|
“Zhamanak” Armenian-American Political Daily
«Հայաստան. ընտրությունները սարքված էին»13:09 Yerevan | 9:09 GMT | Thursday 24 April 2008Գոհար Բարսամյան Մեր իրականության մեջ օրենքները սովորաբար շրջանցելու համար են ստեղծվում: ԵԽԽՎ-ն սպառնացել է Հայաստանին ձայնի իրավունքից զրկել, եթե երկիրը էական առաջխաղացում չգրանցի ժողովրդավարության եւ դատական բարեփոխումների ոլորտում: Մեծ Բրիտանիայի նախկին փոխվարչապետ Ջոն Փրեսքոթը, ով ղեկավարել է պատվիրակությունը, հետեւյալ կարծիքն է հայտնել. «Այն դեպքում, երբ մենք կառույցների կատարելագործում ենք նշմարում այս ընտրությունների համապատկերում` կապված դրանց իրագործման հետ, մասնավորապես ձայների հաշվարկման ժամանակ վստահության չարաշահման դեպքեր ենք նկատել»: Շվեդ խորհրդարանական Մարիտա դե Պուղբե-Լունդինը, ըստ «Transition online»-ի կարծիք է հայտնել, որ գնահատականը մեղմացված է: Նա իր զեկույցը ընթերցել է ԵԽԽՎ ապրիլի 14-ի նստաշրջանում. «Ես այս կազմակերպությունում եմ 2007 թվականի հունվարից եւ դիտորդ եմ եղել Թուրքիայում, Ուկրաինայում, Ռուսաստանում եւ Հայաստանում. Հայաստանի ընտրությունները վատթարագույնն էին. ընտրատեղամասերի բացումը եւ օրվա արձանագրությունները այդքան վատ չէին, սակայն հաշվարկը ընտրատեղամասերում պարզապես աղետալի էր: Ամեն ինչ այնպես չի ընթացել, ինչպես հարկն էր: Ընտրողների թիվը, ինչպես նաեւ նրանք, ովքեր նշված են ընտրացուցակներում` չեն հաշվարկվել: Չեն հաշվարկվել նաեւ չօգտագործված քվեաթերթիկները: Արձանագրությունը, որում պետք է ներառվեին ընտրությունների արդյունքները, նախապես ստորագրվել է ընտրական հանձնաժողովների անդամների կողմից: Ամենալուրջ միջադեպն այն էր, որ հանձնաժողովի նախագահը բարձրաձայն կարդում էր ոչ ճիշտ անուն: Նախագահը գիտեր` ինչ էր անում: Նա Լեւոն Տեր-Պետրոսյանի ձայները փոխանցում էր Սերժ Սարգսյանին: Մյուս անդամները փորձում էին դա թաքցնել, որպեսզի ես դա չտեսնեմ: Վերջնարդյունքի ժամանակ 100 քվեաթերթիկ չկար: Սերժ Սարգսյանի վստահված անձինք տհաճ մթնոլորտ էին ստեղծում: Իմ թարգմանիչը շատ էր վախենում, նա ինձ խնդրեց բարձրաձայն ոչինչ չասել, այլ միայն դիտարկել եւ նշել: Ես նկատեցի, որ ընտրությունների պատասխանատու անձինք շատ լավ գիտեին, թե ինչ են անում, եւ նրանք անհարմար վիճակում էին, երբ ես ցույց տվեցի, որ նկատում եմ նրանց խարդախությունները: Սակայն դա նրանց չխոչընդոտեց անելու այն, ինչը նրանք արդեն ծրագրել էին, եւ երաշխավորեցին, որ գործող վարչապետը ստացել է բավարար ձայներ եւ երկրորդ փուլի անհրաժեշտությունը չի զգացվում: Ակնհայտ էր, թե ինչ էր կատարվում: Ես հայտնեցի ամենը` ինչ տեսել էի եւ հյուրանոց վերադարձա հիասթափված, զայրացած ու հոգնած: Ողջ գիշերը չկարողացա քնել: Ես խիստ քննադատաբար վերաբերվեցի այն փաստին, որ հաջորդ օրը մամուլի ասուլիսից դուք կարող էիք տպավորություն ստանալ, թե ընտրությունները անցկացվել են ամենաճիշտ միջոցներով եւ համապատասխանում են միջազգային չափորոշիչներին: Մենք դրանով օգնու՞մ ենք հայերին. կարծում եմ` ոչ: Ես փորձում էի խորհրդարան գնալ եւ լուսանկարել, սակայն երեք ոստիկան եւ անվտանգության աշխատակիցներ ինձ խանգարեցին: Ես հարցրեցի` ինչու՞, նրանք ինձ պատասխանեցին, որ խորհրդարանի նիստը գաղտնի է: Սա Հայաստանի ընթացիկ դրության իսկական պատկերն էր: Եթե ժողովրդավարության պատվար հանդիսացող խորհրդարանը համարվում է գաղտնի, ապա խոսք չի կարող լինել ժողովրդավարության, թափանցիկության, մարդու իրավունքների եւ ազատ ու արդարացի ընտրությունների մասին: Երեք օր անց Հայաստանի ընտրությունների մասին իր դիտարկումներն է ներկայացրել նաեւ հունգար պատգամավոր Մատիաս Էորսին: «Հիմնախնդիրն այն է, որ մենք թույլ ենք տալիս, որ ընթանան կեղծված ընտրություններ: Երբ մենք մտնում ենք ընտրությունների կայքէջերը` տեսնում ենք վերնագրերը` «Մեկ քայլ առաջ դեպի ժողովրդավարություն», բայց մենք գիտենք, որ ճիշտ չենք խոսում: Ինչ-ինչ կատարելագործումներ կարող էին լինել, սակայն ընտրությունները սարքված էին: Եթե մենք ուզում ենք օգտակար լինել այդ երկրներին, ապա պետք է խոսենք ճշմարտության մասին: Շատ հաճախ ենք մենք քննարկում մեր հարաբերությունները անդամ պետությունների հետ եւ կրկնում ենք, որ պետք է ամրապնդենք խորհրդակցությունները երկրների հետ, որպեսզի ընտրությունները լավ անցնեն, իսկ եթե կան թերություններ ընտրություններում կամ վարչական հիմնախնդիրներում, մենք կարող ենք շատ բան անել` բարելավելու այդ ընտրությունները: Երկրում, որտեղ ընտրությունները սարքովի են, գրողը տանի, պետք է դա քննարկե՞նք այդ կառավարությունների հետ, մենք պետք է ասենք` մի՞ արեք դա: Իհարկե, նրանք լավ գիտեն, թե ինչ են անում: Ես չեմ կարծում, որ դա խորհրդակցելու խնդիր է: Հայաստանում գլխավոր հիմնախնդիրը ընդհանուր անվստահությունն է ժողովրդավարական գործընթացների հանդեպ` կեղծված ընտրությունների պատճառով: Ազատականները եւ ժողովրդավարները լիովին աջակցում են հաշվետու անձանց հանձնարարականները, որոնք կոչ են անում նաեւ ազատ արձակել քաղբանտարկյալներին: Նրանք կոչ են անում վերացնել ընտրական օրենքի ուղղումները, որոնց արդյունքում` կեղծված ընտրություններն էին: Իսկ եթե անկեղծ լինենք` նախապայմանները չեն իրագործվելու. ես չեմ կարծում, որ քաղաքական միջավայրը այնպիսին է, որ կառավարությունը կարող է փոխզիջումներ անել»: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |