“Zhamanak” Armenian-American Political Daily

Եղեռնի գնալու՞ ես...

13:40 Yerevan | 9:40 GMT | Thursday 24 April 2008

Այսօր ապրիլի 24-ն է. ասել կամ գրել այս արտահայտությունը` հավասարազոր է ամեն ինչ ասելուն կամ... ոչինչ չասելուն:

Որովհետեւ «ապրիլի 24-ը» խիստ տարբեր է յուրաքանչյուրի համար:

Փորձեք տեղեկանալ, թե ում համար ինչ է ապրիլի 24-ը, եւ եթե ձեզ հետ անկեղծ լինեն` կստանաք ոչ այնքան հոդաբաշխ պատասխաններ...

Մինչդեռ ապրիլի 24-ն, իրականում, ոմանց համար պարզապես շահութաբեր բիզնես է, ոմանց համար` իրենց մասնագիտությունն ու գոյությունը արդարացնելու հիմնավորում, մնացյալի համար էլ...

- Եղեռնի գնալու՞ ես, - ով կասի, թե ամենաշատը այս արտահայտությունը չի հնչել կամ հնչում ապրիլի 24-ին` հոգուն մեղք արած կլինի:

Էս է էս օրվա մեր ընկալումն` իր ընդհանրության մեջ՝ առանց մեկնաբանության էլ «հասկանալի» ու մեկ էլ պետական տարբեր տրամաչափի այրերի ծեքծեքումները` «ճանաչել-դատապարտել-պատժել» հանգերգերով: Ու, բնականաբար, ոչ մի խոսք, թե դա ի՞նչ է ենթադրում: Ի՞նչ հետեւանքներ: Ի՞նչ արդյունքներով:

Որեւէ մեկը կարո՞ղ է մտաբերել, թե երբեւէ ինչ-որ հստակ ձեւակերպում է տրվել «մեր ուզածին»:

Տարիներ առաջ, արդեն հանգուցյալ Էդվարդ Հովհաննիսյանը, ով Հայ դատի գրասենյակի տնօրենն էր, ասել է. «Այո, ցեղասպանություն տեղի է ունեցել, բայց դրանից հետեւում է, որ պետք է հատուցվեն բոլոր այն վնասները, որոնք ցեղասպանության հետեւանքով հասցվել են հայ ժողովրդին: Ի՞նչ է հատուցումը` հողային, նյութական, ինչպե՞ս մենք պետք է դատարանի առջեւ կանգնեցնենք երիտթուրքերին, ի՞նչ հոդվածով պիտի նրանց մեղադրենք, ինչքա՞ն հատուցում ուզենք, ի՞նչ սահմաններում պիտի հող ուզենք, եւ այլն, եւ այլն... Բոլոր այս հարցերը, դժբախտաբար, մենք դեռ չենք լուծել: Կարող եմ ասել` նույնիսկ չենք զբաղվել»:

Բա ինչո՞վ ենք զբաղվել` մի հարցնող լինի:

Փաստորեն ստացվում է, որ մեզնից միայն ասացողների ցեղ է ստացվել:

Կուխնիներից սկսած մինչեւ Եվրախորհրդարան ու մի բան էլ դենը:

Բա, եթե չենք զբաղվել, ինչի՞ մասին ենք խոսում:

ԴԱՏԸ` մենք ենք:

Ղարաբաղը դատարկելով` դատ չես շահում:

Հայաստանը մոնղոլ-թաթարական դարձնելով` նույնպես:

ԴԱՏԸ շահել հնարավոր է միայն հզոր լինելու դեպքում:

Իսկ հզոր` նախ մտքով պետք է լինես: Աշխարհի հետ հարաբերվելու քո կերպով ու կերպարով` ընդհանրապես:

...Քեզ ԹՇՆԱՄԻ կարող է լինել քեզ հետ համադրելին գոնե: Երբ անհամադրելիին ես քեզ թշնամի հռչակում` կանխապես քո ժողովրդին պարտության ես դատապարտում` պարտվողի ու պարտվածի հոգեբանություն արմատավորելով:

Ու որեւէ մեկին համադրելի դառնալու համար պետք է...համադրելի դառնալ:

Ոչ թե երկիրը մի քանիսի պոլի շորը սարքել:

...99 տարի առաջ Սաբահէդդին փաշան ասել է. «Ես ուղղակի զարմացած եմ մնացել, ինձ հետ էլ` շատ եվրոպացիներ: Հայ ազգը ինչպե՞ս կարող է հարգանք պահանջել, երբ անգամ Ադանայի կոտորածից հետո էլ մեծամասնությամբ Իթթիհատի կողմն է բռնում: Դաշնակցականները ինչպե՞ս սեղմեցին իթթիհատական արյունոտ, եղեռնագործ ձեռքը եւ նրանց հետ համաձայնություն կնքեցին: Հայ ազգը, որ անհաշտ դիրք պիտի բռներ, ընդհակառակը` ամենից ավելի զիջողը, տեղի տվողը, կռացողը նա եղավ...»:

...«Ես ուղղակի զարմացած եմ մնացել»...

Ես էլ:

Ու կարծում եմ` ոչ միայն:

- Եղեռնի գնալու՞ ես:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.