|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Դիվանագետները հավատում են արդարության վերականգնմանը13:27 Yerevan | 9:27 GMT | Thursday 24 April 2008Մարինե Խառատյան Ընտրությունների ժամանակ ու դրանից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակով մտահոգ հայտարարության համար աշխատանքից ազատվեցին ԱԳՆ 11 աշխատակիցներ. նախ փոխարտգործնախարար Արմեն Բայբուրդյանն ու 3 դեսպանները, հետո 6 դիվանագետներ. ավելի ուշ աշխատանքից ազատվեց նաեւ ԱԳՆ աշխատակից Վիգեն Նիկողոսյանը: Դիվանագետները զրկվեցին իրենց կոչումներից: Նշենք, որ դիվանագետները բոլոր կառույցների ներկայացուցիչներին կոչ էին անում զերծ մնալ ուժի կիրառումից մարտի 1-ի ողբերգական դեպքերից առաջ: Երեկ Վարչական դատարանում կայացավ ՀՀ ԱԳՆ նախկին 4 աշխատակիցների հայցով նախնական նիստը` ընդդեմ ԱԳՆ-ի: ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի հրամանով փետրվարի 25-ին իրենց աշխատանքից ազատելը դիվանագետները համարում են քաղաքական որոշում: ԱԳՆ նախկին աշխատակիցներ Վլադիմիր Կարապետյանը, Մարտա Այվազյանը, Կարինե Աֆրիկյանը եւ Առաքել Սեմիրջյանը վարչական դատարան ներկայացրած հայցով պահանջում են վերացնել ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի փետրվարի 25-ի հրամանն իրենց աշխատանքից ազատելու մասին, վերականգնել իրենց պաշտոններում եւ փոխհատուցել պարապուրդի ողջ ընթացքում իրենց հասցրած վնասը: Որպես պատասխանող կողմ դատարան ներկայացած ԱԳՆ քարտուղարության խորհրդական Լեւոն Ամիրջանյանը եւ ԱԳՆ իրավաբանական վարչության պետ Սաթենիկ Աբգարյանը պնդել են, թե դիվանագետները աշխատանքից ազատվել են ճիշտ հիմնավորմամբ` հղում կատարելով «Դիվանագիտական ծառայության» մասին ՀՀ օրենքին: Դիվանագետների հայցը Վարչական դատարանը` դատավոր Հովսեփ Բեդեյանի նախագահությամբ կլսի մայիսի 14-ին: Երեկվա նիստի ավարտից հետո զրուցեցինք ԱԳՆ մամուլի նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հետ: - ԱԳՆ ներկայացուցիչները դատարանում պնդեցին, որ ԱԳ նախկին նախարարը ձեզ աշխատանքից ազատել է «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի շրջանակում եւ «պահպանվել են իրավական հիմքերը»: Ի՞նչ հիմքեր ունի ձեր բողոքն ու պայքարը: - Ես խիստ կասկածում եմ, որ դատարանում իրենք կկարողանան հիմնավորել աշխատանքից մեր ազատման իրավական հիմքերը: Մենք պնդում ենք, որ որեւէ քաղաքական միտում մեր հայտարարություններում չի եղել: Այն, ինչ կա մեր հայտարարություններում` ամբողջությամբ համապատասխանում է պետության ղեկավարության հայտարարություններին: Ինչ վերաբերում է մեր հայցին` ես համարում եմ, որ դա կարող է շատ լավ նախադեպ հանդիսանալ այն պետական ծառայողների եւ քաղաքացիների համար, ովքեր զոհ են դարձել ղեկավարների ապօրինի որոշումների: Վստահ եմ, որ մենք հաղթելու ենք այսօր կամ վաղը եւ դրանով մեր ներդրում ենք բերելու իրավական պետության կառուցման մեր տեսլականին: - Բռնություններ չկիրառելու ձեր կոչը անարձագանք մնաց, ինչպես ցույց տվեցին մարտի 1-ի դեպքերը: Դուք չե՞ք ափսոսում ձեր քայլերի համար: - Բացարձակ չենք ափսոսում: Այսօր էլ ես նույնը կանեի: Հատկապես, երբ կա տեղեկություն բռնություն կիրառելու մասին, բնականաբար մենք պետք է մեր քաղաքացիական դիրքորոշումը դրսեւորեինք եւ փորձեինք զսպել նման մտադրություններ ունեցող մարդկանց: Ես ի պաշտոնե մոտեցել եմ իմ ղեկավարին եւ խնդրել եմ իրեն անել կոչը` հաշվի առնելով նրա հեղինակությունը, եւ այն, որ շատերին կսթափեցնի նման վերաբերմունքն ու կեցվածքը: Ցավով եմ ասում, որ նախարարը չհամաձայնեց, եւ փաստորեն մենք ունեցանք այն, ինչ որ ունեցանք` մարտի 1-ի բռնությունները, այնուհետեւ մարդկանց սպանությունները: Լինելով դիվանագետ` մենք նաեւ պատկերացնում էինք, թե այդ բռնությունները եւ իրադարձությունները ինչ ողբալի հետեւանքներ կունենան Հայաստանի հեղինակության համար արտերկրում: Դրա վկայությունն են բազմաթիվ քննադատող հայտարարությունները, որ եղան մարտի 1-ից հետո, ինչպես նաեւ ԵԽԽՎ վերջերս ընդունած բանաձեւը հետընտրական Հայաստանի մասին, որն այսօր արդեն կոալիցիայի ներկայացուցիչներն են գնահատում որպես համարժեք: ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանի հարցի լսումների ժամանակ կոնգրեսականներից մեկը բավական անհարգալից խոսեց ՀՀ իշխանության ներկայացուցչի հետ. ես ցավում եմ, որ արձագանք չկա նման վերաբերմունքին: Նաեւ հիշեցնեմ ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչ Մեթյու Բրայզայի խոսքը, որ ԱՄՆ կառավարությունը շարունակելու է քննադատել ՀՀ իշխանությունների ձեռնարկած քայլերը: Ինչու՞ մենք պետք է հասնեիքն այսպիսի հանգրվանի: Այս ամենը կանխելուն էր ուղղված մեր կոչը, որ արեցինք փետրվարի 24-ին: - Հայաստանի դատարանների վճիռներով այսօր բազմաթիվ քաղբանտարկյալներ գտնվում են կալանավայրերում: Դուք հավատու՞մ եք արդար դատավարության իրականացմանը Հայաստանում: - Ես ցավում եմ, որ նման վիճակ է ստեղծվել: Ես ցավում եմ, որ գրեթե ոչ մի անգամ դատարանը չի գնացել դատախազության դեմ եւ չի կայացրել դատախազության ներկայացրած պահանջներին հակասող որեւէ վճիռ: Մինչ օրս մենք դա ենք գրանցում, եւ դա մեր դատական համակարգի արդարադատության մասին խոսուն արտահայտություն է: Քանի որ արտգործնախարարության պնդումները ես համարում եմ բացարձակ հիմնազուրկ, աշխատանքից ազատման հրամանը` ապօրինի, ես վստահ եմ, որ հաջորդ դատական նիստերի ժամանակ մենք կկարողանանք ապացուցել մեր ճշմարտությունը: Ես վստահ եմ, որ մենք հաղթելու ենք: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՈրտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերըԿուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված... ՔաղաքականՎարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համարՎարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր... ԱշխարհԳլոբալիզացիան շարունակվում էԻ տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |