենց ենք ուզում, փակում ենք, պա՞րզ ա»: «Ո՞ր օրենքով եք ուզում», - հարցրինք ոստիկանին: «Մեր օրենքով», - ասաց ոստիկանը: «Ձեր օրենքը ո՞րն է», - հարցրինք, «Գնա էն կոմի վրա», - արդեն հրելով` ասաց ոստիկանը: Երբ հիշեցրին, որ լրագրողի աշխատանքը խոչընդոտելը քրեական պատասխանատվություն է ենթադրում, վերջինս պարզապես հեռացավ:

«Ես պայմանավորված եմ, էստեղ մարդ պետք է տեսնեի, ինձ համար անակնկալ է», - Ազատության հրապարակ մուտք գործելու հնարավորություն չստանալով` մեզ հետ զրույցում ասաց 48-ամյա Հասմիկ Սարգսյանը` շարունակելով. «Ես ծնվել, մեծացել եմ էս քաղաքում, չեմ հասկանում, սա ի՞նչ բան է: Սա խուլիգանություն է բացարձակ: Սա իմ իրավունքների ոտնահարում է, եւ սրա համար պատասխան է տալու երկրի իշխանությունը, որը պարտավոր է ապահովել իմ իրավունքների իրացումը: Եթե այնտեղ պրոֆիլակտիկա է, բարի լինեին այդ մասին զգուշացնեին քաղաքացիներին»: Մի ոստիկան մի կնոջ հորդորում էր գնալ Հյուսիսային պողոտա: «Բայց ես էստեղ մարդ պետք է տեսնեի», - փորձում էր հասկացնել կինը: «Էսպիսի բան կլինի՞, ամբողջությամբ փակել են Օպերայի տարածքը: Ահավոր վատ եմ գնահատում: Էս հրապարակը մեր հրապարակն է, ինչու՞ են մեր առաջ փակում», - հրապարակի մուտքի մոտ ասաց նախկին ուսուցչուհի Ասլանյանը` հավելելով, թե նախօրեին դաշնակցությանը անարգել թույլատրել են Ազատության հրապարակում հանրահավաք ու երթ անել: «Երեկ դաշնակները երաժշտությամբ, հանդիսավորությամբ էին գնում սգո երթի Ազատության հրապարակից, ինչի՞, մենք մարդ չե՞նք», - իշխանությունների վարքից բողոքեց ուսուցչուհին: «Սգո օր է, մենք ավելորդ որեւէ բան չենք անելու, գնալու ենք հարգանքի տուրք մատուցենք մեր զոհերի հիշատակին, թերթերում էլ շեշտված է, որ լռությամբ, առանց աղմուկի, առանց որեւէ բանի գնալու ենք մեր սգո երթը ու վերադառնանք: Ինչու՞ են էսպիսի բաներ անում, ուղղակի ամաչում ենք, ամաչում ենք մեր երկրի համար: Անամոթությանը չափ ու սահման չկա: Չի կարելի, այսօր սուգ է», - իր բողոքն արտահայտեց Անահիտ Պետրոսյանը:

Հանդիպելով ոստիկանական պատին` ժողովուրդը շարժվեց Մարտիրոս Սարյանի արձանի մոտ` մերթընդմերթ ամոթանքներ տալով ոստիկաններին: «Էս հողեր եք գրավել, հայերին ներս չե՞ք թողնում», - հեգնեց մի կին: «Ենիչերիները որ հայերին ցեղասպանության ենթարկեցին, նրանք թուրքի շահն էին պաշտպանում, հիմա ներկա էս ոստիկանները կարո՞ղ են ասել, իրենք ու՞մ շահերն են պաշտպանում: Եթե ծեծում են իրենց ժողովրդին, ապօրինի իշխանությա՞ն, որ ժողովրդին բռնությամբ, արյան մեջ խեղդելով եկավ իշխանության», - հարց ուղղեց Սասունիկ Ալեքսանյանը` տարակուսանք հայտնելով. «Ես պայքարել եմ էս հայրենիքի համար, ես տառապել եմ էս հայրենիքի համար, որ էսօր ոստիկաններո՞վ ինձ դիմավորեն: Եղեռնը նորից բացված վերք է մեր սրտում: Արյունակալած ծորում է»:

Երթի էին եկել նաեւ քաղբանտարկյալների հարազատները: «Երեկ եղբորս` Արմեն Ավագյանի դատն է եղել, իրեն էստեղ` Ազատության հրապարակում վրանի տակ ծեծել, արյունլվիկ են արել, իսկ երեկ դատարանում 3 վկա ոստիկան են բերել եղբորս դեմ ցուցմունք տալու համար, որոնք եղբորս չեն էլ ճանաչում: Եղբայրս հարց է տալիս` ի՞նչ հագուստով եմ եղել, չեն կարողանում պատասխանել: Եթե Սերժ Սարգսյանը էսպես շարունակի, բոլոր կանանցով կհավաքվենք, կգնանք Թուրքիա կամ Բաքու», - սպառնաց քաղբանտարկյալ, Տեր-Պետրոսյանի համակիր Արմեն Ավագյանի քույրը Թալինից` Ազատուհի Հակոբյանը` շարունակելով. «Եղբորս գլուխը բացված վերքով, ծնոտը կոտրած ստիպել են ստորագրել սուտ ցուցմունքի տակ: Իրենք թուրքերից բեթար բաներ են անում, էսքան միլիցիոներ որպես ի՞նչ են լցրել այստեղ»:

«Շատ վատ եմ գնահատում, որ 21-րդ դարում, Եղեռնի օրը նման բան են անում, ոստիկաններով շրջապատել են Ազատության հրապարակը, իրենք չգիտեմ` ինչ են պաշտպանում: Մինչեւ հիմա չենք հասկանում` ի՞նչ են պաշտպանում: Մենք ուզում ենք գնալ սուրճ խմել սրճարանում», - ասաց մի կին:

Ոստիկաններով եւ ոստիկանական մեքենաներով լցված Ազատության հրապարակը այդպես էլ անառիկ մնաց սգո երթի մասնակիցների համար: «Միեւնույն է` շարունակելու ենք պայքարը արդարության համար, Ազատության հրապարակը մերն է ու մերն է լինելու», - հրապարակի կողքով անցնելով ասում էին երթի մասնակիցները:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.