|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Մեծ քաղաքականության հնչերանգները Վրաստանում13:06 Yerevan | 9:06 GMT | Friday 25 April 2008Գոհար Բարսամյան Հերթական անգամ սրվել են ռուս-վրացական հարաբերությունները. այս անգամ Թբիլիսին առաջարկում է Մոսկվային` փոխանակել ռադարների տվյալները, որպեսզի հաստատեն, թե ապրիլի 20-ին Վրաստանի օդային տարածքում ով է խփել Վրաստանի ներքին գործերի նախարարության ինքնաթիռը: Ինչպես հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն` այդ նպատակով Վրաստանի արտաքին գործերի նախարարություն է հրավիրվել Թբիլիսիում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն: «Եթե ռուսական կողմը ունի այլ տվյալներ ապրիլի 20-ի միջադեպի վերաբերյալ` մենք պատրաստ ենք դրանք հաձնել միջազգային փորձագետներին` ծանոթանալու նպատակով», - ասել է Վաշաձեն: Նա միաժամանակ նշել է, որ առաջիկա օրերին Թբիլիսի կժամանի միջազգային փորձագետների խումբը` ուսումնասիրելու ապրիլի 20-ի միջադեպի հանգամանքները: Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին Աբխազիայում խփվել է Վրաստանի անօդաչու ինքնաթիռը: Թբիլիսին պնդում է, որ ինքնաթիռը ոչնչացրել է ռուսական ՄԻԳ-29 կործանիչը: Ըստ որում` ռուսական կողմը ուշադրությունը բեւեռում է այն հանգամանքի վրա, որ Վրաստանի անօդաչու ինքնաթիռը թռիչք էր իրականացնում հակամարտության գոտու օդային տարածքում, ինչը հակասում է 1994 թվականի մայիսի 14-ի հրադադարի վերաբերյալ Մոսկովյան պայմանագրին: Միջադեպը որակվում է ապակայունացնող գործոն եւ հանգեցնում է լարվածության խորացման: Նմանօրինակ միջադեպ գրանցվել է 2008 թվականի մարտի 18-ին: Այդ ժամանակ Աբխազիայի ռազմաօդային ուժերը խփեցին այսօրինակ թռչող սարքը: Չորեքշաբթի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այդ միջադեպը քննարկել է հատուկ նիստում: Վրաստանին չի հաջողվել համոզել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Ռուսաստանի նկատմամբ իր ունեցած հավակնությունների հարցում: Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հատուկ նիստը հրավիրվեց այն իրողությունից հետո, երբ Վրաստանը երկիցս նամակ ուղարկեց Անվտանգության խորհրդի նախագահին: Թբիլիսին մտահոգություն հայտնեց այն առնչությամբ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է կառավարությանը առարկայական օգնություն հատկացնել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի բնակչությանը: ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը նշել է, որ Անվտանգության խորհրդի 15 անդամներից միայն մեկն է աջակցել Վրաստանին: Այսպիսով` Վրաստանին չի հաջողվել աջակցություն ստանալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից, սակայն արեւմտյան չորս տերություններ` ՄԱԿ-ի ձեւաչափից դուրս, աջակցել են Թբիլիսիի զգուշավորությունը. Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Գերմանիան պաշտոնական հաղորդագրություն են տարածել Վրաստանի իրադրության շուրջ: Ռուսական պատվիրակությանը այդ մասին չի իրազեկվել: Փաստաթուղթը հրապարակվել է ՄԱԿ-ի կենտրոնակայանում` Գերմանիայի մշտական ներկայացուցչությունում: Հաղորդագրությունը ենթադրում է հրաժարվել ռազմական գործողություններից եւ հարգել Վրաստանի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը: Չորս երկրները վրաց-աբխազական հակամարտության գոտում ցանկացած գործողություն համարում են լարվածության խորացում: Նրանք նաեւ խորին մտահոգություն են հայտնել այն առումով, որ Ռուսաստանը պաշտոնական կապեր է հաստատում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ: Դժվար չէ կռահել, որ Ռուսաստանը կամենում է պառակտել Ուկրաինան եւ Վրաստանը` ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ընթացակարգը խոչընդոտելու համար: Արեւմուտքը այս սպառնալիքները դատակ չի համարում: Օրինակ` Ուկրաինայում դա դրսեւորվում է ընտրությունների ժամանակ: Որքան գնում, այնքան խորանում է Ուկրաինայի ընտրազանգվածի ներսում առկա` արեւմտամետների եւ ռուսամետների տարաձայնությունը: Դեռ ավելին` Արեւելյան Ուկրաինան, որ ուղղակիորեն կախված է Ռուսաստանի տնտեսությունից, չի կամենում խզել իր կապերը Ռուսաստանի հետ: Այսօր կա երկու Ուկրաինա: Եվ սա Ուկրաինայի պառակտման ամբողջական պատկերը չէ. խնդրահարույց է նաեւ Ղրիմը` նախկին ԽՍՀՄ-ի ծովային խոշոր ռազմական հենակայանի հիմնախնդիրը: Ղրիմը համարվում է ռուսական տարածք, այն միայն 1960 թվականին է Խրուշչովը կցել Ուկրաինայի Խորհրդային Հանրապետությանը: Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա այն կարող է հեշտությամբ փլուզվել, եթե Մոսկվան պատերազմ սադրի անկլավներում, որոնց Ռուսաստանը օգնում է գումարի եւ զենքի ձեւով: Փորձագետների կարծիքով` Վրաստանի անջատողական տրամադրությունները ռուսները չեն հորինել, նրանք միայն դրանք խորացրել են: Կրեմլին լրացուցիչ ուժ է հաղորդում Կոսովոյի անկախությունը: Այսինքն` այնպես, ինչպես իրեն պահում է Արեւմուտքը Կոսովոյի հանդեպ, այդպես իրեն դրսեւորում է Ռուսաստանը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հանդեպ: Այսպիսով, Ռուսաստանը բազմակողմ քաղաքական դիմակայության մեջ է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ: Փորձագետները Աբխազիայի եւ Հարավային Օսիայի օրինակները նախադեպ են համարում Մերձդնեստրի եւ Լեռնային Ղարաբաղի համար: Արտերկրի մամուլն էլ ընդգծում է, որ նախկին ԽՍՀՄ-ի տարածքում անջատողական տարածաշրջանների հիմնախնդիրները դեռեւս չեն հանգուցալուծվում: Այսօրվա դրությամբ` Աբխազիայում սառեցված հակամարտությունը հնարավոր է փոխակերպվի բռնությունների: Վրաստանը մեղադրում է Ռուսաստանին` վրացական տարածքների անեքսիայի հարցում, Աբխազիան` Վրաստանին` սադրանքների համար, իսկ Ռուսաստանը աշխուժորեն խաղում է այս տարածաշրջանում` ներկայացնելով, որ գերիշխող ուժը ինքն է: Ռուսաստանը այս տարածաշրջանում խաղում է ամենազգայուն ժամանակներում. Թբիլիսին ճնշված է, քանի որ ժամանակավորապես ձախողվել է նրա մուտքը ՆԱՏՕ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատում է, որ այս տարածաշրջանում Ռուսաստանի գործողությունները բանական եւ օրինական են, քանի որ ինքը միայն պաշտպանում է իր քաղաքացիներին, որոնք ապրում են այստեղ: Միջազգային չափումներում Ռուսաստանի գործողությունները երկու գործոնով են բացատրվում` Կոսովոյի ճանաչմամբ եւ Բուխարեստի գագաթնաժողովով: «The Financial Times» պարբերականի նկատառումներով` լիովին հնարավոր է Աբխազիայի անեքսիան: Հոդվածագիրը ենթադրում է, որ Պուտինը սարքված գործը պատրաստի վիճակում կհանձնի նորընտիր նախագահին` Մեդվեդեւին: Ի դեպ, աբխազական հակամարտությունը սկսվել է 19-րդ դարում, երբ հազարավոր աբխազներ հակադրվեցին Մոսկվայի իշխանություններին եւ արտաքսվեցին իրենց բնակավայրերից: Խորհրդային շրջանում Ստալինը փակեց աբխազների ազգային դպրոցները եւ խրախուսեց ազգային այլ փոքրամասնությունների բնակեցումը այս տարածքներում: Խորհրդային Միության փլուզումից հետո հիմնախնդիրը գլուխ բարձրացրեց: Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին վրացական ոչ մի կուսակցություն չի խրախուսում Աբխազիայի ինքնորոշումը: Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Աբխազիային առաջարկում է կառավարման դաշնային ձեւը: Աբխազները հայտնվել են ռուսների եւ վրացիների ծուղակում: Ինչ վերաբերում է Վրաստանի ներքաղաքական զարգացումներին, ապա պետք է ասել, որ Ֆրանսիան Վրաստանին չհանձնեց Օքրուաշվիլուն: Սա այն նույն Ֆրանսիան է, որ դեմ է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը: Փաստացի` Ֆրանսիան չի կամենում խախտել Ռուսաստանի հետ հարաբերությունների հաշվեկշիռը` Վրաստանին սատարելու հաշվին: Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Օքրուաշվիլին չի կարող մասնակցել խորհրդարանական ընտրություններին, քանի որ Վրաստանի օրենսդրությամբ` ընտրություններին չի կարող մասնակցել դատված քաղաքացին: Իսկ խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն դուրս է գալիս կառավարող կուսակցությունից, քանի որ լուրջ տարաձայնություններ ունի նախագահ Սահակաշվիլու հետ, մասնավորապես` Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հիմնախնդիրների առնչությամբ. Բուրջանաձեն քաջ գիտակցում է Վրաստանի առաջ ծառացած լուրջ մարտահրավերները, եւ նա հենց այնպես չի հրաժարվում իր դիրքերից. նա կամենում է ստեղծել նոր ընդդիմադիր կուսակցություն: Սա Վրաստանում ներքաղաքական ուժերի վերադասավորում է խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: |
|
ՈրոնումԽմբագրի ընտրանին
ՎերլուծականԵթե թողնեն բանալինՈր Հայաստանում արտահերթ ընտրության համար հիմքերի բացակայության մասին դատողություններն իրենք են անհիմն` դրանում... ՔաղաքականՓաստահավաք խմբի զեկույցը մարտիմեկյան դեպքերին բանակի մասնակցության մասին կլինիՓաստահավաք խմբի ընդդիմադիր անդամները, ինչպես հայտնի է, աշխատում են իրենց թվով 5-րդ` վերջնական զեկույցի վրա: ԱշխարհՅոթ երգ` ութ բանի մասինԱրժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի... Արխիվ |
|||
Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |