|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Ռեժիմը մահվան ջղաձգումների մեջ է13:07 Yerevan | 9:07 GMT | Friday 25 April 2008Կարինե Հարությունյան Երեկ գործող վարչախումբը առեւանգել է «Սասուն» ջոկատի ազատամարտիկ, առաջին կարգի հաշմանդամ Արշավիր Բոզինյանին: Բոլոր երգերը երգել էին, էս էր մնացել: Թույլ, վախկոտ, ողորմելի: Ու լիքը էս հանգի բառեր: Էս վարչախմբին բնորոշող: Էս` իրեն Հայաստանի իշխանություն հորջորջող ավազակախմբի էությանը հատուկ: Էս` երկրի-ժողովրդի վզին փաթաթված ռեժիմին հարիր: Ինչ էլ ասես` քիչ է մարդկային տեսակի նման դրսեւորումների ճշգրիտ որակը արտահայտելու համար: Քանի որ իրենց անմարդկային գործողությունները սահման չեն ճանաչում: Ու քանի որ հիշելուց անգամ նողկանք ես զգում, թե քո տեսակը ինչերի է ունակ: Երեկ Կոտայքի մարզային իշխանությունները-ոստիկանները ռեժիմին հաճոյանալու հերթական քայլն են արել: Առեւանգել են մի մարդու, որը տեղաշարժվում է սայլակով եւ 16 տարի զրկված է քայլելու հաճույքը վայելելուց, քանի որ իր կյանքը չի խնայել նաեւ այդ խղճուկների հայրենիքը պաշտպանելու համար: Ահա թե ինչ է պատմում ինքը` Արշավիր Բոզինյանը. «Պայմանավորվել էինք, որ բոլորով պիտի գնանք Երեւան` եղեռնի զոհերի հուշարձանին ծաղիկներ դնելու: Առավոտ ժամը 9-ին դուրս եկա իմ մեքենայով: Մի 300 ծաղիկ էի վերցրել, որ ժողովրդին բաժանեմ: Մի քանի մետր առաջ էի գնացել, մեքենաս շրջապատեցին, ասեցին` հրաման կա, քեզ տանելու ենք Սովետաշենի բերդ: Իմ եւ որդուս հեռախոսները խլեցին, որպեսզի ոչ մեկին չկարողանանք զանգել: Քշեցին Սովետաշենի բերդ: Դարպասի առաջ կանգնեցին: Էդտեղ բավականին ժամանակ մնալուց հետո ժամը 13-ի մոտերքը ես սայլակով մի քիչ առաջ գնացի, հասան ու սկսեցին քաշքշել ինձ: Չէին ուզում, որ հասնեմ մարդաշատ տեղ»: Ոստիկանները այնքան են քաշքշել առաջին կարգի հաշմանդամին, որ նրա ձեռքերը բավականին ճանկռտված-վնասված են: Մարդը վատացել է. «Քիչ էր մնում սիրտս կանգներ սրտնեղությունից: Տղաս մի կերպ գնաց ջուր բերեց: Նրան էլ էին հսկում, որ հանկարծ մեկնումեկին մի տեղից չզանգի: Ջուրը լցրեցի գլխիս, մի քիչ ուշքի եկա: Մի քիչ հետո թե` սոված ենք, գնանք ռեստորան: Գնացին մի ռեստորանի մոտ: Ես դուրս չեկա մեքենայից ու որդուս էլ չթողեցի: Ասեցի` իմ երեխեն մենթի հաց չի ուտի: Առեւանգողները տեսնելով, որ իրենց հետ հաց կիսելու միտք չունեմ, քշեցին դեպի Գառնիի դաշտերը: Հետո նորից հետ բերին Սովետաշենի բերդ, թե Սասունին բերելու են մահապարտների մոտ, նրա հետ տեսակցելու հնարավորություն կունենաս: Բանտից մի աշխատող դուրս եկավ, սրանք խոսեցին, հետո դուրս եկավ բանտապետի տեղակալ Խաչատրյանը: Ասեցի` առանց սանկցիայի բերել են, դռները բացեք, ես մտնում եմ բանտ: Սրա հետ էլ խոսեցին Վանատուրի ինձ առեւանգողները: Ու պետի տեղակալը գնաց: Ինձ էլ ասեցին, թե վերեւից մինչեւ հրաման չլինի, քեզ հետ չենք տանելու, վերեւից հրաման կա: Էսպես խաբելով պահեցին մինչեւ ժամը 18-ի մոտերքը: Հետո հետ բերին Վանատուր: Գյուղի մեջ մեքենայի բանալիները ես վերցրի, սրանք էլ փախան: Ես գնացի ոստիկանության Հրազդանի բաժին: Ոստիկանապետ Ավետիք Աբրահամյանը հեռվից ինձ տեսնելով` փախավ: Ի դեպ, իմ նկատմամբ կատարված այս առեւանգումը տեղի է ունեցել ոմն Գրիշիկի ղեկավարությամբ»: Ահա եւ ամբողջ պատմությունը: Եթե քիչ է, ի հավելումն իրեն լեգիտիմ համարող վարչախմբի պատկերին մի վերջին շտրիխ էլ ավելացնեմ: Երբ Արշավիր Բոզինյանին Վանատուր են տարել, եւ ազատամարտիկը ասել է, որ մեկ է` ինքը Երեւան է գնալու, սրանք թե. «Չգնաս, Երեւանի ճանապարհին քեզ մի 30 մենթով սպասում են: Չեն թողնելու»: Ո՞նց էր: Էս էլ ձեզ` ինքնակոչվածի վախի չափը: Ուրեմն` հերիք չի Երեւանում Ազատության հրապարակն էին փակել ու Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհների մեծ մասը, դեռ մարդ էլ են առեւանգում: Գողանում` այսինքն: Ազատամարտիկի: Առաջին կարգի հաշմանդամի: Ուրեմն իրենք, պարզվում է, ոչ միայն սուտասան են, ոչ միայն մարդ ծեծող են, այլեւ... Փաստորեն, Արշավիր Բոզինյանին առեւանգելը մի նպատակ ուներ. կանխել վանատուրցիների մուտքը Երեւան: Այսինքն` ռեժիմը վախեցել էր մի... շատ-շատ 30 հոգուց: Դե, եթե գործող ռեժիմին իր վախճանի անխուսափելիությունը հասկանալու համար այդքան մարդ է պակասում, դրանից էլ հեշտ բա՞ն: Լուսանկարը՝ Գերման Ավագյանի |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |