“Zhamanak” Armenian-American Political Daily

«Չի կարելի անմեղ մարդուն բանտարկել»

13:33 Yerevan | 9:33 GMT | Thursday 24 April 2008

Կարինե Հարությունյան

«Չի կարելի անմեղ մարդուն բանտարկել»
«Ազատություն քաղբանտարկյալներին»: Այս կոչը ժողովրդի շուրթերին է Մարտի 1-2-ից հետո ու մինչեւ այսօր: Ու այնքան ժամանակ, քանի դեռ 21-րդ դարի Հայաստանում ձերբակալվում են քաղաքական հայացքների համար:

Այս կոչի շուրջն էին երեկ համախմբվել Երեւանին հարակից Հաղթանակ գյուղի բնակիչները: Ազատության համար մարտնչող ժողովրդի համար պատնեշներ չկան: Դրա ապացույցը ամեն օր Հյուսիսային պողոտայում է: Դրա ապացույցը ամեն օր Հրազդանի Վանատուր թաղամասում է: Դրա ապացույցը երկրի շատ բնակավայրերում է ու նաեւ երեկ էր` «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի ծննդավայրում: «Ազատ, անկախ, Հայաստան», «Պայքար, պայքար, մինչեւ վերջ», «Երկրապահ, երկրապահ», «Չորրորդ գյուղ, միացիր», «Սմբատ, հայոց կանայք քեզ հետ են» վանկարկումներով եւ քաղբանտարկյալների նկարներով բողոքի ցույցի մասնակիցները եկան գյուղապետարանի մոտ: Այնտեղ էին նաեւ ԱԺ պատգամավորներ Անահիտ Բախշյանը եւ Վարդան Խաչատրյանը, նաեւ` շատ քաղբանտարկյալների կանայք: Ստորագրություններ էին հավաքվում քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով, ու գյուղի բնակիչները եռանդով ստորագրում էին: «Ինչու՞ եք այստեղ, ի՞նչ եք պահանջում», - հարցրեցի: «Պարզ չի՞: Ազատություն ենք պահանջում մեր տղաների համար: Նրանք բոլորը մեր հերոսներն են, մեր երկրի ապագայի համար մտահոգվողներն են, իսկ ձերբակալված են, որովհետեւ մի քանի ազգի դավաճաններ պատրաստ են նույնիսկ երկիրը ծախել, ժողովրդին էլ հետը, մենակ թե բավարարեն իրենց որկորային պահանջները», - ասաց միջին հասակի մի տղամարդ` Ալեքսանդր անունով:

Ծանր է, բայց եւ գովելի ու, միաժամանակ, ուրախալի, որ ռեժիմի սարքած վախի մթնոլորտի փաստը փուչիկ դուրս եկավ ու վարչախմբի` այդ հաշվով պատրանքը հօդս ցնդեց անդառնալիորեն: ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը ակցիայի առիթով ասաց. «Ես նույնպես միանում եմ այդ պահանջին: Համոզված եմ, որ մեր երկրում կան քաղբանտարկյալներ եւ պահանջում եմ ազատ արձակել նրանց: Ինչ վերաբերում է ԵԽԽՎ ընդունած բանաձեւին, այն տառ առ տառ պետք է իրականացվի, եթե ուզում ենք, որ այս պետությունը արժանապատիվ տեղ ունենա մոլորակի վրա»: Պատգամավորն ասաց նաեւ, որ քաղբանտարկյալների համար իրականացվող «առանձին միջնորդություններին միացել են պատգամավորներ Վիկտոր Դալլաքյանը, Վարդան Բոստանջյանը: Մյասնիկ Մալխասյանի համար միջնորդությանը միացել է Արմեն Աբրահամյանը: Այսօր Սմբատ Այվազյանի համար ենք միջնորդագիր ներկայացրել, սակայն միայն «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներն են ստորագրել: Դիմել ենք «Հանրապետականի» ֆրակցիային: Պարզվում է` դժվար է հավաքվել նիստ գումարել, քննարկել եւ որոշում կայացնել: Միջնորդագրեր ենք պատրաստել քաղբանտարկյալներից շատերի համար: Պարզվեց, որ պատգամավորից պատգամավոր տարբերություն կա: Մի քանի պատգամավոր միջնորդություն ներկայացրին Սուրեն Սուրենյանցի համար, եւ շատ արագ այդ հարցը լուծվեց, իսկ մենք արդեն տարբեր առիթներով միջնորդություններ ենք ներկայացրել, որոնք ոչ մի ուշադրության չեն արժանացել: Սա խտրականության ամենավառ դրսեւորումն է»:

Երեկ ի թիվս շատերի` Հաղթանակ գյուղում էր եւ քաղբանտարկյալ, Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրական շտաբի ղեկավար Ալեքսանդր Արզումանյանի կինը` Մելիսա Բրաունը. «Բոլորս իրար պաշտպանում ենք: Այսօր` Սմբատ Այվազյանի, վաղը մյուսների համար ենք կանգնելու-պաշտպանելու»: Իսկ ի՞նչ են մտածում երկրի ներքաղաքական իրավիճակի մասին Հաղթանակի բնակիչները: «Մարդասպանությունով ղեկավար ե՞ն դառնում: Ի՞նչ նախագահ, որ մեր թագավոր տղերքին բանտերն ա գցել: Պահանջում ենք նրանց ազատությունը: Ըսենց ե՞ն ժողովուրդ կառավարում: Ցեղասպանությունից բեթարն արին ժողովրդի գլխին», - ասաց Արաքսյա Այվազյանը:

«Բոլորիս ցանկությունն է, որ ազատեն քաղբանտարկյալներին, քանի որ բոլորին անհիմն են բռնել: Դեմոկրատիան ինչի՞ համար է, որ մարդկանց բռնում են իրենց կարծիքի համար: Ուրեմն` մեր երկրում դեմոկրատիա չկա, սա բռնապետություն է: Մեր ուզածը ամենահասարակ, պարզ բանն է. խոսքի ազատություն, որ չապրենք բռնապետության մեջ», - այս կարծիքին է Ժորան: Իսկ Սերգեյը. «Ժողովուրդը պահանջում է ազատություն, արդարություն: Ի՞նչ պարտադիր է, որ Եվրախորհուրդը ցուցում տա, որ Ս.Սարգսյանը ասի` քանդենք պատը: Դե բերեք քանդենք: Պիտի Եվրոպան ասի՞, որ սրանք մտածեն պատը քանդելու մասին: Երկար տարիներ կուտակված դժգոհությունները համբերության բաժակը լցրել են, մարդիկ պայքարում են իրենց ազատության համար»:

Ազատություն: Այս մի հատիկ բառով ամեն ինչ ասված է: Ու այս մի հատիկ բառի զորությունն էր Հաղթանակի բնակիչներին ոտքի հանել: Առանձնապես հուզիչ էր քաղբանտարկյալ Սմբատ Այվազյանի հորեղբորորդու` քաղբանտարկյալ Մարզպետ Այվազյանի քրոջ` իր համագյուղացիներին ուղղված խոսքը. «Ետ դարձիր, 4-րդ գյուղի ժողովուրդ: Մի ծախվեք, դուք ծախվող մարդիկ չեք եղել: Ես Մարզպետի ու Սմբատի քույրն եմ ու ոչ մի բանից չեմ վախենում: Ետ եկեք, շուռ եկեք ձեր որդիների մոտ, նրանք ձեզ համար արյուն են թափել: Չէ՞ որ ձեր որդիներն են տուժելու ու ձեր թոռուծոռները, եթե հանդուրժեք այս անարդարությունները ու չպայքարեք ձեր ազատության համար»:

Իսկ ազատության համար մարդը պայքարում է դեռ... բարուրից: Ու բարուրի կապանքները ոչ վաղ անցյալում հաղթահարած Հաղթանակ գյուղի երեխաները քաղբանտարկյալների նկարները թափահարելով «Ազատություն» էին կանչում: Ի՞նչ եք ուզում երեխեք, էս ի՞նչ նկարներ են ձեռքներիդ. «Ազատություն: Անկախություն: Սմբատին ու բոլոր քաղբանտարկյալներին թող ազատեն»: Միքայելն էր, Ռաֆիկը, էրիկը, Սամվելը, Էլենը, Էդմոնը, Էդգարը, Քրիստինեն... Ավելացրին. «Մենք փոքր չենք, շատ բան ենք հասկանում: Էս մարդիկ բոլորը բանտարկված են, բայց անմեղ են ու չի կարելի անմեղ մարդուն բանտարկել: Բա մեծերը դա չե՞ն հասկանում»:

Թալինում էլ...

Երեկ բողոքի ցույց է տեղի ունեցել Թալինում` ի պաշտպանություն քաղբանտարկյալների եւ, մասնավորապես, Ժորա եւ Մկրտիչ Սափեյանների: Թալինցիները ասել են, որ բողոքի ցույցերը շարունակական են լինելու:

Վերլուծական
Եթե թողնեն բանալին

Եթե թողնեն բանալին

Որ Հայաստանում արտահերթ ընտրության համար հիմքերի բացակայության մասին դատողություններն իրենք են անհիմն` դրանում...

Քաղաքական
Փաստահավաք խմբի զեկույցը մարտիմեկյան դեպքերին բանակի մասնակցության մասին կլինի

Փաստահավաք խմբի զեկույցը մարտիմեկյան դեպքերին բանակի մասնակցության մասին կլինի

Փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամները, ինչպես հայտնի է, աշխատում են իրենց թվով 5-րդ` վերջնական զեկույցի վրա:

Աշխարհ
Յոթ երգ` ութ բանի մասին

Յոթ երգ` ութ բանի մասին

Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի...

Արխիվ

Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.