“Zhamanak” Armenian-American Political Daily

Արյունալի հեղափոխության կանխատեսում

13:21 Yerevan | 9:21 GMT | Thursday 24 April 2008

Գագիկ Աբգարյան

Արյունալի հեղափոխության կանխատեսում
«Ներկայիս քաղաքական համակարգը եւ տնտեսական իրավիճակը եթե ոչ ճգնաժամային, ապա ճգնաժամին մոտ եմ գնահատում, որովհետեւ նախընտրական եւ հետընտրական պրոցեսները ոչ միայն չբերեցին հասարակական համերաշխության, այլ ընդհակառակը` հասարակական բեւեռացվածություն առաջացրեցին»` «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսական գիտությունների թեկնածու Անդրանիկ Թեւանյանը:

Յուրաքանչյուր, հատկապես նախագահի ընտրություններից հետո, հանրապետությունում լարվածության առաջացումը նա կապեց մեզանում ժողովրդական համակարգի բացակայության հետ: Ըստ բանախոսի` համակարգի բացակայությունը հանգեցնում է նրան, որ ժողովրդավարական ընտրական գործընթացներում չի ապհովվում հասարակության մասնակցային գործոնը, նա չի մասնակցում իշխանության ձեւավորմանը, իշխանությունը պահելուն կամ հանձնելուն, ինչի արդյունքում ճգնաժամեր են առաջանում: Թեւանյանը համոզված է, որ երկրում սեփականության լեգիտիմության ճգնաժամ եւս գոյություն ունի եւ «պատահական չէ, որ քաղաքական գործընթացներին զուգահեռ` միշտ սեփականության վերաբաշխման խոսակցություններ են լինում, ճնշումների են ենթարկվում ոչ հաճո բիզնես-համակարգերը: Սա նշանակում է, որ Հայաստանում ինսիտուցիոնալ ձեւով պաշտպանված չէ սեփականության իրավունքը: Հետեւաբար ընտրություններում իշխանությունն առաջնորդվում է «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքով` ակամայից ընդդիմությանը դնելով կամ` հիմա կամ` երբեք խնդրի առաջ: Արդյունքում իշխանության համար պայքարը վերածվում է կենաց-մահու պայքարի»` նշեց Թեւանյանը: Նրա պնդմամբ, եթե սեփականությունը լեգիտիմ չէ, ուրեմն լեգիտիմ չէ նաեւ իշխանությունը, որովհետեւ սրանք փոխկապակցված համակարգեր են: Շարունակելով իր խոսքը` նա նշեց, որ, մեծ հաշվով, Հայաստանում առկա այսօրվա ճգնաժամը արդարության բացակայության ճգնաժամ է: Արդարությունը բացակայում է սոցիալական համակարգում, բիզնես հարաբերություններում. «Խոշոր բիզնեսը, սերտաճած լինելով իշխանության հետ, ըստ էության դոմինանտ է տնտեսական հարաբերություններում, ինչի հետեւանքով փոքր ու միջին բիզնեսը դուրս է մղվում համակարգից կամ ճնշումների է ենթարկվում»: Նրա կարծիքով` «Պարզեցված հարկի մասին» օրենքի փոփոխությունը այդ ճնշումների առաջին քայլն է. «Ես կարծում եմ, որ սրան հետեւելու են խոշոր բիզնեսի նկատմամբ ճնշումները, որովհետեւ իշխանությունները ստիպված են լինելու գնալ այդ քայլին, որպեսզի նվազագույն` բյուջեի ֆիսկալ գանձումները ապահովեն»: Թեւանյանը ասուլիսում անդրադարձավ ընդդիմություն-իշխանություն հարաբերություններին. «Հայաստանում իշխանությունն է արմատական: Իշխանության արմատականությունն է ծնում արմատական ընդդիմություն: Իշխանության արմատականությունն այն դեպքն է, երբ նա ոչ մի դեպքում պատրաստ չէ հանձնել իշխանությունը: Քաղաքական պրոցեսները այնպիսին են, որ իշխանությունները անկյունում են հայտնվել եւ վիրավոր գազանի պես ինչ-որ քայլերի են դիմում»: Թեւանյանի կարծիքով` իշխանությունն այդ քայլերին դիմում է, որովհետեւ համոզված է, որ իշխանությունը հանձնելու դեպքում ինքը կհայտնվի ճաղերից այն կողմ: «Իշխանությունները երկխոսության մասին վուլգար պատկերացում ունեն: Նրանք պատկերացնում են, որ պետք է պաշտոն տան, մի քանի պոստեր, ինչպես տեղի ունեցավ Արթուր Բաղդասարյանի ու այլոց դեպքում, եւ սա համարում են երկխոսություն: Եթե նույնիսկ տեսականորեն պատկերացնենք, որ Լ.Տ.Պետրոսյանը կհամաձայնի գնալ այդ քայլին, ապա իշխանության դեմ դուրս եկած զանգվածը չի գնա դրան: Էդպիսի բան չկա: Ա.Բաղդասարյանը, երբ գնաց այդ քայլին, դա չի նշանակում, որ նա 270 հազար ձայն իր հետ տարավ իշխանություններին որպես «օժիտ»: Ասուլիսը Թեւանյանը եզրափակեց այսպիսի հայտարարությամբ. «Կամ իշխանությունը կգնա արմատական բարեփոխումների եւ կստեղծի բաց տնտեսա-քաղաքական համակարգ կամ ամեն ինչ կթողնի ինչպես որ կա, ինչի հետեւանքը կլինի արյունալի հեղափոխությունը»:

Վերլուծական
Ազատ ստեղծագործական ժանրից

Ազատ ստեղծագործական ժանրից

Ներսես Երիցյանը դարձել է վերջին օրերի «սիրելի» թեման:

Քաղաքական
ԼՂՀ ԱԺ ընտրությունների թեկնածուներ. ով ով է

ԼՂՀ ԱԺ ընտրությունների թեկնածուներ. ով ով է

Աշոտ Ղուլյանն առաջադրվել է իր թաղում

Աշխարհ
Յոթ երգ` ութ բանի մասին

Յոթ երգ` ութ բանի մասին

Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի...

Արխիվ

Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.