|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Ասք «Օրինաց երկրի» Արթուրչիկի, «մերկ» վարչապետի, «իմպոտենտ» ԱԺ-ի եւ երկունքի մասին13:11 Yerevan | 9:11 GMT | Friday 25 April 2008Հեղինե Մանուկյան Վլադիմիր Լենինի ծննդյան օրը, պատահական զուգադիպությամբ, զրուցեցինք «Մարքսիստական կուսակցության» ղեկավար Դավիթ Հակոբյանի հետ: Գուցե այդ էր պատճառը, որ մեր զրույցի ընթացքում պրն Հակոբյանը մի քանի անգամ ակնածանքով հիշեց մեծ հեղափոխականին ու մեջբերումներ արեց նաեւ նրա մտքերից: -Պրն Հակոբյան, որպես քաղաքական գործիչ ինչպե՞ս եք գնահատում քաղաքական կյանքի ներկա փուլը` նոր նախագահ, նոր կառավարություն, նոր վարչապետ: - Առաջին հերթին կենտրոնանանք քառակողմ դաշինքի, դրա ձեւավորման սկզբունքների, պորտֆելների բաժանման հարցի վրա: Այդ դաշինքը, այսինքն` կոալիցիան ձեւավորվել է ոչ թե քաղաքական-գաղափարական սկզբունքներով՝ քաղաքական-տնտեսական հայեցակարգի շուրջ, այլ...ուզում եմ կոլորիտային խոսք գտնել այն բնութագրելու համար, իսկ ավելի կոլորիտային, քան Պանիկովսկու եւ Շուրայի երկխոսությունը` չկա. Պանիկովսկին ասում էր. «Շուրա, միայն կողոպուտ»: Ասել կուզեմ` այդ չորս կուսակցություններին նախագահական ընտրական կամպանիայից առաջ հրահանգ տրվեց միայն քվե կողոպտել, ցանկացած ձեւով, ցանկացած եղանակով: Երբ որ կողոպուտն ավարտվեց, բոլոր կողոպտիչները հարցրին իրենց վերադասին` իսկ հիմա ի՞նչ, վերադասն էլ պատասխանեց` կողոպուտը բաժանել արդարաբար: Օ~, արդարադատ Բենդեր (քահ-քահ ծիծաղում է.- խմբ.): Հասկացա՞ք այդ դրվագը: Սա նշանակում է, որ քաղաքական կուսակցությունները, որոնք զբաղված են եղել կողոպուտով եւ ավարառությամբ, համապատասխան իրենց իրականացրած կողոպուտի էլ պետք է պորտֆելներ ակնկալեին: Իսկ կառավարության ձեւավորման գործում ոչ միայն հին` քոչարյանական վարչակարգի պերսոններն են մնացել, այլ նաեւ ղեկավարման որեւէ նոր սկզբունք այդտեղ չի ավելացել: Գիտե՞ք, թե ինչու են այդ պորտֆելները այդպես «արդարաբար» բաժանվել կողոպուտ իրականացրած կուսակցությունների միջեւ. որպեսզի այդ կուսակցությունների հետագա սնուցումն իրականացվի այդ պորտֆելների միջոցով: Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող քաղաքական ուժերի դեկտեմբերի 22-ի կոնգրեսում, երբ Տեր-Պետրոսյանը խոսելով կեղծ ընդդիմության մասին` բացառեց միայն դաշնակներին ու ՕԵԿ-ին` ասելով, թե այս երկուսը, որպես ընդդիմություն, անկեղծ են եւ ունեն գաղափարախոսություն, ես, որ նստած էի առաջին շարքում, տեղիցս անմիջապես ռեպլիկ «խփեցի»` ինչպե՞ս թե անկեղծ են, չէ՞ որ դրանք իշխանության այսօրվա ֆավորիտի դոնոր-պրիմանկաներն են, սրանք հավաքելու են մարդկանց քվեներն ու տալու են իշխանությանը, ինչպե՞ս կարելի է քաղաքական «նյուխ» չունենալ: Այդպես էլ եղավ, որովհետեւ միայն այդ ձայների շնորհիվ պետք է նրանք իրենց այսօրվա պորտֆելները շահեին: Դաշնակների մասին մինչ այդ էլ ես ասել եմ` դաշնակի արցունքների մեջ աղ չկա, նրանց արցունքին հավատալ չի կարելի: Իսկ Արթուր Բաղդասարյանի մասին, երբ նա սպիկերի աթոռից բաժանվեց, նույնիսկ կանացի անեծքներ էր ասում, թե ով որ ինձ կասի, որ ես կեղծ ընդդիմություն եմ...: Այդ ժամանակ ես ասացի, որ նա Սերժ Ազատիչի անառակ որդին է, իսկ երբ որ արդեն նա ստանձնեց Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, ես ասացի` անառակ որդին վերադարձավ իր կնքահոր գիրկը: Ահա եւ այն սկզբունքները, որոնցով էլ ձեւավորվեց քառակողմ կոալիցիան: - Իսկ ինչպե՞ս կորակեք նորանշանակ վարչապետի այն հայտարարությունը, թե նոր կառավարությունն առաջնորդվելու է Ս.Սարգսյանի ծրագրով: - Սերժ Ազատիչը անգամ իր շրջապատում չունի մի խելոք ու իմաստուն մարդ, մի անդրկուլիսյան Ֆուշե կամ Թալեյրան, որ գոնե նրա համար նախընտրական ճառ գրեր: Ես ցավում եմ եւ ողբալով եմ դա ասում, որ նա չունի այդ մարդը, որը նրա համար գրեր տնտեսական հայեցակարգ, գաղափարական թեզիսներ, ոչինչ: Եվ այսօր այդ ոչնչի վրա նոր վարչապետը դուրս է եկել ասպարեզ` բացարձակապես գրպանը դատարկ ժողովուրդը ծիծաղում է վարչապետի վրա` վարչապետը մերկ է, նա ոչինչ չունի ասելու, բացի գների թանկացումից: Իսկ գների թանկացման մասին խոսող վարչապետը պետք է նշեր պետականորեն ձեւավորվող, կոմպենսատոր այն մեխանիզմները, որոնցով պետք է հավասարակշռվեին, զսպվեին թանկացումները, որպեսզի տնտեսության վրա հակադարձ պրեսսինգ չգործադրվեր: Ամեն մի վարչապետի խնդիրն է տնտեսական դոկտրինան արտասանելիս առաջին հերթին ասել, թե բյուջեն համալրող ինչպիսի՞ նոր աղբյուրներ է նախատեսում, որոնք չկային նախորդ բյուջեներում, իսկ այսօրվա մեր բյուջեն, ինչպես եւ 1990թ.-ից սկսած, դրված է 100 տոկոսանոց հարկահանության վրա: Այդ կերպ բյուջե ձեւավորելը կատաստրոֆա է, որովհետեւ ամենաքաղաքակիրթ երկրներում անգամ բյուջեի եկամտային մասի 40 տոկոսից ավելին չպետք է ձեւավորվի հարկահանությամբ: Ահա այդ աղբյուրներից է կախված, թե դու ինչ կոմպենսատոր մեխանիզմներ ունես միջազգային գները սանձելու համար: Այս մեխանիզմները ոչ նախագահը, ոչ էլ վարչապետը չասացին: Գների եւ գնագոյացման պրոցեսների կանոնավորման խնդիրը համարվում է ամեն մի նախագահի գերագույն խնդիրը: Բացի այդ` կառավարության կադրային քաղաքականությունը ձեւավորվել է ավազակային սկզբունքով եւ որպես կադրային ռեզերվ օգտագործվել է այդ չորս հպատակ, պրիմանկա կուսակցությունների, այլ ոչ թե ազգային ռեզերվը, իսկ դա նշանակում է, որ Սերժ Ազատիչը ոչ մի կերպ չի կարողանում ձերբազատվել նախկին իշխանական վարչակարգի ազդեցությունից, պարտադրված սցենարներից` կադրային հարցերում: Իսկ մեր նախարարները «Նվագախմբի տղաները» ֆիլմի «Դինջի» պես են՝ երբ սպան հարցնում է «այ տղա, դու՞ ինչ կասես», ասում է՝ «որ իմանամ, ինչ եք ուզում, որ ասեմ՝ կասեմ, բայց որ չգիտեմ, ինչ եք ուզում, որ ասեմ՝ ի՞նչ ասեմ»... - Իսկ այդ, ինչպես Դուք ասացիք, «պարտադրված սցենարների» հիմքում, ըստ Ձեզ, ի՞նչն է ընկած: Ինչու՞, բոլոր դեպքերում, «ազգային ռեզերվը» տեղ չգտավ կառավարության նոր կազմում: - Դրա պատճառը դոնոր-պրիմանկաների մատուցած ծառայություններն են՝ մենք քեզ իշխանություն ենք նվիրել, այսքան ֆինանսական, քաղաքական ներդրումներ ենք արել, այսքան ձայներ ենք բերել, ուրեմն պիտի հատուցես...Հետո՞ ինչ, «Օրինաց երկրի» Արթուրչիկ, որ դու հեղինակություն չունես, զրո ես, վարկաբեկված: Բացի այդ` նա քաղաքականության մեջ այդպես էլ չզարգացավ ու մնաց ինֆանտիլ. ոչ մի քաղաքական դոկտրին, ոչ մի թեզիս, այլ միայն սոցիալական վայնասուն, ուրիշ ոչինչ: Նրա վզին է փաթաթված ամբողջ կրթական համակարգի կազմալուծումը, ազգին հանցագործ կրթական համակարգ պարտադրելը, ու այդ նույն կրթական համակարգի հանցագործություններն այսօր շարունակում են դաշնակները: Դաշնակների Մկրտչյան Լեւոնին տալ նախարար...դա պետական հանցագործություն է, ոչ միայն տգիտության առումով, նա կրուպնի բիզնեսմեն է` սկսած պոռնոբիզնեսից, վերջացրած լոտո-մոտո: Ես կոմպրոմատային մարտավարություն չեմ սիրում, թե նա ինչով է զբաղվում, դա հետաքրքիր չի ինձ, ինձ հետաքրքիր է այլ բան` կրթական դոկտրինը, որը չունենք: 21-րդ դարում մեզ անհրաժեշտ են նոր մանկավարժներ` իրենց էլեգանտությամբ, կրթական բարձր ցենզով, բարձր բարոյական նկարագրով, նյութի հրաշալի մատուցման իմացությամբ...Եթե մանկավարժական դոկտրինայի կադրային բազայի ձեւավորման հարցում մենք տանուլ ենք տալիս, ինովացիոն քաղաքականության մասին խոսք լինել չի կարող: - Պրն Հակոբյան, խոսակցություններ կան, թե Տիգրան Սարգսյանի վարչապետությունը ժամանակավոր բնույթ է կրում, որ նրան ժամանակ անց փոխարինելու է գալու Ռ.Քոչարյանը, դրա համար էլ Տիգրան Սարգսյանն առանձնակի ջանք չի թափում «պատրաստված եւ աշխատունակ» վարչապետի տպավորություն թողնելու համար: - Կիսում եմ այդ կարծիքը, Քոչարյանի վերադարձը 90 տոկոսով անխուսափելի է, եթե Ս.Սարգսյանը զգա նրա` որպես բռնակալի կարիքը հասարակական ալեկոծությունները, ընդվզումները հանգցնելու համար: Իսկ վարչապետի կարգավիճակում Քոչարյանի վերադարձը մեկից մեկ հնարավոր է, մանավանդ որ` ոչ մեկը եւ ոչ մի բան այդ հարցում չի խանգարում նրանց: Այս երեք-չորս ամիսը հնարավոր է նրանք թայմ-աութ են վերցրել, որպեսզի հասարակական ընդվզումները մի քիչ հանդարտվեն, որովհետեւ Քոչարյանին միանգամից վարչապետ նշանակելը շատ ավելի մեծ հուզումների տեղիք կարող էր տալ եւ Եվրոպառլամենտն էլ չէր ընդունի: Այնպես որ` Տիգրան Սարգսյանը ժամանակավոր ֆիգուր է, հատկապես որ պատրաստակամություն չունի աշխատելու եւ բացի գազի գների թանկացման մասին խոսելուց՝ ոչինչ չասաց: Շատ կարեւոր մի հանգամանք եւս. իշխանությունն այսօր երկու խնդիր է լուծում՝ ֆիզիկական գոյատեւման եւ ունեզրկման: Այս երկու խնդիրները նրան դարձրել են առյուծ, նա պատրաստ է մերումանուկ կոտորել՝ միայն թե իշխանությունը երբեք չտա: - Այսօր Ս.Սարգսյանն ու իշխանական թեւի այլ «սրտացավ» ներկայացուցիչներ հաճախ են խոսում հասարակական երկխոսության, համերաշխության եւ նմանատիպ այլ մարդասիրական երեւույթների մասին: Դուք երկխոսությունը համարու՞մ եք ելք ստեղծված կացությունից դուրս գալու համար: - Երկխոսության եւ այդ ոճի այլ բաների մասին խոսակցություններն անիմաստ են: Միակ ելքը այս իրավիճակից ինֆանտիլ, օլիգոֆրենիկ պառլամենտի լուծարումն է: Այդ պառլամենտը իմպոտենտ է, մտածելու ընդունակություն չունի, բացի պալատական ինտրիգյորությունից՝ այլ բան անելու ունակ չէ: Բացի դա` այդ պառլամենտն ընտրված է Սահմանադրության 65-րդ հոդվածին հակառակ, որի մասին Սահմանադրական դատարանի աղվես Գագոն, չգիտես ինչու՝ լռում է: Այդ հոդվածում գրված է, որ պատգամավորն իրավունք չունի ձեռնարկատիրությամբ զբաղվել: Դեռեւս Ֆրանկլին Դելանո Ռուզվելտն է ասել, որ օլիգարխիկ կապիտալն ու պառլամենտարիզմն անհամատեղելի են: Եթե Ազատիչն ուզում է իսկապես 2 միլիարդանոց բյուջե ունենալ եւ դեմագոգությամբ չի զբաղվում, ուրեմն պիտի ցրի ԱԺ-ն: Իսկ այսօր ինչ-որ եսիր ա գտել ու բմբլում ա կառավարության նիստում: Ուրեմն պետք է ցրել պառլամենտը, որովհետեւ հիմնական հարկատուներն այնտեղ են պատսպարված՝ իրենց մանդատի տակ: Այնտեղ նրանք կթվում են ոչ թե պետական գանձարանի կողմից, այլ Հանրապետական խունտայի: Ուզու՞մ ես պետությունը կթի նրանց, ուրեմն ազատ արձակի պատգամավորներիդ եւ ուղարկիր իրենց տեղերը՝ թող զբաղվեն իրենց ձեռնարկատիրությամբ: Եթե սա չի արվում, ուրեմն Ազատիչը միտք էլ չունի բյուջեն համալրելու: - Պրն Հակոբյան, բայց չէ՞ որ Ռ.Քոչարյանն իր պաշտոնավարման վերջին շրջանում մի քանի անգամ անդրադառնալով ԱԺ-ն ցրելու մասին շրջանառվող խոսակցություններին, ասաց, որ դա ուղղակի հնարավոր չէ, որ քաղաքական այբուբենի չիմացություն է... - Խորհրդային տարիներին լիկվիդացիոն կայաններ կային, որոնք զբաղվում էին մասսայական անգրագիտության լիկվիդացիայով: Մարդիկ ցերեկները գնում էին խոտհնձի, երեկոները գնում այդ կայաններում գրել-կարդալ էին սովորում: Ես Քոչարյանին համարում եմ այդ լիկկայանն ավարտած տառաճանաչ՝ ցերեկները գնում էր խոտհնձի, երեկոները գնում պոլիտեխնիկ ինստիտուտ՝ սովորելու: - Իսկ ինչպե՞ս եք գնահատում իշխանություն-ժողովուրդ փոխհարաբերությունների ներկա փուլը, հատկապես, որ այդ ժողովրդի մի ստվար հատված, մեղմ ասած, բացասական հույզեր է տածում «իր» իշխանությունների նկատմամբ: - Ես անընդհատ լսում եմ արտահայտություններ, թե այն կես միլիոն ժողովուրդը, որը հավաքվել էր Ազատության հրապարակում, ամբոխ էր, հրոսակախումբ էր, տրանս վիճակում էր գտնվում եւ այլն, եւ այդ ժողովուրդը դուրս էր եկել կործանելու ամեն ինչ: ԱԺ պատգամավոր Պետրոսյան Ռաֆիկն իր ելույթներից մեկում օգտագործել էր «անկարգություն» բառը, ու անընդհատ ոստիկանական հաղորդագրություններում ասվում է նույնը` «...զանգվածային անկարգություններ հրահրող ուժերը»: Քաղաքագիտության մեջ «զանգվածային անկարգություն» կատեգորիա չկա, դա կոչվում է ապստամբություն` լիբերալ-դեմոկրատիայի առումով` ժողովրդական ապստամբություն: Այն կարող է լինել խաղաղ ցույցերի ձեւով եւ զինված: Հայաստանյան ապստամբությունը խաղաղ էր, սակայն այն գնդակոծվեց ու արյունով ներկվեց մարտի 1-ին, իսկ այդ արյունոտ շաբաթը հենց իշխանափոխության նախերգանքն է: Ես առաջին անգամ հանրապետությունում օգտագործել եմ խունտիզմ բառը` որպես քաղաքական այլասերվածություն: Դա նախերգանքն է բոլոր հեղափոխական սիտուացիաների, որովհետեւ այն ստերջացնում է քաղաքական դաշտը` նպատակ ունենալով ձերբազատվել այլախոհներից, իշխանության ընդդիմադիր քաղաքական գործիչներից: Եվ թաքնվելով բարձր դռների ետեւում, փակելով պայքարի բոլոր սահմանադրական ուղիները` իշխանությունները ստիպում են ընդդիմությանը մերկացնել սուրը: Եթե նախագահը իր հրովարտակով արգելում է խաղաղ ցույցերը, որոնք իշխանությունը քաղաքակիրթ ուղիով փոխելու, իշխանության ապականված բարքերը վեր հանելու միակ ուղին են, ուրեմն ստիպում է անցնել զինված ապստամբության: Դրա համար էլ Եվրոպան կանչեց սրանց եւ ասաց, որ դուք այդ հրապարակը փակելու իրավունք չունեք, որովհետեւ դուք այս կերպ ստիպում եք ժողովրդին դիմել կամ տեռորի կամ էլ զինված ապստամբության: Երկրորդը. այդ ցույցերի 10 օրերի ընթացքում ժողովուրդը իրեն թույլ չտվեց խաղաղ ցույցերից այն կողմ գնալ, ձեռք բարձրացնել արքունի կառույցների վրա, բայց բոյը՝ մարտը, իշխանությունը պարտադրեց ժողովրդին: Եվ փոխանակ միջանցք տար ժողովրդին ցրվելու, լիցքաթափվելու համար, նրան դիտավորյալ շուրջկալ արեցին եւ պարտադրեցին ընդունել մարտը: Ժողովուրդն էլ` որպես ֆիզիոլոգիական էակ, բնականաբար պիտի գնար ինքնապաշտպանության... Մարտի 1-ի դեպքերը ես գնահատում եմ խաղաղ ցույցի դեմ իրականացված գնդակոծություն, որի արդյունքում ժողովուրդը բազմաթիվ կորուստներ կրեց: Ինչ վերաբերում է նրան, թե 10 զոհ ունեցանք. ես դա սխալ եմ համարում, որովհետեւ այն հարյուրավոր խեղանդամ դարձած մարդիկ, որոնք երկրորդ կարգի հաշմանդամ են, եւս համարվում են զոհեր եւ միայն ֆիզիկական մահվամբ չի պայմանավորված զոհ հասկացությունը: Այդ գնդակոծությունը նաեւ ազդեց հասարակության հոգեկանի վրա, ինչի հետեւանքով դեպրեսիա ի հայտ եկավ հասարակության մեջ: Ու չնայած դրան, ժողովրդական այն ալիքը, որը բարձրացել է, հնարավոր չի լինելու կասեցնել: Իսկ մարտի 1-ի դեպքերը, եթե ամփոփելու լինեմ խոսքս, երրորդ հանրապետության կործանումն էին. դրանցով սկսվեց նաեւ չորրորդ հանրապետության քաղաքական երկունքը: - Իսկ որքա՞ն ժամանակ կձգվի այդ երկունքը...եւ երբ կծնվի «մանուկը»: - Հնարավոր է նաեւ մինչեւ աշուն: Շիրազը կասեր՝ «ապրենք լույսով, վաղվա հույսով»: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՇահարկումների մեխանիկանՑանկացած, նույնիսկ կենսական անհրաժեշտություն հանդիսացող գաղափար կարելի է շահարկել եւ օգտագործել բոլորովին... Քաղաքական«Երդվե՛նք` չդադարեցնել պայքարը մինչեւ մեր բոլոր իղձերի իրականացումը». «գլխավորը չհոգնելը, չնվնվալը, չհուսալքվելն է»Սիրելի հայրենակիցներ, Ինչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |