“Zhamanak” Armenian-American Political Daily

«1915. ապրիլի 24. Թալեաթ, Ջեմալ, Էնվեր 2008. մարտի 1. Ռոբերտ, Սերժ, Արթուր»

13:29 Yerevan | 9:29 GMT | Thursday 24 April 2008

Հեղինե Մանուկյան

Ցեղասպանության մասին խոսել, առավել եւս` դրա դեմ կարելի է եւ պետք է պայքարել ամեն օր:

Կարեւոր չի, թե ինչպես կպայքարես քո տեսակի` մարդու դեմ իրականացված վայրագության դեմ` «Անլռելի զանգակատուն» գրելով, «Դլե յաման» երգելով, «Նահապետ» էկրանավորելով, Ծիծեռնակաբերդ այցելելով, մազերդ պոկոտելով, ճիչ ու ողբով, թե այլ «օրիգինալ» ձեւով: Կարեւորը, որ պայքարիդ ձեւն արտահայտի պայքարիդ էությունն ու նպաստի, որ չկրկնվի Հայաստանի հայերի, Պոնտոսի հույների, Դարֆուրի բնիկների, Իրաքի քրդերի, Կոսովոյի սերբերի, տիբեթցիների, հրեաների եւ ընդհանրապես մարդ տեսակի դեմ իրականացված ցեղասպանության նախադեպը:

Երեկ մեր գործընկեր, «Տարեգիր» պարբերականի լրագրող Գայանե Առուստամյանը Մատենադարանի մոտ պայքարի իր ձեւը փորձեց իրականացնել` հավաքի տեսքով, որին հրավիրված էին մասնակցել, ինչպես հավաքի մասին հայտարարության տեքստում էր ասված` «Մարգինալ արվեստագետները, ռոք սուբկուլտուրայի համակիրները, մոտոսիրահարները եւ ազատատենչ քաղաքացիները»: Հավաքի կարգախոսն էր «Ռոքն ընդդեմ ցեղասպանության»: Միջոցառումը պետք է ավարտվեր երթով` Մատենադարանի մոտից մինչեւ ՄԱԿ-ի գրասենյակ: Սակայն, զանգվածային միջոցառումներից լեղաճաք լինող «քաղաքային իշխանությունները» ամեն կերպ հոգացին, որ միջոցառումն այլ ելք ունենա:

Պատմում է Գայանեն. «Ապրիլի 21-ին Երեւանի քաղաքապետարան եմ ներկայացրել իրազեկման դիմում առ այն, որ ապրիլի 23-ին կայանալու է հավաք, որին կարող են մասնակցել բոլոր այն ազատ քաղաքացիները, ովքեր դատապարտում են մարդկության դեմ իրականացվող սպանությունները: Քաղաքապետարանից զանգահարեցին ու զգուշացրին, որ թույլտվությունը մերժվում է` առաջարկելով գալ ու տանել մերժման մասին որոշումը: Ես էլ ասացի` այն փոստով իմ բնակարան ուղարկեք: Կես ժամ անց մեր տուն խուժեցին երեք բարձրաստիճան ոստիկաններ` Մաշտոցի ոստիկանապետի տեղակալ Գինոյանը, թաղային ոստիկան Մադաթյանը, հետաքննության բաժանմունքի պետ Ալթունյանը: Հարցրի` ինչու՞ են եկել ու ինչու՞ հենց երեքով: Ասացին, թե «մեզ ուղարկել են, որ գանք ու քեզ մեքենայով տանենք զրույցի»: Ես էլ ասացի, որ ես թազա հարս չեմ, որ ինձ տանեն ու փորձեցի պարզել, թե այդ ի՞նչ զրույցի պիտի տանեն, մանավանդ որ` նախորդ անգամ, երբ Տիբեթի ժողովրդին զորակցելու նպատակով միջոցառում կազմակերպելու համար հայտ էի ներկայացրել քաղաքապետարան, ինձ պարբերաբար «զրույցի» էին հրավիրում` մի օր քաղաքապետարանի անվտանգության ծառայությունը, մի օր ԱԱԾ-ն ու ամեն կերպ փորձում էին հորդորել ինձ, որ չկազմակերպեմ այդ միջոցառումը: Այս անգամ էլ, երբ ինձ հերթական զրույցին էին փորձում հրավիրել, ասացի, որ կարող են ինձ հետ զրուցել միայն համապատասխան ծանուցագիր ներկայացնելուց հետո: Ոստիկաններից մեկը հեռախոսով կապվեց Երեւանի քաղվարչության պետի տեղակալ Աղասի Կիրակոսյանի հետ, որն էլ հեռախոսով ինձ վրա սկսեց գոռալ` ասելով, թե իրավունք չունես միջոցառում կազմակերպել, եթե կազմակերպես, կպատժվես օրենքի ամենայն խստությամբ: Ես փորձեցի հասկացնել այդ մարդուն, որ այդ դեպքում ես իմ երթը կազմակերպելու եմ մենակ: Իսկ երբ վերջապես համոզեցի, որ մեր անկոչ հյուրերը` ոստիկանները գնան մեր տնից ու երբ ծանուցագիր ներկայացնեն` այն ժամանակ էլ կներկայանամ ուր որ պետք է, ոստիկաններից մեկն ինձ այդ ընթացքում ասաց, թե չես հասցնի կազմակերպել քո երթը, քանի որ մենք քեզ այդ ընթացքում արդեն տարած կլինենք»:

Ոստիկանները, սակայն, չհասցրին Գայանեին «տանել»: Ժամը 14-ին Մատենադարանի մոտ հավաքվել էին իշխանական լրատվամիջոցներն ու անշուշտ անթիվ-անհամար ոստիկաններ` Ռոբերտ Մելքոնյանի (Բազազի) գլխավորությամբ, ու Գայանեի կազմակերպած հավաքին մասնակցելու քաջություն ունեցած միակ քաղաքացին` «Հույս» հասարակական կազմակերպությունը ներկայացնող Լալա Ասլիկյանը: Ռոքի մեծ սիրահար իշխանական լրատվամիջոցները ներկայացնող մեր կոլեգաներն սկսեցին չարախնդալ, թե «էս մարդ-մուրդ չկա՞, խի՞ չեն եկել ռոքերներն ու մյուսները»: Ռոք համերգ ունկնդրելու ախորժակ պահածները, սակայն, ականատես եղան ցեղասպանության դեմ պայքարի Գայանեի մատուցած տարբերակին` պայքար ցուցապաստառների միջոցով: Վերջինս նախ պարզեց մի ցուցապաստառ, որի վրա անգլերենով գրված էր «Ինչպես կարող եք կանխել մարդասպանությունը»: Հայրենի ոստիկանները ի զարմանս հավաքվածների, շոկի մեջ չընկան ու չփորձեցին խոչընդոտել Գայանեի պայքարին, ոչ թե հումանիստական մղումներից ելնելով, այլ քանի որ անգլերենի նրանց իմացությունը բավարար չէր պաստառի վրա գրվածը կարդալու եւ հասկանալու համար: Քիչ անց Գայանեն պարզեց երկրորդ` «Ինչ գին ունի 10 հոգու կյանքը» հայերեն գրությամբ պաստառը: Հայրենի ոստիկաններին մայրենի լեզվով միտք արտահայտող այդ պաստառն էլ չխրտնեցրեց, իսկ երբ Գայանեն բարձրացրեց «1915. ապրիլի 24. Թալեաթ, Ջեմալ, Էնվեր-2008. մարտի 1. Ռոբերտ, Սերժ, Արթուր» գրությամբ պաստառը, ոստիկանների նյարդերը տեղի տվեցին: Ու ոչ միայն ոստիկանների: Իշխանական լրատվամիջոցները ներկայացնող մեր կոլեգաները միաբերան սկսեցին նախատինք թափել Գայանեի հասցեին, թե «ինչու՞ ես ամեն ինչ քաղաքականացնում, վերջ տուր»: Ու մինչ Գայանեն կհասցներ խրատատուներին բացատրել, թե «կապ չունի, թե 10 մարդ է մահացել, թե մեկ ու կես միլիոն մարդ, կապ չունի, թե երեք մարդ իրականացրել են 10, թե՞ մեկ ու կես միլիոն մարդու սպանդ, նրանք բոլորը պետք է պատասխանատվություն կրեն», ոստիկաններից երեքը թիկունքից մոտեցան, Գայանեի եւ Լալա Ասլիկյանի ձեռքից խլեցին ու բզիկ-բզիկ արեցին «մահազդու» պաստառները: «Պաստառները պատռեք, բայց լեզուս ու ձեռքերս էլ հո չե՞ք կարող պոկել», - բացականչեց Գայանեն ու հեռացավ` ձեռքերը հաղթական պարզած` «վիկտորիայի» նշանը ցույց տալով:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.